Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է Հայաստանին զենքի մատակարարումը՝ նշելով, որ դա ուղղված է պատերազմից խուսափելուն։ Այս մասին հայտնում է Հանրային ռադիոն (armradio.am)։
«Եթե նայեք անցած տասնամյակին, Ադրբեջանն ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, բայց եթե սխալ եմ, ուղղեք ինձ, Ադրբեջանը 2020 թվականին պատերազմ սկսեց, այն էլ սարսափելի: Նորմալ է պարզապես արձագանքել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ ուրիշի կողմից»,- ասել է Մակրոնը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։
«Վարչապետ Փաշինյանից երբեք չեմ լսել, որ պատերազմի կամ ագրեսիայի որևէ մտադրություն ունենա»,- ասել է նա։
«Կարծում եմ, որ ռազմական համագործակցությունն ինքնիշխան պետությունների միջև միանգամայն նորմալ բան է։ Հայաստանի հեռանկարը խաղաղությունն է, Ֆրանսիայի հեռանկարը խաղաղությունն է, հուսով եմ՝ Ադրբեջանի հեռանկարը ևս խաղաղությունն է։ Եվ եթե երկու երկրներն ավարտին հասցնեն հաշտության պայմանագիրը, մենք կաջակցենք նման պայմանագրին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Երեկ հուլիսի 18-ին Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ: