Առաջին անգամ Բրիտանական թանգարանի Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում
Այսօր Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որով կխորացվի Բրիտանական թանգարանի հետ համագործակցության հետագա համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը և կբարձրացվի Հայաստանի պատմության թանգարանի վարկանիշը տարբեր միջազգային նախագծերի իրականացման և նաև համատեղ ցուցահանդեսների կազմակերպման համատեքստում։
Այս տարի լրանում է Հայաստանի պատմության թանգարանի հիմնադրման 105-ամյակը և թանգարանի հիմնադիր ղեկավար, անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանի ծննդյան 160-ամյակը: Չնայած ավելի քան մեկդարյա պատմությանը՝ դեռևս առկա է այս հեղինակավոր կառույցի գործունեությունն արժևորելու, նոր ձևաչափով ներկայացնելու և բազմաբևեռ զարգացնելու խնդիրը: Թանգարանը Հայաստանում թերևս ամենաակտիվ միջազգային ցուցահանդեսային գործունեություն ծավալող մշակութային կազմակերպություններից մեկն է, որը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են Նյու Յորքի Մետրոպոլիտենը, Ռուսաստանի Դաշնության Էրմիտաժը, Ֆրանսիայի Լուվրի թանգարանը, Մեծ Բրիտանիայի Բրիտանական թանգարանը, Չեխիայի ազգային թանգարանը, Իտալիայի Վենետիկի Դոժերի պալատը և այլն։ Արդեն ավանդաբար յուրաքանչյուր տարի թանգարանի հավաքածուից մշակութային արժեքներ են ցուցադրվում աշխարհի տարբեր հեղինակավոր թանգարաններում՝ համատեղ ցուցահանդեսների ձևաչափով: Արձանագրված փաստ է, որոնք այդ ցուցահանդեսները մեծ հետաքրքրություն են առաջացնում Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության հանդեպ, բարձրացնում են մեր երկրի վերաբերյալ ճանաչողությունը։ Սակայն, Հայաստանի պատմության թանգարանը դեռևս չունի արտերկրի հեղինակավոր թանգարաններից արժեքավոր ցուցանմուշներ հյուրընկալելու և Հայաստանում այցելուներին ներկայացնելու փորձառություն, ինչը կարևոր և պարտադիր քաղաքականություն պետք է լինի մեր երկրի մայր թանգարանի համար: Իրավիճակը շտկելու ուղղությամբ՝ 2023 թվականից աշխատանքներ են ձեռնարկվել: 2024 թվականին արդեն փաստաթղթային հիմքերի վրա դրվեց Բրիտանական թանգարանի հետ համատեղ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում իրականացնելու ծրագիրը: Առաջին անգամ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում պահպանվող տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ՝ կցուցադրվի Հայաստանում՝ Հայաստանի պատմության թանգարանում: Այս միջոցառումը նոր համատեքստ կհաղորդի Հայաստանի պատմության թանգարանի 105-ամյա գործունեությանն ու մշակութային, գիտական, կրթական առաքելությանը։
Հայաստանում Բրիտանական թանգարանի հետ կազմակերպվող ցուցահանդեսի կազմակերպումը բացառիկ մշակութային իրադարձություն է, որին վստահաբար սպասում է հայ հասարակությունը: Այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով:
Կառավարության որոշման նպատակն է խորացնել Բրիտանական թանգարանի հետ համագործակցության հետագա համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը և բարձրացնել Հայաստանի պատմության թանգարանի վարկանիշը տարբեր միջազգային նախագծերի իրականացման և նաև համատեղ ցուցահանդեսների կազմակերպման համատեքստում։ Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, ինչը խորհրդանշական է Հայաստանում պետության հետագա զարգացման գործում կանանց ու մայրերի արժեքավոր դերը նորովի է ընդգծելու և վերարժևորելու տեսանկյունից: Հայաստանի պատմության թանգարանն համազգային նշանակության մշակութային, կրթական և հետազոտական կազմակերպություն է, որի գործունեության առանցքում Հայաստանի պատմությանն ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների հավաքումը, պահպանումը, մեկնաբանում և սերունդներին անխաթար փոխանցումն է, ինչպես նաև մշակութային հարուստ ռեսուրսը երկրի կայուն զարգացման գործում կիրառումը: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կխթանի գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։ Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 000 այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 000 – 1000 000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք զբոսաշրջության պատասխանատուները ներգրավվա՞ծ են այս նախաձեռնության լուսաբանման աշխատանքներին, քանի որ ֆոկուս խումբը նաև զբոսաշրջիկները: Ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ներգրավվածություն և մասնակցություն կա, և այս նախաձեռնությունը դիտարկվում է տուրիզմի և տնտեսության համար կարևոր գործիք:
gov.am