Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 20-Ին Երեւանում մարվել են «Աշխարհահռչակ հայեր. Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշեր:
Երկու նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի թանգարանում:
Նամականիշերի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է իր «Վարիացիա Պինտուրիկիոյի ու Ռաֆայելի թեմաներով» կոլաժը: Նամականիշերի վրա նաև առկա են «Սերգեյ Փարաջանով» և «հայ կինոռեժիսոր» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշերի վրա տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Նամականիշերը տպագրվել են Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը՝ 30000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է:
orer.eu