Այո՜, ինչպես մեծն գրողն է ասում` “երբ երկու հայ հանդիպում են աշխարհի ցանկացած անկյունում, ստեղծում են մի նոր Հայաստան”: Եվ հիմքում ունենալով հայ ինքնության պահպանման հրամայականը` այդ հազարավոր փոքրիկ հայաստաններն անձնվիրաբար պայքարում են ուծացման դեմ, հանուն հայկականության հարատևման և, միգուցե, ո՞վ գիտի, մի գեղեցիկ օր հայրենիք վերադառնալու նվիրական ձգտումով։ Այս ձգտումն աներեր է տակավին 20 տարի առաջ հիմնված Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցում, որտեղ, ինչպես և բազմաթիվ հայաստանյան ու սփյուռքյան կրթօջախների, տեղի ունեցավ 2023-2024 ուսումնական տարվա ավարտական հանդեսը։
Եվ այսպես` 20 տարի շարունակ, 20 տարվա դժվարին և, միևնույն ժամանակ, հետաքրքրալից ճանապարհ, որն այդքան նվիրումով ու ձեռք-ձեռքի տված անցել են սերունդներ, հասել մինչև մեր օրերը և հիմա անձնվիրաբար հերթափոխը փոխանցում են եկող սերունդներին, որպեսզի հարատևի հայն ու հայերենը։
2023-24 ուս. տարին աննախադեպ էր Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի համար. արդեն ավարտված տարվա ողջ ընթացքում, դպրոցում գրանցվել է 72 աշակերտ, որը ռեկորդային ցուցանիշ է դպրոցի գոյության պատմության մեջ։ 6 դասարաններում բաշխված այդ 72 աշակերտներից 65-ը ստացան իրենց համապատասխան պատվոգրերը։
Մրցանակների և պատվոգրերի հանձնման արարողությանը նախորդեցին յուրաքանչյուր դասարանի պատրաստած փոքրիկ բեմականացումներն ու երաժշտական համարները, որոնք մեծ բավականություն պատճառեցին ծնողներին և բոլոր ներկաներին։
Առաջինը բեմ բարձրացան նախադպրոցական դասարանների աշակերտները` ուսուցչուհիներ Նադեժդա Ավագյանի և Մարինե Արզումանյանի ղեկավարությամբ, ովքեր մի քանի մանկական երգեր կատարեցին հանդիսատեսի համար։ Այնուհետև բեմը տրամադրվեց “Այբբենարանն” արդեն ավարտած տարրական դասարանների աշակերտներին` Էվելինա Վարդևանյանի և Հասմիկ Վարդանյանի ղեկավարությամբ, ովքեր, բացի երաժշտական համարներից և ասմունքից, փոքրիկ բեմականացում ներկայացրեցին` նվիրված արդեն հրաժեշտ տրվող դասագրքին։
Հաջորդիվ երաժշտական համարներով հանդես եկան միջին դասարանի աշակերտները` դասղեկ Աստղիկ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Նրանք հաջորդ տարի նոր դասագիրք կունենան` “Մայրենի 2”-ը, որով մի քիչ ավելի կընդլայնեն հայրենաճանաչությունը։ Իսկ ահա ամենավերջում բեմ ելան ավագ դասարանի աշակերտները` դասղեկ Գայանե Ղազարյանի գլխավորությամբ, ովքեր մի հետաքրքիր ու խորիմաստ երկխոսություն ներկայացրեցին հայրենիքի, օտարության, կարոտի, հայի ու հայերենի մասին` համեմված հայրենասիրական բանաստեղծություններով և Հայաստանի Հանրապետության օրհներգով:
Միջոցառմանը ներկա էին Միսլատայի քաղաքապետարանի ավագանու երեք կուսակցությունների ներկայացուցիչները` “Կոմպրոմիս” (“Compromis”) կուսակցության խոսնակ Սիլվիա Մայկեսը, Ժողովրդական կուսակցության (PP) անդամ Ամպարո Էսկորիուելան (Amparo Escorihuela) և իշխող Սոցիալիստական կուսակցության (PSOE ) ներկայացուցիչ, Միջազգային համագործակցության և ինտեգրման հարցերով խորհրդական Մարիա Խոսե Ռոմերոն (María José Romero):
Դասարանների ելույթներից հետո, հայկական կազմակերպության նախագահ Արարատ Ղուկասյանը ներկայացրեց հյուրերին` խոսքը տալով նրանց։ Ավագանու անդամներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին “Արարատ” հայկական միությանը, որն, ինչպես և բոլորը նշեցին, “ամեն անգամ զարմացնում և հիացնում է տարվա ողջ ընթացքում իրականացրած միջոցառումներով”: Նրանք խորին շնորհակալություն հայտնեցին տաղանդավոր աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին` օրինակելի աշխատանքի համար։ Պաշտոնատար անձանց խոսքից հետո բեմ հրավիրվեցին նաև ուսուցչուհիները, և նրանք միասին մեկ առ մեկ հանձնեցին 65 աշակերտների պատվոգրերը։
Իր 20-ամյա հոբելյանը նշող հայկական կրթօջախի ուսուցչական ողջ կազմը պարգևատրվեց շնորհակալագրերով` հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Շնորհակալագրեր ստացան նաև այս ուսումնական տարվանից դասավանդվող Հայկական պարերի, Շախմատի և Անգլերենի խմբակների ուսուցիչները` Սյուզաննա Դավթյանը, Դավիթ Դավթյանը և Հելենա Ղուկասյանը։
Ինչպես և ամեն տարի, այս տարի ևս “Տարվա լավագույն աշակերտ” հատուկ մրցանակ շնորհվեց, որն այս տարի ստացավ ավագ դասարանի աշակերտուհի Ասիա Թորոսյանը։ Իսկ ահա “Տարվա լավագույն անդամ” մրցանակը շնորհվեց ավագ դասարանի ուսուցչուհի, “Արարատ” հայկական միության նվիրյալ, բազմաթիվ միջոցառումների նախաձեռնող Գայանե Ղազարյանին։ Հայկական կազմակերպության ավանդական դարձած մրցանակներից մեկը “Հայ ժողովրդի լավագույն բարեկամ” պատվավոր պարգևն է, որն այս տարի շնորհվեց Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի (Universidad Politécnica de Valencia) դասախոս, Գեոդեզիական, քարտեզագրական և տեղագրական ճարտարագիտության բարձրագույն տեխնիկական դպրոցի Պրոֆեսոր Լուիս Անխել Ռուիս Ֆերնանդեսին (Luis Ángel Ruiz Fernández)։ Վերջինս Երևանի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջև բազմաթիվ ուսումնակրթական նախագծերի նախաձեռնող և հեղինակ է։ Բազմաթիվ անգամներ եղել է Հայաստանում` և աշխատանքային-մասնագիտական և հանգստյան այցերով։ Լուիս Անխել Ռուիս Ֆերնանդեսին մրցանակը շնորհեց այդ անվանակարգում առաջին մրցանակակիր Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García de la Mota): Իր խոսքում Լուիս Անխել Ռուիսը շնորհակալություն հայտնեց հայկական կազմակերպությանը` այս պատվավոր պարգևը շնորհելու համար, հայ ժողովրդին` իր աննկուն կամքի և աշխատասիրության համար և, իր և Արարատ Ղուկասյանի ընդհանուր ընկեր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դոցենտ Վարազդատ Հովհաննիսյանին, ում միջոցով էլ հենց հաստատվել է իսպանացի բարեկամի հետ երկարամյա ընկերությունն ու հայ ժողովրդի հետ վերջինիս մշտապես սերտացող կապը։
Եվ այսպես, ևս մեկ տարի անցավ պատմության գիրկը` ոսկե տառերով լրացնելով Վալենսիայի հայկական կիրակնօրյա դպրոցի հարուստ էջերը։ Կրթօջախի սաները կվայելեն ամառային արձակուրդները` սեպտեմբերին թարմ ուժ ու եռանդով դպրոց վերադառնալու և մայրենին սերտելու ձգտումով։
Արարատ հայկական միություն
Վալենսիա
Իսպանիա
հատուկ ՕՐԵՐ-ի համար