Շվեյցարիայի հայկական 13 կազմակերպություններ համախմբվում են մեկ ընդհանուր հովանու ներքո

  • 03.06.2024
  • 0
  • 80 Views


2024 թվականի մայիսի 7-ին Շվեյցարիայի հայկական եւ հայասեր կազմակերպությունները գումարեցին ՇՀՀՄԽ-ի (Շվեյցարիայի հայկական և հայասեր միությունների Խորհուրդ) հիմնադիր ընդհանուր ժողովը: ՇհհմԽ-ի նպատակն է միասնաբար ներկայացնել Շվեյցարիայի հայկական կազմակերպությունները, համակարգել նրանց գործունեությունը, առանցքային դարձնել Շվեյցարիայում հայկական ինքնության պահպանումը, իրականացնել քաղաքական, լրատվական և մարդասիրական ծրագրեր՝ նպատակ հետապնդելով պահպանել հայկական պետության անվտանգությունը, պաշտպանել ամենուրեք հայ ժողովրդի իրավունքներն ու հայկական մշակութային ժառանգությունը։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանությունը մնում է առանցքային։

Սույն Խորհրդի ստեղծումը երկարատև աշխատանքի արդյունք է, որին սկիզբ է դրվել դեռեւս 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ, երբ շվեյցարական եւ միջազգային լսարանին մեկ ձայնով ներկայանալու անհրաժեշտություն առաջացավ: ՇհհմԽ-ը ներկայումս միավորում է 13 կազմակերպությունների, որոնց թիվը շուտով կհամալրվի այլոցով: Խորհրդի  վարչության անդամներն են՝ տիկին Կարոլին Բաբաեգիդեանը (AGBU Young Professionals – YP Zurich), տիկին Լեռնա Պաղճեանը (AGBU Young Professionals – YP Genève), պարոն Վիգեն Բայրամեանը (Armenian General Benevolent Union – AGBU Switzerland), պարոն Ալեն Նավարա դը Բորջիան (Hyestart): Խորհրդի  վարչության նախագահն է պարոն Սարգիս Շահինեանը (Association Suisse-Arménie GSA):

ՇՀՀՄԽ-ի սահմանադրությունը նախատեսում է փուլային և կոլեգիալ կառավարում, որը հնարավորություն կընձեռնի բոլոր անդամ միություններին ստանձնելու Խորհրդի պատասխանատվությունը: Երեք հանձնաժողովներ (Քաղաքականություն, Լրատվություն & Շահերի պաշտպանութուն, եւ Մշակութային ժառանգություն) կաջակցեն Խորհրդի ղեկավար Կոմիտեի աշխատանքներին:

«Մենք գիտակցում ենք մեր դերի կարևորությունն ինչպես Շվեյցարիայի, այնպես էլ ողջ աշխարհի՝ հատկապես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի,  հայության համար: Մեր գործողություններն առաջնորդվելու են բացառապես հայ ժողովրդի պահանջներով, համառությամբ և շահերով; դրանք միաժամանակ և՛ հավակնոտ են, և՛ իրատեսական, որոնք կքննարկվեն, կհաստատվեն և կիրականացվեն կոլեգիալ հիմունքներով։ Մենք առաջնորդվելու ենք նաև մեր՝ սփյուռքի և Շվեյցարիայի, արժեքներով։ Մեր գործողությունները նվիրված են լինելու երիտասարդության զարգացմանն ու ապագային՝ չանտեսելով մեր մշակութային ժառանգությունը, որի ուշիմ պահապաններն ենք մենք», – ընդգծեց ՇհհմԽ-ի նախագահ պարոն Սարգիս Շահինեանը։

­­­­­­­­­­­­­­­­­­­_______________

ՇՀՀՄԽ-ի հիմնադիր անդամ միություններն են՝

AGBU Young  Professionals Geneva, AGBU Young Professionals Zurich, Armenian General Benevolent Union (AGBU) – Switzerland, ArmenischerVerein Zürich (AVZ), Artzakank-Echo, Association Avetis, Association Santé Arménie Suisse, Association Suisse-Arménie (GSA), Ecole Arménienne de Lausanne, Hyestart, Komitas Action Suisse-Arménie (KASA), Miassine, Union Arménienne de Suisse (UAS).

Արեւմտահայէրեն տարբերակ

Զուիցերիոյ հայկական եւ հայասէր կազմակերպութիւնները 7 Մայիս 2024-
ին գումարեցին ԶՀՀՄԽ-ի (Զուիցերիոյ Հայկական եւ Հայասէր
Միութիւններու Խորհուրդ) հիմնադիր ընդհանուր ժողովը: Խորհուրդի
նպատակն է միասնական կերպով ներկայացնել եւ համակարգել
Զուիցերիոյ հայկական կազմակերպութիւնները, կեդրոնանալ Զուիցերիոյ
մէջ հայկական ինքնութեան հիմնահարցին վրայ, իրականացնել
քաղաքական, տեղեկատուական եւ մարդասիրական ծրագրեր ի խնդիր
հայկական պետութեան անվտանգութեան պահպանման, խթանելով հայ
ժողովուրդի իրաւունքներն ու մշակութային ժառանգութիւնը, ուր որ ալ
գտնուին:

Լեռնային Ղարաբաղի հայերու համար արդարութեան յառաջ
մղումը կը մնայ առանցքային:
Խորհուրդը արգասիքն է 2020-ի աշնան Լեռնային Ղարաբաղի պատերազմին
ժամանակ սկսած երկարատեւ աշխատանքին, որուն ընթացքին շուտով ի յայտ
եկաւ Զուիցերիոյ եւ միջազգային հանրային կարծիքին նկատմամբ մէկ ձայնով
խօսելու անհրաժեշտութիւնը:

Ներկայիս ԶՀՀՄԽ-ն կը համախմբէ 13 կազմակերպութիւն, որոնց շուտով պիտի միանան ուրիշներ: Խորհուրդի դիւանին նախագահն է Պարոն Սարգիս Շահինեան (Association Suisse-Arménie GSA), իսկ միւս անդամներն են՝ Տիկին Քարոլին Պապայեղիթեան (AGBU Young
Professionals – YP Zurich), Տիկին Լեռնա Պաղճեան (AGBU Young Professionals –
YP Genève), Պարոն Վիգէն Պայրամեան (Armenian General Benevolent Union –
AGBU Switzerland) եւ Պարոն Ալէն Նաւարրա տէ Պորճիա (Hyestart):


Նկատի առնելով որ ԶՀՀՄԽ-ի կառավարումը նախատեսուած է ըլլալ շրջանային
եւ համամասնակցային, բոլոր անդամ միութիւնները կարելիութիւնը պիտի
ունենան յանձն առնելու Խորհուրդի պատասխանատւութիւնները: Ղեկավար
կոմիտէին սատար պիտի հանդիսանան երեք յանձնաժողովներ
(Քաղաքականութիւն, զանգուածային լրատուութիւն ու քարոզչութիւն եւ
մշակութային ժառանգութիւն):
«Գիտակից ենք մեր դերի կարեւորութեան՝ Զուիցերիոյ եւ համայն աշխարհի
հայութեան համար, մասնաւորաբար՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի: Մեր
գործունէութիւնները պիտի առաջնորդուին բացառապէս հայ ժողովուրդի
պահանջներով, հաստատակամութեամբ եւ շահերով. Անոնք պիտի ըլլան թէ՛
յաւակնոտ, թէ՛ իրատեսական ու պիտի քննարկուին, հաստատուին եւ
իրականացուին միասնական կերպով: Պիտի առաջնորդուինք նաեւ հայկական
սփիւռքի եւ Զուիցերիոյ մեր արժեչափերով:

Մեր գործողութիւնները նուիրուած պիտի ըլլան երիտասարդութեան զարգացման եւ ուղղուած՝ ապագային, առանց մոռնալու մեր մշակութային ժառանգութիւնը որուն ուշադիր պահապաններն
ենք»,- ընդգծեց ԶՀՀՄԽ-ի նախագահ՝ Պարոն Սարգիս Շահինեան:


ԶՀՀՄԽ-ի հիմնադիր միութիւններն են՝
AGBU Young Professionals Geneva, AGBU Young Professionals Zurich, Armenian
General Benevolent Union (AGBU) – Switzerland, ArmenischerVerein Zürich (AVZ),
Artzakank-Echo, Association Avetis, Association Santé Arménie Suisse, Association
Suisse-Arménie (GSA), Ecole Arménienne de Lausanne, Hyestart, Komitas Action
Suisse-Arménie (KASA), Miassine, Union Arménienne de Suisse (UAS)

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում