Շարլ Ազնավուր. «Հարյուրամյակս անակնկալ կլինի թե՛ ինձ համար, թե՛ հանդիսատեսի»

  • 22.05.2024
  • 0
  • 1216 Views

Այսօր լրանում է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ(Շառլ) Ազնավուրի 100-ամյակը։ Մեր ընթերցողներին ենք ներկայացնում մեծանուն հայի հետ ՕՐԵՐ ամսագրի հարցազրույցը 2016 թվականի մարտ ամսին՝ Պրահայում կայանալիք առաջին համերգի նախօրեին։

Այնուհետեւ Ազնավուրը կրկին հանդես եկավ Պրահայի համագումարների պալատում՝ 2018 թվականի մարտի 16-ին։ Այդ օրերին էլ տեղի ուենցավ մեր վերջին հանդիպումը Պրահայի հյուրանոցի ճեմասրահում։ Ես ինձ հետ տարել էի Ազնավուրի հայերեն եւ չեխերեն գրքերը, մեր ամսագիրը՝ իր դիմանկարով։ Ազնավուրը հայերեն ողջունեց, ուրախացավ, տեսնելով գրքերն ու ամսագրերը։ Նախ հետաքրքրվեց հայ համայնքով, հարցուփորձ արեց, թե որքան հայ է ապրում Չեխիայում, ինչո՞վ են զբաղվում։ Այնուհետեւ հաճելիորեն զարմացավ՝ տեսնելով ՕՐԵՐ ամսագրի համարն իր դիմանկարով։ Փաստորեն, Փարիզ ուղարկած ՕՐԵՐ-ի համարը, իրեն չէր հասել։ Նա ասաց, որ մի գիրք է պատրաստում, որտեղ պետք է տպագրի աշխարհի տարբեր երկրներում լույս տեսած մոտ 150 ամսագրերի շապիկները՝ իր դիմանկարներով։ Եվ ցանկություն հայտնեց ՕՐԵՐի շապիկն էլ ներառել այդ գրքում։ Իհարկե, չիմացանք, արդյոք այդ գիրքը լույս տեսավ, թե ոչ, քանի որ նույն թվականի հոկտեմբերի 1-ին նա կնքեց իր մահկանացուն։ Նրա ցանկությունն էր, որ 100 ամյակին անակնկալ մատուցի։ Այսօր աշխարհի տարբեր ծայրերում այդ անկանկալը մատուցում են նրա միլիոնավոր երկրպագուներ։ Հիշատակդ եւ գործդ միշտ վառ, ՄԵԾՆ ԱԶՆԱՎՈՒՐ։

Հակոբ Ասատրյան, Պրահա 2024, մայիս 22

Ստորեւ ներկայացնում ենք 2016 թվականին ՕՐԵՐում տպագրված հարցազրույցը։

Շարլ Ազնավուր. «Ես հաճախ եմ ասում այն, ինչ մտածում եմ, ու դա ամենքի քիմքով չէ»

2016թ. ապրիլի 6-ին Պրահայի  համագումարների կենտրոնի մեծ դահլիճում առաջին անգամ հանդես եկավ լեգենդար շանսյոնե Շարլ Ազնավուրը։  Համերգի նախօրեին աշխարհահռչակ երգիչը պատասխանեց ՕՐԵՐ համաեվրոպական  անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի եւ orer.eu կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանի հարցերին։

Աննա Կարապետյան.–«ՙԱմեն երգ օդում է, դու պետք է պարզապես իմանաս, որտեղ դրանք հավաքել»։ Հետևելով այս պարզ ու իմաստուն բանաձևմանը, Դուք արդեն 52րդ ալբոմն եք թողարկել ու համերգային շրջագայություն սկսել։ Ի՞նչ կարող է սպասել հանդիսատեսը Պրահայի համերգից։

Շարլ Ազնավուր.– Մի քանի նոր երգ, և անշուշտ բոլոր այն երգերը, որ հանդիսատեսն ակնկալում է, որ կերգեմ։ Պետք է ճանաչես ու հարգես հանդիսատեսին ու տաս այն, ինչ սպասում են։

Հակոբ Ասատրյան.– Թեև ապրիլին արդեն երրորդ անգամ եք գալու Պրահա, սակայն առաջին անգամ եք համերգ տալու։ Դեռեւս 1968-ին Ձեր ծրագրված համերգը տեղի չունեցավ Յան Պալախի ինքնահրկիզման պատճառով։ Ի՞նչ տեղ են գրավում Ձեր հիշողության մեջ Չեխիան և նրա մայրաքաղաքը։ Ինչո՞ւ այսքան երկար տևեց Ձեր վերադարձը Պրահա…

Շարլ Ազնավուր.– Համերգը չեղյալ հայտարարվեց Յան Պալախի ինքնասպանության պատճառով։ Տխուր ժամանակներ էին, ինչը Յանը նկարագրում է իր նամակներում։ Այս ողբերգական իրադարձությունները միշտ էլ դժվար է տանել, երբ դրանք ազդում են երիտասարդության վրա։ Բայց շատերը չգիտեն, որ ի հեճուկս այն փաստի, որ իմ համերգը չեղյալ հայտարարվեց, ես վերադարձա Պրահա նրա հուղարկավորությանը։ Ինչ վերաբերում է Պրահա վերադառնալուն, ասեմ, որ շատ առաջարկներ են եղել այս տարիների ընթացքում, սակայն այս վերջինը լուրջ թվաց՝ լավ մարդիկ էին կազմակերպիչները։ Այնպես որ, ասացի՝ այո, քանի որ սիրում եմ Պրահան ու չեխ ժողովրդին։

ՕՐԵՐ-Ի խմբագիրներ Հակոբ Ասատրյանն ու Աննա Կարապետյանը Ազնավուրի հետ հյուրանոցում, 2016 թվական, ապրիլ

Աննա Կարապետյան.–  Այսօրվա Ձեր դափնիներն ու փառքը հեշտությամբ չեն տրվել։ Դուք 11 տարեկանից սկսել եք աշխատել, փաստորեն 80 տարի է  բեմի վրա եք։ Իմացե՞լ եք, ի՞նչ է նշանակում կարճաժամկետ աշխատանքային պայմանագիր, ի՞նչ է պարտավորությունը, ընտանիքին օգնելու անհրաժեշտությունը, ի՞նչ է ձախողումը։ Հիմա, այսքան տարի անց, պատասխան ունե՞ք, թե ինչո՞ւ էին տարիներ շարունակ մամուլն ու ռադիոկայանները ձեզ բոյկոտում, անտեսում կամ դաժանորեն քննադատում։

Շարլ Ազնավուր. – Այո, բավական դժվար էր սկզբում։ Ինձ քննադատում էին ամեն ինչի համար՝ իմ ձայնի, իմ հասակի, թե ինչպիսի տեսք ունեմ, թե ինչ տեսակ երգեր եմ գրում։ Ինձ գրաքննության ենթարկեցին գրածս Apres L’amour (ՙՍիրուց հետո՚) երգի համար։ Այն սեքսուալ առումով չափազանց բաց հայտարարվեց։ Ինձ ասում էին, որ երբեք չեմ հաջողի, որ պետք է դադարեցնեմ զբաղմունքս, սակայն ես երբեք չհանձնվեցի, ու դուք տեսնում եք, որ վերջիվերջո հանդիսատեսն ինձ ընտրեց, ու ես դեռևս այստեղ եմ, 80 տարի բեմի վրա։

Հակոբ Ասատրյան.– 2001 թվականին երկրորդ անգամ էիք Պրահայում  Քլոդ դե’Աննայի  «Անջելինա» ֆրանսիական ֆիլմի նկարահանման նպատակով։ Այդ ժամանակ մեր ամսագրին տված կարճ հարցազրույցում ասել էիք, որ հետզհետե սահմանափակելու եք համերգները՝ ամիսը մեկ-երկու համերգ։ Անցել է 15 տարի։ Որքանո՞վ է փոխվել Ձեր աշխատանքային գրաֆիկը։

Շարլ Ազնավուր.– Ես ավելի քիչ եմ աշխատում և ընտրում եմ ուր գնալ, ինչ անել։ Ես դեռևս տարեկան 30/40 համերգ տալիս եմ աշխարհի տարբեր մեծ սրահներում, սակայն օրերը, երբ օրական երեք համերգ էին ծրագրում կամ տարեկան 150 համերգ, ավարտվել են։ Մի մոռացեք՝ մայիսի վերջին դառնում եմ 92 տարեկան։

Աննա Կարապետյան.– Պատահական մի համերգավարի պատահական մի սխալի արդյունքում ծնվեց Պիեռ Ռոշ–Շարլ Ազնավուր դուետը, որ 8 տարվա շատ հաջողակ կյանք ունեցավ։ Ձեր կյանքում ի՞նչ այլ պատահականություն է եղել, որ նման շրջադարձային նշանակության կամ արդյունքի հասցներ։

Շարլ Ազնավուր.– Ի հեճուկս բոլոր դժվարությունների, ես երջանիկ եմ եղել ու օրհնված այն մարդկանց հետ, ում հադիպել եմ։ Ինչ արել եմ՝ զարմանալի հնարավորություններ է բացել. իմ հանդիպումը Էդիթ Պիաֆի հետ, Ալհամբրայի համերգը Փարիզում, իմ հանդիպումը Ջորջ Գարվարենցի հետ, որ իմ սիրած համահեղինակը դարձավ, իսկ ապա քրոջս ամուսինը, իմ առաջին համերգը Նյու Յորքի Կարնեգի հոլում, Լոնդոնի Ալբերտ հոլում, Ֆրասուա Տրյուֆոն, Ժան Կոկտոն, և էլի շատ ու շատ իրադարձություններ։

Աննա Կարապետյան. – Շատերն են երգում ու երգել ձեր երգերը։ Ո՞վ է Ձեզ ամենից շատ զարմացրել և ինչո՞ւ։

Շարլ Ազնավուր.– Ես չափազանց երջանիկ եմ, որ իմ երգերը կատարել են այնպիսի զարմանալի երգիչներ, ինչպիսիք են Էլթոն Ջոնը, Սթինգը, Սելին Դիոնը,  Պլաչիդո Դոմինգոն, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը, Էդիտ Պիաֆը, Մորիս Շևալիեն, Շարլ Տրենետը, Սամի Դեյվիսը, Ֆրեդ Էստեյրը, Ռեյ Չարլզը և շատ-շատերը։ Նրանք բոլորն իրենց անհատականությունն են բերել, ու ես շատ սիրում եմ, երբ մարդիկ փորձում են տարբեր փորձեր անել երգերիս հետ։

Աննա Կարապետյան.- Դուք միշտ ասում եք, որ երգի խոսքերն են առաջնային, որ ասելիքն է ամենից կարևորը, մինչդեռ միլիոնավոր ձեր երկրպագուներ սիրում են ձեր երգերն առանց անգամ մեկ բառ հասկանալու։Սա տարօրինա՞կ է Ձեզ համար, պարադո՞քս։

Շարլ Ազնավուր.– Ես առաջին ու միակ երգիչն եմ, երգերի հեղինակն եմ, որ պահանջում է թարգմանել իր երգերը՝ պատմելու նույն պատմությունները տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ու կարծում եմ աշխարհի մի մեծ մաս ծածկեցինք։ Մնացյալը կամ երաժշտությունն է, կամ երգի կատարումը, ո՞վ իմանա։

Աննա Կարապետյան.– Տարբեր աղբյուրներ տարբեր թիվ են նշում  ձեր երգերի համար՝ 600-ից մինչև 1200։  Խնդրեմ պարզաբանեք, քանի երգի հեղինակ եք, և կան արդյոք «կորած» երգեր, որոնք երբեք չեք ձայնագրել ու երաժշտությունը չեք հիշում հիմա։

Շարլ Ազնավուր.– 1200ին մոտ։ Ես շատ կազմակերպված եմ, ամեն ինչ համակարգված է։  Ոչ մի երգ կորած չէ, քանի որ ես ձայնագրում եմ իմ աշխատանքային փուլերը։

Պրահայի փողոցներում տեղադրված Ազնավուրի համերգի ազդագրերը 2016 թվականին

Աննա Կարապետյան.– 2000 թվականին Լոնդոնում ներկայացվեց  Ձեր LAUTREC մյուզիքլը,  իսկ 2015ին ֆրանսիացի մեծագույն նկարիչ Անրի դե Թուլուզ Լոտրեկին նվիրված մյուզիքլը բեմ բարձրացավ Բրոդվեյում «Իմ Փարիզը» վերնագրով։ Ասացեք, խնդրեմ, սա նույն մյուզիքլն է արդյոք և ինչո՞ւ Փարիզում չի ներկայացվում այն։

Շարլ Ազնավուր.- «Իմ Փարիզը» կրկին վերադարձել է Միացյալ Նահանգներ և ներկայացվելու է մայիսին և ես մեկնելու եմ պրեմիերային մասնակցելու։ Հույս ունենք, որ 2017ին այն կլինի նաև Բրոդվեյում։ Լիբրետոն նոր է գրված է,  Driving Miss Daisy-ի հեղինակի կողմից, նոր են նաև ռեժիսուրան և խորեոգրաֆիան, երգերի 70 տոկոսը նույնն են, սակայն՝ նոր տեքստերով։  Սա այլ շոու է և կարող է ավելի ուշ ներկայացվել նաև Փարիզում։

Աննա Կարապետյան.– Ըստ էության Ձեր արտիստական կարիերան սկսել եք դերակատարումներով։ Դուք, փառք Աստծո, բավական աշխույժ ստեղծագործական պրոֆեսիոնալ կյանքով եք ապրում, սակայն վերջին շրջանում չենք լսում Ազնավուրի նոր դերերի մասին։ Չե՞ն առաջարկում, հետաքրքիր չե՞ն ձեզ համար այդ դերերը, ի՞նչն է պատճառը։

Շարլ Ազնավուր.– Ես մշտապես առաջարկներ եմ ստանում, սակայն բոլորը մերժում եմ։ Ես հին դպրոցի ներկայացուցիչ եմ, որ պետք է իր դերն անգիր սովորի, մինչդեռ որոշակի տարիքից հետո դժվար է էջերով անգիր հիշել։ Ես գիտեմ, որ որոշ դերասաններ խաղում են ականջին հուշող սարք ունենալով, սակայն ես չեմ կարող խաղալ դերն՝ ականջիս ինչ-որ մեկի շշնջոցով։

Աննա Կարապետյան.- Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ մի գաղափար ունեք, որ ցանկանում եք քննարկել Ատոմ էգոյանի հետ, մի պատմություն, որտեղ նաև Ձեր համար եք դեր տեսնում։  Ինչի՞ մասին է խոսքը և արդյոք քննարկե՞լ եք արդեն։

Շարլ Ազնավուր.–  Մի սցենար է, որ գրել եմ։  Ես պիտի խոսեմ Ատոմի հետ դրա մասին։ Այս փուլում ավելի  ասելիք չկա։

Աննա Կարապետյան.– Ռեժիսոր Էդմոն Բենսիմոնը հարգանքի տուրք մատուցեց  Ձեզ «Emmenez moi» գեղարվեստական ֆիլմով, որ Շարլ Ազնավուրի երկրպագուներից մեկի արկածների մասին է։  Ցավոք, ֆիլմը դեռևս դիտելու առիթը չենք ունեցել։ Չե՞ք կարծում արդյոք, որ Ձեր կյանքի պատմությունն ինքնին ֆիլմի հրաշալի սցենար է։

Շարլ Ազնավուր.– Այդ մասին խոսակցություններ եղել են։ Գուցե կլինի… երբ գնամ…

Հակոբ Ասատրյան.– Հայաստանը հատուկ տեղ է գրավում Ձեր կյանքում ու հասարակական գործունեության մեջ, և հատկապես 1988 թվականի երկրաշարժից հետո հսկայական օժանդակության շարժում սկսեցիք։ Անցած տարիների ընթացքում ինչպիսի՞ ծրագրեր կարողացաք իրականացնել Հայաստանում։

Շարլ Ազնավուր. –  Մենք միլիոններ հավաքեցինք «Քեզ համար Հայաստան» ( ՙPour toi Armenie՚)երգով։ Մենք բավական շինարարություն կատարեցինք, օգնեցինք տեղի բնակչությանը։ Հիմա այլ ծրագիր ունեմ Հայաստանին օգնելու համար։

Հակոբ Ասատրյան.– Վերջերս մամուլում հայտնվեց տեղեկություն, որ սատարում եք Գյումրիի անօթևան 19 ընտանիքների աջակցության ակցիային։ Արդեն մոտ 28 տարի է անցել երկրաշարժից, կառավարությունները փոխվում են, բայց մարդկանց կյանքը չի փոխվում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք անել, որ մարդկանց սոցիալական-կենցաղային հարցերը լուծվեն, հատկապես, որ միացել են նաև ներգաղթյալներ Սիրիայից։

Շարլ Ազնավուր.– Ես առաջարկեցի, որպեսզի Սիրիայից հարկադիր տեղահանված հայ ընտանիքներին օթևան տան Ֆրանսիայի գյուղերում։ Ես ապրիլին հանդիպելու եմ նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, կրկին նրա  ուշադրությունը կհրավիրեմ այս խնդրի վրա։ Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ճակատագիրն այժմ շատ աղերսներ ունի 1915 թվին հայերի հետ պատահածի հետ։

Հակոբ Ասատրյան.– Հեշտությամբ համաձայնվեցի՞ք  դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում։ Անցած տարիներին ի՞նչ է հաջողվել անել  Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների ուղղությամբ։

Շարլ Ազնավուր.– Ես քաղաքական գործիչ չեմ, ուստի փորձում եմ իմ հանրահայտ լինելն օգտագործել ի շահ Հայաստանի։  Այլոք կարող են դատել, թե որքանով եմ հաջողում դրական ու օգտակար լինել։  Ես չէ, որ պետք է ասեմ։

Հակոբ Ասատրյան.– Բնականաբար Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվում են իրադարձություններ,որոնց հետ չեք համաձայնում կամ տալիս եք ձեր անձնական գնահատականը։ Դեսպանի պաշտոնը ձեզ չի՞ կաշկանդում լինել օբյեկտիվ։ Որքանո՞վ են իշխանությունները ականջալուր լինում ձեր քնադատություններին։

Շարլ Ազնավուր.– Ես հաճախ եմ ասում այն, ինչ մտածում եմ, ու դա ամենքի քիմքով չէ։

Աննա Կարապետյան.– 90-ականներին, երբ Երևանում հանդիպեցինք, դու չկամեցաք խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։ Դուք միշտ ասում եք՝  «ոչ մի քաղաքականություն», բայց 1989ին հրավիրվեցիք Կրեմլ Ղարաբաղ կոմիտեի անդամներին ազատելու հարցով քննարկումների։ Երբեք չեք պատմել, ո՞ւմ հետ հանդիպեցիք, ի՞նչ քննարկումներ եղան։

Շարլ Ազնավուր.– Կրկին պիտի ասեմ՝«ՙոչ մի քաղաքականություն», ես քաղաքական գործիչ չեմ ու ցանկություն չունեմ մտնել քաղաքականություն։

Հակոբ Ասատրյան.– Ինչպե՞ս եք հիշում ձեր ծնողներին և որո՞նք են նրանց՝ Ձեզ տված հիմնական դասերը։

Շարլ Ազնավուր.– Ծնողներս ինձ ուսուցանել են մեծահոգություն, արժանապատվություն, եւ գոյատևում։ Նրանք շատ չունեին, սակայն միշտ կիսում էին ունեցածն ավելի նվազ հաջողակների հետ։ Հայրս, օրինակ կերակրում էր աղքատ հայ ուսանողներին ու ասում էր՝ «կվճարեք, երբ կարողանաք»։ Անշուշտ, նրանք երբեք չկարողացան, ու հայրս ստիպված էր իր ռեստորանը փակել։ Սակայն հայրս դառնացած չէր։ Ծնողներս ասում էին՝«Աստված մեզ կտա, մեր առաջ կբերի»։ Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել և հրաշալի ծնողներ։

Հակոբ Ասատրյան.– Ձեր ծնողները Ձեզ հետ խոսել են հայերեն։ Դուք ձեր զավակների հետ հայերեն խոսո՞ւմ եք, ինչքանո՞վ են նրանք տիրապետում հայերենին, ի՞նչ եք դուք փոխանցել ձեր երեխաներին։

Շարլ Ազնավուր.– Մեր արժեքները, մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր գոյատևման գաղտնիքը։ Վերջերս որդիս՝ Նիկոլասը, սկսել է հայերեն սովորել։ Նա շատ արագ ու հաճույքով է սովորում։ Ես հպարտ եմ դրանով, ինչպես հպարտ եմ  իմ մեծ դստերովս՝ Սեդայով, որ միշտ շատ սահուն հայերեն է խոսել, նա նաև երգում ու ձայնագրվում է հայերենով։ Նկատել եմ, որ իմ երեխաները՝ Կատյան, Միշան ու Նիկոլասը, թեև ունեն շվեդուհի մայր, տարիքն առնելուն զուգընթաց ավելի ու ավելի են զգում իրենց հայկականությունն ու արմատներն ավելի ու ավելի են ուժեղանում։

Աննա Կարապետյան.- Տարբեր երկրներում ու տարբեր ժամանակներում Ձեզ տարբեր որակումներ են տվել «Սենտիմենտալ ռեալիստ»,  «Սիրո աստված», «Ֆրանսիական Սինատրա», «Երգի Նապոլեոն», «Մեր Շարլը» և այլլն։ Ո՞րն եք Դուք ամենից դիպուկը համարում։

Շարլ Ազնավուր.– Լրագրողները շատ են սիրում պիտակներ կպցնել։ Դրանք ինձ համար ոչինչ չեն նշանակում։ Ես իմ կարելին եմ անում, ես հարգում եմ իմ հանդիսատեսին, քանի որ հանդիսատեսն է, որ քեզ տալիս է ամեն ինչ, ու ես չեմ կարծում, որ որևէ մեկը եկել է ինձ լսելու, քանի որ կարդացել է, որ ես  «Երգի Նապոլեոն» եմ։  Նրանք գալիս են, քանի որ կամ զգացվել են,  հուզվել են, կամ նույնականացրել են իրենց զգացողությունները իմ գրածի հետ, կամ իրենց դուր է գալիս իմ բեմում լինելու կերպը։

Հակոբ Ասատրյան.– Հայաստանի կառավարությունը ձեզ համար տուն է կառուցել Հայաստանում։ Երբեւէ մտածո՞ւմ եք այնտեղ ապրելու մասին։ Երբ մեկնում եք Երեւան, այնտեղ բնակվում ե՞ք, հավանում ե՞ք այդ կառույցը։

Շարլ Ազնավուր.– Որդուս՝ Նիլոկասի հետ սկսել ենք հավաքել իմ արխիվից բավական  իրեր, հուշեր, շատ կարևոր նպատակով՝ այդ տանը Երևանում Ազնավուրի թանգարան հիմնելու համար։ Իմ դաշնամուրը, եզակի պլակատներ, ձայնագրություններ, գրքեր, մենագրություններ ու շատ տարբեր իրեր։ Մենք  լիովին ներգրավված ենք այս աշխատանքներում, որպեսզի վստահանանք, որ ամեն ինչ արվում է մեր կամեցածի պես։ Իսկ ապրել՝ ոչ։ Ես շատ սիրում եմ Հայաստան այցելել, սակայն՝ ոչ բնակվել այնտեղ։ Մի մոռացեք, որ ծնվել ու ողջ կյանքս ապրել եմ Ֆրանսիայում։

Աննա Կարապետյան.– Դուք ձեր կամքի ուժով, էներգիայով, կենսախնդությամբ ու հումորի զգացողությամբ  շատ ավելի երիտասարդ եք  կենսաբանորեն երիտասարդներից։ Վերջերս Դուք հայտարարել էիք, որ առաջիկա 10 տարիների համար բավական ծրագրեր ունեք, և որ ցանկանում եք լինել միակ երգիչը, ով 100 տարեկանում բեմ կբարձրանա համերգով։ Ձեր պատկերացմամբ որտե՞ղ կարող է լինել այս համերգն ու ի՞նչ երգացանկով։

Շարլ Ազնավուր.– Չգիտեմ… Նախ հասնեմ 100ի, հետո՝ կտեսնեմ։ Դա անակնկալ կլինի՝ թե՛ ինձ համար, և թե՛ հանդիսատեսի։

Աննա Կարապետյան.– Ալհամբրայի պատմական համերգից, երբ Փարիզը ոտքի կանգնեց  Ձեր առաջ, 60 տարի է անցել։ Դրանից հետո նվաճել եք դահլիճներ, վայելել փառք, ժողովուրդների ու սերունդների սեր ու հարգանք։ Կա այլ մի բարձունք, որ կուզենայիք նվաճել։ Կա դեռեւս երազանք, որ ուզում եք կատարվի…

Շարլ Ազնավուր.– Առողջ մնալ, հնարավորություն ունենալով շարունակել ինչ սիրում եմ, և ամենից շատ ուզում եմ մնալ կնոջս ու երեխաներիս կողմից շրջապատված։

Աննա Կարապետյան, Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ ամսագիր, մարտ, 2016թ.

ORER 1-4/2016

ՕՐԵՐ-ի խմբագրի հանդիպումը Ազնավուրի հետ, 2018 թվական մարտի 17, Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում