
Արգենտինահայ, բեռլինաբնակ արվեստագետ Սիլվինա Տեր–Մկրտչյանը, ով ստեղծագործում է արվեստի մի շարք բնագավառներում, վերջերս՝ ապրիլի 24-28-ը, Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում ներկայացրեց իր երկու նոր ֆիլմերը։ Դրանք Հայոց Ցեղասպանությանն առնչվող թեմաներով են և ստեղծվել են ինքնաբուխ, կրում են «Պատմող առարկաներ» (2022 թ․) և «Սեմեր» (2023 թ․) անվանումները։
Ֆիլմերի ցուցադրմանը զուգահեռ նա հանդես եկավ նաև ցուցահանդեսով։ Ներկայացրել էր թեմային առնչվող մի շարք առարկաների ու մասունքների պատկերներով բացիկներ ու նկարներ, որոնք նկարագրում են հայերի կյանքի դրվագներ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից։ Բնականաբար, դրանք այն փրկված մասունքներից են, որ գաղթելիս կարողացել են իրենց հետ վերցնել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը։

«Այս նյութերի հետ շատ շուտվանից եմ աշխատում՝ թե՛ լուսանկարներ եմ հավաքում, թե՛ պատմություններ և թե՛ առարկաներ։ Թեման իմ առօրյայի անբաժան մասն է»,– մեզ հետ զրույցում նշեց տիկին Տեր–Մկրտչյանը։
«Պատմող առարկաներ» ֆիլմը մի շարք արևմտահայ ընտանիքների պատմությունների մասին է՝ մեկը մյուսից ահասարսուռ։ Ֆիլմի հերոսները ավստրիաբնակ հայուհիներ են։ Նրանք իրենց անցյալը մարմնավորող ու հիշեցնող՝ հաճախ փրկված միակ կամ մի քանի իրերից մեկն են ներկայացնում, որի օգնությամբ վերհիշում են նախնիների ապրածն ու կորցրածը։ Փրկվածը սրբորեն են պահում ու փոխանցում սերնդե սերունդ՝ պատմությամբ հանդերձ։ Առանց արցունքների հնարավոր չեղավ ֆիլմը դիտել։
Հեղինակն ի սկզբանե մտադիր չի եղել ֆիլմ նկարահանել։ Այն ինքնաբերաբար է ստեղծվել․ «Այս պատմությունները շատ զորավոր են, հատկապես հարմար է ապրիլ 24–ին ցուցադրելը, այս օրերին մասնավորապես սա լսելը իմաստ ունի, երբ աշխարահասփյուռ հայերս կհիշենք մեր գենոցիդն ու անմեղ զոհերի հիշատակը կը հարգենք»,– պարզաբանեց տիկին Տեր–Մկրտչյանը և շարունակեց պատմել․ «Ամեն բան սկսվեց Վիեննայում։ Ես հրավիրված էի սեմինար անցկացնելու, հյուսելու հետ կապված աշխատանք էր այն։ Մի թուրքահայ կին, որ ապրում էր Վիեննայում, քաղաքի կենտրոնում գտնվող իր աշխատավայրը տրամադրեց մեզ։ Եվ այնտեղ այցելեցին հայկական գաղութի անդամները։ Ես նախապես խնդրեցի, որ իրենք առարկաներ բերեն իրենց ընտանեկան պատմության հետ կապված։ Զրուցեցինք ու ամեն բան նկարեցինք։ Միասին նաև մի գորգ գործեցինք։ Գեղեցիկ հուշ դարձավ»։

«Ստացվեց այնպես, որ այս տարի ինձ Բեռլինի Գորկու անվան թատրոնից հրավիրեցին, որ «Սեմերը» ցույց տամ։ Ես այս ֆիլմիս մասին էլ ասեցի։ Պատմեցի, որ 2022–ին Վիեննայում ցուցադրելուց շատ մեծ չէր հանդիսատեսը, որովհետև դեռ համավարակի հետ կախված չէր թույլատրվում բազմության հավաքվելը։ Ու որոշեցինք երկուսը միասին այստեղ ցուցադրել»,– մեզ հետ զրույցում պատմեց արվեստագետը։
Հեղինակի «Սեմեր» ֆիլմը (2023 թ․), որն արդեն բավականին ճանաչում է ստացել ու սիրվել, արևմտահայերենով (անգլերեն ենթագրերով) պատմում է Հայոց Ցեղասպանությունը վերապրած ընտանիքների կյանքը իրատեսորեն ներկայացնող լուսանկարների մասին և անդրադառնում նրա դերին մարդկանց մշակութային և ընտանեկան ժառանգության մեջ: Նա կարևորում է այս լուսանկարները և դրանց ազդեցությունը, որ հայոց ոչ վաղ անցյալի խոսուն վկաներն են։
Արվեստագետն իր ֆիլմը մարմանավորել է՝ հիմնվելով փարիզաբնակ գրող Գրիգոր Բելեդյանի (Պըլտեան) «Սեմեր» գրքի (1997 թ․) առաջին գլխի՝ «Կույտը»ի վրա։ Տեքստը կարդում է կանադաբնակ դերասանուհի Արսինե Խանջյանը։
«Ես այս նովելն ընտրեցի, քանի որ Գրիգոր Բելեդյանի գրականությունը շատ եմ սիրում և Գերմանիայում, կարծես, որեւէ մեկն իրեն չի ճանաչում։ Բացի դրանից՝ տեքստը, որ ես գործածեցի, ինձ շատ հոգեհարազատ էր, իմ ամենօրյա աշխատանքի հետ համահունչ։ Շատ անձնական ձևով ինձ ազդեց, երբ կարդացի ու անմիջապես մտածեցի մի բան անել այս նյութի հետ։ Երկար տևեց, իհարկե, բավականին դժվար և հետաքրքիր աշխատանք էր, բայց ես արդյունքից գոհ եմ»։

Ինչպես հեղինակը մեզ պատմեց, ֆիլմն ավարտելուց հետո դիմել է մի քանի կինոփառատոնների և իրար հետևից ցուցադրման համար դրական պատասխաններ է ստացել։ Ուրախացել է, որ հատկապես ճանաչելի կդառնա Բելեդյանի գրականությունը։ 2023 թվականի ընթացքում ֆիլմն անընդմեջ կինոփառատոնների էկրաններին է եղել։ Ցուցադրվել է նախ «Արփա» միջազգային փառատոնում ԱՄՆ (Լոս Անջելես), այնուհետև Նյու Յորքում, Կանադայում (Տորոնտո), Իտալիայում (Միլան), Իսպանիայում (Մադրիդ), Հնդկաստանում (Գոա), Մեքսիկայում (Մեխիկո) և Գերմանիայում (Մյունխեն և Բեռլին)։
Արվեստագետ Սիլվինա Տեր–Մկրտչյանի գործունեության հիմքում ընկած է մեր նախնիների անցյալն ու նրանց կյանքի հետ կապված յուրաքանչյուր մանրամասն։ Եվ արդեն 15 տարուց ավելի է, որ նա պրպտում և հավաքում է այդ ամենը, գրի առնում և մշակում դետալ առ դետալ։
Գայանե Առաքելյան
Բեռլին

