Հանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Վալենսիայում

  • 07.05.2024
  • 0
  • 128 Views

Վիսենտե Մարկոյի հետ հանդիպումը վաղուց էր պլանավորված, սակայն ժամանակային և տեխնիկական խոչընդոտներով պայմանավորված, անընդհատ հետաձգվում էր։ Հայ համայնքի և իսպանացի գրողի միջև հանդիպումն ի վերջո տեղի ունեցավ մայիսի 6-ին` հեռանկարով, որ այն վերջինը չի լինի։

Վալենսիացի գրող Վիսենտե Մարկոն տասը վեպերի, երեք պիեսների և հեքիաթների ժողովածուի հեղինակ է, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր։ Նրա գրքերի շնորհանդեսները տեղի են ունեցել Իսպանիայի և Լատինոամերիկյան երկրների տարբեր քաղաքներում։ Նույն այդ քաղաքներում բեմադրվել են հեղինակի թատերական աշխատությունները։ Ներկայումս դասավանդում է Վալենսիայի համալսարանում և աշխատում իր հերթական վեպի վրա։

Վերջինիս հետ հանդիպումը հնարավոր դարձավ “Արարատ” հայկական միության Երիտասարդության և Սպորտի հարցերով պատասխանատու Մխիթար Խուրշուդյանի շնորհիվ, ում հետ գրողը բազմիցս հանդիպել է կազմակերպության անդամ Վարդան Գալոյանի սրճարանում։ Հենց այս հյուրընկալ սրճարանում էլ, պատի ողջ երկայնքով ու լայնությամբ պատկերված Արարատի “լանջերին” տեղի ունեցավ հանդիպումը։

Բացման խոսքով հանդես եկավ հայկական կազմակերպության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, հանդիպման կազմակերպիչներ Մխիթար Խուրշուդյանին և Վարդան Գալոյանին, և, իհարկե, հեղինակին, ով բազմիցս մեծ ցանկություն է հայտնել` հանդիպելու հայ համայնքի հետ: Այնուհետև խոսք առավ գրողի ներկայացուցիչը` Էնրիկե Սոլերը, ով հակիրճ ներկայացրեց հեղինակի կյանքն ու գործունեությունը։

Վիսենտե Մարկոն բավականին հանգամանալից ներկայացրեց իր ստեղծագործությունների ծնունդը, գրելու ընթացքն ու բովանդակությունը, խոսեց գրելու արվեստի, այդ ոլորտում հաջողության գրավականը գտնելու մասին։ Ընթերցասեր հանդիսատեսը հետաքրքրությամբ էր լսում գրողի կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների, դեպքերի ու դեմքերի մասին պատմությունները, որոնք վերջինիս դրդել են թղթին հանձնել դրանք և ներկայացնել գրականասերների դատին։ Գրել սկսել է տակավին 7 տարեկան հասակում և, հետաքրքրություն գտնելով գրարվեստի մեջ, աստիճանաբար ճանապարհ է հարթել դեպի գրական անեզր աշխարհ, որի ընթացքն, անշուշտ, դյուրին չի եղել և եղել է բազմաթիվ վայրիվերումներով։

Սակայն, ինչպես հենց հեղինակն է ասում, “դժվարությունը` հաջողության հասնելու անհրաժեշտ պայմանն է”: Մարկոն իր խոսքի ընթացքում անհանգստանում էր` կարծելով, թե գուցե հավաքված հայերը լավ չեն հասկանում իրեն, ուստի և, ժամանակ առ ժամանակ, կրկնում էր առանձին մտքեր և նույնիսկ բառեր, որպեսզի խոսքն ավելի հասանելի լինի իր ունկնդրին։

Սակայն երբ հետաքրքրասեր հայերը մի ամբողջ հարցերի շարան տեղացին նրա գլխին, վերջինս հասկացավ, որ գործ ունի հարուստ մշակութային ժառանգություն և տաղանդ ունեցող ազգի հետ, որի մասին, իր իսկ խոստովանությամբ, դեռ շատ բան չգիտի։ Դե իսկ մենք` հայերս, անշուշտ ամեն առիթ օգտագործում ենք` օտարին դեպի հայկականություն և Հայաստան տանելու համար, որն էլ, իհարկե, տեղի ունեցավ հանդիպման վերջում։ Իսկ ահա ամենավերջում, տաղանդաշատ երգիչ Էդգար Աբրահամյանը իսպաներեն և հայերեն երկու գեղեցիկ կատարումներով համեմեց միջոցառումը, որն ավարտվեց սրճարանի հյուրընկալ տերերի կողմից փոքրիկ հյուրասիրությամբ, գինու գավաթի շուրջ և առաջիկայում նորից հանդիպելու ակնկալիքով։

Արարատ հայկական միություն

Վալենսիա

Իսպանիա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում