Հուշ–երեկո Բեռլինում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցին

  • 29.04.2024
  • 0
  • 349 Views

Բեռլինի Լուիզեն եկեղեցու դահլիճում ապրիլի 27–ին տեղի ունեցավ հուշ–երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 109–րդ տարելիցին։ Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Բեռլինի երկու հայկական համայնքները։ Երեկոյին ներկա էին նորանշանակ հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Հակոբյանը (սբ․ Զատկի տոնին Բեռլինում մատուցել է առաջին պատարագը), համայնքների ատենապետեր տիկին Սոնա Չուգասզյան–Այպերը և պարոն Հենդրիկ Իսայանը, ՀՀ արատկարգ և լիազոր դեսպան պարոն Վիկտոր Ենգիբարյանը, Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դր․ Ժիրայր Քոչարյանը, ՀԵՄԱ ՀԿ նախագահ Միքայել Մինասյանը, բազմաթիվ արվեստագետներ, մտավորականներ, բեռլինահայեր և մի շարք գերմանացիներ։

Ողջունելով ներկաներին՝ տիկին Սոնա Չուգասզյան–Այպերը հիշեցրեց, որ հուշ երեկոն անվիճելիորեն շատ առանձնահատուկ է․ «Մենք այսօր հիշում ենք մեր 1,5 միլիոն անմեղ զոհերին։ Մեզանից յուրաքանչյուրն իր ուրույն կապն ու հիշողություններն ունի Ցեղասպանության հետ կապված։ Էլ ավելի ծանրացուցիչ է փաստն այսօր, որ մենք 21– րդ լուսավոր դարում նորից այն վերապրեցինք՝ աշխարհի կույր աչքի առաջ։ Լուռ ու համր էին նաև մարդկության ձայները»։

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո Տեր Հակոբ քահանա Հակոբյանը հոգեհանգստի կարգ մատուցեց։

Գերմանահայ երիտասարդներից ելույթ ունեցան Անի Մանուկյանը և Սամվել Գրիգորյանը՝ յուրովի մեկնաբանելով, թե ինչ է նշանակում իրենց համար հայրենիքը՝ Հայաստանը։ Նրանց ելույթները որքան պարզ ու շիտակ էին, նույնքան էլ՝ հուզիչ ու տպավորիչ։

«Ես Անին եմ, 20 տարեկան, ծնվել, մեծացել եմ Բեռլինում, հոգով սրտով հայ եմ։ Առօրյայում, երբ զրուցակիցս այլազգի է լինում, հաճախակի երկու հարց է հնչում՝ ո՞րն է իմ իրական անունը, ոչ թե՝ մականունը։ Ես հպարտ պատասխանում եմ, որ Անի է, ամբողջական անունս է Անի, որը գտնում է Արևմտյան Հայաստանում՝ այսօրվա Թուրքիայի սահմաններից ներս և կոչվել է 1.001 եկեղեցիների քաղաք։ Հաջորդ հաճախ հնչող հարցն է՝ ի՞նչն է քեզ կապում Հայաստանի հետ, եթե դու ծնվել ու մեծացել ես մեկ այլ երկրում։ Ինչպե՞ս, ինչպե՞ս նկարագրեմ արյան կանչը, Զվարթնոցում իջնելիս ինձ անհամբեր սպասող հարազատներիս, հայրենիքիս տաք ու ջերմ բույրը, ոլոր–մոլոր փողոցների շքեղությունը, պատուհաններից փռված լվացքը, բակում խաղացող զվարթ երեխաներին, կարոտած հարևաններիս, հայրենակիցներիս հյուընկալությունը։ Ինչպե՞ս նկարագրեմ հայկական գյուղի հոտը, ցայտաղբյուրի սառն ու զուլալ ջրի համը, թարմ հացի հոտը, արևոտ դաշտերը, անդադար խոսող և ուտելիք առաջարկող տատիկիս, պապիկիս անսահման հետաքրքիր պատմությունները։ Եվ կամ ինչպե՞ս նկարագրեմ այն բացառիկ հոգևոր մթնոլորտ ունեցող եկեղեցիները, ուր մտնելոիս հոգիդ այնպես է խաղաղվում, ինչպես ուրիշ ոչ մի երկրում։ Հետո՝ գորգերով զարդարված տատիկիս տունը, հայկական և արևաբույր ծիրանը, ինչպե՞ս ես թարգմանեմ այն  սիրառատ արտահայությունները, որոնք ջերմացնում են սիրտս ու հոգիս կամ պատահական անցորդների հետ կարճատև զրույցների քաղցրությունը, հայաստանյան ամառային անձրևի բույրը, դհոլ–զուռնայով հայկական հարսանիքը, բարի ճանապարհ մաղթելիս՝ ջուր շփող տատիկիս, իսկ վերջում այն թախծոտ հայացքները, որոնք բերում եմ հետս, որ մեկ տարի անց կրկին Զվարթնոցում փոխարինեմ ուրախությամբ։ Սրանք այն պատկերներն են, որոնք տեսնում եմ Հայաստան ասելիս։ Գուցե պատահական չի իմ անունը Անի։ Քաղաքի նման դեռ չեմ գտնվում Հայաստանում, բայց ներսումս հայրենիքի հազար ու մի մաս եմ կրում ․․․»,–նկարագրեց Անի Մանուկյանը։

Սամվել Գրիգորյանը, որը ծնվել է Գերմանիայի Բավարիա երկրամասում, խառնածին ընտանիքի որդի է՝ հայրը հայ է, մայրը՝ գերմանուհի։ Իր խոսքն սկսեց սոսկալի մի դրվագով, որն իր ընտանիքի նախահայրերն են ապրել ցեղասպանության ժամանակ․

««Ո՞ւր եք տանում իմ եղբայրներին»։ «Փողոցի շինարարությանը մասնակցելու»,– պատասխանեցին ինձ զինվորները, «այստեղ տարածաշրջանի որոշ փողոցներ պիտի բարեկարգվեն»։ Մենք սպասեցինք մեկ օր, հետո՝ երկու, երեք։ Նրանք չեկան։ Օրերը դարձան շաբաթներ, շաբաթները՝ ամիսներ։ Նրանք չէին գալիս։ Երբ մի որոշ ժամանակ անց զինվորները նորից մեր գյուղ եկան, նրանց մեր եղբայրների մասին հարցրեցինք։ Մեզ ասացին՝ աշխատանքը դեռ մի քիչ էլ կտևի։ Հեռանալուց նկատեցինք, որ նրանցից մեկը իմ եղբոր շորերն է կրում։ Այդ րոպեին հասկացանք այն, ինչը մենք արդեն երկար ժամանակ կասկածում էինք։ Նրանք այլևս երբեք չեն գա՝ ոչ շաբաթներ անց, ոչ ամիսներ և ոչ էլ տարիներ, այնտեղ, ուր նրանք էին, ժամանակից այն կողմ էր․․․»։ Այո՛, սիրելի՛ ընկերներ, այս եղելությունն իմ սեփական ընտանիքի պատմությունից է։ Ես արևմտահայ եմ։ Այն ժամանակներում, երբ իմ մեծ տատիկն ու պապիկն են ապրել իրենց ծննդավայրում, հայերի քանակը չափազանց քիչ է եղել, ուստի ամենաշատը լեզուն է տուժել, որ լիարժեքորեն չեն կարողացել կիրառել, բայց պահել են կրոնն ու ինքնությունը։ Իսկ լեզուն, լեզուն կապող օղակն է, ինքության բանալին, որով քո կյանքի դռները կարող ես բացել։ Եվ ես ինչ–որ ժամանակ սկսեցի հետաքրքրվել Հայաստան բառով, գնալով ավելի ու ավելի։ Ինձ միանշանակորեն հստակ էր, որ պիտի այդ կորցրած բանալին գտնեմ։ Իմ փնտրտուքները սկսեցի անցյալից։ Նախ մեկ տարի ապրեցի Հայաստանում, սովորեցի լեզուն, այցելեցի բազմաթիվ վայրեր, ընկերներ ձեռք բերեցի, մշակույթին, երգ ու պարին ծանոթացա․․․»,– հուզումնառատ պատմում էր Սամվելը։

Իր համար հիշաժան պահերի մասին խոսեց, որ ապրել ու զգացել էր Հայաստանում։ Այնուհետև Արևմտյան Հայաստանում էր շրջել, հասել էր իր պապերի ծննդավայր, ճանապարհորդությունը վերջացրել Անիում․ «Այստեղ ես արդեն իմ բոլոր հարցերի պատասխաններն ստացա»։ Իր զգացմունքների և պատկերացումների մասին նա բավականին խոսեց՝ ավելացնելով․ «Հայաստանն այն երկիրն է, ուր ճամփորդելիս ես ամենաաղքատ մարդկանցից ամենաշքեղ հյուրասիրությունն եմ ստացել, մի երկիր, ուր սովորել եմ՝ ինչն է կյանքում իրապես գնահատելի։ Այն հոգու և կարոտի երկիր է, ուր ապրելը դժվար է տրվում»։

Պարույր Սևակի, Ավ․ Իսահակյանի, Հովհ․ Թումանյանի, Մուշեղ Իշխանի և Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հայերեն և գերմաներեն արտասանություններով հանդես եկան մի խումբ երիտասարդներ՝ Սոնա Բեքմանն (մայրը՝ Լիլիթ Հակոբյան), Նարեկ Բաղդասարյան, Դավիթ Թորոսյան, Անի Մանուկյան, Սամվել Գրիգորյան, Մեղեդի Կազկյան և Թամար Հովհաննիսյան։ Ստեղծագործությունները հայերենից գերմաներեն թարգմանել էին Աննեմարի Բոստրոեմը, դր․ Հասմիկ Մելքոնյանը, դր․, պրոֆ․ Թեսսա Հոֆմանը և դր․ Ժիրայր Քոչարյանը։

Կոմիտասի և Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկավ երիտասարդ դաշնակահար Պիերր Ռաֆֆելը (մայրը՝ Աննա Հովհաննիսյան)։ Մի քանի երգեր կատարեցին Արի Բերբերյանը և Ալիս Հովակիմյանը։ Հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի և դաշնակահարուհի Լիլիթ Պետրոսյանը ինչպես առանձին կատարմամբ, այնպես էլ իր սաների հետ հանդես եկավ մի շարք կատարումներով՝ «Կիլիկիա», «Էրեբունի–Երևան», «Շուշիկի պար», «Ապրել խաղաղ»։

«Վաղվա օրը և ապագան կառուցելու մեր հույսը մեր դպրոցականներն են և մեր երիտասարդները։ Ուստի ցանկանում եմ ամենից առաջ շնորհակալություն հայտնել հենց նրանցից, որ դպրոցական դասերից հետո անտրտունջ փորձերի էին գալիս, մեր սիրելի ծնողներից, որ մշտապես մեր կողքին էին և անպայմանորեն կուզեմ իմ խորին շնորհակալությունը հայտնել դր․ Հասմիկ Մելքոնյանին մեզ օգնելու համար։ Այս երեկույթի կոնցեպտի մշակման հարցում նա որոշիչ դեր խաղաց»,– միջացառման ավարտին մեզ հետ զրույցում նշեց տիկին Սոնա Չուգասզյան–Այպերը։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում