Լուսանկարում՝ նորաստեղծ երգչախմբի անդամները Հայր Բարեսղի հետ
Մարտի 31-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում Չեխիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագ։ Չեխահայության համար կրկնակի տոն էր, քանի որ առաջին անգամ պատարագի ընթացքում ելույթ ունեցավ նորաստեղծ հայկական երգչախումբը եւ արժանացավ ներկա հավատացյալ հայության ջերմ ընդունելությանը։ Պատարագին ներկա էին հարյուրավոր հայորդիներ ոչ միայն Չեխիայի տարբեր քաղաքներից, այլեւ Ավստրիայից ու Գերմանիայից, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ դեսպանության անձնակազմը։
Հայր Բարսեղն իր քարոզի սկզբում շնորհակալություն հայտնեց երգչախմբի անդամներին եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում երգչախումբը կհամալրվի նոր երգիչներով։
Խոսելով Հարության տոնի խորհրդի մասին, Հայր Սուրբը շեշտեց, որ միայն Քրիստոսի հավատքն է, որ մինչ օրս զորավիգ է եղել հայ ժողովրդին։ Նա կոչ արեց լինել միասնական, հրաժարվել նախանձից ու չարությունից, եւ հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին։
Վերջում եկեղեցու խաչքավոր, ծխական խորհրդի փոխատենապետ Աղասի Զավարյանի հովանավորությամբ տրվեց Զատկական ավանդական հյուրասիրություն։
Քրիստոս հարյավ ի մեռելոց,
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Ձեզ եւ մեզ մեծ Ավետիս։
Orer.eu
Լուսանկարները՝ ՕՐԵՐի













