Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է մեր երկրի էներգետիկ անվտանգությունը.Փաշինյանը Բրյուսելում

  • 21.03.2024
  • 0
  • 63 Views

Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:  

Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծվել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: 

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: 

 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով: 

ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետեր Օրփոյի հանդիպումը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության հարցերին։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։ Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։ 

ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրստերսոնի հետ: 

 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեդիա համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել տնտեսական փոխգործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: 

Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները պայմանագրի նախագծի վերաբերյալ: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման:

Հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դը Քրուն, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆեն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մի շարք երկրների նախագահներ, վարչապետներ և ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.  

«Վարչապետ Դը Քրու,

Գլխավոր տնօրեն Գրոսի,

Գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,

Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Գլխավոր տնօրեն Գրոսիին՝ Միջուկային էներգետիկայի այս անդրանիկ գագաթնաժողովը հրավիրելու համար, և վարչապետ Դը Քրուին՝ այս կարևոր հավաքը մեծահոգաբար հյուրընկալելու համար։

Հայաստանը, որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ մեր պայքարում և ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների։ Ահա թե ինչու Հայաստանն այն 22 երկրների թվում էր, որոնք լիովին աջակցեցին «Միջուկային էներգիայի մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարությանը» 2023 թվականի դեկտեմբերին Դուբայում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP28): Մենք նաև հպարտությամբ միացել ենք COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը:

Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը: Մենք ողջունում ենք գլխավոր տնօրեն Գրոսիի ջանքերը՝ միջուկային էներգիան կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումների առաջին պլան մղելու համար:

Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ Տասնամյակներ շարունակ Հայաստանի ատոմակայանը ծառայել է որպես մեր էներգետիկ համակարգի կարևորագույն տարր՝ ապահովելով էներգիայի արտադրության կայունությունը։ Ներկայումս մեր երկրի էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը ստացվում է միջուկային էներգիայից։ Այդ կետին հասնելու մեր ճանապարհը փշոտ էր, որի գագաթնակետն էր ատոմակայանի փակման դրամատիկ շրջանը։ Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, այն նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը։

Այնուամենայնիվ, այս կարևոր դերը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն: Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ միջուկային անվտանգությունն ապահովելու գործում որդեգրելով ակտիվ դիրքորոշում, միաժամանակ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Մենք պարբերաբար հյուրընկալում ենք փորձագիտական առաքելություններ, որոնց հաշվետվությունները հստակ ցույց են տալիս, որ Հայաստանն էլեկտրակայանը շահագործում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշներին համապատասխան: Մեր ատոմակայանի գործունեության ողջ պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության որևէ միջադեպի բացակայությունը խոսում է այս գործին մեր անսասան նվիրվածության մասին: Այս ձեռքբերումը Հայաստանի քաղաքական կամքի և փորձագիտական հմտությունների վկայությունն է: Մենք նաև երախտագիտություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և գործընկեր երկրների կողմից տրամադրվող անփոխարինելի տեխնիկական աջակցության, գիտելիքների ու ցուցումների համար, որոնք կարևոր դեր են ունեցել մեր ԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման երաշխավորման գործում:

Հայաստանը՝ հիմնվելով նման փորձի և սահմանված առաջնահերթությունների վրա, այստեղ ներկա բազմաթիվ երկրների շարքում որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ:

Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար: Ատոմային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման մեր թափանցիկ ու բաց քաղաքականությունը կշարունակի առաջնորդել մեր ջանքերը, քանի որ մենք ուսումնասիրում ենք առաջադեմ միջուկային տեխնոլոգիաները` մեր միջուկային էներգետիկայի ոլորտում անվտանգության, արդյունավետության և բնապահպանական հավատարմագրման հետագա լավարկման նպատակով:

Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավաքական հանձնառությունը միջուկային էներգիայի ողջ ներուժը իրացնելու և դրա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու հարցում: Ցավոք, ամբողջ աշխարհում շարունակվող հակամարտությունները, ներառյալ մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին հակամարտությունները, ոչ միայն վտանգում են միջուկային օբյեկտների անվտանգությունը, այլև խոչընդոտում են խաղաղ միջուկային նախաձեռնությունների առաջխաղացմանը։

Հայաստանը կոչ է անում բոլոր միջազգային գործընկերներին օգտագործել ընթացիկ գագաթնաժողովի պատմական հնարավորությունը և համատեղ ջանքերով առաջ տանել գագաթնաժողովի հռչակագրում ամրագրված պարտավորություններն ու նպատակները՝ ճանապարհ հարթելու դեպի ավելի մաքուր, անվտանգ և կայուն ապագա հետագա սերունդների համար։

Շնորհակալություն»։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում