
ՀՀ «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) ընդդիմադիր ուժի խորհրդի անդամ Արա Պապյանը մարտի 6-13–ը աշխատանքային այցով գտնվում էր Եվրոպայում՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։
Այցը նախաձեռնել և կազմակերպել էին «Հայկական վերածնունդ» կազմակերպության Գերմանիայի և Բելգիայի մասնաճյուղերը և «Գերմանիայի հայ ակադեմիականների միություն-1860»-ը։
Մարտի 9–ին Բրյուսելի Ազատ համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Պապյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այստեղ հավաքվել էին բազմաթիվ հայեր մի շարք երկրներից՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, կային նաև Հայաստանից ներկայացուցիչներ, ովքեր այս կամ այն առիթով Բրյուսելում էին։ Հանդիպման սկզբում նախ պարոն Պապյանը ներկայացրեց ԱԺԲ տեսլականը, Հայաստանի ներկա մարտահրավերներին լուծում տալու իրենց մոտեցումները և թե ապագայում ինչպես են տեսնում մեր անցնելիք ուղին։ Մասնակիցներն այնուհետև իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին և պարզաբանումներ ստացան ԱԺԲ դիրքորոշումների մասին, թե ինչու են նրանք այսպես կամ այնպես մտածում ծառացած խնդիրների մասին։ Հանդիպումը երեք ժամից ավելի տեւեց։


«Տարբեր պատճառներով մարդիկ հաճախ չեն խորանում այդ հարցերի ուսումնասիրման մեջ, պարզապես լսում են մատուցվող ինֆորմացիան, որն իբրև կանոն հաճախ է սխալ լինում։ Դրա համար են կարևոր նման հանդիպումները և միշտ էլ երկար են տևում։ Մենք դա սիրով ենք անում»,– մեզ հետ զրույցում նշեց Արա Պապյանը։
Նա այլ ձևաչափերով ևս հանդիպումներ ունեցավ Բելգիայում հայ ակիտիվիստների հետ, ովքեր համախոհ և աջակից են ԱԺԲ գործունեությանը։

Մարտի 11-ին արդեն պարոն Պապյանն իր այցերը շարունակեց Գերմանիայում։ Այստեղ նրան միացան նաև տեղի «Հայկական վերածնունդ» կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղի պատասխանատու Կարեն Վահրամյանը, հանդիպումների պատասխանատու «Գերմանիայի հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը, «Լեփսիուսհաուսի» գիտաշխատող դր․ Հայկ Մարտիրոսյանը և Լյուբեկից Գևորգ Գևորգյանը։
Այցելության առաջին կանգառը Պոտսդամ քաղաքի Սանսուսի այգում գտնվող Ցեցիլիենհոֆ պալատն էր՝ ծանոթության նպատակով, ուր 1945 թվականին տեղի էր ունեցել պատմական հայտնի կոնֆերանսը։

Այնուհետև խումբը հյուընկալվեց հայ ժողովրդի բարեկամ Յոհաննես Լեփսիուսի տուն–թանգարանում։ Այս գիտահետազոտական կենտրոնի աշխատակից, պատմաբան Հայկ Մարտիրոսյանը հյուրերին մանրամասնորեն ծանոթացրեց թանգարանի աշխատանքին, պահվող հսկայական գրականությանը, ընթացիկ և կատարվելիք գործերին։ Նրանք միասին ծաղիկներ դրեցին տան բակում տեղադրված Հայոց Ցեղսպանության զոհերի խաչքարի մոտ՝ իբրև հարգանքի տուրք։

Արա Պապյանի աշխատանքային շրջագայությունը շարունակվեց մայրաքաղաք Բեռլինում։ Նա նախ այցելեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի կողմից Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալիաթի գնդակահարության վայր։ Այստեղ խմբին միացավ բեռլինաբնակ լրագրող, ակտիվիստ, «Արմին Վեգներ» կազմակերպության հիմնադիր պարոն Համո Պետրոսյանը։ Նա հյուրերին ցույց տվեց գնդակահարության հստակ վայրը՝ անգիր արածի պես։ Հիշեց բազմաթիվ հիշարժան իրադարձություններ ու հայտնի մարդկանց, ում ուղեկցել է այստեղ՝ ամեն անգամ ավելի ու ավելի հպարտ․ «Էլ մարդ չմնաց, որ չբերեի այս վայրը ցույց չտայի՝ Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կապուտիկյան, Ազնավուր, Տիգրան Պետրոսյան ու շա¯տ շատերը։ Այստեղ՝ խաչմերուկից հաշվենք ճիշտ երրորդ ծառի մոտ։ Կար ժամանակ, որ ընկերներով գալիս էինք այստեղ, կոնյակ էինք բերում, գիշերով խմում էինք․․․, հուշերս շատ են ու տարբեր․․․»,– մե՛րթ հպարտորեն, մե՛րթ արտասվախառն պատմեց պարոն Պետրոսյանը։

Իր հակիրճ ելույթում պարոն Պապյանը նշեց․ «Այս վայրում՝ այս ծառի մոտ, որ 1921 թվականի մարտի 15–ին Սողոմոն Թեհլերյանն իրականացրեց իր արդարահատույց գործողությունները՝ սպանելով Թալեաթ փաշային, ով Հայոց Ցեղասպանության ամենամեծ մեղավորներից էր, ես այն կոչեցի արդարահատույց գործողություն։ Այն արդարադատությունը վերականգնելու գործողություն էր։ Մեղավորները պետք է պատժվեն։ Սրա մեջ մեծ խորհուրդ կա, ամեն ոք պետք է հասկանա, որ ուշ, թե շուտ արդարության ձեռքը իրեն պիտի հասնի։ Թող բոլորն այդ դասն իմանան, որ արդարությունը կարող հապաղել, կարող է հիվանդանալ, բայց արդարությունը չի մահանում»։
Այս վայրից հանդիպումների կազմակերպիչները պարոն Պապյանին ուղեկցեցին Գերմանիայի Բունդեսթագ։ Նրան այստեղ սպասում էր պատգամավոր, իշխող Սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ պարոն Քրիստիան Պետրին, ով իրենց կուսակցության խոսնակն է Եվրամիության խորհրդարանում, նաև Հայաստանի հարցերի զեկուցողը։ Կողմերը քննարկեցին Հարավային Կովկասի վերաբերյալ մի շարք հարցեր։

Երկրորդ պաշտոնյան, ում հանդիպեց պարոն Պապյանը, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության վերջին արտգործնախարար պարոն Մարկուս Մեքելն էր, ով մեր երկիրը բավականին լավ ճանաչում է և Գերմանիայում լյուստրացիայով զբաղվող (քաղաքական մաքրագործման) հիմնադրամի նախագահն էր։
Վերոնշյալ հանդիպումների պատասխանատու պարոն Ազատ Օրդուխանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ առաջին անգամ է, որ ԱԺԲ խորհրդի անդամը բացում է եվրոպական խորհրդարանների դռները՝ Բունդեսթագի և Եվրախոհրդարանի։
«Այս հանդիպումները շատ կարևոր էին, որովհետև ոչ իշխանական կուսակցության համար հեշտ չի գալ ու հանդիպել այդ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ փոքր երկրի ընդդիմադիր շարժման ներկայացուցիչը հանդիպում է մեծ երկրի կառավարող ուժի ներկայացուցչի հետ։ Առհասարակ պետական կառույցների անդամներն են իրար հանդիպում։ Սա ցույց է տալիս, որ իրենք հասկանում և կարևորում են կառույցի գործունեությունը»,– նշեց զրուցակիցս։

Հանդիպման ավարտին զրուցեցինք Արա Պապյանի հետ՝ նախնական գնահատական ստանալու և խոսակցությունների մանրամասներին տեղեկանալու նպատակով։
«Երկու հանդիպումներում էլ ներկայացրել եմ ԱԺԲ–ի տեսլականը տարածաշրջանային հարցերի նկատմամբ, մեր մոտեցումները, տեսակետները, հայ– ռուս–ադրբեջանական հարաբերությունները Հարավային Կովկասում և Գերմանիայի անելիքներն այստեղ, որն էապես տարբերվում է պետական պաշտոնականից։ Նշեցի, որ մեզ համար լուծումն ընդունելի կլինի, եթե դա միջազգային իրավունքի հիման վրա տեղի ունենա և միջազգային դատարանի միջոցով։ Այս պահին կտրուկ և մեծ փոփոխություններ չենք ակնկալում։ Բայց ի տարբերություն մի քանի տարի առաջվա, որ մեզ ընկալում էին ռուսական ազդեցության գոտի, հիմա վերաբերմունքը փոխվել է։ Հուսով ենք, որ նման այցեր որոշակի պարբերականությամբ կիրականացնենք և քայլ առ քայլ գնանք առաջ։ Մենք պետք է ակտիվացնենք Բեռլինի հետ կապը։ Բեռլին–Վարշավա առնցքի շուրջ որոշակի զարգացումներ կան։ Մենք ակնկալիքներ ունենք։ Ճիշտ է՝ ժամանակ չունենք, բայց քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Մենք էլ (նկատի ունի ԱԺԲ–ին) քաղաքական իշխանություն չունենք, դրա համար անում ենք ամեն հնարավոր բան, ինչքան որ կարող ենք»։
Զրուցակիցս հավաստիացրեց, որ գերմանացի պաշտոնյաների հետ պայմանավորվել է հետագայում ևս սերտ հարաբերությունները շարունակել։ Ափսոսում է միայն, որ ժամանակի սղության պատճառով Գերմանիայում հայ համայնքի հետ չկարողացավ հանդիպել։
Մարտի 13–ին ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը հանդիպում ունեցավ Եվրախորհրդարանում։ Այստեղ նրան ուղեկցում էին Բելգիայի «Հայկական վերածնունդ» կազմակերպության նախագահ, հանդիպումների պատասխանատու պարոն Գարիկ Խաչատրյանն ու կազմակերպության անդամ տիկին Լիանա Մարգարյանը։ Խորհրդարանում Եվրոպական արտաքինն հարաբերությունների ծառայության Հայաստանի հարցերի պատասխանատու Սոֆի վան Բերգենի հետ հանդիպման արդյունքներից նա գոհ է և դրական է գնահատում։
«Ես երբ Բրյուսելում հանդիպեցի ԵՄ արտաքին քաղաքական հարաբերությունների ծառայության Հայաստանի պատասխանատուների հետ, նախ մուտքի մոտ տեսա Ուկրաինայի դրոշը Եվրամիության դրոշի կողքին։ Չգիտեմ՝ սա վերջնական քաղաքական ինչ ձևակերպում կունենա, բայց կարծում եմ՝ հետսովետական երկրների համար Ուկրաինան է ստանձնելու Արևմուտքի համար հիմնական գործընկերոջ դերը։ Ենթադրաբար ՌԴ–ին սպասվում է Հյուսիսային Կորեայի ճակատագիրը։ Այսինքն՝ նոր աշխարհակարգ է ձևավորվում, այդ Պոտսդամյանը քանդվելու ընթացքի մեջ է»,– կարծում է զրուցակիցս։
Պարոն Պապյանը հավաստիացնում է, որ բոլոր հանդիպումներում էլ ընդգծել է մեկ բան, ինչը շատ է կարևորում․ «Առաջարկել եմ, որ Եվրամիությունը կողմերին ստիպի դիմել միջազգային դատարան, որ ներկայացնեն իրենց փաստաթղթերը, որի հիման վրա կորոշվեն սահմանները։ Նախ թող դատարանը որոշի, թե ինչ փաստաթղթերի հիման վրա պետք է տեղի ունենա դելիմիտացիան, հետո՝ արվի։ (Ադրբեջանն ինքը լավ գիտի, որ միջազգային իրավունքում ինքը շատ թույլ է։ Ոչ մի միջազգային փաստաթուղթ չկա, որ ասի, թե սա հայկական չէ, ճիշտ հակառակը՝ կա փաստաթուղթ, որ ասում է, սա հայկական տարածք է)։ Ահա այսպիսի առերես քննարկումները շատ ավելի արդյունավետ են՝ ամեն բանի մասին հնարավոր է խոսել։ Գերմանացիներին օրինակ՝ ասացի, երբ պատվիրակություն եք ուղարկում ՀՀ, մի սահամանափակվեք իշխանությունների տված ցանկով։ Խեղաթյուրված պատկեր կստանաք՝ իրականությունից հեռու։ Ընդդիմությունը իրական չի, սարքած է։ Եթե այդ թակարդի մեջ եք պահում ձեր դիքորոշումը, բնականաբար, այդտեղ որևէ ընտրություն չկա։ Ասել, ապացուցել եմ, որ Նիկոլի պրոարևմտյան քաղաքականությունը սուտ է, որովհետև ՀՀ–ի տնտեսական ու քաղաքական կախվածությունն ավելի մեծացել է։ Նրա խոսակցությունները Եվրոպայի մասին, որոնց չեն հաջորդում քայլերը, ավելի վտանգավոր են։ Դա պատրվակ է, որ վաղը ոչինչ չանի, այսինքն՝ Նիկոլն իր պայմանավորված խաղով ՌԴ–ին հնարավորություն է տալիս, որ նրանք վաղը չէ մյուս օրը արդարանալ կարողանան։ Խոսել ենք թե՛ ժողովրդավարության մասին՝ կոնկրետ օրինակներով, թե՛ կոռուպցիայի։ Ոչ մի հարցում էլ նրանք հակափաստարկներ չունեին, այլապես, վստահ եմ, կնշեին»։

Ըստ զրուցակցիս հուսադրող է, որ հայ ժողովուրդը այդ որոգայթից կամաց–կամաց դուրս է գալիս։ Կհասնենք դրան, պարզապես դեռ պարզ չէ, թե ինչ կորուստներից հետո։
«Հիմա թշնամին տնից է, կովն էլ երդիկից են հանում․․․։ Սա դիվանագիտություն է, ուղղություն տվող նավավարն էլ՝ Նիկոլը, հրահանգն էլ կատարում են իր խամաճիկները․ առավելագույնս բավարարել Էրդողանի ու Ալիևի պահանջները։ Այս ամենով հանդերձ մենք պետք է շարունակենք մեր պայքարը։ Մենք այսօր ֆիդայական կռիվ ենք տալիս, ֆիդայիներ ենք։ Իրենք իրենց ձևով են գործում, մենք էլ պիտի հակակշռենք, մինչև մի գեղեցիկ օր հասնենք նաև լյուստրացիայի»,– մեզ հետ զրույցում պարզաբանեց պարոն Պապյանը։
Տեղեկացանք նաեւ, որ այս օրերին գերմանական կողմն իր կառավարող կուսակցության պատվիրակությանը գործուղել է Հայաստան։ Այս պահին առնվազն կուսակցության մակարդակով որոշում կա, որ իրենք Հարավային Կովկասում դիվանագիտական շարժին ավելի ներգրավված լինեն։ Արա Պապյանը հանդիպում կունենա նաև նրանց հետ։
Գայանե Առաքելյան
Բեռլին
Հ․ Գ․ Հիշեցում՝ 103 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1921–ի մարտի 15–ին վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում գնդակահարեց ոճրագործ Թալեաթին։