«Հավերժ Բախ» համերգ-ցուցահանդես հայ և բրիտանացի երաժիշտների կողմից Լոնդոնում

  • 12.03.2024
  • 0
  • 348 Views

Լոնդոնի Քլինգեն Երգչախումբ և Մշակութային Ասոցիացիան կազմակերպել էր «Հավերժ Բախ» խորագրով համերգ-ցուցահանդես, որը տեղի  ունեցավ շաբաթ օրը՝ 2024 թվականի մարտի 9-ին, Լոնդոնի Քենսինգթոն Թագավորական համայնքի Սբ․ Քաթբերթ եկեղեցում:

Միջոցառման պրոդյուսերը, մենեջերը և գեղարվեստական ղեկավարը բրիտանահայ մաեստրո Սիփան Օլահն էր։

Բեթհովենը, ասել է, որ Բախը (գերմաներեն նշանակում է «առվակ») պետք է անվանակոչվեր «Meer» (գերմաներեն՝ «ծով»), քանի որ նրա երաժշտությունը շատ մեծ ու անսահման է։

Ինչպես առասպելներից շատերը, այս մեկը հիմնված է ճշմարտության վրա: Բախն իր ժամանակներում համաշխարհային հռչակ չուներ,  ինչպես Հենդելը՝ որն իր կենդանության օրոք վայելում էր հանրաճանաչություն: Բախի ստեղծագործությունները լույս են տեսել նրա մահվանից 100 տարի անց։

1829 թին Մենդելսոնը Բախի երաժշտական նոտաները հայտնաբերելուց հետո կազմակերպեց Սուրբ Մատթեոսի պասիոնի ելույթը, և այդ համերգը շատ մեծ դեր ունեցավ Բախի հանրահռչակման և Բախին ըստ արժանվույն գնահատելու գործում , որն արդեն սկսվել էր 19րդ դարի նախաշեմին:

Մաեստրո Սիփան Օլահն իր գործընկերների հետ շատ զգույշ է ընտրել երաժշտական ստեղծագործությունները՝ մեկ միջոցառման ընթացքում  ներկայացնելու մեծ երաժշտի տարբեր գլուխգործոցները։ Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Անգլիկան եկեղեցու հոգևորական հայր Փոլ Բեգոթը։

Հանդիսությունը  Բախի աստվածային Air on the G-ից No 3 սյուիտից՝ գրված է լարայինների համար, որը կատարեց Քլինգեն կամերային նվագախումբը՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։ Հաջորդեց դաշնամուրային կոնցերտ թիվ I ռե մինորը՝ 3 մասից։ Այն հիանալի կատարեց դաշնակահար Վալերի Այվազյանը, ով ժամանել էր Գլազգոյից՝ Լոնդոնում այս կոնցերտը կատարելու համար։ Սա Վալերիի դեբյուտային ելույթն էր Լոնդոնում։

Բախի հայտնի «Bist du bei Mir» արիան՝ «Երբ դու ինձ հետ ես», կատարեցին հմայիչ սոպրանո Նարինե Մալխասյանը և դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամյանը։

Մեկ այլ վոկալ ստեղծագործություն՝ «Deposuit potentes» արիան Բախի Magnificat-ից, կատարեց հայտնի տենոր Սիփան Օլահն իր Քլինգեն կամերային նվագախմբի հետ։

Բախի նվագախմբային սյուիտ No. 2-ը աշխարհում ամենասիրված երաժշտական ստեղծագործություններից մեկն է:

Այս միջոցառման ընթացքում հանդիսատեսը այս գեղեցիկ սյուիտից լսեց «Պոլոնեզ», «Կրկնակի Պոլոնեզ», «Մենուետ» և «Բադիներե» հատվածները՝ անզուգական ֆլեյտահար Նիկա Փինթերի և Քլինգեն կամերային նվագախմբի կատարմամբ՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ:

20 րոպեանոց ընդմիջման ընթացքում ներկաները վայելեցին Քարդիֆից ժամանած բրիտանահայ նկարչուհի Մարիամ Թորոսյանի գեղանկարների և քանդակների ցուցահանդեսը։ Մարիամը հատուկ ժամանել էր Ուելսի Քարդիֆ քաղաքից՝ հատուկ այս միջոցառման ժամանակ Լոնդոնում առաջին անգամ ներկայացնելու իր արվեստը:

Բախի-ի «Herz und Mund und Tat und Leben» կանտատը հայտնի է իր երգչախմբային և նվագախմբային «Jesus bleibet meine Freude» – «Հիսուս, մարդու ցանկության ուրախություն» ստեղծագործությամբ: Լոնդոնում գործող բրիտանահայկական Քլինգեն երգչախումբը, Քլինգեն կամերային նվագախմբի և հոբոյահար Ջեք Հակոբ Մուրադյանի և մաեստրո Սիփան Օլահի հետ կատարեցին այս ստեղծագործությունը՝ տպավորիչ կերպով: Այս ելույթին հաջորդեց Բախի մեկ այլ գլուխգործոց Դաշնամուրային կոնցերտ No. 5 ֆա մինոր՝ 3 մասից, որը կատարեց անզուգական դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամյանը, որը հատուկ ժամանել էր Գլազգոյից այս երեկոյի բացառիկ միջոցառման համար։ Սա Մարիաննայի առաջին ելույթն էր Քլինգեն կամերային նվագախմբի և մաեստրո Սիփան Օլահի հետ։

Բախի Կանտատից «Wir eilen mit schwachen»՝ «Մենք քեզ ենք ձգտում և տենչում, մեր քայլերով, ո՜վ Հիսուս, ո՜վ Տեր փրկության» զուգերգը կատարեցին տաղանդավոր երաժիշտներ՝ սոպրանո Հայարփի Եղիկյանը և մեցցո սոպրանո Հելեն Ռոչշելը Քլինգեն՝ կամերային նվագախմբի հետ։

Միջոցառման ավարտին հոբոյի և ջութակի համար 3 մասից բաղկացած սքանչելի կոնցերտը կատարցին ֆանտաստիկ երաժիշտներ Ջեք Հակոբ Մուրադյանը – հոբոյ և Պաուլա Գորբանովան – ջութակ՝ Քլինգեն կամերային նվագախմբի հետ՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։

Քենսինգթոնի և Չելսիի թագավորական համայնքի փոխքաղաքապետ Դորի Շմեթերլինգը միջոցառման ավարտին հատուկ ելույթ ունեցավ այս հիասքանչ համերգի մասին և շնորհակալություն հայտնեց Սիփան Օլահին և նրա հայ և բրիտանացի գործընկերներին իրենց վիրտուոզ կատարումների համար։ Նա նաև նշեց, որ այս միջոցառումը Քենսինգթոնում Covid-ի համաճարակից հետո Բախին նվիրված ամենամեծ միջոցառումն էր, և ինքը շատ հպարտ է զգում, որ հայերը կարողացել են Լոնդոնի սրտում կազմակերպել այս ճոխ մշակութային անմոռանալի միջոցառումը։

Միջոցառմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Նորին Գերազանցություն Վարուժան Ներսիսյանը, Հայ Առաքելական Եկեղեվո Մեծ Բրիտանիայի եպիսկոպոս գերաշնորհ Հովակիմ Մանուկյանը, Միացյալ Թագավորության հայկական Համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրահամյանը, արժանապատիվ Տեր Շնորհք Բաղդասարյանը և Հայր Զադիկ Ավետիքյանը և շուրջ 200 երաժշտասեր հանդիսատես։

KCCA-ի մասին ավելին իմանալու համար այցելեք www.kcca.uk կայք

Լուսանկարները՝ Դավիթ Գուլակյանի:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում