Առաջիկա տարում Երեւանում կբացվի Կիպրոսի դեսպանատուն, Նիկոսիայում՝ Հայաստանի դիվանագիտական գրասենյակ. նախարար Կոմբոսի այցը

  • 07.03.2024
  • 0
  • 130 Views

Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպումից հետո երկու նախարարերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Արարատ Միրզոյանը մասնավորապես ասել է՝ «

Այսօր իմ գործընկերոջը երախտիք եմ հայտնել այն աջակցության համար, որը մենք ստացել ենք Կիպրոսից և շարունակաբար ստանում ենք գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես նաև երախտիք եմ հայտնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար. ինչպես գիտեք, նրանից 30-ը հնարավարություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում, և ընդհանրապես այն աջակցության համար, որը մենք մշտապես ստանում ենք միջազգային հարթակներում Կիպրոսի կողմից: 

Ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում հնարավոր ամենամոտ ապագայում. մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի, վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը՝ ներկայությունը մայրաքաղաքներում, միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: 

Ավելորդ չեմ համարում նշել, որ մենք հիանալի համագործակցություն ունենք ոչ միայն արտաքին գործերի նախարարությունների միջև և ընդհանուր առմամբ գործադիր իշխանությունների միջև, այլև խորհրդարանների մակարդակով:

Անշուշտ, աջակցությունը, որի մասին ես խոսեցի, զգալի է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթության վրա, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը, բայց ինչպես գիտեք, ԵՄ հետ համատեղ մենք հիմա փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ և մեխանիզմներ կարող են ավելացվել մեր՝ Հայաստան-ԵՄ օրակարգում. մի քանի գործիքների մասին հրապարակավ առիթներ ունեցել ենք խոսելու, այդ թվում՝ օրինակ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին»։

ՕՐԵՐի կողմից պարզաբանենք, որ Նիկոսիայում առայժմ կբացվի Աթենքի Հայաստանի դեսպանության դիվանագիտական գրասենյակ։

Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետ բանակցություններին՝

«Բնականաբար ես գործընկերջոս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները: Ուզում եմ միանգամից ասել՝ Հայաստանի դիրքորոշումը նույնն  է, և Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Եվ, ինչպես գիտեք, այստեղ կան մի շարք առանցքային հարցեր, բայց թերևս ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահամանզատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա, ըստ այդմ՝ 1991 թվականի սահմանագծի. մի սկզբունք, որի շուրջ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ պայմանավորվածություն կրկին ձեռք են բերել, իրենց հավատարմությունն այս հռչակագրին վերահաստատել են, օրինակ՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում և այլուր: Մենք կարծում ենք, որ խաղաղության հաստատումը այս սկզբունքով մեր տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի երկրների համար, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի իրենից: Հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել՝ իհարկե գիտակցելով, որ Հայաստանի ենթակառուցվածքները պետք է մնան Հայաստանի Հանրապետության և, բնականաբար Ադրբեջանինը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, գործեն երկու երկրների իրավազորության ներքո, և, իհարկե, բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա»:

Ինչպես գիտեք, մենք այս թեմաներով շարունակում ենք աշխատել Ադրբեջանի հետ, և առաջընթացի դեպքում, իհարկե, բոլորդ էլ տեղյակ կլինեք:

Հարց («Արմենպրես» լրատվական գործակալություն, Աննա Գրիգորյան). Հարցս ուղղում եմ Կիպրոսի արտաքին գործերի նախարարին: Պարո՛ն նախարար, Դուք խոսեցիք տարածքային ամբողջականությունը հարգելու մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տարածաշրջանն ապակայունացնելու փորձեր ենք տեսնում: Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպական միությունը, անդամ երկրները, Կիպրոսը, ի՞նչ անելիք ունեն կանխելու հնարավոր սրացումը: Շնորհակալ եմ։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Թեև հարցը ինձ չէր ուղղված, այնուամենայնիվ, շարունակելով գործընկերոջս` ուզում եմ մի փոքրիկ հավելում անել կամ պատասխանել հայկական կողմից ևս: Իհարկե, մենք հետագա կայունության ապահովման կամ երաշխավորման մեխանիզմների շուրջ աշխատում ենք, բայց ուզում եմ ասել, որ այս պահին արդեն և վաղուց արդեն Հայաստանում է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը: Պետք է ասեմ, որ տեղակայման պահից ի վեր այս առաքելությունը զգալի և էական դեր է խաղացել ողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ, և նաև առիթ ունեցել ենք արդեն ողջունելու Եվրոպական միության որոշումը ընդլայնելու առաքելության մանդատը, թվակազմը:    

Հարց («Ազատություն» ռադիոկայան, Աստղիկ Բեդևյան). Շնորհակալություն, պարո՛ն Միրզոյան, հարցս շատ հետաքրքրող է և մի քանի ենթահարցեր ունի: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է Մոսկվային, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները պետք է ծառայություն իրականացնեն, խոսքը միայն ֆիզիկակա՞ն ներկայության մասին է, թե՞ օրինակ մեկնող-ժամանողների բազային ևս ռուսական կողմը չպիտի ունենա հասանելիություն: Եվ խոսքը «Զվարթնոցու՞մ» ծառայության մասին, թե՞ մյուս կետերում ևս Հայաստանը հրաժարվում է ռուս սահմանապահների ծառայությունից, այդ թվում՝ օրինակ հայ-թուրքական սահմանին։ Ե՞րբ և ինչպե՞ս է տեղեկացվել ռուսական կողմին, ի՞նչ արձագանք կա և ե՞րբ ռուսները կփոխարինվեն։ Շնորհակալ եմ:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ, պետք է գնահատել հարցի վերաբերելիությունը Հայաստան-Կիպրոս հարաբերություններին, բայց քանի որ մենք շատ հաճախ առիթներ չենք ունենում շփվելու, բնականաբար, ես կպատասխանեմ Ձեր հարցին։ Այո, ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին, ես ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ օրինակ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն՝ իր պատկան մարմինների միջոցով։ Եվ ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և այս մասին ծանուցել ենք ռուսական կողմին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի: Դուք հարցրեցիք մասնակցության չափի մասին, ես որքան գիտեմ ամեն-ինչ տեղում է արված և իհարկե հարցը հասկանալիորեն տեխնիկական կողմեր ունի, բայց, այո՛, խոսքը ամբողջ փաթեթի, եթե կարող ենք այդպես անվանել, լիազորությունների ամբողջական կատարման մասին է։ Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով:

Արձագանք («Ազատություն» ռադիոկայան). Իսկ ե՞րբ եք դիմել:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Տեսե՛ք, ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով, ինքս գուցե հիմա ճիշտ չներկայացնեմ տեխնիկական մանրամասները, բայց կարծում եմ, որ մեծ ժամկետների մասին չի խոսքը: Հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի մասին, հետևաբար, խոսում ենք «Զվարթնոցի» մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին:

Կոնստանտինոս Կոմբոսը մասնավորապես ասել է. «Մենք արդեն քննարկել ենք, թե ինչպես խորացնել մեր հարաբերությունները: Տեղեկացնեմ, որ այդ նպատակով առաջիկա մեկ տարվա ընթացքում կբացենք դեսպանատուն Երևանում։ Նաև իմ գործընկերոջ հետ քննարկել ենք բիզնես ֆորումի հարցը, փորձելով դրա շրջանակում առավել կոնկրետ արդյունքներ գրանցել, այդ թվում՝ այն ոլորտներում, որտեղ արդեն լավ համագործակցություն ունենք՝ պաշտպանական ոլորտ, տուրիզմ, կրթություն, ուշադրություն կդարձնենք նաև այս ոլորտներին։ Գտնում եմ, որ մեր հարաբերությունները չափազանց կարևոր են պատմական պատճառներով, բայց նաև կան բավական հեռանկարներ՝ դրանք էլ ավելի բարելավելու տնտեսական արդյունքներ գրանցելու միջոցով։ Ինչ վերաբերում է եռակողմ ֆորմատին, ապա մենք հանձնառու ենք: Այս ֆորմատը հավասարապես կարևոր է բոլորի համար, կարող եք վստահ լինել, որ մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերություններին: Մենք գնահատում ենք Կիպրոսի հարցում ձեր ավանդական սկզբունքային դիրքորոշումը»։

Դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման նպատակով զրուցակիցները կարևորել են դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացումը մայրաքաղաքներում:

Միաժամանակ, կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացմանը, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Պարոն Կոնստանտինոս Կոմբոսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Կիպրոսից ժամանած պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Կոնստանտինոս Կոմբոսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում