Այսօր համաշխարհային կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանի տարեդարձն է։ Չնայած պատկառելի տարիքին, վարպետը շարունակում է գրել ու արարել, ստեղծագործել նոր ժանրերում։ Վերջին տարիներին նկարահանած «Բնություն» ազդեցիկ ֆիլմից եւ «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի հրատարակումից զատ, վարպետն աշխատում էր բոլորովին նոր ժանրում՝ գրում էր «Հավերժության լույսը» օպերան։ Ինչպես կինոբեմադրիչն էր բացատրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ փետրվարի սկզբին իր տանը կայացած հանդիպման ժամանակ` «Սա լիբրետո է՝ հիմնված համաշխարհային կոմպոզիտորների երաժշտության վրա. հնչում է Վերդի, Մոցարտ, Վագներ, Պուչինի: Այսպիսով, տարբեր օպերաներից վերցված են հատվածներ և միացված են՝ միախառնելով ժամանակակիցն ու դասականը: Օպերան վերնագրել եմ «Հավերժական լույս», քանի որ ամբողջը կազմված է մի մտքի շուրջ, որի կենտրոնում մարդն է»: Այս գործում շաղկապված են օպերան, թատրոնն ու կինոն։
Նոր ստեղծագործության համար իբրեւ ներշնչանքի աղբյուր է ծառայել նրա «Հոմոսափիենս» ֆիլմի սցենարը, որը գրվել է դեռևս 1968 թ.-ին, և այդպես էլ չի նկարահանվել տարբեր պատճառներով, բայց նախեւառաջ ֆինանսների բացակայության, քանի որ ինչպես վարպետն է քանիցս նշել մեզ հետ զրույցներում, մեծ գումար էր պահանջվում այդ ֆիլմի նկարահանման համար։ Այժմ «Հավերժության լույս»ի սցենարում գործողությունների որոշ հատվածներ օգտագործվել են «Հոմոսափիենս»ից։ Արտավազդ Փելեշյանը համակարգչով ներկայացրել է ապագա օպերայից դրվագներ, նկարագրել իր պատկերացումներն ու սցենարը: Նախարարն էլ նշել է, որ պետք է մտածել հավուր պատշաճի ներկայացնել ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային հանրությանը։
Հուսանք առաջիկայում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնագետների հետ հանդիպումները կտան դրական արդյունք, եւ օպերայի բեմադրությունը իրականություն կդառնա։
Իսկ թե քանի տասնամյակ է պետք, որպեսզի Արտավազդ Փելեշյանի անվան կինոդպրոց հիմնադրվի, միայն Աստծուն է հայտնի։ Նման մեծություն ունեցող ցանկացած երկիր ժամ առաջ կբացեր կինոդպրոց, ուր կկրթվեին ոչ միայն հայ ապագա կինոգործիչները, այլեւ արտասհամանից մեծ թվով երիտասարդներ կժամանեին Հայաստան՝ լսելու վարպետի դասախոսությունները։ Տարիներ առաջ, Պրահայի կինոակադեմիայի ուսանողները դրամաշնորհ էին շահել, որ հատուկ հրավիրեն Արտավազդ Փելեշյանին եւ կազմակերպեն նրա դասախոսությունները, նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, իսկ այդ ամենի ավարտից հետո՝ առանձին գրքույկով չեխերեն հրատարակեցին Փելեշյանի կինոմոնտաժի, նրա արվեստի մասին իրենց պատկերացումները։ Նման բան Հայաստանում չկա։
Կինոդպրոցի գաղափարը քննարկվել է թե՛ նախկին, եւ թե՛ ներկա իշխանությունների ժամանակ, բայց ինչպես ասում են «սայլը տեղից չի շարժվում»։
Հուսանք, ինչ որ բան կփոխվի, եւ ի վերջո մեր Մեծ Վարպետի երազանքները իրականություն կդառնան։
Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Վարպետ։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Լուսանկարները՝ ԿԳՄՍ նախարարության
Հ.Գ.- Ի դեպ, այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված Հակոբ Հակոբյան. Հոգու հայելի ցուցահանդեսում ներկայացված է նաև նկարչի հանրահայտ դիմանկարներից մեկը՝ Արտավազդ Փելեշյանի դիմանկարը՝ ստեղծված 1974 թվականին:
Այսօր վարպետի տարեդարձը շնորհավորել է նաեւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնը։
«Փելեշյանական կինոն՝ իր հզոր գեղագիտությամբ, անկրկնելի պոետիկայով և էպիկական շնչով վերահաստատում է գեղարվեստական պատկերի գերիշխանությունը, երբ կինոպատումը կարիք չունի հավելյալ խոսքերի, երբ կադրն է թելադրում ամեն ինչ: Նրա յուրաքանչյուր ֆիլմ հարազատ հողից ու աշխարհից ստացած կենսական լիցքերով հագեցած մի ձոն է բանական մարդուն, որում ներդաշնակվում են տիեզերական բազմաձայնությունն ու արարչագործության լույսը: Կինոյի մեծ Վարպետին մաղթում ենք անսպառ ստեղծագործական եռանդ և որ բոլոր այն ֆիլմերը, որոնք նա արդեն «տեսել է» իր մտքում՝ էկրանային կյանք ստանան ու հարատևի այն մեծ կինոտարերքը, որ Արտավազդ Փելեշյան անունն է կրում:
Փելեշյանը անհամեմատ ընդլայնեց կինոյի սահմանները և իրական, վավերագրական պատկերին հաղորդեց մեծ կինոյի բանաստեղծական ուժը՝ իր ֆիլմերը վերածելով լիովին նոր կինոէսթետիկայի: Նա ստեղծեց բացառիկ, անկրկնելի փելեշյանական կինոաշխարհը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է Վարպետի տարեդարձը և մաղթում աներեր առողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական խիզախումներ»: