Մեկ տարի առաջ հայ ժողովրդի նվիրյալ զավակների երկնային բանակին միացավ մեր գործընկեր, իսպանաբնակ լրագրող Արթուր Ղուկասյանն՝ իր հետ տանելով Հայաստանի ու Արցախի համար անդադար ցավող սիրտն ու մտորումները։ Ողջ կյանքում պայքարեց կեղծիքի ու դավաճանության դեմ, միաժամանակ՝ նվիրվելով ազգային արժեքների քարոզչության, Հայ Դատի ու Հայաստանի հանրայնացման ծանր գործին։
Ղարաբաղյան շարժման սկիզբը համընկավ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտն ավարտելուն, եւ նա առանց վարանելու մեկնեց Արցախ՝ Խաչեն գյուղ եւ ռուսաց լեզու դասավանդեց տեղի դպրոցում, թղթակցեց տեղի «Կարմիր դրոշ», ապա «Խաչեն» թերթին ու ընդմիշտ կապվեց Արցախին։ Նույնիսկ մանկավարժական գործունեության ավարտից հետո, երբ 1990ին վերադարձավ հայրենի Հրազդան, կրկին հանգիստ չմնաց։ Այս անգամ էլ հեռուստատեսային տեսախցիկով մեկնեց Արցախ եւ նկարահանեց Ղարադաղլու եւ Խոջալու գյուղերի ազատագրումը։ Այդ ընթացքում պատմության ժապավենին հանձնեց կարեւոր նշանակության իրադարձություններ, այդ թվում՝ Արաբո ջոկատի սխրանքները։ Հետագա տարիները դարձան Արցախի խնդրի միջազգայնացման ակտիվ պայքարի տարիներ, որոնք շաղկապվեցին նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ թե՛ Հունաստանում, եւ թե Իսպանիայում բնակության տարիներին։ Նրա բազմաթիվ հոդվածներն ու հարցազրույցները անվանի հույների ու իսպանացիների հետ լույս տեսան հայկական եւ օտար մամուլում, նպաստեցին հայկական աշխարհի մասին օտարների դրական կարծիքի ձեւավորման վրա։
Էությամբ լինելով պոետ, նա իր բանաստեղծություններն առանձնապես չէր հրապարակում, փոխարենը շատ էր սիրում խոսել Համո Սահյանի, Գեւորգ էմինի պոեզիայի եւ Տիգրան Մանսուրյանի երաժշտության ազդեցության մասին, որոնց հետ անձնական ծանոթությունը վերափոխել էր նրա աշխարհայացքը, մտածելակերպը։ Ազգային արմատների հետ կապը նա մշտապես շեշտում էր՝ չմոռանալով նշել, որ դա ներարկել են իր ծնողները՝ իրենց խրատներով ու դաստիարակությամբ։
Ազգայինի հետ կապը երեւում էր նրա հոդվածներում, հրապարակախոսական ակնարկներում ու պատմվածքներում, պոեզիայում։ Նա պայքարող ու անհաշտ տեսակ էր։ Թեկուզ դառնացած ու վշտացած, թեկուզ հոգնած հայաստանյան անձեռահաս քաղաքականությունից, բայց լավի, բարու, գեղեցիկի սպասումով էր ապրում։
Մեկ տարի է անցել, բայց միեւնույն է, դժվար է համակերպվել նրա բացակայությանը։
Թվում է, թե այսօր էլ նա շարունակում է պայքարը երկնքից՝ մեզ հորդորելով իր պաշտելի Համո Սահյանի խոսքերով. «Ինձ բացակա չդնեք» եւ շշնջալով նրա պոետիկ տողերը.
«Չուզեցի ոչ փառք, ոչ իշխանություն,
Չապրեցի անվերջ գցել-բռնելով…
Եղա թափառող մի նշխարատուն
Կրունկի վրա բացված դռներով։
Եվ նշխարներս բաշխեցի նրանց,
Ովքեր գիտեին գինը նշխարի…
Եվ ինձ աշխարհից ոչինչ չմնաց,
Մնաց բաշխվելու բերկրանքն աշխարհի»։
Հակոբ Ասատրյան
Պրահա
18.02.24