Վիզաների ազատականացման շուրջ շուտով երկխոսություն կլինի Հայաստանի հետ․ Ժոզեպ Բորել

  • 13.02.2024
  • 0
  • 244 Views

Եվրամիության և Հայաստանի միջև շուտով երկխոսություն կլինի Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«Ի գիտություն եմ ընդունում Հայաստանի մեծ հետաքրքրությունը վիզաների ազատականացման հարցում։  Համապատասխան երկխոսություն դրա շուրջ շուտով կլինի»,- ասել է Բորելը։

Նա նաև նշել է, որ ցանկանում են աջակցել Հայաստանի մասնակցությանը  Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին։ «Սա հզոր ներուժ ունեցող նախաձեռնություն է, որը կարող է դիվիդենտներ բերել խաղաղության համար», – նշել է Բորելը։

ԵՄ բարձր ներկայացուցչի խոսքով՝ Եվրամիության և Հայաստանի հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է. «Քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների և իրավունքների ապահովմանն ուղղված ջանքերը։ Բարձր ենք գնահատում ԵՄ ներգրավվածությունն ու աջակցությունն այս ուղղությամբ:

Մեր օրակարգում էին նաև հումանիտար խնդիրները, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակումն ու վերադարձը, անհայտ կորածների խնդրի լուծումը և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ ԵՄ գործընկերներին տեղեկացրել եմ նաև, որ առաջնորդվելով մարդասիրական նպատակներով և որպես վստահության ամրապնդման միջոց, Հայաստանը վերջերս Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հարցումների միջոցով պատրաստել և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ։ Հայցել եմ ԵՄ հնարավոր ներգրավվումը այդ քարտեզների ստուգման համար:»

Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի առանձնազրույցը։

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով զարգացնելու նպատակով համատեղ իրականացված քայլերին ու առկա հեռանկարներին։

Քննարկվել են նաև Հարավային Կովկասում անվտանգային հարցեր։

Անդրադարձ է կատարվել նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս միջադեպը հերթական անգամ ի ցույց է դնում այն, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակեր է փնտրում է և շարունակաբար փորձում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ ու անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների՝ բանակցությունները վերսկսելու ջանքերը:

Կարևորվել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացմանն ուղղված հետագա քայլերի զսպումը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում