Փարաջանովը միավորել էր հայերին, վրացիներին ու ուկրաինացիներին՝ չեխական կինոարխվի դահլիճում. Ֆիլմերի հետահայաց ցուցադրություն՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսորի 100-ամյակին
Փետրվարի 9-ին Պրահայի Պոնրեպո կինոթատրոնում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջնովի 100-ամյակին նվիրված ձեռնարկ եւ «Սայաթ-Նովա»(Նռան գույնը») ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը, որով ավարտվեց դեռեւս 2023-ի դեկտեմբերից սկսված հայ կինոռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։
Կինոթատրոնի տնօրեն Դավիթ Հավասի ներածական խոսքից հետո, լեփ լեցուն դահլիճին դիմեց Չեխիայի Ազգային կինորախիվի գլխավոր տնօրեն Միխալ Բրեգանդը, ով կարեւորելով Փարաջանովի կինոարվեստի դերը, նաեւ շեշտեց, որ իրենց մոտ հազվադեպ են նման միջազգային կարգի միջոցառումներ լինում՝ նկատի ունենալով, որ ձեռնարկին ներկա էին Չեխիայում Հայաստանի եւ Վրաստանի դեսպանները, ինչպես նաեւ Ուկրաինայի դեսպանության հավատարմատարը։
Նախ ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանի դեսպան Թեա Մայսուրաձեն, ով մեջբերելով մեծ կինոռեժիսորին, փաստեց, որ Փարջանովը երբեք մեկ հայրենիք չի ունեցել, այլ երեք՝ Վրաստանը, Հայաստանը և Ուկրաինան։
«Փարաջանովը ներկայացնում է Հարավային Կովկասի բազմազանությունն ու բազմազգ մշակույթը։ Իր ֆիլմերում արտացոլելով կովկասյան էթնիկ բազմազանությունը՝ Փարաջանովը հորինել է իր ուրույն ոճն ու մոտեցումը կինոարտադրության մեջ՝ հակասելով ժամանակի պետականորեն թույլատրված «սովետական ռեալիզմին»։ Որպես ազատ մարդ, ապստամբ ոգով՝ Փարաջանովը եղել է խորհրդային ամբողջատիրական ռեժիմի շարունակական հարձակումների թիրախ։ Նրա անզիջում աշխատանքը և գեղարվեստական ազատությունը, մարտահրավեր էին խորհրդային գրաքննիչներին, միաժամանակ հանգեցրին նրա ֆիլմերի միջազգային ճանաչմանը խորհրդային Միության կողմից: Նա բազմիցս հետապնդվել ու բանտարկվել է խորհրդային իշխանությունների կողմից, անցանկալի անձ է հռչակվել խորհրդային կինոյում։ Նրա ֆիլմերն ու նախագծերը ճնշումներով հեռացվել են: Փարաջանովին հեռացրել են մշակութային շրջանակներից և սահմանափակել են ֆիլմ նկարահանել մինչև 80-ականների կեսերը։ Միայն 1990 թվականին, նրա մահից հետո, Փարաջանովի ֆիլմերը վայելեց համաշխարհային արվեստը, որը գրաքննությունից զերծ էր»,- ասաց իր խոսքում Վրաստանի դեսպան տիկին Մայսուրաձեն:
Դեսպանն իր խոսքը եզրափակեց, նշելով, որ օրվա միջոցառումը ցույց է տալիս, որ Փարաջանովն ու նրա նշանավոր արվեստը ճանաչված են իր երեք հայրենիքներից դուրս և շարունակում են ուշագրավ դերակատարում ունենալ համաշխարհային մշակույթում։
Այնուհետեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ Փարաջանովյան տարվա խորհրդին, եւ նշեց, որ ողջ տարվա ընթացքում տեղի ունեցող միջոցառումները կշարունակվեն երեք երկրների դեսպանությունների ակտիվ մասնակցությամբ եւ իր շնորհակալությունը հայտնեց Չեխիայի մշակույթի նախարարությանն ու Ազգային կինոարխիվին, այս նախաձեռնությանը աջակցություն ցույց տալու համար։ Անդրադառնալով Փարաջանովի կերպարին, դեսպանն ընդգծեց, որ նա ոչ միայն մեծ հետք է թողել համաշխարհային կինոարվեստում, այլեւ ժամանակին համարվել է Ուկրաինայի հերոս։
Հայաստանի դեսպանի խոսքը շարունակեց Ուկրաինայի դեսպանության խորհրդական, գործերի ժամանակավոր հավատարմատար Յեվհեն Կուլեշան, որը նույնպես շեշտելով Փարաջանովի հայ լինելու հանգամանքը, ընդգծեց, որ մեծ կինոռեժիսորը նվիրված է եղել նաեւ Ուկրաինային եւ Վրաստանին։ Ուկրաինական նացիոնալիզմի մեջ մեղադրանքի պատճառով, նա երեք անգամ հայտնվել է սովետական բանտում։
«Փարաջանովը կոկորդում մնացած կնեդլիկ էր սովետական ռեժիմի համար,- ասաց ուկրաինացի խորհրդականը։ Յեհվեն Կուլեշի ասելով, այժմ էլ ռուսական իմպերիալիզմն է պայքարում եւ ոչնչացնում ուկրաինական մշակութային ժառանգությունը։
Ելույթների շարքը եզրափակեց պոետ եւ մշակութաբան Յարոմիր Տիպլտը՝ ոչ միայն անդրադառնալով Փարաջանովի ֆիլմերին, այլեւ հայ միջնադարյան պոետ Սայաթ Նովայի թողած ժառանգությանը՝ չեխերեն ընթերցելով նրա տաղերից մի քանիսը։
Ֆիլմի ցուցադրությանը նախորդեց նաեւ Դավիթ Հավասի բացատրությունը «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի մասին։
Ինչպես հայտնի է սովետական տարիներին արգելվել է Սայաթ Նովա անունով ֆիլմի թողարկումը, այդ պատճառով է Փարաջանովը այն վերանվանել «Նռան գույնի»։ Վերականգնված ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի Դասականներ կինոփառատոնում 1969թ. հայկական տարբերակի թողարկումից 45 տարի անց։ Պահպանվել և վերականգնվել են ինչպես հայերենը (որը հայտնի է նաև որպես «Փարաջանովի մոնտաժ»), այնպես էլ Սերգեյ Յուտկևիչի ռուսերեն տարբերակը։ Վերականգնման ընթացքում օգտագործվել է ռուսական Գոսֆիլմֆոնդում պահվող բնօրինակը, ինչպես նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի մոտ պահվող 35 մմ կրկնօրինակի նեգատիվը։
Տեսախցիկի բնօրինակ նեգատիվը լուսապատճենահանվել է 4K-ով ռուսական Գոսֆիլմֆոնդում և վերականգնվել իտալական Բոլոնիայի LʼImmagine Ritrovata ի կողմից: Ֆիլմի պատմական պատճենը, որը արտադրվել է Orwo filmstrip-ում և պահվում է Հարվարդի կինոարխիվում, օգտագործվել է որպես գնահատման փուլի ուղեցույց:
Չենք կարող չփաստել, որ հայերեն վերականգնված՝ գունային ու ձայնային հրաշալի որակ ստացած «Նռան գույնը»(Սայաթ Նովան) բացառիկ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։
Իսկ ֆիլմի վերջաբանն ազդարարող Սայաթ Նովայի խոսքերը առավել քան արդիական են նաեւ այսօր. «Հույսի ու վերադարձի կանչեր եմ լսում, բայց ես հոգնած եմ։ Այսքան թախիծն ով է փռել հին, հոգնած հողին»։
Վերջում ավելացնենք, որ ձեռնարկը կազմակերպվել էր Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ. երեկոյի ավարտին ներկաներին հրավիրեցին հայկական գինու հյուրասիրության։
Հիշեցնենք, որ Պոնրեպո կինոթատրոնը տասնամյակներ շարունակ անդրադարձել է Փարաջանովի արվեստին, եւ քանիցս կազմակերպել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։
Հ.Ա. ՕՐԵՐ
Կադրեր ֆիլմից