Այսօր հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարակական գործիչ ու Արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանը։ Հայ պարարվեստը, հայ մշակույթը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին՝ ՄԵԾ ՀԱՅԻՆ ՈՒ ՄԵԾ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻՆ, իրապես ազգային գործչին։
Ավելի վաղ Yerkir.am-ը գրել էր՝ «Հայրիկն այսօր ցերեկը վատ է զգացել, տարել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ վիճակը փոքր ինչ բարելավել է, հետո բայց էլի վատացել է, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը»։ Այս մասին Yerkir.am-ին փոխանցել է Գագիկ Գինոսյանի դուստրը` Ծովինար Գինոսյանը։
Նրա կորուստը դեռ երկար ժամանակներ զգալու են ոչ միայն նրա ընտանիքի անդամները, այլեւ նրան ճանաչողներն ու չճանաչողները։ Նա իրոք անփոխարինելի անհատականություն էր։ Միակ հույսն է, որ նրա սաները, նրա հիմնած դպրոցը, նրա ցանած սերմերը խոր արմատներ կգցեն ու կտեսնենք հայության ու Հայաստանի վերածնունդը։
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի նախավերջին համարում տպագրել էինք նրա ծավալուն հարցազրույցը՝ ազգային պարի, մշակույթի ու մեր երկրում ստեղծված վիճակի մասին։ Շուտով այն կհրապարակենք նաեւ մեր կայքջէում։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն արդեն իսկ հրապարակել է ցավակցական խոսքը՝ «Խոր ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է Բեմական շարժման և մեներգի ամբիոնի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։ Ցավակցում ենք Գագիկ Գինոսյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի ԽՍՀ Ախալցխա քաղաքում։
Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, եղել է Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ գործող «Ազատագրական բանակ» ջոկատի ռազմիկ, ապա 1992 թվականի օգոստոսին ընդգրկվել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակում։
1994-1996 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության առանձին գումարտակում։ 1995-1996 թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում։ 1996 թվականին զորացրվել է ՀՀ ԶՈՒ շարքերից։
Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» ազգագրական պարի համույթներում, զբաղվել բանահավաքչական գործունեությամբ, հիմնադրել և ղեկավար «Կարին» ավանդական երգի-պարի խումբը։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրկազմը խորը ցավով սգում է մեծ Հայորդու կորուստը եւ ցավակցում հարազատներին ու բարեկամներին։
orer.eu
Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը տեղեկացրել է հոգեհանգստի եւ հուղարկավորության մասին։
Հորս` Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա
08.02.2024 ժամը 17:00-20:00 Նոր-նորքի 5րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում
09.02.2024 վերջին հրաժեշտը Կամերային երաժշտության տանը 11:00-13:00
Նույն օրը՝ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին Եռաբլուրում։
Հ.Գ. Հայրս չէր ուզի, որ մենք ծաղկեպսակներ տանենք։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ իմ հաշվեհամարները…
Ամբողջ հաշվետվությունը հետագայում նույնպես իմ էջում կտեղադրեմ…
Գումարը կօգտագործվի հայրենիքը շենացնելու նպատակով։
INECOBANK, Ծովինար Գինոսյան
Հաշվեհամար՝ 2050564491891001
Քարտի համար՝ 4578 8900 0015 2650