Հայաստանը Բեռլինում մասնակցեց «Կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային տոնավաճառին

  • 01.02.2024
  • 0
  • 268 Views

Հունվարի 19–ից 28–ը Հայաստանը Գերմանիայում մասնակցեց «Կանաչ շաբաթ» (Grüne Woche) գյուղատնտեսական միջազգային տոնավաճառին։

Մայրաքաղաք Բեռլինում  1926–ին հիմնադրված և տեղի ունեցող գյուղատնտեսական այս տոնավաճառն ամեն տարի իր շուրջն է հավաքում աշխարհի մի քանի տասնյակ երկրներ։ Ընդհատումներ ունեցել է հիմնականում պատերազմական տարիներին։ Այս անգամ անցկացվեց թվով 88–րդը, որին մասնակցում էին 61 երկրներից՝ 1․400 արտադրողներ։ Նրանց համար հատկացված էր  118․000 քառ․ մետր տարածք։ Ինչպես մենք մամուլի կենտրոնից տեղեկացանք, այս տարի այցելուների քանակը հատել է 300․000–ը։

Ընթացող տոնավաճառին զուգահեռ Գերմանիայի կառավարությունը, մասնավորապես պարենի և գյուղատնտեսության դաշնային նախարարության միջոցով, սովորաբար կազմակերպվում է բազմազան միջոցառումներ հյուրերի, պատվիրակությունների, տուրիստների, գյուղատնտեսների, գործարարների, անգամ դպրոցահասակ երեխաների և լրագրողների համար։

Հայաստանյան պատվիրակությունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ղեկավարությամբ Բեռլինում էր հունվարի 17–ից 20–ը։ Նրանք մասնակցեցին տոնավաճառի բացմանը, պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին և  տարաբնույթ հանդիպումներ ունեցան Գերմանիայի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։

«Կանաչ շաբաթ» գյուղատնտեսական միջազգային տոնավաճառում Հայաստանը ներկայացնող տաղավարները երկուսն էին։ Նրանցից առաջինը Բեռլինում գործող «Անիլանդ» ՍՊԸ–ն էր, իսկ երկրորդում արդեն հայաստանյան  31 այն ընկերությունները, որոնք այստեղ էին հրավիրվել մեր պետության աջակցությամբ։

Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հունվարի 19–ին, որին հայկական տաղավարի մոտ իրենց մասնակցությունն ունեցան նաև Բեռլինի «Գիտելիք» կիրակնօրյա դպրոցի պարի խմբակի սաներից։

Երեխաները երկու օր շարունակ՝ հունվարի 19–ին և 20–ին հանդես եկան երգ ու  պարով՝ կատարելով Խաչատուր Ավետիսյանի «Ճերմակ աղավնին», Ինգա և Անուշ Արշակյանների «Հայ, հայը», «Շալախոն»  և այլն։

«Մեզ համար շատ պատասխանատու, հաճելի նաև հուզիչ է, որ այս հեռավորության վրա մեր երկրի համար կարող ենք մի գործ անել։ Հատկապես ներգրավել դպրոցի երեխաներին, քանի որ մեր գործառույթը երեխաներին հայ պահելն է, պատասխանատվության այն զգացողությունը փոխանցել, որ իրենք պարտավոր են մասնակիցը լինել հայապահպանմանը, մեր երկրի կառուցման բոլոր գործառույթներին, որտեղ իրենց ուժը կհերիքի»,– մեզ հետ զրույցում նշեց Բեռլինի «Գիտելիք» կիրակնօրյա դպրոցի տնօրեն տիկին Լիլիթ Հակոբյանն, ավելացնելով․ «Մեզ համար միասնականության զգացողությունն էր շատ կարևոր։ Երեխաներն զգացին, որ պիտանի գործ են անում, մաս կազմեցին, տեր կանգնեցին իրենց երկրին և հպարտ էին իրենց կատարած գործով։ Այնքան էին խանդավառված, որ ուզում էին հաջորդ օրերին էլ գալ, բայց գիտեք՝ անհնար է աշխատանքային օրերին դպրոցականներին և ծնողներին կտրել դասից ու աշխատանքից։ Լավ կլիներ, իհարկե, եթե մյուս համայնքներից ու դպրոցներից էլ միանային ու մեր տաղավարը մշտապես լիքը կլիներ։ Սա առաջին փորձն էր և երեխաների համար մեծ դաստիարակչական քայլ  էր․ սերմեր տվեցինք հետայսու հայրենանվեր գործելու համար։ Երբ նրանք կաթիլ առ կաթիլ մեր մշակույթի ուժն զգան, ավելի ինքնավստահ կդառնան»,– եզրափակեց զրուցակիցս։

Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության խորհրդական պարոն Արտակ Մարկոսյանը,  մեր երկիրն առաջին անգամ  է մասնակցում «Կանաչ շաբաթ» տոնավաճառին։ Նախարարությունը ֆինանսավորել է գործարարների մասնակցությունը արտահանման խթանման ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակներից մեկն է հայկական արտադրանքը հանրայնացնել արտասահմանյան նոր շուկաներում։ Զրուցակիցս պատմեց, որ ընտրությունը կատարվել է բաց։ Նախ հայտարարություն են տարածել։ Ընկերությունները, որոնք ունեն արտահանման պոտենցիալ, ցանկություն են հայտնել մասնակցելու։ Նախարարությունն ապահովել է տարածքի վարձակալումը, տաղավարի կառուցապատումը և տրամադրել է նրանց։ Իսկ ճանապարհի, բեռների փոխադրման և կեցության ծախսերը հոգացել են իրենք՝ արտադրողները։ 

«Այս ամենն արել ենք, որ մեր գործարարներն անձամբ տեսնեն հայկական ապրանքի պահանջարկը և դրա իրացման հնարավորությունները այս շուկայում և ըստ այդմ իրենց հետագա քայլերը կարողանան վերլուծել ու ծրագրել։ Սա առաջին հերթին մեր երկրի ու մշակույթի գովազդն է։ Սպառողն այստեղ տեսնում է, որ կա նաև «Made in Armenia» ապրանքատեսակներ, ձեռք կբերի, կփորձի և, բնականաբար, աստիճանաբար գնորդնեը կշատանան։ Սա բավականին մեծ տոնավաճառ է։ Եթե հաջորդ տարվա համար նախարարությունը մասնակցության որոշում կայացնի, բնականաբար, կվերլուծենք տեղի ունեցածը։ Կոնցեպտն արդեն պարզ է և դրանից ելնելով արդեն կմտածենք՝ նոր մոտեցումներով ինչպես ներկայանալ։ Պարզապես հարկավոր է ավելի լավ նախապատրաստական աշխատանք տանել»,– համոզված է պարոն Մարկոսյանը։

Զրուցակիցս հավաստիացրեց նաև, որ իրենք խնդիր և նպատակ ունեն լայնացնել հայկական ապրանքի սպառման աշխարհագրությունը Եվրոպայում, ԱՄՆ–ում, Մերձավոր Արևելքում և այլուր։ Իսկ ներկա պահին աշխատում են հայրենակցական կապերն աշխուժացնել Գերմանիայում։

Թեև Հայաստանն այս միջազգային տոնավաճառին պաշտոնապես առաջին անգամ է մասնակցում, մեր երկիրն արդեն շուրջ երկու տասնամյակ է ներկա է այստեղ։ Գերմանացի սպառողին քաջածանոթ են հայկական ոգելից խմիչքները՝ կոնյակը, գինին, շամպայնը և այլն։ Բեռլինաբնակ գործարար Սամվել Ֆարմանյանը տարիներ առաջ հայկական որոշ խմիչքներ է ներկրել, վաճառել, ընդլայնելով տեսականին՝ մտել շուկա և հաջողել։ Այժմ խմիչք է մատակարարում Եվրոպայով մեկ՝ շուրջ 1.700 վաճառակետեր։

«Նախ սկսեցինք մեր «Արարատ» կոնյակը գերմանացի սպառողին հասցնել։ Հետո տեսականին շատ շատացավ, որովհետև սիրվեցին մեր խմիչքները։ Հիմա ամբողջ Եվրոպայում ենք տարածում։ Մեր ընկերությունը՝ «Անիլանդն» արդեն 18 տարի շարունակ մասնակցում է այս տոնավաճառին, մեզ համար սա ավանդական է դարձել։ Մենք մասնավոր հայտով ենք դիմել ու միացել։ Այստեղ ավելի շատ փորձառություն և ճանաչում ենք ձեռք բերում, թեև մեր հաճախորդները շատ են»,– մեզ հետ զրույցում նշեց գործարարի կինը՝ տիկին Էթերի Ֆարմանյանը։      

Եվրոպաբնակ հայ գործարարներից «Արման Գրուպ» ընկերությունը ներկայացնող  Արմեն Բաղդասարյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրավիրյալների կազմում էր։ Ապրում և աշխատում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Իր հիմնադրած ընկերության միջոցով 2002 թվականից ապրանքներ է ներմուծում Հայաստանի շուրջ տասնհինգ ձեռնարկություններից և վաճառում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։

«Աշխատում ենք այնպես անել, որ մեր հայկական ապրանքը հասանելի լինի եվրոպացի գնորդին, որ ճանաչվի։ Այստեղ գալու մեր հիմնական նպատակն էր մեր գործընկերներին ծանոթանալը, նոր կապեր ու պայմանագրեր կնքելը, որ հայկական ապրանքի ներկրումն ավելացնենք։ Ամեն մի առաջընթացի հետևում մեծ աշխատանք կա։ Ափսոս, որ արգելված է կաթնամթերք ու մսամթերք ներկրել Եվրոպա, ավելի հետքրքիր կլիներ, բայց դե եղածն էլ մեծ տեսականի է, ներկայացնում ենք մեր մաքուր, առանց քիմիայի, բիոլոգիապես մաքուր արտադրանքը։ Ուրախ ու հպարտ ենք, որ կարողանում ենք օգուտ տալ մեր հայրենիքին»,– մեզ հետ զրույցում նշեց պարոն Բաղդասարյանը։

Հայկական թեյ արտադրող ընկերություններից այստեղ հանդիպեցինք թե՛ ոլորտի հնաբնակներից, ինչպես օրինակ՝ հայ սպառողին վաղուց քաջածանոթ «Անթառամ»–ը (Գեղարքունիք, սկսած՝ 1989 թ․), թե՛ համեմատաբար նորաստեղ ձեռնարկատերերի։

Երիտասարդ գործարար, դեղագետ Աստղիկ Գալստյանը, որը երկար տարիներ մանրակրկտորեն ուսումնասիրել է հայկական լեռնաշխարհի բույսերը, հանդես էր գալիս իր՝ «Թեյան» (Արմավիր) կոչվող և հայ սպառողին արդեն ծանոթ, մի քանի թեյերի տեսականիով։ «Դարման» (Տավուշ) անվանումով թեյերի ձեռնարկության համասեփականատեր տիկին Ռուզաննա Քարտաշյանը նշեց, որ իրենք արդեն այստեղ առցանց ներկայություն ունեն և տոնավաճառին մասնակցելու  հիմնական նպատակն է հաճախորդին այդ խանութ ուղղորդելը։  

Թեյերին զուգահեռ ներկայացված էին նաև հայկական քաղցրավենիքներ։ Երիտասարդ ձեռնարկատեր Լաուրա Նահապետյանն անվարան սկսել է զբաղվել ձեռագործ շոկոլադների արտադրությամբ։ «Հայաստանում առաջինն էինք, որ նման գործ սկսեցինք անել, կարծում եմ՝ դրա համար հաջողեցինք։ Զուգահեռաբար 2018 թվականի նոյեմբերից խանութ բացեցինք (Լառա շոկոլադների պատկերասրահ), մարդիկ մտնում էին, նայելով շոկոլադներին՝ կարծում էին՝ քարեր են, հարցնում էին, թե ինչ քարեր են, որտեղից։ Նույն էլ այստեղ կրկնվեց։ Բարդ աշխատանք է, հատ–հատ ձեռքով սարքում ենք։ Օրական 2000-2500 հատիկ ենք կարողանում պատրաստել։ Հոսքագիծ չէ, որ մեծաքանակ արտադրանք ապահովենք։ Ես եմ ու մի օգնական»,– մեզ հետ զրույցում պատմեց վերոնշյալ ընկերության հիմնադիր տնօրեն տիկին Նահապետյանը։  

Հայկական տաղավարում կարելի էր ծանոթանալ և գնել «Սաթենի» ընկերության արտադրանքը՝ օրինակ՝ ձեռագործ, առանց շաքարավազի սառնաշաքարներ, «Նաիրյան գուրմետի» չրերը, «Հաթերք»–ի և «Մեր սարեր»–ի մեղրը, «Յան»–ի տարատեսակ պահածոներն ու հյութերը, «Քյուրիվո»–ի բուսայուղերը, «Արմիմպեքս»–ի պայուսակները, «Մալումյան»–ի վարդերը և այլն։

Հարուստ և բազմազան էր հայկական խմիչքի տեսականին։ Գերմանացի սպառողները ակտիվորեն համտեսում էին ներկայացված բոլոր ընկերությունների արտադրանքները։ Այստեղ հանդիպեցինք «Շահնազարյան», «Քոթոթ», «Գևորգյան գինիներ», «Ալլուրիա գինիներ», «Ջրաղացպանյան գինիներ», «Ալեքսանդրեա գինիներ», «Նոր Արենի գինիներ», «ՆՕԱ գինիներ», «Ոսկենի գինիներ», «Զառա գինիներ», «Մանուկյան բրենդի», «Օսկուլատու ա դեո գինի» և «Շորոր գինիներ» գինեգործների առաջարկներին։ Նրանցից շատերն արդեն մեծ սպառում ունեն աշխարհի տարբեր երկրներում։

Այս ոլորտի երիտասարդ ընկերություններից օրինակ՝ «Օսկուլատուս ա դեո»–ն առայժմ միայն երեք տեսակի գինի է արտադրում։ Ինչպես մեզ տեղեկացրեց տիկին Անուշը, ձեռնարկատեր Սուրեն Հակոբյանն արդեն հասցրել է միջազգային փառատոնում սպիտակ գինով առաջին տեղը զբաղեցնել։

«Ջրաղացպանյաններ» հնչեղ ու հայեցի անունը կրող ընկերությունն արտադրում է գինիներ և օղիներ։ Ինչպես մեզ ձեռնարկության համահիմնադիր, գինեգործ պարոն Արտաշես Ջրաղացպանյանը պատմեց, այս մասնագիտությունը իրենց ընտանիքում տոհմիկ գործ է։ «Ունենք մառան, որ ժառանգություն ենք ստացել մեր գինեգործ պապիկից։ Նա 1890–ականների վերջերին Արևմտյան Հայաստանից՝ Բայազետից է տեղափոխվել մեր գյուղի՝ Բամբակաշատի տարածք։ Տան մոտ գետնափոր մառան է կառուցել, ուր զբաղվել է գինեգործությամբ։ Սա մեր կենսակերպն է դարձել։ Հայրիկս ու հորեղբայրս էլ գյուղատնտես ու գինեգործ են։ Հետագայում էլ ես ու եղբայրս սկսեցինք աշխատել, տարիների փորձ ձեռք բերեցինք ու հիմնեցինք մեր ընկերությունը։ Փորձառությամբ համոզվեցինք, որ տեղական խաղողն ունի բարձրորակ գինի ստանալու մեծ պոտենցիալ։ Օգտագործում ենք մոտ տաս տեսակի խաղողներ, սպիտակը մեր այգուց է, մնացածը գյուղի ֆերմերներից ենք գնում։ Ցանկանում ենք՝ հայկական արտադրանքը ճանաչելի և ցանկալի դարձնել աշխարհում»։

Գայանե Առաքելյան

Բեռլին

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում