Վահան Քոչարի 75 ամյակը՝ գեղանկարչական ցուցահանդեսով ու պատկերագրքով

  • 27.01.2024
  • 0
  • 221 Views

Հունվարի 25-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քոչարի 75-ամյակին նվիրված հետմահու գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը՝ «Գեղանկարիչը՝ ոսպնյակից այն կողմ» խորագրով, որտեղ առաջին անգամ ներկայացվել են նրա կտավները` 15 տարեկան հասակից մինչև 71-ը։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունվարի 31-ը։ Բացման արարողությանը ելույթներ են ունեցել նկարիչների միության փոխնախագահ Լեւոն Աբրահամյանը, մշակութային գործիչ Արամ Սուքիասյանը, լրագրող Գուրգեն Խաժակյանը եւ այլք։

Ինչպես գրում է Մարիետա Մակարյանն իր ֆյսբուքյան էջում, Վահան Քոչարն իր կյանքի ընթացքում հեղինակել է երեք գիրք՝ «Հայ լուսանկարիչներ» հանրագիտարանը, «VIVE LA CINEMA», որտեղ ներկայացված են «Հայֆիլմ»-ի նկարահանման հրապարակում իր հոր՝ Անդրանիկ Քոչարի կողմից արված կուլիսային լուսանկարները և «Հիսուսի անձեռակերտ պատկերը Հայոց Աբգար թագավորի դաստառակին» ուսումնասիրությունը։ Նաև ձևավորել է տասնյակ պատկերագրքեր, այդ թվում` Հենրիկ Իգիթյանի հետ համատեղ` Ժամանակակից արվեստի թանգարանի հատորները:

Քոչարն իր ողջ կյանքի ընթացքում նվիրվել է հոր լուսանկարչական ժառանգության լուսաբանմանը՝ հազվադեպ ցուցադրելով իր առաջնային մասնագիտությունը՝ գեղանկարչությունը: Նրա գեղանկարների հավաքածուները ներառում են տարվա չորս եղանակները ներկայացնող գործեր, աբստրակտներ, նատյուրմորտներ, կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև որմնանկարներ։ Միջոցառումը կազմակերպվել էր է Քոչարի ընտանիքի կողմից:

Արփին Քոչար

Գուրգեն Խաժակյանն էլ «Հրապարակում» գրել է. Արփին Քոչարը՝ նրա թոռնուհին, իր երախտապարտությունն է հայտնում՝ նշելով. «Շատ ոգևորված եմ, քանի որ վերջապես տեսնում եմ պապիկիս նկարները իրական ցուցահանդեսի պատերին կախված: Չնայած բազմաթիվ դժվարությունների միջով անցանք, բայց ընտանիքով արդեն 8 ամսից ավել է աշխատում ենք այս ցուցահանդեսը իրականացնելու համար. Կարծում եմ հաջողվել է: Ինքս նաև ի մի եմ բերել պապիկիս գեղանկարների պատկերագիրքը՝ ավարտին հասցնելով այն, ինչ նա սկսել էր դեռ 2015 թվականին: Հպարտ եմ շատ, քանի որ այս նկարները հայ մշակույթի համար նորագույն հայտնություն են և արժանի գնահատման» ․ասաց թոռնուհին ՝ Արփին»։

Սերգեյ Մանվելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այդ պատկերագրքին։

«Լույս է տեսել գեղանկարիչ, իմ անմոռանալի Ընկեր Վահան Քոչարի (1949-2020) գեղանկարների պատկերագիրքը (200 էջ)։

Քոչարը հիմնականում ճանաչված էր որպես լուսանկարիչ և հայ լուսանկարչության ժառանգության հավաքորդ-հետազոտող: Ցավոք, նրա գեղանկարչական արվեստը մեզանում գրեթե անհայտ է: Ընդամենը երեք անհատական ցուցահանդես է ունեցել, այն էլ հեռավոր 60-ական թթ. (երկուսը՝ Երևանում, մեկը՝ Մոսկվայում): Ընդ որում, 1964 և 1966 թթ. Երևանում և Մոսկվայում տեղի ունեցած ցուցահանդեսներին նա եղել է ընդամենը 15 և 17 տարեկան: Այդ շրջանում եղած հրապարակումներում (այդ թվում՝ մամուլի) դրվատանքի լուրջ խոսքեր են հնչել պատանի նկարչի հասցեին Հայրենիքում և սփյուռքում ստեղծագործող շատ արվեստագետների կողմից, որոնք սպասված հյուրեր էին Քոչարների ընտանիքում:

Իր կյանքի վերջին շրջանում հիվանդության սաստկացումից հետո իր սիրելի կնոջ՝ Մարիետայի անմիջական դրդմամբ Վահան Քոչարը վերջապես ձեռնամուխ եղավ իր գեղանկարների պատկերագրքի կազմման աշխատանքներին: Ցավոք, ոչ միայն այդ գիրքը, այլև նրա մի շարք այլ արժեքավոր աշխատանքներ նա չհասցրեց տեսնել հրատարակված…

Ինչ խոսք, նրա ճաշակավոր ձևավորմամբ ահռելի թվով գրքեր են լույս ընծայվել: Վերջապես, 2007 թ. հրատարակվեց նրա «Հայ լուսանկարիչներ» խորագրով աշխատությունը, որը ներառում է շուրջ 500 հայ լուսանկարիչների վերաբերյալ կենսագրական տվյալներ և նրանց աշխատանքները: «Տիգրան Մեծ» հրատարակչությունում նրա երկարամյա գործունեությունը նույնպես արժանի է հիշատակման: Եվ որ ամենակարևորն է՝ հետմահու արդեն երրորդ նրա աշխատանքն է դրվում ընթերցողի սեղանին:

Հուրախություն Քոչարի համախոհների և արվեստասերների՝ Քոչարի ընտանիքի, մասնավորապես թոռնուհու՝ Արփին Քոչարի ջանքերով ավարտին է հասցվել Քոչարի սկսած գործը, և լույս է ընծայվել Վարպետի՝ 150-ից ավելի գեղանկարչական աշխատանքների մի ստվար հավաքածու ընդգրկող պատկերագիրք, որի համար առաջաբան են գրել ականավոր արվեստաբան Մարտին Միքայելյանը, թոռնուհին՝ Արփին Քոչարը, և ես:

Շնորհակալություն Քոչարի ընտանիքին գրքի խմբագրական աշխատանքը նույնպես ինձ վստահելու համար:

Գրքի հրատարակությանն աջակցել են նշանավոր դերասանուհի, Քոչար ընտանիքի ազգական Նորա Արմանին և բարերար Գաբրիել Չեմբերջյանը»:

orer.eu

Լուսանկարային շարքը՝ Արմեն Ենգոյանի

Քոչարի այրին՝ Մարիետա Քոչարյանը

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում