Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սևակի ծննդավայր՝ Զանգակատուն՝ ծաղիկներ խոնարհելու գրողի հիշատակին: Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ Ղազարյանի՝ ցուցասրահի պատին նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ Պարույր Սևակին նվիրված որմնանկարն է, որում ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պարույր Սևակի՝ երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցանմուշներով։
Նախարարը հետաքրքրվել է տուն-թանգարանի գործունեությամբ և առաջիկա ծրագրերով: Տեղում քննարկվել են թանգարանի միջավայրում տարբեր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, այն թե՛ համայնքային կյանքի աշխուժացման, թե՛ ստեղծագործական կենտրոն դարձնելու հեռանկարները:
Այնուհետեւ Սեւակ Ղազարյանը տարբեր քաղաքներից ժամանած հյուրերին ներկայացրել է տարվա ընթացքում նախատեսված հոբելյանական միջոցառումների ծրագիրը։
Նշենք, որ այսօրվանից մեկնարկել են Պ. Սևակի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները. ժամը 13:00-ին Պարույր Սևակի տուն-թանգարանում ելույթ են ունեցել Գոռ Սուջյանը, «Կադանս» անսամբլը, Համազգային թատրոնի երիտասարդական խումբը: Ժամը 19:30-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկայացվեց Պ. Սևակի համանուն ժողովածուի «Մարդը ափի մեջ» ներկայացումը (ռեժիսոր՝ Նարինե Գրիգորյան):
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է նաև «Եղիցի լույս. Սևակ-100» մրցույթի հաղթողներին:
Նշենք, որ օրեր առաջ լույս էր տեսել «Պարույր Սեւակ 100 բանասետղծություն» ժողովածուն, որը կազմել եւ հրատարակության էր պատրաստել Սեակի միջնեկ որդին՝ գրականագետ Արմեն Ղազարյանը։ Այս գրքում ընդգրկվել է նաեւ Սեւակի գրած ինքնակենսագրականը եւ նախավերջին հարցազրույցը, որը վարել է Ալբերտ Արիստակեսյանը։