Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության, ԵՄ գլխամասային գրասենյակի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է նիստ՝ նվիրված 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վեցամյակին։ հանդիպման նպատակն էր նաև ընդգծել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարևոր նշանակությունը, ինչպես նաև գնահատել կիրարկման ներկա փուլը և բարձրացնել արդյունավետությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ՀԸԳՀ արտագնա նիստին ներկա է գտնվել 70 մասնակից, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել գործընկերների միջև մտքերի փոխանակությանը: Հանդիպումը յուրահատուկ հարթակ է դարձել՝ գնահատելու ՀԸԳՀ առաջընթացը և ծրագրելու կիրարկումը խթանող բովանդակալից ռազմավարություններ: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել ՀԸԳՀ-ի կիրարկման շրջանակում ձեռք բերված իրենց փորձի մասին, քննարկել են հարցեր՝ հաջողությունների, մարտահրավերների, կարիքների և միասին ավելի լավ աշխատելու ուղիների առնչությամբ:
«Արտագնա նիստի ընթացքում ՀՀ կառավարության կողմից նախանշվել են կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ հաջողությամբ իրականացվել են ՀԸԳՀ-ին առնչվող բարեփոխումներ՝ ցուցադրելով համաձայնագրի շնորհիվ արձանագրված շոշափելի ձեռքբերումները: Նշվեցին այն ոլորտները, որոնց ուղղությամբ բարեփոխումներն իրականացվել են առանձնակի դժվարություններով՝ ուշադրություն հրավիրելով մշտադիտարկման և հաղորդակցության ուժեղացման ուղիների վրա և ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ունի համագործակցային բնույթ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր գնահատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տևական համագործակցությունը և ի նպաստ ՀՀ քաղաքացիների փոխադարձ հանձառությամբ շոշափելի և կայուն արդյունքներ խթանելու ջանքերը։ Ընգծելով ՀԸԳՀ-ի՝ որպես նման ձևաչափում ներգրավվելու անկյունաքարային ուղղության կարևոր գործիքի նշանակությունը՝ դեսպան Մարագոսը նշեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գոյություն ունեցող ընդհանուր արժեքներն ու շահերը։ Դեսպանը վերահաստատեց աջակցությունը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, որը թույլ կտա նպաստել Հայաստանի արդիականացման գործընթացի արագացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ՀԸԳՀ-ի իրականացումը, չնայած դրա ստորագրումից հետո ստեղծված դժվարին իրավիճակներին, շարունակական բնույթ է կրել: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից՝ իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված բարեփոխումներին և տնտեսական նախաձեռնություններին աջակցության արագացված ընթացակարգ ապահովելու համար։ Փոխվարչապետ Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և առաջ գնալ առանցքային բարեփոխումների իրականացման ճանապարհով։ Նա ընդգծել է Հայաստանի զարգացման այս փուլում ԵՄ անդամ պետությունների գիտելիքը և փորձը ներդնելու ԵՄ գործուն դերակատարությունը:
Նշվում է, որ երկու կողմերը վերահաստատել են ավելի արդյունավետ համագործակցությամբ ՀԸԳՀ կիրարկմանը նպաստելու իրենց հանձնառությունը՝ երկուստեք արտահայտելով ԵՄ-Հայաստան գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ իրենց նվիրվածությունը: