«Երբ եկա Հայաստան, մտորում էի. տեսնես ո՞ր ֆիլմն է լավագույնս նկարագրում այս երկիրը: Ինձ խորհուրդ տվեցին, որ «ամենից հայկական» ֆիլմը «Նռան գույնն» է։ Որ նրա գույները, կերպարները և երկար, քնարական տեսարանները լավագույնս են մարմնավորում հայկական «էսթետիկան»` գեղագիտության զգայական ընկալումը։ Այդ ժամանակվանից «Նռան գույնը» (The Color of Pomegranates) ինձ համար դարձել է Հայկական ֆիլմի պատկերակ »,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է Հայաստանում Չեխիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պետր Պիրունչիկը։
«Ուղիղ 100 տարի առաջ այս օրը ծնվել է այս ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը։ Նա համարվում է 20-րդ դարի կինեմատոգրաֆիայի մեծագույն հանճարներից մեկը, և նրա ազդեցությունը տարածվում է Հայաստանի սահմաններից շատ հեռու»,- հավելել է դեսպանը՝ «Նրա ֆիլմերից ո՞րն եք համարում լավագույնը» հարցումն ուղելով հետևորդներին, որի գրառմանն ի պատասխան հանդես է եկել չեխ հայտնի սցենարիստ, ռեժիսոր Մարտին Մահդալը՝ հետևյալ մեկնաբանությամբ.
«Երևանում մի քանի անգամ եմ եղել Փարաջանովի թանգարանում, որտեղ (բարեհամբույր տնօրինության թույլտվությամբ) նկարահանել եմ ոչ միայն էքսկուրսավարի կատարյալ մեկնաբանությունը, այլև բազմաթիվ արտեֆակտների հիանալի մանրամասներ: Առաջին այցելությանս ժամանակ (երբ Հայաստանում նկարահանում էինք «Ցեղասպանության հավերժ վիշտը» ֆիլմը) ինձ գրավել էին ոչ միայն Փարաջանովի արտեֆակտների առասպելական գունեղությունն ու բազմազանությունը, որոնցով լցված է թանգարանը, այլև հիացած էի նրա այն ժամանակահատվածի ստեղծագործական աշխատանքով, երբ դեռ եղել է քրեական պատասխանատվության տակ: Այլևս չեմ խոսում, ազատ արձակվելուց հետո, վերջինիս ստեղծագործության լայնամասշտաբ հարթության մասին։ Նրա երևակայությունն ու ստեղծագործական արվեստը պայծառ մարդասիրության արտահայտություն է մինչ օրս։ Երբ մեր վավերագրական ֆիլմի համար կադրեր էինք նկարահանում վերջին արցախյան պատերազմի ժամանակ, որն ի վերջո ոչ ոքի չէր հետաքրքրում, գնացինք Երևանի մեր սիրելի թանգարանը, արդեն ավելի լավ տեսախցիկով, նորից նյութեր նկարահանելու։ Իսկ դա ապացույցն է այն բանի, որ չնայած աշխարհի բոլոր դժբախտություններին, հայ մշակույթը կմնա հավերժ։ Այլապես դրա երևակայությունն ու հոգևոր բովանդակությունը կբացակայեին ժամանակակից աշխարհում»։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա