Ամանորի  եւ Սուրբ Ծննդյան հանդես Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցում

  • 07.01.2024
  • 0
  • 313 Views

Հունվարի 6-ին Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ այս տարվա առաջին տոնական հանդեսը՝ նվիրված Ամանորին։  Ներկաներին նախ ողջունեց դպրոցի տնօրեն Գոհար Մելիքյանը՝ փոխանցելով նաեւ դպրոցի նախկին ղեկավար, կրթամշակութային միության նախագահ  Արմեն Քոլոյանի բարեմաղթանքի խոսքերը, որը նաեւ դասավանդում է մեծահասակ երեխաներին։ Այնուհետեւ ներկաներին ողջունել է Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, որի խոսքին հետեւել է  Չեխիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի տեսագրված ուղերձը։

Դպրոցի սաների ելույթը նվիրված էր  Սուրբ Ծննդյան եւ Ամանորի մասին պատմություններին, որոնք ընդմիջվում էին ասմունքով ու երգերով՝ մեծ հաճույք պատճառելով ներկաներին։  Երեխաների ելույթից հետո գնահատանքի ջերմ խոսք  ասաց դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը։ Վերջում դպրոցի եւ դեսպանության կողմից երեխաներին բաժանվեցին նվերներ։

Հիշեցնենք, որ Պրահայի շաբաթօրյա դպրոցը գործում է շաբաթ օրերին ՝ Կարլի համալսարանի  փիլիսոփայական  ֆակուլտետում։ Եթե մինչեւ այս ուսումնական տարին հայկական դպրոցին լսարանները տրամարդվում էին անվճար, ապա այժմ  ֆակուլտետի ղեկավարությունը պահանջում է վարձավճար, ինչն էլ  ստիպել է  անցնելու վճարովի ուսուցման՝ տարեկան  6000 կրոնի չափով։  Իհարկե, դա ազդել է աշակերտների թվի վրա, որոշ ծնողներ հրաժարվել են երեխաներին բերել դպրոց, բայց ուսումնական ընթացքը չի խաթարվել։   Այս ուսումնական տարում դպրոցում  գործում է չորս դասարան եւ մեկ առցանց դասարան՝ մեծահասկաների համար։  

Դպրոցի ուսուցիչներին՝  Գոհար Մելիքյանին, Ծովինար Բեյբությանին, Արմեն Քոլոյանին եւ Աննա Ղազարյանին միացել են նաեւ երիտասարդ ուսուցիչներ  Գայանե Համբարձումյանը, Անի Սուքիասյանը եւ Խորեն Իսպրիյանը։ 

Ոքեր ցանկանում են իրենց երեխաներին ուղարկել հայկական դպրոց, կարող են նամակ գրել հետեւյալ հասցեով՝ haydprocpraha@gmail.com ։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում