Անցյալ շաբաթ Պրահայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը, որի ընթացքում 24-ամյա ոճրագործ չեխ ուսանողը մայրաքաղաքի Կարլի համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի մասնաշենքից, սեփական հրազենից կրակ էր բացել անմիջապես դիմացի հրապարակի ժողովրդի վրա, մինչ օրս ցնցել է բոլորին։ Վլտավայի աջափնյա մասում, ռենեսանս ոճով կառուցված Ռուդոլֆինիում համերգասրահի շենքի դիմաց փռված այդ հրապարակը, որը դեկտեմբերի 21-ին (ոչ պատահականորեն ընտրված հինգշաբթի օրը) վերածվել էր քաոսի, կրում է երբեմնի չեխ ուսանող Յան Պալախի անունը։
Յան Պալախը (ծնվ. 1948թ. օգոստոսի 11-ին Պրահայում) Կարլի համալսարանի միևնույն Փիլիսոփայության ֆակուլտետի պատմության և քաղաքական տնտեսության բաժնի ուսանող էր։
1969թ. հունվարի 16-ին՝ (դարձյալ հինգշաբթի օրը), ժամը 14:30-ի սահմաններում, 20-ամյա այս երիտասարդն իր պայուսակը դրել է Պրահայի Վացլավյան հրապարակի վերին մասում գտնվող Ազգային թանգարանի շատրվանի մոտ, այնուհետև իր հետ բերված շշից ներշնչելով Էթիլեթերի յուրահատուկ հոտն ու իր վրա ամբողջությամբ լցնելով բենզին, ինքնահրկիզվել է՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ ազատությունների ճնշման և հասարակության պասիվ վերաբերմունքի, որը սկսվել է Վարշավյան պայմանագրի պետությունների բանակների կողմից Չեխոսլովակիայի օկուպացիայից հետո։
Անհամեմատելի մի երևույթ։ Տարբեր ժամանակների ու վարչակարգերի դեմ հանդես եկող երկու երիտասարդ ուսանողներ, չեխ ժողովրդի երկու զավակներ, որոնցից մեկը, հանուն իր ժողովրդի ազատության, զոհաբերում է սեփական կյանքը, մինչդեռ մյուսը, ազատ-անկախ ժողովրդի «ծոցում տաքացած», զոհաբերում է սեփական ժողովրդին։ Պալախի ինքնահրկիզման շարժառիթը միանգամայն պարզ-պարադոքսային է։ Իսկ ի՞նչ կարծիքներ են հնչում օրեր առաջ զանգվածային սպանության հեղինակի իրականացրած ոճրագործության և ինքնասպանության շուրջ։
Օգտվենք չեխական ՊՐԱՎՈ պարբերականի դեկտեմբերի 23-ի «Դա հոգեպես շեղված մարդ չէր, այլ մի թշվառական, ով չէր համակերպվում աշխարհի հետ» վերնագրով հարցազրույցի մեկնաբանություններից ու հոգեբանական վերլուծություններից՝ ՉՀ-ի Պլզեն քաղաքի հոգեբուժական կլինիկայի ղեկավար և նախկին ռազմական հոգեբույժ Յան Վևերայի մատուցմամբ, ով պնդում է, որ «չպետք է նման մարդկանց գերեզմաններին շիրմաքարեր կանգնեցնել, որոնք իրենց օրինակով կարող են հետևորդներ գրավել»։
Օրաթերթի թղթակից Օլդրիխ Դանդայի «Նման մարդկանց ի՞նչն է մղում զանգվածային սպանությունների» առաջին հարցին հոգեբույժը պատասխանել է հետևյալը.
«Հաշվի առնելով, որ մարդասպանն ունեցել է պատշաճ կերպով պահպանված զենքի կիրառման վկայական, ողջամիտ կլիներ ենթադրել, որ նա չի ունեցել որևէ լուրջ հոգեկան խնդիրներ և ամենևին չի եղել հոգեբուժության ենթակա հիվանդ, ով գործել է ինչ-որ հալյուցինացիաների կամ մոլեգնության ազդեցության տակ: Չեմ ուզում ենթադրություններ անել, քանզի մի քանի օրից ոստիկանությունը մեզ ավելի մանրամասն տվյալներ կտրամադրի վերջինիս վարմունքի մոտիվացիայի մասին։ Դա հավանաբար խորը դժգոհություն է եղել իր կյանքից ու շրջապատից, եթե հաշվի առնենք նրա ֆեյսբուքյան էջի գրառումները, որոնցում մեղադրում է հասարակությանն իրեն չսիրելու մեջ՝ ոգեշնչված լինելով նմանատիպ զանգվածային սպանություններից։ Այս դեպքն այնքան էլ բնորոշ չէ այն մարդկանց, ովքեր սպանություն են գործում հոգեկան լուրջ խանգարումների ազդեցության տակ։ Շատ ժամանակ սա վրեժ է հասարակությունից՝ իրենց չկայացած կյանքի համար։ Ուստի, նման մարդկանց մասին չպետք է խոսել որպես հոգեպես շեղված կամ հոգեկան խանգարվածություն ունեցողների, այլ ողորմելի թշվառականների, ովքեր չեն կարողացել բավարարել ընթացիկ կյանքի պահանջները»։
Թղթակցի մյուս հարցին, թե նմանատիպ մարդիկ ԱՄՆ-ում նույնպե՞ս ավելի շուտ թշվառներ են, քան հոգեկան խանգարումով հիվանդներ, հոգեբույժ Յան Վևերան պատասխանել է, որ ոմանք եղել են հիվանդներ, ոմանք էլ, հիմնականում իրենց ուզածին հասնելու անկարողությունից, սեփական անձից դժգոհ և խիստ հիասթափված անձիք, որոնք ուշադրություն գրավելու բացականչություններ են արել և վրեժխնդիր են եղել մի աշխարհից, ինչն այնքան էլ լավը չի եղել՝ իրենց պատկերացումների համեմատ: Շատ հաճախ այստեղ ծնունդ է առնում, այսպես կոչված, չարորակ նարցիսիզմը, այսինքն՝ իր հանդեպ հիացմունքի տենչանքը։ Իսկ սա ավելի է զարգացնում ինքնախղճահարությունը, զայրույթը և նախանձը՝ համակցված լինելով սեփական անձը սև-սպիտակ գույներով դիտարկելու գործոնին (այսինքն՝ կամ ես լավագույնն եմ, կամ ոչինչ չարժեմ ու ավելի լավ է չլինեմ), ինչը, ի վերջո, հեշտությամբ հանգեցնում է ինքնասպանության: Իսկ եթե դա էլ ուղեկցվում է շրջապատի նկատմամբ զայրույթով և կարեկցանքի բացակայությամբ, դրանից գոյանում է հոգեբանական ներաճը, որից էլ ձևավորվում է զանգվածային մարդասպանը»,- լուսաբանել է Պլզենի նախկին ռազմական հոգեբույժը:
«Կարո՞ղ է սա լինել այն լարվածության արտացոլումը, որը մենք ապրում ենք այսօրվա հետզհետե վտանգավոր դարձող աշխարհում» Դանդայի հերթական հարցին փորձագետը պատասխանել է հետևյալ կերպ.
«Համաձայն չեմ այդ մտքին։ Դա սոցիալական երևույթների արտացոլումն է, թերևս կասկածում եմ, որ այսօրվա աշխարհն ավելի վտանգավոր է, քան նախկինում էր։ Դեռ 1980-ականներին, որպես ուսանող, ես միջուկային տագնապի փորձարկում էի անցնում, երբ մենք հնարավոր է ավելի մոտ էինք միջուկային պատերազմին, քան այսօր: Ճիշտ է, ներկայումս Ուկրաինայի պատերազմը մեզ շատ մոտ է, բայց չէի ասի, թե աշխարհն ավելի վտանգավոր է, քան Կուբայի հրթիռային ճգնաժամի օրերին, կամ այն ժամանակ, երբ նացիստները փակում էին ԲՈՒՀ-երը, կամ երբ չեխոսլովակ ուսանողները բողոքի երթ էին անում ընդդեմ կոմունիստների, կամ երբ ինքնահրկիզվել է Յան Պալախը, որի անվան հրապարակում է տեղակայված հենց այն Փիլիսոփայության ֆակուլտետը, որտեղ անցյալ հինգշաբթի կրակոցներ էին։ Ճշմարտությունը, սակայն, մեզ հասնող առավել վտանգավոր նորությունների հոսքն է»։
«Ինչո՞վ կարելի է բացատրել նման ոճրագործ հրաձիգների թվի աճը»,- հարցրել է օրաթերթը։
«Մահապարտ ահաբեկչությունները, որպես պայքարի միջոց, շատացել են մինչև 21-րդ դարը՝ Ծոցում և Աֆղանստանում ընթացող պատերազմների ժամանակ։ Թեև նշենք, որ Խորհրդա-աֆղանական պատերազմում մոջահեդները չեն կիրառել կռվելու այս մեթոդը: Դրան, անշուշտ, նպաստել են ծայրահեղական իսլամական խմբավորումները, ինչի հետևանքով ընդօրինակման այդ մեխանիզմը հետագայում տարածվել է: Հավանաբար անիրատեսական կլինի ԶԼՄ-ներից պահանջել չգրել այս մասին, սակայն չարժե նման մարդկանց գերեզմաններին շիրմաքարեր կանգնեցնել, ցույց տալ նրանց լուսանկարները և հրապարակել նրանց անունները, որպեսզի այդպիսով չուժեղացնենք կրկնօրինակման էֆեկտը և չտարածենք սոցիալական վարակ։ Քանզի առկա է այն սպառնացող վտանգը, որ յուրաքանչյուր զանգվածային սպանությանը կարող է հաջորդել մեկ ուրիշը»,- վերլուծության ընթացքում առանձնահատուկ շեշտադրմամբ ընդգծել է նախկին ռազմական հոգեբույժ Յան Վևերան։
«Ուսանող Յան Պալախի ինքնահրկիզման 55-ամյակը կնշվի չեխ առաջատար հեղինակների լուսանկարների ցուցահանդեսով, որը կկայանա ՉՀ-ի Կենտրոնական Բոհեմի շրջանի Կուտնա Հորա քաղաքի «Սպոլկովի դում» կոչվող մասնաշենքում»,- նշված է ՊՐԱՎՈ-ի միևնույն համարի մեկ այլ հաղորդագրության մեջ։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար
Պրահա