Զինված հարձակում Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում. 15 զոհ, այդ թվում՝ հրաձիգը, 25 վիրավոր. ժամեր առաջ նա սպանել էր հորը

  • 21.12.2023
  • 0
  • 188 Views

Այսօր ժամը 14.55 րոպեին Պրահայի կենտրոնում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գլխավոր մասնաշենքում տեղի է ունեցել զինված հարձակում, կան զոհեր եւ վիրավորներ։ Զոհերի եւ վիրավորների թվի մասին հայտնի դարձավ ժամը 16.40-ին` 10 հոգի զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ Հարձակվողը սպանված է։ Ժամեր անց զոհերի թիվը հասավ 14-ի, վիրավորներինը նվազեց՝ 25ի։

Ժամը 17ին Պրահայի շտապօգնության մամուլի քարտուղարը նշեց, որ վիրավորների թիվը հասել է 30-ի։ Պրահայի կենտրոնական հիվանդանոցները բերվել են հատուկ ռեժիմի՝ վիրավորներին ընդունելու համար։ 9 հոգու վիճակը շատ ծանր է։

Փակվել է ֆակուլտետի մասնաշենքի հարակից ողջ տարածքը՝ Յան Պալախի հրապարակը, ինչպես նաեւ մետրոյի Ստարոմեստսկա կայարանը։

Մասնաշենքի մոտ են փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռակուշանը ու Պրահայի քաղաքապետ Սվոբոդան։ Նրանք Չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում կոչ արեցին բնակչությանը չխանգարել իրավապահ մարմիններին, հարակից տարածքներում չխմբվել եւ մեքենաների մեջից դուրս չգալ։

Ոստիկանության հատուկ ուժերը ֆակուլտետի մասնաշենքի բոլոր սենյակները ստուգում են՝ բացառելու համար հարձակվողի հետ կապ ունեցող այլ մարդկանց գոյությունը։ Ուսանողներն ու դասախոսները արդեն տարհանվել են։

Ոստիկանության պետ Մարտին Վոնդրաշեկը հայտնեց, որ դեռեւս ժամը 12ին լրատվություն են ստացել, որ մի ուսանող ահաբեկչական գործողություն է կատարելու, ճշտել են , թե ժամը 14-ին որ լսարանում նա դասաժամ ունի, գնացել են Ցելետնա փողոցի վրա գտնվող փիլիսոփայության ֆակուլտետի շենք, բոլորին տարհանել են երկու ժամում , եւ 14.55 րոպեին ահանզանգ են ստացել , որ կրակոցներ են հնչել ֆակուլտետի այլ՝ Պալախի հրապարակի մասնաշենքում։ Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց նաեւ, որ հարձակվողը երեք զենքի կրելու օրինական իրավունք է ունեցել։

Հրաձիգը 24 տարեկան չեխ էր, Կլադնոյի շրջանի Հոստուն գյուղից, ուր այսօր մահացած են գտել նաեւ նրա հորը։ Նա սովորել է ֆակուլտետի պատմության բաժնում։ Նախկինում դատված չի եղել։

Չեխիայի նախագահը, վարչապետը ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին։ Պաշտոնապես հերքվել է միջալգային ահաբեկչության հետ կապը։

Ներքին գործերի նախարարությունում բացվել է ճգնաժամային հեռախոսագիծ՝ 924 823 158

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է զոհվածների հարազատներին ու բարեկամներին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում