Դոկտ. Հրաչ Չիլինգիրեանն ընկերաբան է: Սփիւռքագէտ, «Օքսֆորդ» համալսարանի Ասիական եւ Մերձաւոր Արեւելիքի ուսմանց ամբիոնի դասախօս եւ «Հայկական Սփիւռքի Հարցախոյզ» ծրագրի ղեկավար: Համալսարանական կրթութիւնը ստացել է Նիւ Եօրքում, Լոս Անջելէսում եւ Լոնդոնում,- իսկ Ընկերաբանական գիտութիւնների (sociology) դոկտորական կոչումը՝ Լոնդոնի համալսարանից (London School of Economics): Տասը տարի պաշտօնավարել է Քեմբրիջի համալսարանում եւ 2012 թւականից ի վեր «Օքսֆորդ» համալսարանի գիտաշխատող է: Բազմաթիւ մենագրութիւնների, ուսումնասիրութիւնների եւ յօդւածների հեղինակ է (www.hratch.info):
– Ողջոյն պարոն Չիլինգիրեան, շնորհակալ եմ մեր հրաւէրն ընդառաջելու համար: Սփիւռքի մասին Ձեր վերջին մտորումների մասին կը պատմէ՞ք:
– Որպէս հետազօտական աննախադէպ ծրագրի ղեկավար, կուզէի նշել Հայկական Սփիւռքի Հարցախոյզ (ՀՍՀ) ուսումնասիրութեան ծրագիրը: Անցնող հինգ տարիների ընթացքում մենք ուսումնասիրեցինք Սփիւռքի տասը երկրների, աւելի քան 50 համայնքներում ապրող 13,000 սփիւռքահայերի հանրային կարծիքը, շարք, որը կարեւոր թեմաների մասին էր անդրադառնում, ինչպէս՝ ինքնութիւն, լեզու եւ մշակոյթ, համայնքային կեանք, եկեղեցի եւ կրօն, Հայաստանի հետ յարաբերութիւններ: ՀՍՀ-ը գործում է Լոնդոնի Հայկական հիմնարկի հովանաւորութեամբ եւ «Գալուստ Գուլբենկեան» հիմնարկութեան նիւթական աջակցութեամբ: Այս ուսումնասիրութեան հիմնական նպատակն է ներկայացնել այն հարցերը, դիրքորոշումները եւ հակումները, որոնք բնորոշում են 21-րդ դարի հայկական աշխարհը: Հետազօտութիւններ կատարւել են Արգենտինայում, Լիբանանում, Մոնրէալում, Ռումինիայում՝ 2019-ին, Անգլիայում, Բելգիայում, Փարիզում եւ Դոնի Ռոստովում՝ 2021-ին, Միացեալ Նահանգներում եւ Օնթարիօ, Կանադայում՝ 2022-ին: Ցարդ կատարւած աշխատանքի ամբողջական արդիւնքները հասանելի են (www.armeniandiasporasurvey.com) հանրութեան եւ գիտաշխատողների, ինչպէս նաեւ համայնքային ղեկավարների եւ հանրային քաղաքականութիւն ճշտողների համար: Մտածում էինք նաեւ Իրանում կատարել այս հարցախոյզը, բայց մի շարք խնդիրներ կային, որ հնարաւորութիւն չտւեցին այդ աշխատանքը կատարել:
– Ինչպիսին է հայկական Սփիւռքի վերաբերեալ Ձեր այսօրւայ գնահատականը: Միջազգային Սփիւռքի համեմատութեամբ, որտե՞ղ է կանգնած հայկական Սփիւռքն այսօր, ինչո՞վ է առանձնանում:
– Սփիւռքագիտութեան մէջ հայկական Սփիւռքը ընդհանրապէս կը նկատւի որպէս պատմութեան մէջ երեք հնագոյն սփիւռքներից մէկը: Այսինքն, հրեաներին եւ յոյներին առընթեր հայերն էլ միասին նկատւում են, որպէս դասական սփիւռքներ: Հայկական Սփիւռքը կարեւոր ուսումնասիրութեան նիւթ է սփիւռքագէտների համար, որովհետեւ իր պատմութեան ընթացքում դրսեւորել է սփիւռքեան կեանքի բոլոր յատկանիշերը, հետեւաբար իբր նիւթ կարեւորութիւն ունի ակադեմիական շրջանակներում: Սակայն, անհրաժեշտ է ճշտել Սփիւռք ասելով ինչ կը հասկանանք: Ըստ սփիւռքագիտութեան ակադեմիական ազդեցիկ հիմնադիրներից մէկի պորֆ. Խաչիկ Թէօլէօլեանի, Սփիւռք եզրոյթը իր ամենապարզ եւ նւազագոյն հասկացութեամբ վերաբերւում է հայրենիքից հեռացած մարդկանց, անկախ հեռացման պատճառից, չափից: Անշուշտ պէտք է նշենք, որ մօտ 1000 տարի է հայկական Սփիւռք գոյութիւն ունի:
– Պարոն Չիլինգիրեան, Հայաստանը դէմ-յանդիման է դեմոգրաֆիական աղէտի: Հայաստանի բնակչութիւնը վերջին 30-տարում պակասում է. պատերազմ, համավարակ, բնակչութեան ծերացում, ծնելիութեան անկում, թէեւ արցախահայերի բռնի տեղահանութեան պատճառով տեղի ունեցաւ մասսայական արտագաղթ Հայաստանի ուղղութեամբ, սակայն, այսօր բազմաթիւ են խնդիրները, որոնք խոչընդոտում են խոշոր հաշւով սփիւռքահայերի հայրենադարձութեան ապահովմանը: Արդեօք հնարաւոր էք համարո՞ւմ սփիւռքահայերի հայրենադարձութիւնը:
– Որոշ խնդիրներ կան, որոնց կուզէի փոքր ինչ աւելի լայն անդրադառնալ, եւ աւելի յստակ պատկերացում տալ: Նախ ասեմ, որ ժողովրդագրութեան հարցը ըստ իս, երկու իրար կապւած խնդիրներ ունի: Այսինքն՝ թէ՛ Հայաստանը որպէս երկիր, եւ հասարակութեան ժողովրդագրական խնդիրները, եւ թէ՛ հայկական Սփիւռքը տարբեր միջավայրերում: Օրինակ՝ Մերձաւոր Արեւելքի հայկական համայնքները աստիճանաբար սկսել են նոսրանալ, ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ Միջին Արեւելքի մօտ 10 հայաշատ երկրներում, ներառեալ Իրանի եւ Թուրքիայի, հայ բնակչութիւնը անցնող 50 տարիներին նւազել է 65 տոկոսից աւելի: 1975 թւականին ունէինք մօտաւորապէս 600 հազարից աւելի հայութիւն, այս օրերին ապա այդ թիւը հասնում է մօտ 200 հազարի:
Երկրորդ տւեալը, որը կարեւոր է հայկական դպրոցների իրավիճակն է, անցնող 10 տարիներին: Գրեթէ 50 տոկոս նւազում կայ հայկական դպրոցներ յաճախող անձանց, դարձեալ նկատի ունենալով Մերձաւոր Արեւելեան երկրները՝ Լիբանան, Սիրիա, Թուրքիա, Իրան, Քուվէյթ, Յորդանան եւ Իրաք: Հայկական դպրոցների իրավիճակը դիտարկելիս պարզ է դառնում, որ 2010-2011 թւականի ուսումնական տարեշրջանին ունեցել ենք 93 հայկական դպրոցներ եւ 22 հազար 400 աշակերտ: 10 տարի յետոյ, 2021-2022 ուսումնական տարեշրջանին 65 դպրոց եւ 12 հազար 500 աշակերտ, այսինքն սա նաեւ ցուցանիշ է, որը ցոյց է տալիս համայնքների թւի նւազումը:
Այս հարցի միւս երեսակը այն է, որ Միջին Արեւելքի համայնքները գաղթել են դէպի Հայաստան եւ դէպի այլ սփիւռքեան համայնքներ, սակայն հայերի աւելի մեծ տոկոսը գաղթել են դէպի արեւմտեան երկրներ:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետութեանը, ըստ Միացեալ Ազգերի կազմակերպութեան ներկայացրած տւեալների՝ Հայաստանի ժողովրդի թիւը մինչեւ 2040 թւական 2,8 միլիոն է նախատեսւում, իսկ 2050 թւականին՝ 2,6 միլիոն: Հետեւաբար բնակչութեան թւի նւազման այս կանխատեսումները մտածել են տալիս, որ այսօրւայ հիմնական խնդիրը ոչ միայն հայրենադարձութեան ապահովումն է, այլ ունի բազում շերտեր:
Անձամբ հայրենադարձութեան եզրոյթը զգուշութեամբ եմ օգտագործում: Սփիւռքում ապրող շատ հայը այսօր իր ծննդավայր, իր հայրենիքը համարում է իր նախնիների ծննդավայրը: Օրինակ՝ Սիրիա, Լիբանան, Իրաք ապրող հայն իր հայրենքը կարող է դիտարկել Կիլիկիան, Արեւմտեան Հայաստանը, ոչ թէ ներկայ Հայաստանի Հանրապետութիւնը: Անշուշտ Հայաստանի Հանրապետութիւնն այսօր Սփիւռքի համար կարեւոր ազդակ է հայկականութեան, հայկական ինքնութեան որպէս երաշխիքի եւ կարեւոր ներշնչումի աղբիւր: Սփիւռքի արդիւնաւէտութիւնը զուտ հայրենադարձութեան իմաստով դիտարկելը կարծում եմ, որ իրապաշտ մօտեցում չէ:
Այսօր շատ մարդիկ ձգտում են իրենց երկրից հեռանալ: Օրինակ՝ Իրաքի, Լիբանանի, Սիրիայի պարագային, որտեղ կեանքի անվտանգութեան խնդիրներ կան մարդիկ ձգտում են գաղթել այդ երկրներից, նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով: Այդպիսով, նրանք ստիպողաբար են գաղթում այդ երկրներից: Բայց այսօրւայ Սփիւռքը մեծամասամբ ապրում է այն երկրներում, որտեղ հիմնական նման խնդիրներ չկան եւ մարդիկ բարեկեցիկ կեանք ունեն:
– Ինչպէս նշեցիք Սփիւռքի էֆեկտիւութիւնը զուտ հայրենադարձութեան իմաստով դիտարկելը ճիշտ պատկերացում չի փոխանցում: Կարծում եմ հայրենադարձութիւնը խթանելու համար նաեւ անհրաժեշտ է զսպել արտագաղթի հոսքերը:
– Այո, այստեղ նաեւ հարց է առաջանում ինչպէս կարելի է հայրենադարձութիւնը աւելի հրապուրիչ դարձնել, որպէսզի Սփիւռքում ապրող հայերը մտածեն փոխադրւել Հայաստան: Հետեւաբար հսկայական անելիք եւ գործ կայ, որոշ չափանիշեր պէտք է ստեղծւեն, որ որեւէ մէկի համար, Հայաստանը որպէս երկիր եւ որպէս ապրելու ուղղութիւն հրապուրիչ դառնայ: Այսինքն՝ Հայրենիքը, թէ՛ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների, եւ թէ՛ սփիւռքահայերի համար ցանկալի լինի:
Անշուշտ սպասելի չէ, որ Հայաստանը այսքան դժւարութիւններ ունենալով, նրա հարցերը մէկ օրւայ ընթացքում լուծւեն: Հարցն այն է, որ երկարաժամկէտ ծրագրեր պէտք է մշակւի որպէսզի այդ հնարաւորութիւնները ստեղծւեն, որպէսզի մարդիկ որոշեն փոխադրւել այնտեղ:
Արգենտինայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, եւ այլ երկրներում ապրող մարդու համար անհրաժեշտ է բաւարար տւեալներ լինեն այդ որոշումը կայացնելու համար: Այստեղ անշուշտ պէտք է ճիշտ գնահատենք նաեւ հայրենասիրութեան կամ ազգասիրութեան հարցերը: Քիչ չեն այն սփիւռքահայերը, որոնք Հայաստան հաստատւած են անցնող 30 տարիների ընթացքում, ներշնչւած հայրենաշինութեան ծրագրերին մասնակցելու: Այդ բոլորը նկատի ունենալով եղել են որոշ սփիւռքահայեր, որ հաստատւել են ազգային նպատակներով:
Գործնական կամ իրապաշտ եթէ մօտենանք այս հարցին, «հայրենադարձութեան» մասին մտածող անձը պէտք է, որ իր ապրած երկրի նոյն կամ փոքր ինչ աւելի լաւ հեռանկար տեսնի Հայաստանում: Պէտք է շեշտել, որ Սփիւռքը մնայուն իրականութիւն է, եւ այս շատ կարեւոր հանգամանք է Հայաստանի ապագայի համար, որովհետեւ որոշ շրջանակներ Հայաստանում Սփիւռքի մասին խօսում են այն ենթադրութեամբ, որ Սփիւռքը ժամանակաւոր իրականութիւն է, եւ հայերը վաղ թէ ուշ պէտք է վերադառնան, բայց դա իրականութեանը չի համապատասխանում: Անշուշտ սա կապւած է Սփիւռքի ինքնութեան «պահպանութեանը» եւս: Անձամբ ընդհանրապէս խօսոյթիս մէջ պահպանում եզրոյթը չեմ օգտագործում, որովհետեւ երբ, ինչ որ բան պահպանես թանգարանային իրավիճակ կը ստեղծի, կարող ես մի բան տուփի մէջ դնել եւ պահել: Բայց իրական կեանքի մէջ ինքնութիւնը կենսունակ ապրելու հարց է, ոչ թէ եղածը անփոփոխ պահելու հարց:
– Սփիւռքի մասին խօսոյթում կարեւոր տեղ են գրաւում նաեւ սփիւռքեան կառոյցները: Ինչպէ՞ս է հնարաւոր ապահովել Սփիւռքի արդիականացումը, այդ թւում՝ աւանդական կառոյցների:
– Սփիւռքը հնարաւոր է արդիականացնել կենսունակ պահելով հայկական ինքնութիւնը: Ապրելով մեր ինքնութիւնը, մեր լեզուն, մեր մշակոյթը, որոշել եւ ընտրել առնչութիւն ունենալ հայկականին, հայկականութեան հետ: Հարկաւոր է մեր մշակոյթը ստեղագործութիւններով զարգացնենք, երաժշտութիւնը, արւեստը լայն իմաստով: Այդպիսով ինքնաբերաբար այն արդէն կը շարունակւի եւ արդիականցումը տեղի կունենայ: Ցեղասպանութիւնից յետոյ ստեղծւել են մեր դասական կառոյցներն, հայկական կեանքի հիմնական սիւները եղել են հայկական կառոյցները, եկեղեցի, դպրոց, մամուլ, մշակութային կեանք, որոնց հիմնական նպատակը ստեղծելն ու վերականգնելն է եղել հայկական կեանքը: Այսօր Սփիւռքեան համայնքները անհրաժեշտ է վերականգնեն, վերարժեւորեն իրենց հիմնական նպատակները: Հիմնական հարցը, որ պէտք է տան մեր կառոյցներն այսօր՝ ինչպէ՞ս կարող են իրենց ստեղծագործական յատկանիշերը վերականգնեն, եւ ոչ թէ միայն զբաղւեն եղածը պահպանելով:
Շնորհակալութիւն, պարոն Չիլինգիրեան:
Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
ԱԼԻՔ (alikonline.ir)