Պուտինը Հիտլերի նման զբաղված է «հողերի հավաքումով». չեխական թերթն անդրադարձել է Անդրանիկ Միհրանյանի պատասխանին

  • 11.12.2023
  • 0
  • 225 Views

Վերջերս, աչքի անցկացնելով չեխական մամուլի մեկնաբանություններն ու հաղորդագրությունները, հաճախ եմ հանդիպում ռուսաստանաբնակ որևէ պետական գործչի կամ գաղտնի գործակալի մասին հոդվածների, ովքեր ծագումով հայ են և որոնց ռուսամետ ուղղվածությունն ու հստակ առաքելությունը պարբերաբար արժանանում են չեխ լրագրողների ուշադրությանը։ Նման մի վերլուծությամբ է կրկին հանդես եկել դեկտեմբերի 8-ի չեխական ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ օրաթերթը՝ «Պուտինյան «հողերի հավաքման» քաղաքականությունը» վերնագրով, որի հեղինակը Պրահայի Կարելի անվ. համալսարանի Սոցիալական գիտությունների ֆակուլտետի ռուսագետ Կարել Սվոբոդան է: Հոդվածի բովանդակությունը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

«Լատվիայի նկատմամբ լարվածության սրումը կարող է ունենալ մի քանի շարժառիթներ ու սցենարներ» ենթավերնագրի ներքո հեղինակն իր խոսքը սկսել է հետևյալ նախաբանով.

«Վլադիմիր Պուտինի դժգոհ հայացքը վերջերս ուղղվել էր մեկ այլ երկրի վրա։ Լատվիան Պուտինին հետաքրքրել է այն առումով, որը վերջինիս խոսքով «ռուսների հետ վարվում է խոզերի պես»։

Թեև մերձբալթյան երկրները սովոր են եղել ռուսական սպառնալիքներին և Բալթյան երկրներում ռուս փոքրամասնության շահագործմանը, Ուկրաինայի դեմ պատերազմը նրանց նոր հարթություն տվեց։ Եվ ուղղակի կամ անուղղակիորեն դրան նպաստում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային արևմտյան երկրների գաղջ արձագանքը։ Այն, ինչը նախկինում հնչել է որպես սովորական ռուսական հռետորաբանություն (մասամբ արձագանքելով և մյուս կողմից), հանկարծ հնչում է որպես հետագա ագրեսիայի ավետաբեր: Իսկ ռազմական օգնության պարտավորության մասին քննարկումները, կապված բալթյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության հետ, ասես «կանաչ լույս» էին վառում Պուտինի առջև՝ անցնելու գրոհի։ Բնականաբար այլ կերպ է ընկալվում հարձակվելը մի երկրի վրա, որտեղ (ինչպես ռուսական հրամանատարությունն էր կարծում) կա նվիրյալների ուժեղ համայնք, որն առավել հավատարիմ է Մոսկվային, քան Կիևին, և այն չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անբաժանելի մաս։ Հյուսիսատլանտյան դաշինքին, համապատասխանաբար նաև անդամ երկրներին, ոչինչ չէր պարտավորեցնում որևէ կերպ օգնելու Կիևին: Բացի այդ, Ռուսաստանը հենվել էր ուկրաինացի զինվորականների՝ ընդհանրապես կռվել-չկռվելու շատ քիչ վճռականության վրա:

Կրեմլի կողմից թույլ տրվեցին մի քանի հիմնական սխալներ, քանի որ նրա բլից-կրիգը տապալվեց և դրա փոխարեն Ռուսաստանը հայտնվեց օրեցօր ձգձգվող հակամարտության մեջ։ Փաստը, այնուամենայնիվ, մնում է անփոփոխ։ Ուկրաինան միայնակ է պայքարում՝ չնայած այն հանգամանքին, որ թեև մեծ, սակայն հազվադեպ առաքումներ է ստանում Արևմուտքից՝ (հաճախ այն, ինչը մնում է պահեստներում):

Արևմտյան ռազմական արտադրությունը դեռևս չի հասել լայն թափով առաջընթացի։ Բանկերը շարունակում են հավատարիմ մնալ իրենց «էթիկայի կանոններին», որոնք խոչընդոտում են զենքի արտադրության ֆինանսավորմանը։ Այդպիսով, Եվրոպան շարունակաբար գործում է պատերազմից դուրս, իսկ Պուտինը հույս ունի, որ ԱՄՆ-ն կմիանա դրան։ Թերևս առկա են որոշ նշաններ, որ դա դեռ կարող է իրականանալ:

Հռետորաբանության սրացումը

Իհարկե, կարող են հնչել լոկ դատարկ սպառնալիքներ Բալթյան երկրների նկատմամբ։ Ուստի, ըստ այդմ, վերը նշյալ հռետորաբանության հեղինակներից ոմանք պնդում են, որ խոսքը Ռուսաստանի ջանքերի վերաբերյալ է, թե ինչպես ստեղծել նոր «երկաթե վարագույր» ու դեռ դրա համար մեղադրել Եվրոպային։ Չմոռանանք, որ Ռուսաստանը փախստականներին ակտիվորեն մղում էր դեպի Ֆինլանդիայի սահմանը, մինչև Ֆինլանդիան ամբողջությամբ փակեց այն։ Բացի այդ, Ռուսաստանը Էստոնիայի սահմանին պաստառ է տեղադրել՝ «Ռուսական սահմանները ոչ մի տեղ չեն վերջանում» մակագրությամբ։ Իսկ Լատվիայի նկատմամբ հռետորաբանությունը զգալիորեն սրվել է։ Այն, որ տուժած պետությունները կարձագանքեն նման բավականին բացահայտ սադրանքներին, արդեն իսկ ապացուցված է։ Միգրանտների հետ կապված՝ բավական է հիշել պետականորեն կազմակերպված միգրացիոն ալիքը բելառուսա-լեհական սահմանին։ Հետագայում փակվեց և սահմանը, ինչը հարմար էր Լուկաշենկոյի ռեժիմին։ Թե որքանով էր Մոսկվան կանգնած սրա հետևում, պարզ չէ, բայց որ կարողացել է դասեր քաղել՝ կասկածից վեր է։

Դասեր, անշուշտ, կարող է քաղել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակից։ Ռուսական վարչակարգը շատ լավ է գնահատում իր սխալ քայլերն ու, ընդհակառակը, դրական կողմերը և կարողանում է հիմնվել դրանց վրա: Թեև հաճելի չի հայտարարելը, բայց այնտեղ աշխատում են խելացի-բանիմաց մարդիկ, որոնց կողմից նույնպես անխուսափելիորեն թույլ են տրվում սխալներ։ Այդպիսի դաս քաղելը կարող է հանգեցնել նրան, ինչը Կրեմլամետ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը (ում Ռուսաստանն ուղարկել էր ԱՄՆ՝ ժողովրդավարության վիճակը վերահսկելու համար) դեռևս 2014 թվականին անվանել է «հողերի հավաքում»։ Միհրանյանը թեև առաջինը չէր, բայցևայնպես նրա հոդվածը մեծ արձագանք ունեցավ։ Պատասխանելով Չեխիայում ոչ պակաս հայտնի ռուս պատմաբան, պրոֆեսոր Անդրեյ Զուբովի հոդվածին՝ Միհրանյանը փաստարկել է, որ Հիտլերին (ում հետ Զուբովը համեմատել է Պուտինին) պետք է բաժանել երկու մասի՝ մեկնաբանելով հետևյալը. «Իրականում Պուտինը խոսում է Հիտլերի պես և գործում է Հիտլերի նման։ Խոսքը լավ Հիտլերի մասին է։ Չէ՞ որ երկու Հիտլեր կար. մեկը՝ մինչև 1939 թվականի, այսպես կոչված, «շատ լավ Հիտլերն» էր, ով հոգում էր գերմանական ժողովրդի շահերի մասին և նվիրաբար զբաղվում Գերմանիային պատկանող պատմական կամ էթնիկ «հողերի հավաքմամբ» (որոնց թվում էին Ավստրիան կամ Սուդետիան, թեև նա բաց թողեց Չեխոսլովակիայի մնացած տարածքների օկուպացիան, այնուհետև ներխուժելով Լեհաստան՝ սխալվեց ու հատեց այդ սահմանը), իսկ մյուսը, այսպես կոչված, «վատ Հիտլերն» էր, ով սկսեց համաշխարհային պատերազմը։ Միհրանյանի փաստարկմամբ, հողերի հավաքման շնորհիվ Հիտլերը կմնար Գերմանիայի մեծ կանցլերը, այնինչ, անցնելով այս սահմանը, դարձավ ոճրագործ։ Եթե ​​նույնիսկ մի քանի ոտնաչափ զուգահեռներ միշտ կաղում են, այնուհանդերձ չի կարելի բացառել, որ նպատակը հենց այդպիսի «հողերի հավաքումն» է։ Ի վերջո, Ուկրաինա ռազմական ներխուժմանն անգամ նախորդել են Ուկրաինայում ռուս ժողովրդի ցեղասպանության մասին շրջանառվող խոսակցությունները՝ առանց Ռուսաստանի կողմից այդ ցեղասպանության առումով որևէ ապացույց ներկայացնելու»,- գրել է Կարել Սվոբոդան հոդվածում։

«Ինչպես օգնել Պուտինին ընտրություններում» ենթավերնագրով պարբերությունում հեղինակն ընդգծել է հետևյալը. «Պատմությունից և ներկայից դաս քաղելու կարևորությունն այն է, թե ինչպիսին է ավելի ընդարձակ աշխարհի կողմից արձագանքը։ Այս կերպով Ռուսաստանի ղեկավարությունն ազդակներ է հավաքում, որոնք մատնանշում են, որ անգամ ռուսական փոքրամասնության հնարավոր ակտիվացումը չի կարող ռազմական հակազդեցություն առաջացնել ՆԱՏՕ-ի առնվազն որոշ անդամ երկրների մոտ։ Փոքրամասնության ակտիվացման մոդելը, որը «պայքարում է ինքնորոշման իր օրինական իրավունքների համար», ամենևին նորություն չէ։ Ռուսաստանը սկսում է խոսել ռուս փոքրամասնության տառապանքների մասին, որից հետո ակտիվանում է տեղեկատվական արշավ, որը հենց այսպիսի ձայներ է ավելացնում Եվրոպայի հանրային տարածքին։ Նույնը եղել է Ղրիմում և Դոնբասում։ Իսկ «դա մեր գործը չէ» կամ «ով գիտի՝ ինչպես է եղել» ոճով արձագանքները միայն նպաստում են նմանատիպ վարքագծին»։

Անդրադառնալով Ռուսաստանի ներքին քաղաքական իրավիճակին և մոտալուտ ընտրություններին՝ օրաթերթը շեշտադրել է հետևյալ կարևորությունը. «Մյուս շարժառիթներից է երկրի ներքաղաքական իրավիճակը, որը սերտորեն կապված է նախորդ երկու շարժառիթների հետ։ Ռուսաստանում նախագահական ընտրություններ են սպասվում։ Թեև կասկած չկա, որ Վլադիմիր Պուտինը դարձյալ կհաղթի, այնուամենայնիվ անհրաժեշտ է ունենալ քննարկման ուժեղ թեմա։ Ուկրաինայի դեմ պատերազմը (որին Ռուսաստանը շարունակ դնում է Արևմուտքի դեմ պատերազմի միևնույն հարթության վրա) դեռ ունի որոշակի ներուժ, բայց այն աստիճանաբար նվազում է։ Դրա կյանքի բերումը նոր շարժառիթով, այդպես կարող է նպաստել Վլադիմիր Պուտինի ավելի մեծ մասնակցությանն ու աջակցությանը ընտրություններին։ Լարվածությունը կարող է առաջ քաշել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մոբիլիզացվածների մասնակցությունը պատերազմին կամ աճող գնաճը: Քարոզչությունը շատ բան կարող է անել, բայց ամենևին չես շեղվի նշագծից, որ ի վերջո ինքդ էլ քեզ օգնես:

Այսպիսով, Լատվիայի նկատմամբ լարվածության սրումը կարող է ունենալ մի քանի շարժառիթներ ու սցենարներ՝ այն էլ ոչ անպայմանորեն միմյանց բացառող։ Ինչևէ, դեռ պատեհ ժամանակն է պատրաստ լինել բոլոր հնարավոր դեպքերին։ Այո՛, շատ ավելի լավ ու հարմար, քան կռահել, թե ինչ է կատարվում Վլադիմիր Պուտինի գլխում»,- ապագայի հանդեպ այս մտահոգությամբ է ամփոփվում հեղինակի վերլուծությունը ԼՆ պարբերականում։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում