
Օգտվելով X սոցիալական ցանցի հաղորդագրությունից՝ չեխական ՊՐԱՎՈ պարբերականը, երկուշաբթի օրվա համարում, մեջբերում է կատարել ՉՀ-ի Արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելայի (STAN կուսակցությունից) հետևյալ գրառումը. «Հոկտեմբերից որոշ առևտրականներ սկսել են ռուսական գազ ներկրել Չեխիա։ Այս տարվա հունվարից մինչև հոկտեմբերի վերջ մատակարարումների ընդհանուր ծավալում ռուսական գազը կազմել է 79,6 մլն խմ կամ 1,2 տոկոսը։ Կոնկրետ ներմուծողների մասին չեն տրամադրվում տեղեկություններ՝ առևտրային գաղտնիք համարվելու պատճառով»,– գրել է օրաթերթը՝ ավելացնելով, որ ռուսական գազի ներհոսքը Չեխիա հավաստում են նաև Հարավային Մորավիայի տարածաշրջանի Լանժոտում գտնվող փոխանցման կայանից ստացված տվյալները։
«Այս սահմանային կայանում, հոկտեմբերի սկզբից, գազն այլևս չի հոսում Չեխիայից Սլովակիա, ինչպես նախկինում էր, այլ հակառակ ուղղությամբ՝ Սլովակիայից Չեխիա։ Եվ դա օրական մինչև 100 գիգավատ ժամ ծավալով»,- օրաթերթին հայտնել է Չեխիայի Trinity Bank-ի գլխավոր տնտեսագետ Լուկաշ Կովանդան՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունից ստացված տեղեկատվությունը։
Վերջինիս հավաստմամբ, ներկայումս Չեխիա ներկրվող գազի առնվազն 40 տոկոսը գալիս է Ռուսաստանից։
«Հաշվի առնելով, որ որոշ երկրներ դեռևս չեն կարող դիմակայել առանց ռուսական գազի, դրա ներմուծումը ԵՄ, փաստացի, ենթակա չէ պատժամիջոցների։ Անշուշտ, ճշմարիտ կհամարեի, որպեսզի սպառողները լինեին տեղեկացված, որ դա ստանում են ռուսական գազ գնող մատակարարներից»,-հարցը դիտարկելով քաղաքական տեսանկյունից՝ ընդգծել է նախարար Սիկելան, հավանաբար անտեսելով, որ առջևում ձմեռ է, իսկ հասարակ սպառողին էական չէ քաղաքական սկզբունքներին հետևելու կարևորությունը։
Նախարարությունից ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական գազի ներհոսքը Չեխիա կասեցվել է այս տարվա սկզբից։ Պետությունն այն փոխարինել է Նորվեգիայից եկող գազով, ինչպես նաև Հոլանդիայից և Բելգիայից ներմուծվող հեղուկացված LNG գազով։ Նախորդ տարիներին ռուսական գազի մասնաբաժինը կազմել է շուրջ 97 տոկոս։
«Հարկավոր է կշռադատել, կա՞ արդյոք ազգային մակարդակով սահմանափակող միջոցների ներդրման անհրաժեշտություն, թե՞ շարունակենք համակարգել մեր առաջընթացը ԵՄ-ի շրջանակներում»,- նշել է նախարարն իր վերոհիշյալ գրառման մեջ, ինչով էլ ամփոփվում է հաղորդագրությունը։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար