Անցյալ շաբաթվա չեխական ՄՖ ԴՆԵՍ պարբերականի «Կօգտագործե՞նք արդյոք կովկասյան շանսը» վերլուծությունը, ինչ խոսք, գրավիչ է իր լավատեսական վերջաբանով։ Այնուամենայնիվ, անհնար է չնկատել հեղինակի հիացմունքն ու ոգևորվածությունը՝ Ադրբեջանի հաղթանակը կամ Ալիևի առաջխաղացումները ներկայացնող պարբերություններում։ Նման մեկնաբանություններն ընթերցելիս, մտովի տեղափոխվում ենք մեր մանկության թումանյանական «Ոսկի քաղաքը»։Ինչևէ, վերլուծության հեղինակն ազգությամբ չեխ, անվտանգության փորձագետ և վերլուծաբան Միլոշ Բալաբանն է։ Ստորև ծանոթացեք վերլուծությանը, որն ունի ոչ միայն ադրբեջանամետ ուղղվածություն, այլեւ որոշ տեղերում հիմնված է սխալ տեղեկատվության վրա։
«Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ազդարարել են պետության գոյության դադարեցման մասին։ Այսինքն՝ հայկական անջատողականների կողմից առաջադրված և միջազգայնորեն չճանաչված այն պետության, որն իրենց լեզվով հայտնի է որպես Արցախ, սակայն գտնվում է Ադրբեջանի կազմում»,- գրում է օրաթերթը հոդվածի ենթավերնագրում։
«Այդպես տեղի ունեցավ 2020 թվականին ադրբեջանական բանակի ռազմական գործողություններում հաջողված բլիցկրիգի ճնշման ներքո։ Ադրբեջանը հենց այդ ժամանակ հետ նվաճեց բոլոր այն տարածքները, որոնք կորցրել էր 1990-ականների սկզբին՝ Հայաստանի հետ պատերազմում։
Ահա, այսպիսով ավարտին մոտեցավ մի սառեցված հակամարտության պատմություն, որն ուներ ավելի քան երեսուն տարվա երկարատևություն։ Անշուշտ այստեղ նպաստավոր առիթ հանդիսացավ նաև ռուսական ռազմական ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի։ Քանզի, և՛ Մոսկվան, և՛ Արևմուտքը առավել կենտրոնացված էին ուկրաինական հակամարտության վրա, ինչը շեղել էր նրանց ուշադրությունը Հարավային Կովկասի իրադարձություններից։
Սակայն, միաժամանակ, միջազգային հանրությունը ուկրաինական իրադարձությունների ազդեցության տակ հաստատեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելը պետք է գերակա լինի անջատողական փոքրամասնության շահերից։
Հարկ է հիշեցնել, որ անգամ Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից պաշտոնական անջատման պահանջից, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց նրա տարածքային ինքնավարությունը՝ հավանաբար գիտակցելով, որ այլևս անհնար է շարունակել իր նախորդների «դիվանագիտական կեղծավորությամբ» քաղաքականություն վարելը, երբ Ղարաբաղը միջազգայնորեն չի ճանաչվել Հայաստանի կողմից, բայց իրականում այս տարածաշրջանը գործել է իբրև նրա անբաժանելի մաս։
Հայաստանի Փաշինյանամետ մասն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղից կառչելու փոխարեն ավելի էական է պահպանել բուն Հայաստանի գոյությունը, որը տառապում է աշխարհաքաղաքական շրջափակումից, ինչն էլ իր հերթին առաջացնում է տնտեսական լճացում և երկրի տարածքից մարդկանց հսկայական արտահոսք, հիմնականում՝ կրթվածների։
Ադրբեջանում տիրող իրավիճակը պետք է դիտարկել տարածաշրջանի ավելի լայն համատեքստում։ Կրոնական և մշակութային առումով այն հանդուրժողականություն ցուցաբերող երկիր է, որտեղ (Լեռնային Ղարաբաղից զատ) ապրում է տասնյակ հազարավոր հայկական փոքրամասնություն, ինչպես նաև նշանակալի թվով հրեական փոքրամասնություն։ Սա ինքնին արդեն վկայություն է նման մահմեդական երկրում զգալի հանդուրժողականության առկայության մասին։ Ադրբեջանը քաղաքականապես կայուն երկիր է, իսկ նախագահ Ալիևն ունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը, այդ թվում և՝ Հայաստանի նկատմամբ իր վարած քաղաքականության ոլորտում։
Ադրբեջանի քաղաքականության փորձաքարն այժմ լինելու է ղարաբաղցի հայերի անվտանգության ապահովումը։ Իրականությունը հայերի զանգվածային հեռանալն է Ղարաբաղից: Նրանցից հարյուր հազարն արդեն ժամանել է Հայաստան, մինչդեռ անկլավում ապրում էր շուրջ 120 հազարը։ Համենայնդեպս, դեռ չկա ոչ մի տեղեկություն, որ սա եղել է հարկադիր տեղահանում։ Առայժմ ադրբեջանցի զինվորները փախստականներին թույլ են տալիս առանց որևէ ավելորդությունների հատել սահմանը, իսկ Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ բարդ ազգամիջյան հարաբերությունները խաղաղ ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը»,- գունազարդ կերպով մեկնաբանել է հոդվածագիրը
Գազային դիվանագիտություն
Այս ենթավերնագրի ներքո Բալաբանն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև «ակտիվ դիվանագիտական գործունեության» ծավալմանը, Միշելի միջնորդությամբ Ալիև-Փաշինյան բանակցություններին, Չեխիա-Ադրբեջան առևտրային փոխհամագործակցությանը՝ (չնայած այն հանգամանքին, որ դրանից ստացված արդյունքը մի կողմի համար շահութաբեր էր, իսկ հայերի համար՝ մահաբեր), ինչպես նաև նավթա-գազամուղային այն երկար սպասված փայլուն հեռանկարին, որը ոչ միայն կխթանի ճգնաժամի հաղթահարմանը Արևմուտքում, այլև կհանդիսանա Հայաստան-Ադրբեջան երկկողմ թշնամանքի վերացման ու հաշտեցման թերևս միակ աստվածային հնարավորությունը՝ երկու ժողովուրդների միջև.
«Ընդ որում, պարադոքսն այն է, որ անկախ վերջին երեք տարիներին Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունից, որը ստեղծվել էր 2020 թվականի ադրբեջանական ռազմական գործողությունից հետո, համեմատաբար ակտիվ դիվանագիտական գործունեություն է ծավալվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո Ալիևի և Փաշինյանի միջև ընթացել է բանակցությունների վեց փուլ։ Ղարաբաղյան հիմնախնդրից բացի, բանակցող կողմերը մոտ են եղել փոխհամաձայնության ձեռքբերմանը և մի շարք հարցերում, ինչպիսիք են՝ երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, սահմանների սահմանազատումը, ավտոմոբիլային և երկաթուղային կապերի առումով պայմանների ստեղծումը և այլն։
Այնուհետև, այս տարվա մայիսին, Վաշինգտոնում կայացել են հակամարտող կողմերի արտգործնախարարների մակարդակով բանակցություններ, որի ընթացքում դիտարկվել է երկկողմ պայմանագիր, ինչը կդադարեցներ 1991 թվականին երկու երկրների անկախության հռչակումից ի վեր շարունակվող պատերազմական վիճակը։ Նկատելի էր նաև վարչապետ Փաշինյանի դրսևորած քաղաքական խիզախությունը, երբ բանակցություններ էին ընթանում ոչ միայն Ադրբեջանի, այլև նրա դաշնակցի՝ Թուրքիայի հետ, որի հետ Երևանը չունի դիվանագիտական հարաբերություններ. (թեև Փաշինյանի մասնակցությունը վերընտրված նախագահ Էրդողանի հունիսյան երդմնակալությանը ուժեղ ազդանշան էր այդ առումով)։Այնուհանդերձ, հարաբերությունների կարգավորումը միանշանակ հեշտ չի լինի ներկա դրությամբ։ Քանզի իրավիճակն ակնհայտորեն նոր քաղաքական դինամիկա է ձեռք բերում Հարավային Կովկասում։ Բաքուն մեծ նշանակություն ունի ԵՄ եվրոպական էներգետիկ անվտանգության համար։ Անցյալ տարի այն 12 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել Միությանը, ինչը մեկ երրորդով ավել է, քան 2021 թվականին։ 2022 թվականի հուլիսին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Ադրբեջան կատարած այցի ընթացքում, համաձայնագիր է ստորագրվել գազի արտահանումը մինչև 20 միլիարդ խորանարդ մետր ավելացնելու վերաբերյալ։ Հետևաբար գազը կամ նավթը նույնպես կարող են ադրբեջանա-հայկական հարաբերությունների կայունացուցիչ դեր խաղալ։ Այժմ խոսվում է Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Միջերկրական ծովի տերմինալներ գազատարի կամ նավթամուղի կառուցման մասին։ Ենթադրաբար, ընդհանուր տնտեսական շահը կարող է պարզապես ունենալ նախկին հակառակորդներին մերձեցնելու ներուժ:
Կարևոր է, որ Չեխիան այդ տարածաշրջանի զարգացումների ընթացքին լինի հետևողական գոնե այն պատճառով, որ Բաքուն երկար ժամանակ եղել է «Չեխիայի աննկատ դաշնակիցը»՝ իր նավթի մատակարարումներով. (2022 թվականին այն Չեխիայի երկրորդ խոշոր մատակարարն էր)։
Ի հայտ են գալիս համագործակցության նաև այլ հնարավորություններ։ Ադրբեջանին ուժեղ և արդյունավետ բանակ ունենալու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե Հայաստանի պատճառով, այլ առաջին հերթին նրանով, որ անվտանգության առումով այն այսօր գտնվում է զգայուն տարածքում՝ Արևմուտքի երկու հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Իրանի միջև «ճզմված բռնակում», ինչպես նաև՝ դեռևս անկայուն Մերձավոր Արևելքի անվտանգության տիրույթում։
Ուստի, տրամաբանական է, որ Ադրբեջանն ամրապնդի ռազմավարական հարաբերությունները Արևմուտքի հետ, ինչն արդեն տեղի է ունենում ռազմական տեխնիկայի ներմուծման միջոցով։ Խոսքը ոչ միայն չեխոսլովակյան «DANA» տեսակի հաուբիցների մասին է, այլև իսպանական ռադարների, ամերիկյան ուղղաթիռների և այլ զինտեխնիկայի։
Ինչ վերաբերվում է Հայաստանին, պետք է հաշվի առնել Փաշինյանի հետևյալ վերջին հայտարարությունը. «անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ռազմավարական սխալ էր»։ Վերոհիշյալ զարգացումների մասին է վկայում նաև սեպտեմբերին տեղի ունեցած հայ-ամերիկյան բանակների՝ «Eagle Partner 2023» տասնօրյա համատեղ զորավարժությունը՝ նվիրված խաղաղապահության և անվտանգության ոլորտում համագործակցությանը։ Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք կարող է նպաստել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Որպես ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակից՝ Չեխիան նույնպես շահագրգռված է, որպեսզի վերջ դրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև թշնամանքին։ Իսկ Չեխիան կարող է նպաստել դրան՝ շնորհիվ լավ հարաբերությունների, որն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Հետևաբար, չպետք է նման շանսը բաց թողնենք»։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար