Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ Պորտուգալիայի Ալբուֆեիրա քաղաքում անցկացված քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում Չեխայի հավաքականի անդամ բռնցքամարտիկ Անատոլի Հունանյանը երկու հաղթանակ տանելով ադրբեջանցի եւ կանադացի մարզիկների հետ մրցապայքարում , անցել էր կիսաեզրափակիչ։ Այսօր մեր հայրենակիցը 84կգ քաշային կարգում մրցապայքարի մեջ է մտել Պորտուգալիայի եւ Գերմանիայի մարզիկների հետ եւ երկուսին էլ հաղթելով՝ դարձել է Քիքբոքսինգի KickLight մարզաձեւի վետերանների աշխարհի չեմպիոն։
Քանի որ նա արդեն 41 տարեկան է, բազմիցս հանդես է եկել սիրողական եւ պրոֆեսիոնալ ռինգում, դարձել Չեխիայի, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի չեմպիոն, այժմ կարող է մասնակցել միայն վետերանների մրցապայքարին, որը սկսվում է 40 տարեկանից բարձր տարիքային խմբի համար։
Չնայած ակտիվ մարզչական աշխատանքին, Անատոլին կարողացավ փայլուն հանդես գալ Պորտուգալիայում եւ ապացուցեց, որ նույնիսկ 41 տարեկան հասակում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։ Ու թեեւ նա հանդես էր գալիս Չեխիայի հավաքականի կազմում, բայց հոգով ու սրտով Հայաստանի հետ է, մշտապես ծածանել է նաեւ հայկական դրոշը։ Իսկ այս տարի հաղթահարելով 5165 մետրը, բարձրացել էր Արարատի գագաթը։ Իբրեւ վկայություն այդ կապվածության, նրա մեջքի վրա բացի Արարատից, դաջված են նաեւ Հայկ Նահապետն ու Սասունցի Դավիթը։
Շնորհավորում ենք մեր շնորհալի, ուժեղ եւ հայրենասեր հայրենակցին, եւ մաղթում նոր նվաճումներ սպորտում եւ անձնական կյանքում։
Օրեր ամսագիր