Արամ Խաչատրյանը եւ ջազը. բարեգործական համերգ Մյունխենում՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ

  • 18.11.2023
  • 0
  • 47 Views

Նոյեմբերի 16-ին Մյունխենի Ամենայն Սրբոց Արքունի եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում կայացավ Armenian Colors Jazz Quartet երաժշտախմբի բարեգործական համերգը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ:

Համերգի խորագիրն էր “Aram Khachaturian meets JAZZ” և նվիրված էր աշխարհահռչակ կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակին։ Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Բավարիայի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտ. տկն. Քրիստինե Զասեն և միջոցառման կազմակերպիչ EUROPAMUSICALE Եվրոպական մշակութային հիմնադրամի խորհրդի նախագահ Հելմութ Պաուլին:

Հնչեցին Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանմամբ, ինչպես նաեւ Մեծն Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Համերգի վերջում հնչեց Վահագն Հայրապետյանի խորհրդանշական համարվող հեղինակային «Խաղաղություն» (Peace) ստեղծագործությունը:

Նշենք, որ տոմսերի վաճառքից գոյացած հասույթը Գերմանահայկական միության (DAV Social) միջոցով կփոխանցվի Հայաստան՝ Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքներին աջակցության նպատակով:

Համերգն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, որի թվում էին գերմանացի հասարակական և քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և ջազի այլ սիրահարներ:

Բարեգործական համերգը կազմակերպվել էր EUROPAMUSICALE Եվրոպական մշակութային հիմնադրամի կողմից՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Համերգի հովանավորներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Բավարիայում ՀՀ պատվո հյուպատոս դոկտ. Քրիստինե Զասեն, Մյունխենի WGZM (Wirbelsäulen und Gelenke Zentrum) բժշկական հաստատությունը:

Ընդգծենք, որ հոբելյանական այս նշանակալի իրադարձությունը Մյունխենում հնարավոր դարձավ կյանքի կոչել EUROPAMUSICALE հիմնադրամի աշխատակից, մեր հայրենակցուհի Արմինե Բաբայանի անխոնջ ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ Վահագն Հայրապետյանի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Համերգից հետո Արմինե Բաբայանը մասնավորապես ասաց « Անշուշտ,մեր մտահաղացումը, որը դարձավ իրականություն և շքեղ համերգ, ինձ իրապես երջանկացրեց։ Ա.Խաչատրյանի 120 ամյակին նվիրված հոբելյանական տարում անմասն չմնացինք նաև մենք, ես և իմ հրաշալի թիմը։ Երախտագիտությունս եմ ուզում հայտնել բոլորին,ովքեր վարակվեցին այս գաղափարով և աշխատեցին ։Արդյունքում ստացանք միջոցառում, որն ավելի համախմբեց մեզ, ավելի հանրահռչակեց ՀԱՅԿԱԿԱՆԸ և որը հետագայում կօգնի այս պահին կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին լինել օգտակար։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում