«Աշխարհը մեզ մոռացել է. ասում են հայ փախստականները». Չեխական ռադիո

  • 07.11.2023
  • 0
  • 241 Views

«Մինչև վերջերս նախկին Խորհրդային Միության կազմում առկա էին անհասկանալի միջազգային իրավական կարգավիճակ ունեցող վեց տարածքներ։ Բայց տարեցտարի մնացին երեքը։ Նախ, տեղական կեղծ հանրաքվեների հիման վրա, Ռուսաստանն իր տարածքին միացրեց ուկրաինական Դոնբասի երկու ինքնահռչակ (Դոնեցկի և Լուգանսկի) հանրապետություններ։ Ընդամենը երկու ամիս առաջ, հերթը հասավ նաև Լեռնային Ղարաբաղին…»,- Չեխական ռադիոյի «Հորիզոնից այն կողմ» հաղորդման նոյեմբերի 5-ի եթերում այս նախաբանով է հանդես եկել չեխ մեկնաբան Տոմաշ Հավլինն իր «Աշխարհը մեզ մոռացել է. ասում են հայ փախստականները, ովքեր արդեն երկու ամիս է, ինչ վտարվել են Լեռնային Ղարաբաղի իրենց տներից» վերնագրով ռադիոելույթում, որում հեղինակը մասնավորապես անդրադառնում է վտարանդի արցախահայության այսօրվա վիճակին՝ ընդգծելով հետևյալը.

«Սեպտեմբերի կեսերին ադրբեջանցի զինվորները Լեռնային Ղարաբաղից տեղահանեցին ավելի քան հարյուր հազար հայերի։ Սակայն համաշխարհային լրատվությունների վերնագրերում հումանիտար ճգնաժամն իր տեղը զիջել է Իսրայելի և Համասի պատերազմին։ Փախստականների մեծամասնությունն ապաստանել է Հայաստանում։ Այնտեղ էլ առանձնապես «վարդի թերթիկներով» զարդարված մահճակալներ չունեն։ Հաղթանակով զորացած Ադրբեջանը հետագայում կարող է այլ պահանջներ ներկայացնել։ Հետևաբար, Հայաստանին սպասում են նոր մարտահրավերներ»:

Հաղորդման ընթացքում հնչում է վերջին պատերազմը վերապրած Նինա անունով մի տիկնոջ վկայությունը. «Սովորական օր էր։ Երեխաները դպրոցում էին, ուսանողները՝ համալսարանում։ Իսկ նրանք, ովքեր շրջափակման ամիսներին չէին գործազրկվել, դեռ առօրյա աշխատանքի մեջ էին։ Հանկարծ պատերազմը պայթեց, և սկսեցին մեզ ռմբակոծել։ Իրավիճակից հասկացանք, որ պետք է անմիջապես փախչենք, այլապես բոլորիս կսպանեն»,- պատմում է տիկինը, ով գրեթե իր ողջ կյանքն ապրել է (1990-ականների կեսերին ղարաբաղահայության կողմից հռչակված, սակայն միջազգայնորեն չճանաչված) Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Երկար տարիներ դասախոսել է համալսարանում՝ իրեն նվիրելով գրականությանը, ում ամենահայտնի չեխ հեղինակներն են Միլան Կունդերան և Յարոսլավ Հաշեկը։

Ուրվականների քաղաք

Այս ենթավերնագրի ներքո հեղինակը հավելվում է. «Երբ Ադրբեջանի զորքերը մտել են Ստեփանակերտ, անմիջապես կենտրոն չեն հասել և դեռ մնացել են քաղաքի ծայրամասերում։ Ռուս խաղաղապահները ձեռքերը ծալած հետևել են, թե ինչպես են զինվորականներն ավերում քաղաքը»։

«Մենք՝ հայերս, վերջին 3 հազարամյակների ընթացքում երբեք չենք լքել Արցախը։ Իսկ հիմա ստիպված էինք ամեն ինչ թողնել այնտեղ՝ (մեր տները, հագուստը, կահկարասին) ու հեռանալ։ Բայց դա այնքան կարևոր չէ, որքան մեր նախնիների գերեզմանները, մեր սրբավայրերն ու վանքերը: Մեզ ստիպեցին լքել մեր պապերի երկիրը»,- մեկնաբանությանը կից մեջբերվում է ականատեսի ամփոփիչ խոսքը։

«Այսպես է Նինան հիշում սեպտեմբերի 19-ը՝ ադրբեջանական բանակի հարձակման օրը։ Իր ողջ ընտանիքով քաղաքից փախչելը Նինան համեմատում էր մղձավանջի հետ: Նրանք 70 կիլոմետր հեռավորությունն անցել են գրեթե երկու օրում։ Ի վերջո, Հայաստան են ժամանել ավելի քան հարյուր հազար հայեր, որոնց մեծ մասը եղել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ։ Իսկ իրենց նախկին մայրաքաղաք Ստեփանակերտը վերածվել է ուրվականների քաղաքի»,– նշում է Հավլինը՝ նկարագրելով իրադրությունը Հայաստանում. «Հայաստանը ձգտում է օգնել փախստականներին, սակայն Կովկասի հարավում առանց ծովային ելքի պետությունը տնտեսապես առանձնապես ուժեղ չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում գներն աճել են՝ մոբիլիզացիայից խուսափող և տեղափոխվող տասնյակ հազարավոր ռուսների ժամանումով։ Բնակարանները նույնպես նկատելի թանկ են։

Ղարաբաղցի հայերից շատերն այն զգացմունքն ունեն, թե աշխարհը նրանց մոռացության է մատնել՝ լքելով և դավաճանելով իրենց։ Ուստի, տիրող իրադրության մեղքը բարդում են Հայաստանի իշխանությունների վրա, որոնք չափազանց շատ էին վստահում Ռուսաստանին՝ անվտանգության երաշխիքների հարցում, այնուհետև մեղադրում են հենց Ռուսաստանին, երբեմն էլ նաև Եվրամիությանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտոկրատ կառավարության հետ բիզնեսի ամրապնդման գործում»,- շեշտվում է հաղորդման մեջ։

Հաջորդը Հարավային Հայաստա՞նն է

Այս ենթավերնագրի ներքո հաղորդավարը հանդես է գալիս հետևյալ կարծիքով. «Ինչևէ, Հայաստանը պետք է նայի և ապագային, այլապես կարող է կորցնել ավելին։ Հանրահայտ կովկասագետ Թոմաս դե Վաալի խոսքով, հակամարտության մեկ այլ հնարավոր օջախ է Զանգեզուրի շրջանը, որը գտնվում է Հայաստանի հարավում: Եթե ​​Ադրբեջանին հաջողվի առաջ մղել միջանցքային տարածքը, այդպիսով ուղիղ ցամաքային կապ կհաստատի իր մեծ դաշնակցի՝ Թուրքիայի հետ»,- հայտնում է չեխ մեկնաբանը։

«Պրահայի Կարելի անվ. համալսարանի քաղաքագետ Էմիլ Ասլանի մեկնաբանությամբ, այժմ Հայաստանին ձեռնատու է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, փոխհամաձայնության գալ Բաքվի հետ՝ սահմանների սահմանազատման հարցում՝ միաժամանակ կարգավորելով և հարաբերությունները Թուրքիայի հետ»,- կարևորում է Տոմաշ Հավլինը, ով աչքաթող չի անում նաև հետևյալ փաստը.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ցանկանում է ընդլայնել Հայաստանի դիվանագիտական ​​հարաբերությունները և հույսը չդնել միայն Ռուսաստանի վրա՝ արդյունքում քննադատության արժանանալով Կրեմլի կողմից, իբր այդպիսով Հայաստանը դառնում է «երկրորդ Ուկրաինա»։

Հաղորդման վերջում, հիմնվելով Ասլանի կարծիքին, հաղորդավարը մեջբերում է քաղաքագետի ամփոփիչ խոսքերը. «Հայաստանն այդպիսով կկարողանա նաև ինչ-որ բան «քաղել» ղարաբաղցի հայերի ողբերգությունից։ Եթե դուրս գա Ռուսաստանի հանդեպ իր, այսպես կոչված, վասալային կարգավիճակից, հնարավորություն կունենա ավելի ամուր հարաբերություններ հաստատել Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հետ՝ մի քանի տարուց նույնիսկ արևմտյան կառույցներին միանալու մտադրությամբ»։

Ելույթի վերջաբանում հնչում են հաղորդման եզրափակիչ անոնսները. «Որքա՞ն է տների վարձավճարը Երևանում: Ինչու՞ են Լեռնային Ղարաբաղից փախստականները տեղափոխվում Ռուսաստան: Հարավային Կովկասի իրադարձություններին ինչու՞ կարող է հետաքրքրությամբ հետևել նաև Չինաստանը։ Այս հարցերին կպատասխանի Տոմաշ Հավլինի «Հորիզոնից այն կողմ» ռադիոհաղորդաշարը»։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում