Չեխիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Իսրայելին իր հզոր պաշտպանական արդյունաբերության շնորհիվ,Էրդողանը կոչ է արել Իսրայելին վերջ դնել ռազմական հարվածներին Գազայի հատվածում.չեխական մամուլ

  • 26.10.2023
  • 0
  • 56 Views

Այսօրվա չեխական մամուլն անդրադարձել է Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության առնչությամբ ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների՝ Չեխիայի և Թուրքիայի քաղաքական ակտիվություններին։ Ծանոթանալով «ՄՖ ԴՆԵՍ» և «ՊՐԱՎՈ» օրաթերթերում լուսաբանվող լրատվությանը՝ կնկատենք Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում երկու անդամակիցների միմյանց հակասող մոտեցումներն ու դիրքորոշումները հակամարտության նկատմամբ։

Օրաթերթերում առաջին հերթին ներկայացվում է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի երեկվա այցը Իսրայել, որի ընթացքում վերջինս հանդիպել է իր գործընկեր Բենիամին Նեթանյահուի, ապա Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։ «Ֆիալայի հավաստմամբ, Չեխիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Իսրայելին իր հզոր պաշտպանական արդյունաբերության շնորհիվ։ Իսրայելը հետաքրքրություն է ցուցաբերել առաջարկի նկատմամբ։ Քաղաքական հանդիպումներից բացի, Թել Ավիվի հիվանդանոցում Պետր Ֆիալան հանդիպել է նաև ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումներից փրկված մարդկանց հետ»,- նշվում է մամուլում՝ մեջբերելով ՉՀ-ի վարչապետի ֆեյսբուքյան գրառումը. «Այս հարձակումների դաժանությունն անսահման է, և պետք է բոլորս առաջնորդվենք այն գիտակցությամբ, թե ինչ արժեքների համար է պայքարում Իսրայելը և ինչ վտանգից է պաշտպանվում»։

Մյուս կողմից ուշագրավ է նաև «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթի «Էրդողան. «ՀԱՄԱՍ-ը ահաբեկիչների խմբավորում չէ, այլ ազատարարների» վերնագրով հոդվածը, որի տեղեկացմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նկատելիորեն կոշտ դիրք է ընդունել Իսրայելի նկատմամբ՝ հայտարարելով, որ չեղարկում է Իսրայել մեկնելու իր ծրագրերը՝ Գազայի հատվածում իսրայելական «անմարդկային» ռազմական գործողության պատճառով։ Դեռ ավելին. քննադատել է ողջ Արևմուտքին՝ ՀԱՄԱՍ-ի հանդեպ սխալ մոտեցումներ դրսևորելու առումով»,- գրում է օրաթերթը՝ շեշտադրելով հետևյալը.

«ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական խմբավորում չէ, նրանք ազատամարտիկներ են, ովքեր իրենց երկիրն են պաշտպանում»,- երկվա խոսքում նշել է Թուրքիայի նախագահը։

«Էրդողանը, ում երազանքներում Թուրքիան պատկերված է հզոր խաղացողի դերում, համաշխարհային քաղաքականության, այսպես կոչված, «առևտրային դիլերներից» է, ով գործարքի մեջ կմտնի ցանկացածի հետ, ում տվյալ պահին կհամարի հարմար գործակից: Նա այժմ ակնհայտորեն ձգտում է սիրաշահել մահմեդական աշխարհին, ինչպես նաև սեփական հանրությանը, որը մեծամասամբ «պաղեստինամետ» է»,- նշում է «ՄՖ ԴՆԵՍ»-ը՝ հավելելով.

«Ինչևէ, դրանք բավականին կոշտ խոսքեր էին ՆԱՏՕ-ի անդամ երկրի առաջատար ներկայացուցչի կողմից, որի դիրքում Թուրքիան մնում է մինչ օրս։ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է համարվում նաև նրա դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների կողմից»,- կարևորել է հոդվածի հեղինակը։

Ըստ օրաթերթի, Էրդողանը նաև կոչ է արել Իսրայելին վերջ դնել ռազմական հարվածներին Գազայի հատվածում և դադարեցնել բնակավայրերի կառուցումը Հորդանանի Արևմտյան ափին:

«Չեք գտնի որևէ այլ երկիր, որի բանակն ընդունակ կլինի նման անմարդկային վարմունքի»,- շեշտել է Թուրքիայի նախագահը՝ Իսրայելի մասին իր ելույթում, (ում հիշողությունը ծերունական տարիքում, հավանաբար, այնաստիճան է վատթարացել, որ անտեսել է 1915 թվականի իր ցեղասպան նախնիների, ինչպես նաև շաբաթներ առաջ եղբայրական Ադրբեջանի իրագործած էթնիկ զտումների անմարդկային ոճրագործությունները – խմբ. նշում)։

Նախագահը նաև հրադադարի կոչ է արել. «Բոլոր կողմերը պետք է մատը հեռացնեն ձգանից»,- հորդորել է Էրդողանը։

«Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտությունից առաջ Թուրքիան կարծես ընդհանուր լեզու էր գտնում Իսրայելի հետ։ Սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, Էրդողանը նույնիսկ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Բայցևայնպես, դեպի Իսրայել ծրագրված այցը չեղարկելու վերաբերյալ Էրդողանի երեկվա հայտարարությունը խոսում է այն մասին, որ երկկողմ հարաբերությունները վատացել են, և որ Թուրքիայի նախագահը չարաշահված է համարում իր վստահությունը վարչապետ Նեթանյահուի նկատմամբ»,- մեկնաբանում է օրաթերթը։

«Փոխադարձ հարաբերությունները կարող էին այլ զարգացում ունենալ, սակայն այժմ շտկման հույս չկա»,- Էրդողանի այս շեշտադրումով է հոդվածն ամփոփել «ՄՖ ԴՆԵՍ»ը։

Արսեն Քոչարյան

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում