Թումանյանագիտության անխոնջ նվիրյալի 90-ամյա հոբելյանը

  • 10.10.2023
  • 0
  • 547 Views

Այսօր  Թումանյանի թոռնուհի, անվանի թումանյանագետ  Իրմա Սաֆրազբեկյանի 90-ամյա հոբելյանն է։

Դժվար է ասել ինչ զարգացում կունենար թումանյանագիտությունը վերջին տասնամյակներին, եթե չլիներ Հովհաննես Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նվիրումն ու Թումանյանի ժառանգության հանրայնացման գործում նրա ունեցած աննկարագրելի դերը։

Ով կմտածեր, որ Էսենտուկիում 90 տարի առաջ ծնված աղջնակը, բարձրագույն կրթությունը կստանա Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետում  եւ իր ողջ գիտակցական կյանքը կնվիրաբերի իր ՄԵԾ ՊԱՊԻ  ստեղծագործությունների եւ Թումանյանի ընտանիքի մասին գրքերի հրատարակմանը։ Բավական է հիշել միայն «Թումանյանը եւ համաշխարհային գրականությունը» մենագրությունը, «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից», «Թումանյանի ընտանիքի նամականին», «Օլգա Թումանյան», «Թումանյանը Շեքսպիրի մասին», «Թումանյանը արվեստի մասին»  եւ այլ գրքեր։ Իրմա Սաֆրազբեկյանը  նաեւ բազմիցս հանդես է եկել Թումանյանի ստեղծագործություններին նվիրված գրականագիտական հոդվածներով։ 1991-2001թթ. ղեկավարելով Հովհաննես Թումանյան բարեգործական հիմնադրամը, նրա ջանքերով վերահրատարակվել է Հովհաննես Թումանյանի «Մանկական գրադարան» մատենաշարը։  Թումանյանի ստեղծագործությունները առավել քան արդիական են մեր օրերում։  

Այսօր էլ նա շարունակում է հանդես գալ հրապարկումներով  ու ելույթներով, հետեւում է Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, նաեւ իր որդու՝ Ռուբենի հետ միասին  հնարավորության սահմաններում  օգնում են բռնագաղթածներին։  Գիտենք, որ ո՛չ հոբելյան նշելու ցանկություն ունի, ո՛չ էլ տրամադրություն։

Ջերմորեն շնորհավորելով հոբելյանի առիթով, սիրելի տիկին Իրմային  մաղթում ենք առողջություն, համբերություն  եւ,  իհարկե,  նոր թումանյանական բացահայտումներ։

ՕՐԵՐ-ի ընթերցողներին ենք ներկայացնում Իրմա Սաֆրազբեկյանի հարցազրույցը, որը լույս է տեսել մեր ամսագրի Թումանյանի 150 ամյակին նվիրված համարում՝ 2019 թվականին։

«Թումանյանը ոչ միայն մեծ պոետ էր, այլեւ մեծ հրապարակախոս ու քննադատ»

Հովհաննես Թումանյանի թոռնուհին,  թումանյանագետ Իրմա Սաֆրազբեկյանը  պատասխանում է ՕՐԵՐ  Եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

Իրմա Սաֆրազբեկյանը ծնվել է 1933թ  Էսենտուկի քաղաքում, բժշկի ընտանիքում։ 1956թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել է  Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, իսկ 1968 թվականից՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում։ 1986-1991թթ. դասավանդել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ լինելով ամբիոնի վարիչ։ Հովհաննես  Թումանյանի ստեղծագործությանը նվիրված գիտական թեզ է պաշտպանել՝  ստանալով նախ գիտությունների թեկնածուի, ապա՝ բանասիրության դոկտորի գիտական աստիճան։ Բազմաթիվ գրքերի ու գիտական հոդվածների հեղինակ է։

Թումանյանական ժառանգության պահպանման ու տարածման, տպագրության հարցում մեծ է Իրմա Սաֆրազբեկյանի ավանդը, ով Թումանյանի դստեր՝ Սեդայի աղջիկն է։ Վերջին տարիներին դոկտոր Սաֆրազբեկյանի խմբագրությամբ լույս են տեսել Թումանյանին նվիրված բազմաթիվ ժողովածուներ ու գրքեր, այդ թվում «Թումանյանի ընտանիքի էջերից», «Թումանյանի ընտանիքի նամակագրությունը», «Օլգա Թումանյան» մենագրությունները, բազմաթիվ հոդվածներ հանրապետական եւ սփյուռքի մամուլում։ Այժմ նա բնակվում է որդու հետ՝ Գերմանիայում, բայց հայրենիքի հետ կապը մշտական է։

-Տիկին Իրմա, ձեր մանկության հիշողություններում հատկապես ի՞նչն է տպավորվել ընտանեկան պատմություններից։ Ինչպիսի՞ն էր ձեր մայրը հիշում հորը՝ Հովհաննես Թումանյանին։

– Մայրս հատկապես նշում էր Թումանյանի վերաբերմունքը երեխաների նկատմամբ։ Նա շատ ուշադիր հայր էր։ Եթե հանկարծ երեխաներից որեւէ մեկը հիվանդանում էր, Թումանյանը ոչ միայն բժիշկ էր կանչում, այլեւ երեխայի մոտից չէր հեռանում։  

Նա մշտապես գրքեր էր գնում երեխաների համար, ընդ որում՝ ամենաթանկարժեք ու հետաքրքիր գրքերը։ Որպես օրենք նրանց համար այլ նվեր չէր էլ գնում՝ հատկապես հեքիաթների գրքեր։ Իսկ երբ որեւէ հեքիաթ կամ պատմվածք էր գրում, առաջինն իր երեխաների համար էր ընթերցում։

ե՛ խորհրդային շրջանում, եւ թե՛ անկախության տարիներին թումանյանագիտությունը որոշակի զարգացում է ապրել, բազմաթիվ գրքեր են տպագրվել։ Թումանյանի հետ կապված որեւէ թեմա մնացել է դեռեւս չուսումնասիրված։

-Կարծում եմ, արդեն՝ ոչ։ Երբ 1908-1909թթ. Թումանյանին ձերբակալեցին, նրա բոլոր թղթերը լցրեցին պարկերի մեջ եւ տարան։  Բայց երբ նա դուրս եկավ կալանավայրից, այլեւս  իր թղթերը հետ չստացավ  եւ շատ բան կորավ։ Չի բացառվում,  մինչեւ հիմա  տարբեր արխիվներում պահպանվում են նրա թղթերը։ Անցյալ տարի  Թբիլիսիում Սերգո Երիցյանը մի նամակ էր գտել, որը գրված է Թումանյանի աղջկա՝ Նվարդի ձեռքով, բայց ստորագրությունը Թումանյանինն է։ Այդ նամակում, 1922 նոյեմբերի 23-ին Մոսկվա մեկնելուց առաջ, երբ նա արդեն վատառողջ էր, Թբիլիսիի Ռուսթավելիի անվան թատրոնի հայտնի ռեժիսոր Ցուցալավայից խնդրել էր, որ Պոլսից եկած հայկական թատերախմբին  ընդուներ եւ օգներ, քանի որ այդ խմբի մեջ էր նաեւ Վահրամ Փափազյանը։

-Ձեզ համար Թումանյանի ընկալումը ինչպիսի՞ն է եղել՝ իբրեւ հարազատ պապիկ, թե իբրեւ հայ մեծանուն պոետ ու հասարակական գործիչ։ Ո՞րն է Ձեր ամենասիրելի գործը։

-Միանշանակ սիրում եմ  «Փարվանան»։ Բայց ինձ համար Թումանյանը ոչ միայն մեծ պոետ է, այլեւ մեծ հրապարակախոս ու  քննադատ։ Բոլորին հայտնի են «Անուշը», «Թմկաբերդի առումը», «Գիքորը»,  քառյակները, հեքիաթները, բայց քչերը գիտեն Թումանյանի քննադատական հոդվածները։ Նա իր ժամանակին գրել է այն, ինչ որ մենք այսօր տեսնում ենք։  Նա ասում է» .«Կանցնեն տարիներ, եւ հետո ինձ կհասկանան, թե ինչու եմ այսպես գրել»։ Վերջերս Սերգո Երիցյանի ջանքերով վերահրատարկվեց «Թումանյանը՝ քննադատ» գիրքը՝ իմ լրացումներով ու ծանոթագրություններով։ Եթե մարդիկ կարդան այդ հոդվածները, նոր կհասկանան, թե իրականում ով է եղել Թումանյանը։ Մի հարց կամ թեմա չկար, որի մասին Թումանյանը  չգրեր։ Նրա ժամանակներից շատ է անցել, բայց ըստ էության ոչինչ չի փոխվել։

-Այս տարի միջազգային մակարդակով նշվեց Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները։ Հիշում եմ, դուք մի հոդված էիք տպագրել այդ երկու մեծությունների բարեկամության մասին։ Հատկապես ի՞նչը կարժեւորեիք այդ հարաբերություններում։

-Նրանց բարեկամությունը երեւի սկսվել է իրենց ծննդյան օրվանից՝ 1869 թվականին Թումանյանը ծնվեց Լոռվա Դսեղում, իսկ Կոմիտասը՝ Թուրքիայի Կուտինայում։ Առաջինն ունեցավ ուրախ մանկություն, հրաշալի ծնողներ, իսկ Կոմիտասին երջանկության պահերը շատ քիչ են ուղեկցել։ Թեեւ կրթության հարցում Կոմիտասին բախտն ավելի շատ է ժպտացել, քան՝ Թումանյանին։ Թումանյանի ստեղծագործություններին Կոմիտասն առաջին անգամ ծանոթացել է դեռեւս Գեւորգյան ճեմարանում ուսանելիս։ Հետագայում, 1903թ.  նա իշխանուհի Մարիամ Թումանյանից ստացել է Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն, քանի որ վերջինս շատ էր ցանկանում, որ Կոմիտասը գրի «Անուշ» օպերան։ Կոմիտասն արագ արձագանքում է, որ նա վաղուց ծանոթ է Թումանյանի ստեղծագործությանը, իսկ 1904-ին արդեն մի այլ նամակում գրում է, որ «Անուշը» կարդացել է եւ շատ «անուշ» է թվացել, եւ որ պատրաստ է գրել այդ օպերան։ 1905թ. ապրիլին, երբ նա Էջմիածնի ճեմարանի երգչախմբի հետ գալիս է Թիֆլիս ելույթ ունենալու, միայն համերգից առաջ է Թումանյանի հետ հանդիպում։ Կոմիտասի աշակերտներից մեկը՝ Վահան Տեր- Առաքելյանը հետագայում գրել է, որ Կոմիտասն ու Թումանյանը համերգից հետո գրկախառնվել են։

Թիֆլիսում Կոմիտասի ելույթներին Թումանյանը գնում էր ոչ միայն իր ընտանիքով, այլեւ հրավիրում էր իր բոլոր բարեկամներին ու հարազատներին, որպեսզի Կոմիտասի համար ջերմ մթնոլորտ ապահովեն։ Համերգներից հետո, իր տանը կազմակերպած ճաշկերույթին, Թումանյանը Կոմիտասին ասել է. »Թանկագինս, ես կարծում եմ դու եկել ես քո երգերով գրավելու Թիֆլիսը։ Եվ ճիշտ ես անում, վաղուց էր դա պետք անել։ «Այո, նման ցանկություն ունեմ»,- պատասխանել է Կոմիտասը։ «Հոյակապ գաղափար է»,- ուրախացել է Թումանյանը։

Կոմիտասի համար անընդունելի էին մեր ժողովրդի կողմից օտարամոլության նկատմամբ թուլությունը։ Թումանյանը բացատրել է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել, տարբեր տիրակալների լծի տակ է տառապել, եւ երբեմն ստիպված է եղել ընդունելու այլ մշակույթների ազդեցությունը։ Բայց այդ ախտով ավելի շատ տառապել է ոչ թե հասարակ ժողովուրդը, այլ՝ հասարակության վերին շերտը։

Կոմիտասը հաճախ է եկել Թումանյանի տուն, ուր նրան միշտ ջերմորեն են դիմավորել, հատկապես երեխաները։ Նա միանգամից կերպարանափոխվել է, հանել է իր սեւ սքեմը,  նստել է դաշնամուրի մոտ՝ Բլյուտներ ռոյալի (այն ցուցադրվում է Երեւանի Թումանյանի թանգարանում), եւ միանգամից շրջապտվելով երեխաներով, միասին երգել են։ Հաճախ նրանց են միացել նաեւ Թումանյանն ու կինը՝ Օլգան։  Երբ Թումանյանը միայնակ էր մնում, երբեմն երգում էր Կոմիտասի երգերը, կամ երեխաների հետ էր երգում՝ հատկապես Նվարդի, որը հրաշալի ձայն ուներ։

Թումանյանը շատ բարձր էր գնահատում Կոմիտասի կատարած աշխատանքը, եւ իզուր չէ, որ 1911թ. գրել է.«Կոմիտասը զբաղված է օրհնյալ գործով, նա հավաքում է եւ ձայնագրում է ոչ միայն ժողովրդական երգերը, այլեւ վերականգնում է վաղուց մոռացված հայկական մեղեդիները»։  Կոմիտասը հաճախ էր Թիֆլիսում միանում Վերնատան  հավաքներին, ուր Աղայանն էր,  Իսահակյանը, Դեմիրճյանը, Աղբալյանը, Շանթը։ 1907թ. Կոմիտասն ու Թումանյանը միասին աշխատակցել են «Հասկեր» մանկական ամսագրին։ Կոմիտասը ցանկություն ուներ գրելու երեք օպերա. «Սասնա ծռեր», «Վարդան» եւ «Անուշ»։ Նույնիսկ Փարիզում գտնվելու տարիներին նա շարունակել է աշխատել «Անուշ» օպերայի վրա, բայց այդպես էլ չի կարողացել վերջացնել։  Մեզ են հասել միայն հատվածներ, որոնք ժամանակին նրա աշակերտները բեմադրել են Պոլսում։ 1908-ին Թումանյանին ձերբակալում են, եւ նա չի կարողանում գալ Էջմիածին, ուր պետք է հանդիպեր կաթողիկոսին եւ Կոմիտասին։ 1909-ին Կոմիտասը Մարիամ Թումանյանին գրած նամակում նշում է, որ Թումանյանի ձերբակալումը ցնցել է իրեն, եւ բանտում գտնվելու նրա անիմաստությունը խորապես կազդի մեր գրականության վրա։ Իր հերթին Թումանյանը շատ էր խոսում այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում էր Կոմիտասն իր երկրում, նույնիսկ մի դաշնամուր չէր կարողանում գնել։ Երբ 1920թ. Թիֆլիսում ստեղծվեց «Կոմիտաս» ընկերությունը, Թումանյանն ամենաակտիվ կերպով աջակցեց, որպեսզի բարեգործական երեկոների ու համերգների միջոցով գումար հավաքեն եւ օգնեն ոչ միայն Կոմիտասին արագ կազդուրվելու, այլեւ հրատարակեն նրա ստեղծագործությունները։ Նա միշտ կապ էր պահում Փարիզի հետ եւ տեղյակ էր Կոմիտասի վիճակից։ Ինչ գիտեր նա, որ ինքը կյանքին հրաժեշտ կտա Կոմիտասից 12 տարի շուտ։

-150-ամյակի տոնակատարություններից բավարարված ե՞ք։

-Գիտեք, ես հիշում եմ, թե ինչպես տոնեցին Թումանյանի 100-ամյակը։ Դա չտեսնված հոբելյան էր, որ նշվեց աննախադեպ մասշտաբով։  Մոսկվայի Մեծ թատրոնի շենքի վրա Հովհաննես Թումանյանի մեծադիր դիմանկարն էր կախված, որն ազդարարում էր հոբելյանական երեկոն։ Այդ օրերին Երեւան եկան 600-ից ավելի արտասահմանյան հյուրեր՝ հայտնի գրողներ ու մշակույթի գործիչներ։ Նրանք 100 մեքենայով  գնացին Դսեղ։ Գյուղացիք ի սրտե բոլորին հյուրասիրում էին։ Իհարկե, այդ ժամանակ կուսակցության առաջին քարտուղար Քոչինյանի  անձը մեծ դեր խաղաց, եւ նա այդ ամենը կազմակերպեց ամենաբարձր մակարդակով։ Իսկ 150-ամյակը նշվեց ոչ այն սպասումով, որ մենք ունեինք։ Իհարկե, դրանից Թումանյանը չի տուժում, բայց ժողովուրդն է տուժում։ Եթե չլիներ «Լոռվա ձոր» հայրենակցական միության կազմակերպած ձեռնարկները, ապա չգիտեմ, թե  ինչ պետք է հիշատակեինք։

-Թումանյանի թանգարանները Երեւանում եւ Դսեղում կատարում են արդյո՞ք այդ առաքելությունը, որպեսզի նոր սերնդին ավելի ճանաչելի դարձնեն Թումանյանի ժառանգությանը։

-Անկախությունից հետո ես ավելի քիչ կապ եմ ունեցել Երեւանի թանգարանի հետ, քանի որ մեր ընտանիքը  Երեւանի Թումանյանի թանգարանի շենքում ապրել է մինչեւ 1989 թվականը։  Այդ տարիներին կապը շատ մեծ էր։ Դսեղի թանգարանի հետ ավելի եմ կապված եղել, քանի որ մայրիկն ամառները մեզ տանում էր այնտեղ, այն տունը, որտեղ ծնվել էր Թումանյանը։ Մայրս մեզ ծանոթացնում էր Թումանյանի գրականությանը։

-Դուք արտասանու՞մ էիք Թումանյան։

-Իհարկե։ Ես Ռուսաստանում եմ ծնվել՝ Էսենտուկի քաղաքում, եւ շատ ուշ եմ սկսել հայերեն խոսել։ Բայց միշտ արտասանել եմ «Թմբկաբերդի առումը», քառյակները։ Փոքր ժամանակ  դպրոցում էլ արտասանում էի, հատկապես՝ «Մարտ» բանաստեղծությունը։

-Դպրոցում գիտե՞ին, որ Թումանյանի թոռնուհին եք։

-Գիտեին, բայց վերաբերմունքի մեջ տարբերություն չէին դնում։ Օրինակ՝ համալսարանում մեր գրականության դասախոսը հայտնի գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանն էր, որը պատերազմից հետո համընդհանուր գրականություն էր կարդում։ Ես միշտ 5 էի ստանում։ Մի օր էլ գնացի Թումանյանի թանգարան եւ տեսա, որ Ջրբաշյանը մեր տանն է։ Ինքն էլ, ինձ տեսնելով, զարմացավ։  Այդ պահին միայն իմացավ, որ ես Թումանյանի թոռնուհին եմ։ Նույն էլ ակադեմիկոս, հայտնի լեզվաբան Գրիգոր Ղափանցյանի հետ պատահեց։  Նրա հետ էլ թանգարանում հանդիպեցի, բայց նա մեր կուրսին արդեն դասավանդել էր։

-Ձեր վերջին՝ «Օլգա Թումանյան՚ գրքում հետաքրքիր ձեւով ներկայացնում եք մեծ պոետի կնոջը։ Ինչպիսի՞ն էր Ձեր տատիկը։

– Գիտեք, շատերը, նույնիսկ մեզանից հետո, կսկսեն պատմել բաներ, որ մեր տանը երբեք չեն եղել։ Ես գրեցի, թե իրականում ինչպիսին է եղել տատիկս, ինչ հարաբերություններ են եղել, թե որքան էր նա նվիրված իր ընտանիքին։

 Օրինակ՝ մամուլում գրել էին, որ նա գնացել է Մոսկվա, եւ Միկոյանը նրան չի ընդունել£ Նման բան չի եղել, քանի որ նա երբեք Մոսկվայում չի եղել։ Այլ հարց է, որ Նվարդ Թումանյանն է 1948թ. թանգարանի հարցով եղել Միկոյանի մոտ, որից հետո Միկոյանը զանգել է Հայաստանի կոմկուսի  կենտկոմի առաջին քարտուղար Հարությունովին եւ ասել, որ Թումանյանի թանգարանի շենքը կառուցեն։ Եվ միայն 1953թ. սեպտեմբերին, երբ Միկոյանը եկել է  Երեւան, այցելել է թանգարան, որը բացվել էր նույն տարվա ապրիլի 5-ին։  Արեգ Թումանյանի աղջիկը՝ Սուրման տեսել է, որ տատիկս եւ Միկոյանը բազմոցին նստած զրուցում են։ Գիտենք միայն, որ տատիկս հետաքրքրվել է իր որդիների ճակատագրով, բայց Միկոյանը ասել է, որ չի կարող այդ հարցին պատասխանել։ Ու թեեւ նա գիտեր, որ Թումանյանի տղաներն այլեւս չկան, բայց ոչինչ չի ասել տատիկին, միայն ծանոթացել է թանգարանին։ 

Տատիկս յուրահատուկ կին էր, նա 100 տարի ապրեց եւ այդ մեկ դարում ամեն ինչ տեսավ՝ մեծ սիրուց մինչեւ կորուստներ։ Հեշտ չի եղել 10 երեխայի ծնունդն ու դաստիարակությունը։

Ինձ զարմացնում էր, որ նա լինելով ապահովված ընտանիքի զավակ, ժամանակի ընթացքում դարձավ կամքի ուժի տեր մի կին՝ կարողանալով տանել բոլոր զրկանքները։ Նա ամենեւին քաղքենի չէր, համակերպվում էր իր շրջապատին, բացառիկ մի մարդ էր, որին ճակատագիրը բաժին էր հանել  հանճարի կինը լինելու։

-Ինչպիսի՞ն էր Թումանյանի ընտանիքը։

– Ընտանիքը շատ սերտ կապի մեջ էր։ Թոռները, ծոռները մինչեւ հիմա էլ կապի մեջ են։ Անցյալ տարի 17 հոգի հավաքվեցին  մեզ մոտ՝ Երեւանում, եղանք Դսեղում, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մեզ ընդունեցին, իսկ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը հատուկ ընդունելություն կազմակերպեց թանգարանում։  Առհասարակ մենք 7 թոռ էինք, մնացել ենք երկուսը՝ ես եւ Սուրման։ Թումանյանն ունի 8 ծոռ, իսկ ծոռների երեխաներն արդեն շատ են։

Թումանյանի ընտանիքը անչափ հյուրասեր է եղել, եւ պապիկի կենդանության օրոք, եւ հետո, երբ նրա աղջիկները բնակվում էին թանգարանի առաջին հարկում՝ 1952-1989 թվականներին։ 

-Իսկ  ձեր մայրիկը՝ Սեդան, ի՞նչ է պատմել Թումանյանի ընտանիքի խոհանոցի մասին։ Ու՞մ խորտիկներն են եղել ամենասիրվածը։

– Ես, իհարկե, հիշում եմ այն ամենը, ինչ պատմել է մայրս, որոշ հիշողություններ կան նաեւ Նվարդ Թումանյանի գրքում։ Թումանյանը սիրում էր համեղ ուտելիք եւ սեղանը պետք է գեղեցիկ ձեւավորված լիներ։ Նա հաճախ է պատմել տնեցիներին, թե ինչ են կերել մանուկ հասակում։ Գյուղական ուտեիլքի նկատմամբ  սերը նա պահպանել է ողջ կյանքում՝ նկատի ունեմ մածունը, կաթը, սպասը։ Շատ էր սիրում Լոռվա կանաչեղենը՝ ավելուկը, սինդրիկը, շուշանը, սիբեխը, թթու վարունգն ու պոմիդորը։ Գյուղում ապրելու տարիներին, նա երեխաներին սովորեցրել է ձուկ պատրաստել։ Ձուկը փաթաթում էր տարբեր տեսակի կանաչիներով, լավաշով եւ դնում էր վառարանը։ Թիֆլիսում նրա համար ցոցխալ ձուկ էին բերում, որը շատ էր սիրում։ Իհարկե, միայն տոն օրերին էր դա պատրաստում, քանի որ ավելի հաճախ պատվիրելու հնարավորություն չունեին։ Պապիկը շատ էր սիրում պատրաստել լոլիկով ձվածեղ։ Ի դեպ, Էջմիածնում ծանր տարիներին որբերի համար լոլիկով ձվածեղ է պատրաստել։ Շատ էր սիրում նաեւ գյուղական գաթա, հալվա, խավիծ, նազուկ։

Նա իր  երեխաներին ծանոթացնում էր գյուղում աճող հատապտուղներին, եւ մշտապես տանը պետք է լիներ ազնավամորի ու հոն՝ թե թարմ վիճակում, եւ թե դրանց մուրաբան։ Թումանյանի տանը սիրում էին նշել Նոր Տարին, Բարեկենդանը, Սուրբ Աստվածածնի տոնը£ Զատիկը հատկապես յուրահատուկ էին նշում, քանի որ գարնանային տոն էր։ Ու քանի որ Թումանյանի օրոք  միշտ բրնձով փլավ ու ձուկ էին պատրաստում, հետագայում այդ ամենը պատրաստում էին նաեւ նրա աղջիկները։

Զատիկին ձուն ներկում էին սոխի կեղեւով, ինչպես նշեցի՝ անպայման պատրաստում էին ձուկ եւ փլավ, ծնեբեկ եւ սոխով լոբի։ Օլգան փլավը սիրում էր պատրաստել չամիչով, նուշով, ընկույզով, տարբեր չորացրած հատապտուղներով։ Թխում էին նաեւ ավանդական բաղարջը, որն ամենալավը պատրաստում էր Թումանյանի ավագ դուստրը՝ Աշխենը։ Աղջիկներից ամեն մեկն իր նախասիրած թխվածքներն ուներ, Թամարն էլ նապոլեոն ու էկլեր էր պատրաստում, մայրս՝ Սեդան, խնձորով թխվածք եւ գաթա։ Նրա մահից հետո ընտանիքում այդ առումով շատ բան չի փոխվել։ Շատ հազվադեպ էին խորոված պատրաստում, ու թեեւ Թիֆլիսում էին ապրում, բայց նաեւ չէին պատրաստում խինկալի, սացիվի, քյաբաբ կամ ղաուրմա։ Հազվադեպ էին պատրաստում նաեւ պասուց դոլմա։ Սուրբ Աստվածածնի տոնին՝ օգոստոսի 15-ին, որը Թումանյանի ավագ որդու՝  Մուշեղի  ծննդյան օրն էր,  մատաղ էին անում։

Ինչպես Օլգա տատիկս էր սիրում, ավելի հաճախ գառան միս էին գնում, սերկեւլիով միս էին պատրաստում։ Բորանի էին պատրաստում. ոչխարի միսը սմբուկով, չախոբիլի։ Շատ հազվադեպ, ձմռան ամիսներին պատրաստում էին խաշ, որի պարագաները Շուլավերից  բերում էր Օլգայի մայրը՝ Շուշանիկը։ Բոլորը շատ էին սիրում հոնով ապուրը՝ մսով ու սոխով։ Տատիկս հատուկ հանում էր հոնի կորիզները։ Իհարկե, նաեւ այլ ապուրներ էին պատրաստում՝ բորշչ, մածնապուր, ավելուկով եւ սնկով ապուրներ։

Մայրս չխրթմա էր շատ լավ պատրաստում, հատկապես, եթե պատվելի հյուրեր էին գալիս։ Կանաչեղեն էր պատրաստում՝ ծնեբեկ եւ սպանախ։  Հյուրերը շատ էին սիրում տատիկի թթու դրած սխտորը, որը նա լցնում էր 3 լիտրանոց բանկաների մեջ։ Օլգան երբեք պարապ չէր նստում։ Նույնիսկ երբ աչքերը լավ չէին տեսնում, նա էլի սմբուկ էր մաքրում, թելից կախում, չորացնում, որ ձմռանը օգտագործենք։

Տանը շատ էին օգտագործում մուրաբաներ։ Տատիկի նոթատետրում գրված էին բազմաթիվ մուրաբաների բաղադրատոմսեր։ Անպայման բալի մուրաբան էր դրվում սեղանին, սպիտակ գիլասի, հոնի, ազնվամորու, սեխի եւ սմբուկի։ Սմբուկի մուրաբան տատիկը ոչ մեկին չէր վստահում, ինքն էր պատրաստում։

Հետաքրքիր ձեւով էին պատրաստում հայտնի թումանյանական կոզինախը։ Ընկույզները բովում էին, հետո թաթախում մեղրի մեջ եւ ստացվում էր դեղնասպիտակավուն կոզինախ։  Սուրճ չէին սիրում խմել, միայն երբ հյուրեր էին գալիս, այդ ժամանակ էին պատրաստում։

Իսկ սովորական օրերին շատ համեստ կերակուրներ էին պատրաստում՝ ծնեբեկով սուպ, բորշչ կամ որեւէ աղցան։

Թումանյանները շատ էին սիրում պանիր։ Թե ճիլ(թել) պանիրը, եւ թե մոթալը ամենասիրվածն էին։ Խմում էին հիմնականում կարմիր կամ սպիտակ գինի։ Շատ ուշ սեղանին հայտնվեց նաեւ կոնյակը։ Սեղանին միշտ լիքը մրգեր էին դնում, իսկ ձմռանը՝ մրգաչրեր։ Հետագայում թանգարանի այգում տնկեցին թումանյանների սիրելի մրգերի ծառերը՝ այդ թվում ընկույզ, հոն, ունաբ եւ իհարկե, ծաղիկներ։

Հիշում եմ նաեւ, որ պատերազմի տարիներին՝ 1943-48 թթ. Թիֆլիսում էինք, տատիկիս մոտ, շատ վատ պայմաններում էինք ապրում։ Սնունդը քարտերով էինք ստանում։ Մայրս դարչնագույն մակարոնները թրջում էր, դրանից խմոր էր պատրաստում, ձու էր ավելացնում եւ փքաբլիթներ էր պատրաստում։

-Այն երիտասարդները, որոնք ծանոթ չեն Թումանյանի ժառանգությանը, եւ ցանկանում են կարդալ, ինչ խորհուրդ կտաք՝ ինչի՞ց սկսել։

– Քանի որ ես շատ եմ սիրում Թումանյանի հոդվածները, խորհուրդ կտամ սկսել հոդվածների ընթերցումից։  Նախ շատ մատչելի ձեւով են գրված։  Շատ պարզ ու զարմանալի լեզու ունի Թումանյանը։

-Քանի՜ տարի է ապրում եք Գերմանիայում։ Ինչպիսի՞ն է տեղի հայկական համայնքը։

-Տղաս 1993 թվականից աշխատում է Հայթելբերգում։ Քանի դեռ ամուսինս ողջ էր, ամեն տարի նրա հետ գալիս էինք իր մոտ։ Այդ քաղաքում ընդամենը մի քանի հայ ընտանիք է ապրում։ Կան մի քանի հայեր, որ Ռուբենի ընկերներն են, բոլորը գիտաշխատողներ են։

Հակոբ Ասատրյան

Պրահա

ՕՐԵՐ, 9-12/ 2019թ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում