• «Կովկասյան գամբիտ. Ինչո՞ւ ադրբեջանցիները դուրս հրեցին հայերին» – (ՄՖ ԴՆԵՍ), «Ռուսական կապույտ սաղավարտները քնեցին» – (ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ),
• «Լեռնային Ղարաբաղի համար պայքարը տանուլ տվեց ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանը, որը կորցրել է իր ազդեցությունը հետսովետական աշխարհում» – (ՀՈՍՊՈԴԱՐՍԿԵ ՆՈՎԻՆԻ)
Սեպտեմբերի 21-ին այս վերլուծություններով են հանդես եկել վերը նշված չեխական երեք ազդեցիկ օրաթերթերը՝ փորձելով լուսաբանել Ադրբեջանի այս շաբաթվա վերջին ռազմական սանձազերծությունն ու Ղարաբաղի անհույս կարգավիճակը՝ քաղաքական տեսանկյունից։ Երեք տարբեր չեխ հեղինակներ և երեք գրեթե միմյանց լրացնող կարծիքներ՝ մեկ անորոշ խնդրի շուրջ։ Ծանոթացեք ստորև.
«Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մայրաքաղաք Ստեփանակերտը վերջին օրերին ցնցվել էր ուժգին պայթյուններից։ Տուժվել են խաղաղ բնակիչներ, զոհվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ։ Ադրբեջանի այս հարձակումը հիշեցրեց էթնիկապես մասնատված Անդրկովկասի ցավոտ վերքերը»,- գրել է «ՄՖ ԴՆԵՍ»-ի խմբագիր Յիրժի Սլադեկը՝ հինգշաբթի օրվա համարում։
«Երեքշաբթի օրվա հարձակումն Ադրբեջանն անվանել է «հակաահաբեկչական գործողություն»՝ այն հիմնավորմամբ, իբր այդպիսով արձագանքել է հայկական ենթադրյալ սադրանքներին, որոնց թվում են ադրբեջանցի զինվորների գնդակոծումն ու ականապատումը հակամարտության տարածքում։ Իրականում դա հրադադարի մասին ռուսական առաջարկի հետևանքն էր, որն ընդունեցին Ղարաբաղի իշխանություններն ու փաստացիորեն անկլավի բնակիչներին հանձնեցին թշնամական Ադրբեջանի ողորմածությանը։ Վերջինս Լեռնային Ղարաբաղը համարում է իր տարածքը, և երեքշաբթի օրվա հարձակումը ձեռնարկված էր հենց դրա դեմ՝ ընթացքում խաթարելով նրա պաշտպանունակությունը»,- նշել է հոդվածի հեղինակ Պավել Նովոտնին՝ «ՀՈՍՊՈԴԱՐՍԿԵ ՆՈՎԻՆԻ»-ի վերը նշված համարում։
«Ադրբեջանցիները, ժամանակակից զինտեխնիկայով, որոշեցին ուժով վերահսկողություն հաստատել հայկական անկլավի վրա, երբ երեք տարի առաջ զավթեցին Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվ.) մոտավորապես մեկ երրորդը:
Նոր հարձակումը սպասելի էր։ Ամիսներ շարունակ Ադրբեջանը կոշտ շրջափակման էր ենթարկել հայկական շրջանը։ Նա պաշարման օղակով խեղդել էր Լաչինի միջանցքը, որը կենարար երթուղի է դեպի հայաբնակ տարածք: Ներսում սպառվում էր հայերի դեղորայքը, հացի համար ժամերով հերթեր էին գոյանում։ Այսպիսով, ադրբեջանական հարձակումը փակեց ամեն ինչ։
Ինչու՞ հենց հիմա: Պատասխանը պարզ է. քանի որ հարձակվողների համար լավագույն ընտրված ժամանակն է՝ այն էլ մի քանի պատճառներով։
Ասես ռիսկային շախմատային քայլ լիներ։ Բաքուն հարձակվեց հենց այն ժամանակ, երբ չէր կարող վստահ լինել ոչ արդյունքի, ոչ էլ միջազգային արձագանքի վրա։ Բայց իրականում կորցնելու ոչինչ չուներ։
Ժամանակի առումով առաջին պատճառը ռուսական զինված ուժերի ներգրավվածությունն էր Ուկրաինայում։ Մոսկվան՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը, այժմ այլ մտահոգություններ ունի, քան Անդրկովկասը՝ որքան էլ այն լինի ռազմավարական արժեքավոր խաչմերուկ։ Այդ տարածքում խաղաղապահ ուժերի կազմում գործում է ընդամենը երկու հազար ռուս զինվոր։ Բացի այդ, ռուսները երաշխավորում են միայն Հայաստանի ամբողջականությունը և մտադիր չեն պայքարելու Լեռնային Ղարաբաղի համար։
Երկրորդ՝ ադրբեջանցիները գիտակցել են, որ Մոսկվան չի պատրաստվում «պատռվել» հայերի պատճառով։ Առավել ևս, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գունավոր հեղափոխությունների» արդյունք է։ Նրանով Մոսկվայում ամենևին էլ ոգևորված չեն և հաճույքով թողնում են վայելելու ղարաբաղյան անկարգությունը՝ հույս ունենալով, որ վերջինիս ժողովուրդը կտապալի և մեկ այլ ռուսամետ կփոխարինի նրան։ Ուստի, տեղի ունեցած հակամարտության հետևանքով Երևանում արդեն մեծ ցույցեր էին մոլեգնում»,- հոդվածի վերլուծության մեջ խնամքով ներկայացրել է «ՄՖ ԴՆԵՍ»-ի վերոհիշյալ խմբագիրը։
Փաշինյան-Մոսկվա փոխհարաբերություններին անտարբեր չի մնացել նաև «ԼԻԴՈՎԵ ՆՈՎԻՆԻ»-ի խմբագիր Լուբոշ Յիրսան՝ նշելով.. «…Վերջին շրջանում Փաշինյանի և Կրեմլի ղեկավարության հարաբերությունները սրվել են։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ երկարաժամկետ անվտանգության հարցերում միայն Ռուսաստանի վրա հույս դնելը ռազմավարական սխալ էր։ Վերջինս Մոսկվային մեղադրել է այն բանում, որ նա չի երաշխավորում Երևանի անվտանգությունը հենց ադրբեջանցիների հետ բախումների ժամանակ, ինչին Կրեմլը արձագանքել էր, որ «խիստ դժգոհ է» Փաշինյանի հայտարարություններից»։
«Երրորդ՝ ադրբեջանցիները խաղադրույք են կատարել արևմտյան աշխարհի, այսպես կոչված, «գաղջ արձագանք»-ի վրա»,- շարունակելով իր լուսաբանության երեք առանցքային կետերը՝ ներկայացնում է «ՄՖ ԴՆԵՍ»-ը՝ շեշտելով,- «Հայաստանը Ուկրաինայի պես պոտենցիալ ազդեցիկ և կարևոր նշանակության երկիր չէ, որի համար Արևմուտքը չափազանց ջանքեր կգործադրեր օգնելու»:
Իր մեծ սփյուռքի շնորհիվ Երևանն ունի ազդեցիկ աջակիցներ ԱՄՆ-ում, ինչպես նաև Ֆրանսիայում։ Այնուհանդերձ դա բավարար չէ։ Մինչդեռ Արևմուտքի հայապաշտպան համախոհները հազարավոր կիլոմետրերով հեռու են Կովկասից, այն տարածաշրջանային հզորություն ներկայացող Թուրքիայի հենց «քթի տակ է», որն աջակցում է Ադրբեջանին։
Թուրքերն ադրբեջանցիներին ուղեցույց են տրամադրել, թե ինչպես կարելի է վերագծել էթնիկական սահմաններն այսօրվա աշխարհում: Նրանք գրավել են Սիրիայի հյուսիսը, քրդերին քշել են այնտեղից՝ նրանց փոխարինելով արաբ փախստականներով։ Ու դեռ Հայտնի չէ, Արևմուտքն ինչ-որ բուռն կերպով կբողոքարկի՞ այդ փաստի դեմ:
Հայաստանի արևմտամետ վարչապետ Փաշինյանը, անցյալ շաբաթների ընթացքում, իր զինվորների համար համատեղ զորավարժություն պատրաստեց ամերիկացիների հետ։ Սակայն նշվում էր, որ դա ոչ մի կապ չուներ ղարաբաղյան պայքարի հետ։
Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Ադրբեջանն այստեղ հարմար խաղադրույք կատարեց ժամանակային առումով։ Թեև Երևանն այլևս բավականաչափ վստահելի հարաբերություններ չունի Մոսկվայի հետ, Արևմուտքի հետ որոշ ընդհանուր երաշխիքներ դեռևս «մանկական տակդիրների» մեջ են (այսինքն՝ սկզբնավորման փուլում են – խմբ.)։
Սեպտեմբերի 21-ի վերը նշված վերլուծության մեջ «ՀՆ» օրաթերթը մատնացույց է արել այն իրողությունը, որից անամոթաբար հրաժարվում են գերհզոր Թուրքիան, Ադրբեջանը և նույնիսկ ՀՀ-ի դաշնակից Ռուսաստանը՝ պնդելով, թե 44-օրյա պատերազմը միայն Ադրբեջանի քրտնաջան հաղթանակն էր։ Ինչևէ, անդրադառնանք օրաթերթի «Ո՞վ աջակցեց Ադրբեջանին» ենթավերնագրին, որի ներքո կգտնենք դիպուկ պատասխան հենց հեղինակից. «Նախևառաջ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան, ով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարեց հետևյալը. «Այսուհետ բոլորն են գիտակցում, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Աջակցում ենք Ադրբեջանի ձեռնարկած քայլերին, որին վերաբերվում ենք «մեկ ազգ, երկու պետություն նշանաբանով»։
Բաքուն միայն պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը»,- ըստ «Al Monitor» սերվերի, հավելել է Թուրքիայի ղեկավարը։ Ինֆորմացիոն աղբյուրը միաժամանակ տեղեկացնում է, որ Էրդողանն արդեն դիվանագիտական հանդիպում է նախապատրաստում, որին, ըստ թուրքական պատկերացումների, Անկարայից ու Բաքվից բացի, պետք է մասնակցի նաև պաշտոնական Երևանը։ Սակայն աղբյուրը չի հայտնել, թե արդյոք հանդիպմանը հրավիրված է նաև Ռուսաստանը։ Թուրքիան Ադրբեջանին համարում է էթնիկորեն կապված հարակից պետություն, հետևաբար ոչինչ չի խնայում նրան ռազմական աջակցության համար», կարևորել է Պավել Նովոտնին «ՀՆ» օրաթերթում՝ հայացք նետելով նաև Հայաստանի վաղեմի դաշնակցի դերակատարությանն ու ներկա կարգավիճակին:
«Ի՞նչ դեր է խաղում այստեղ Ռուսաստանը» ենթավերնագրի ներքո «ՀՆ» օրաթերթը, օգտվելով «Politico» տեղեկատու աղբյուրից, ընդգծում է հետևյալը. «Ռուսաստանը կորցնում է իր երբեմնի նվիրական գերտերության կարգավիճակն ամենից առաջ նախկին խորհրդային հանրապետություններում, որոնք Մոսկվան միշտ համարել է իր ազդեցության գոտին։ Կրեմլը իսկապես թուլանում է հիմնականում Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի պատճառով, որին դեռ չի հաղթել նույնիսկ 19 ամիս անց։ Բացի այդ, Մոսկվան հետզհետե աղքատանում է նաև տնտեսապես՝ ոչ միայն Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով, այլև նորարարական և տեխնոլոգիապես առաջադեմ արտադրության բացակայության պատճառով»։
Վերլուծության եզրափակիչ հատվածում, չթաքցնելով վերջին իրադարձություններից հասունացած հայկական կողմի դիրքորոշումը, «ՀՈՍՊՈԴԱՐՍԿԵ ՆՈՎԻՆԻ»-ին իր խոսքն ավարտում է «Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը» ենթավերնագրով, որում հստակ ներկայացնում է. «… Վերջին ամիսներին վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է, որ ռուսական անվտանգության երաշխիքներն այլևս բավարար չի համարում, և որ իր երկիրը դրանք աշխարհաքաղաքականորեն այլ տեղ պետք է փնտրի։
«Politico»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի հնարավորությունները փոխվել են։ Վերջինիս խոսքով՝ Ուկրաինայում ագրեսիայի պատճառով Մոսկվան փորձում է լավ հարաբերություններ պահպանել Ադրբեջանի և հատկապես նրա մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ, ինչն ինքնին գործում է Հայաստանի դեմ։
«Գործնականորեն ապացուցվել է, որ հարևանների հետ մեր խնդիրները լուծելու փորձը, (ապավինելով դրսի օգնությանը), անկայուն է։ Երևանն արդեն քայլեր է ձեռնարկել Մոսկվայից անջատվելու համար։ Հենց այս պահին Հայաստանում ավարտվում են ԱՄՆ-ի բանակի հետ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում էին արտերկրից ժամանած գրեթե հարյուր զինծառայողներ»-, մեջբերելով ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ գրում է թերթը։
Ի տարբերություն ապագայի հույս ներշնչող «ՀՆ» օրաթերթի, թերևս զուտ համեմատական առումով, հոդվածում «ՄՖ ԴՆԵՍ»-ն աչքաթող չի արել և Հայաստանի պատմական անցյալը՝ «Տառապանքի պատմություն» ենթավերնագրի ներքո հակիրճ ուսումնասիրելով նաև Հայաստան-Թուրքիա չհաջողված փոխհարաբերությունների պատմական ակունքները. «Կարծես թե հայերի բախտը չի բերել, ինչպես բազմիցս նախկինում՝ կապված համաշխարհային քաղաքականության, այսպես կոչված, «գլոբալ տեկտոնական շարժումներ»-ի հետ։ Հանգամանքները միշտ իրենց դեմ են գործել։ Պատմական Հայաստանը երկար տարիներ բաժանված է եղել արևմտյան մասի (որը վերահսկվել է Օսմանյան կայսրության կողմից) և արևելյան մասի միջև, (որտեղ գերակշռել են պարսիկները, իսկ հետագայում՝ ռուսները)։ 19-րդ դարում նկատվել է աշխատասեր հայերի բնական վերելք, որոնք կազմել են արդյունաբերողների, վաճառականների ու բժիշկների զգալի մասը։
Սա նույնպես նպաստել է դժգոհ թուրքերի կողմից ավելի հաճախակի իրականացված ջարդերին, որոնց աչքերի առջև իրենց երբեմնի հզոր կայսրությունն անկում է ապրել, ինչն էլ իր գագաթնակետին է հասել 1915 թվականի 1,5 միլիոն հայերի կոտորածով։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո, տերությունների միջև կնքված պայմանագրերը պատմական ընդարձակ տարածքներ հատկացնելու հույս են արթնացրել հայերի մեջ։ Բայց ոչինչ չի ստացվել: Աթաթուրքի Թուրքիան շնչահեղձ է արել նմանատիպ ծրագրերը՝ ի վերջո հայերին զրկելով ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև պայմանագրերով կտրելով նույնիսկ այդ արևելյան հատվածից (որտեղ, օրինակ, այսօրվա թուրքական Ղարսն է)։
Հետագայում թուրք ազգայնականները, Ստամբուլից մինչև արևմտյան Չինաստան, թյուրքական ազգերի դաշինք ստեղծելու ծրագրեր են մշակել, որոնց ճանապարհին միշտ խոչընդոտ է հանդիսացել Հայաստանը՝ շարունակելով մնալ մինչ օրս»,- եզրափակում է «ՄՖ ԴՆԵՍ» օրաթերթը։
Արսեն Քոչարյան
Հատուկ «ՕՐԵՐ»-ի համար
Պրահա