
Լուսանկարում՝ Արամ Մանուկյանը, Վենետիկի Կինոփառատոնի Նախագահ Ռոբերտո Չիկուտտոն եւ Մոնտեկատինիի կինոփառատոնի նախագահ Զեպպին
ՕՐԵՐ-ն արդեն անդրադարձել է անցյալ տարի իտալական Մոնտեկատինիի 73-րդ կինոփառատոնում հայ կինոբեմադրիչ Արամ Մանուկյանի «Ակնարկ» ֆիլմի հաջողությանը։ Այդ կինոփառատոնում առաջին անգամ պատմության մեջ լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին արժանացավ ֆիլմի օպերատոր Արմեն Գեւորգյանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ այդ փառատոնում։ Այս տարի Արամ Մանուկյանը կրկին հրավիրվել էր Իտալիա՝ երկկողմ համագործակցության ծրագրերի քննարկման համար։ Այս առիթով էլ մի քանի հարց ուղղեցինք նրան։
-Հարգելի Արամ, այս անգամ Մոնտեկատինիի կինոփառատոնի հետ համագործակցությամբ ներկա գտնվեցիք նաեւ Վենետիկի միջազգային կինոփառատոնում։ Ո՞րն էր այս մասնակցության հիմնական նպատակը։
– Մոնտեկատինիի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի նախագահ Մարչելո Զեպիին ամեն տարի Վենետիկի կինոփառատոնում ներկայացնում է նախորդ տարվա արդյունքները ու գալիք կինոփառատոնի ծրագրերը։ Ես որպես այդ փառատոնում գլխավոր մրցանակի արժանացած ռեժիսոր, նաեւ փառատոնի դեսպան եւ Հայաստանյան ու կովկասյան տարածաշրջանային ֆիլմերի ընտրության կոմիտեի պատասխանատու, հրավիրված էի մասնակցելու Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող MISFF միջոցառմանը։ Այնտեղ ես եւ Let Me ընկերությունը ներկայացրեցինք Allison/Ակնարկ ֆիլմը, «Դոլի» խաղարկային կարճամետրաժ ֆիլմի նախագիծը,իսկ MISFF Lab production-ի հետ համատեղ ներկայացրեցինք Իտալական «Պարելու խենթ ցանկություն» ֆիլմի նկարահանումների մեկնարկն ու արտադրության սկիզբը։ Այս ամենը տեղի ունեցավ Վենետիկի կինոփառատոնի Darsena դահլիճում։ Ի դեպ նշեմ, որ այս անգամ էլ մասնակցության համար որեւէ պետական աջակցություն չենք ստացել, եկել ենք մեր ուժերով եւ որոշ ֆինանսական աջակցություն է ցույց տվել Երվանդ Թարվերդյանը։


– Ի՞նչ նոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վենետիկյան հանդիպումների ընթացքում։
– Նախ նշեմ, որ Վենետիկի կինոփառատոնի ընթացքում հանդիպեցի մի շարք ընկերների։ Պարոն Զեպիին ինձ ներկայացրեց ու ծանոթացրեց Վենետիկի Կինոփառատոնի Նախագահ Ռոբերտո Չիկուտտոյի հետ ու կինոփառատոնի տարբեր դեպարտամենտների պատասխանատուների հետ։ Պարոն Զեպիի շնորհիվ մեր առջև բաց էին կինոփառատոնի բոլոր փակ դռները։ Ես այնտեղ խոստացա, որ վերադառնալու եմ Վենետիկ ու մրցանակի արժանանամ։ Հանդիպում ունեցա նաև We Shorts ստրիմինգային ու դիստրիբյուտորական ընկերության հիմնադիր նախագահ Ալեսանդրո Լոպրիենոյի հետ, որի հետ պայմանավորվեցինք, որ Allusion/Ակնարկ ֆիլմն իր շրջագայությունները ավարտելուց հետո կդառնա We Short-ի մասնիկը։ Ծանոթացա մի շարք լրագրողների ու կինոքննադատների հետ, երկար խոսեցինք կինոյի ու մասնավորապես հայկական կինոյի մասին։ Փորձեցի իմ համեստ կարողությամբ խոսել նաեւ Արցախի շրջափակման մասին։

Ծանոթացա մի շարք կինոփառատոների ներկայացուցիչների հետ, կապեր հաստատեցինք։ Նաեւ հաճելի անակնկալ էր սպասում ինձ, քանի որ գլխավոր ընդունելության օրը համընկել էր իմ ծննդյան օրվա հետ, բոլորից ստանում էի շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Մոնտեկատինիի քաղաքապետ Լուկա Բարոնչինին ու քաղաքապետարանի մշակույթի հարցերով պատասխանատու Ալեսանդրո Սարտոնին,Լիդո կղզու ղեկավարը, մի շարք կինոգործիչներ ու ասոցիացիաների ներկայացուցիչներ։

– Դուք նաեւ այցելեցիք իտալական Մոնտեկատինի քաղաք, հանդիպում եք ունեցել քաղաքապետի հետ, իբրեւ պատվավոր հյուր մասնակցել եք քաղաքի օրվան նվիրված փառատոնին։ Այլ հանդիպումներ ունեցա՞ք։
-Այո, այդ օրերին շատ էին շփումները նաեւ իտալական մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ։ Այդ լրատվամիջոցները՝ toscananews, cinemaitaliano, agronline, gazzettadiroma, valdinievoleoggi անդրադարձել էին նաեւ իմ՝ իբրեւ Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի ներկայացուցչի Վենետիկ և Մոնտեկատինի կատարած այցելություններին և ձեռք բերված մշակութային համագործակցության առաջին արդյունքներին։
Մասնավորապես, այդ հրապարակումներում նշվում էր, որ Մոնտեկատինի Տերմեի քաղաքապետարանը և Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը մշակութային փոխանակման կարևոր նախաձեռնություն են սկսել Հայաստանը ներկայացնող արվեստագետների հետ։ Նշվում էր նաեւ , որ իմ կարճամետրաժ ֆիլմի նկարահանումները կսկսվեն Մոնտեկատինիում, իսկ Գալիլեո Չինիի մասին վավերագրական ֆիլմը, որի արտադրությանն աջակցել է Մոնտեկատինի Տերմեի քաղաքապետարանը, մենք ծրագրում ենք ցուցադրել Կինոյի պետական ինստիտուտի Անրի Վերնոյի դահլիճում եւ Նարեկացի արվեստի միությունում։ Այդ ֆիլմը Պորտուգալական Ավանկա կինոփառատոնում արժանացել է մրցանակի։
Նշեմ նաեւ, որ մշակութային փոխանակման և գեղարվեստական համագործակցության սկիզբը դրվեց իմ եւ Մոնտեկատինի Տերմեի քաղաքապետ Լուկա Բարոնչինիի, քաղաքապետարանի մշակույթի գծով խորհրդական Ալեսանդրո Սարտոնիի և Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ Մարչելո Զեպիի հանդիպման ընթացքում։ Հանդիպման սկզբում մենք Մոնտեկատինիի քաղաքապետարանին նվիրաբերեցինք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»՝ հայկական թանկարժեք հրատարակությունը, որը քրիստոնեական հոգևոր ժառանգության հիմնաքարերից մեկն է։ Քաղաքապետ Լուկա Բարոնչինին և խորհրդական Ալեսանդրո Սարտոնին փոխադարձաբար մեզ նվիրեցին Գալիլեո Չինիի ստեղծագործությունների կատալոգը:
Մոնտեկատինի Տերմեին և Հայաստանին միավորող մշակութային համագործակցության սկիզբը ֆիլմարտադրության ոլորտում կհանդիսանա «Պարելու խենթ ցանկությունը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի արտադրությունը, որի ռեժիսորը կլինեմ ես, իսկ գլխավոր դերակատարը՝ Ալեսիա Բոլոնինին։ Ֆիլմի համապրոդյուսերի դերը կստանձնի՝ MISFF Lab Production-ը՝ Մոնտեկատինիի փառատոնի այն մասնաճյուղը, որը զբաղվում է կարճամետրաժ և գեղարվեստական ֆիլմերի արտադրությամբ և տարածմամբ։ Սա լրիվ իտալական նախագիծ է, որի նկարահանումը վստահվել է հայ ռեժիսորի։
– Տեղյակ ենք, որ նոր ֆիլմի վրա եք աշխատում,արդյոք դա՞ է այդ նոր ֆիլմը։
– Իրականում մի քանի նոր ֆիլմերի նախագծեր կան։ Բացի վերը նշած ֆիլմից, նկարահանելու եմ նաեւ Դոլի ֆիլմը, որի ֆինանսավորման հարցում խոստացել է օգնել նաեւ պարոն Զեպպին։ Դոլին կլինի հայկական ֆիլմ՝ իտալական մասնակցությամբ, որի սցենարը կգրենք Հովհաննես Ազնավուրյանի համանուն վիպակի հիման վրա։
Հոկտեմբեր ամսին կրկին հրավիրված եմ մասնակցելու Մոնտեկատինիի 74-րդ կինոփառատոնին, որի ընթացքում կսկսեմ La Voglia Matta Di Danzzare/ «Պարելու խենթ ցանկությունը» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, իսկ երրորդ ֆիլմը դեռեւս անվանում չունի, բայց գործողությունները կատարվելու են Մոնտեկատինի Ալտո քաղաքում, եւ ըստ էության նկարհանումներն էլ կլինեն այնտեղ։ Ես արդեն աշխատում եմ ֆիլմի սցենարի վրա, որից հետո կսկսենք նկարահանումները։
ՕՐԵՐ եվրոպական ամսագիր
