Գալ տարի տարեդարձիդ Արցախում կլինենք

  • 02.09.2023
  • 0
  • 172 Views

Այսօր իմ անոթազարկը Արցախն է որոշում՝ նրա անկախությունը կերտողների, նրա հավերժական գոյությանը հավատացողների տոնն է այսօր: Խիստ օրինաչափ  է՝ հոգիս այդ զարկի ռիթմը կրկնապատկում է՝ թանկագին մի տարեդարձ սեպտեմբերի 2-ին իմ ներսի տրոփյունը ձայնավորում է՝ վերծանեմ գրի տեսքով:

Գերական Արցախն է, վերհուշի թեւով այնտեղ գնանք:

Որեւէ մեկը մեր ճանապարհը չէր փակել 2018-ին, երբ հուլիսի 20-ին Շուշի գնացինք, որի Կերպարվեստի թանգարանում նույն օրը երեկոյան իրադարձություն էր սպասվում. Երաժշտական Օլիմպ հասած Հասմիկ Պապյանի համերգն էր: Արցախում անշուշտ ոչ առաջին անգամ, բայց, երբ էլ սիրելի Արտիստը բեմ է բարձրանում, ներկայանում նոր ծրագրով, անկրկնելի բերկրանք է: Պատերազմի վերքերը չսպիացած Շուշին չէր տնքում՝ հակառակը Կերպարվեստի թանգարանը հիշեցնում էր, որ հոգատար ձեռքը կամաց կամ դանդաղ վերականգնում է երբեմնի մշակութային մետրոպոլը, իսկ դրան աջակցում էր նաեւ այն հանգամանքը, որ Պապյանի Կոմիտասը, Հենդելը, Պուչչինին, Վերդին, Կատալանին, Լեհարը ունկնդրելու համար նրա երկրպագուն բարձրահարկ հյուրանոցի սենյակները գրավել էր՝ ոչ միայն Երեւանից, նաեւ՝ Վիեննայից, Պոլսից, ԱՄՆ-ից Շուշի էր եկել եւ Արցախը վայելեց նաեւ հաջորդող օրերին:

Վառ հիշում եմ՝ Հասմիկ Պապյանն այցելեց Արցախի արծիվներին՝ զինվորների հետ անկեղծ ու սրտառուչ զրույց ունեցավ, լույսն աչքերում փոխվեց լուսարձակի, իսկ համերգը վերածվեց ձայնի եւ երջանկացման հրավառության: Արցախի մշակույթի նախարարը ոգեւորությունից ծնված առաջարկությամբ շարունակեց՝ աշխարհի մեծ բեմերում լավագույն Նորմա կերտած Հասմիկ Պապյանին ցանկանում ենք տեսնել նույնանուն օպերայում՝ Շուշիում կամ՝ Ստեփանակերտում:

2020 թվականի պատերազմից հետո էլ Պապյանը երեք անգամ Արցախ է մեկնել: Վերջին անգամ՝ անցյալ տարի՝ 2022-ի հուլիսին, «Զարթոնք» փառատոնի ժյուրին գլխավորելու, երիտասարդներին գոտեպնդելու: Հուլիսի 24-ի եզրափակիչ համերգին Արցախի լեռներն էլ ուս-ուսի պահեցին Հասմիկի երգ- երազը՝ «Երբ որ բացվին դռներն հուսո, եւ մեր երկրեն փախ տա ձմեռ…»

Այդ ձայնը սպեղանի է, մոռանալ չի լինի, ուրանալ չի լինի…

Ձայնդ անսպառ, սիրելի՛ Հասմիկ Պապյան, դու էլ հույսի մեր դուռն ես:

Ձմեռը մեր երկրեն փախ տա, գալ տարի տարեդարձիդ Արցախում կլինենք:

Անահիտ Հովսեփյան

Հայաստան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում