Ի զարմանս ընթերցողների, ամիսներ տևող անտարբերությունից ու լռությունից հետո, կրկին չեխական մամուլի ուշադրությանն է արժանացել արցախահայության ներկայիս վիճակը, որին անդրադարձել է օգոստոսի 27-ի «iDNES.cz» լրատու կայքէջը՝ «Ադրբեջանը սեղմում է Լաչինի միջանցքի պաշարման օղակը: ՚՚Բաքուն մեզ սովի կմատնի՚՚։ Հայերն անհանգիստ են» ծավալուն հոդվածով։
Վերլուծության համաձայն, Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի անկլավը հայտնվել է ծանր կացության մեջ, մարդիկ սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների, ինչպես նաև մանկական կաթնախառնուրդի զգալի պակաս ունեն։
«Հայերը մեղադրում են Ադրբեջանին կանխամտածված ցեղասպանության, սովի դիմաց զենք վաճառելու մեջ։ Երևանում, ինչպես նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շենքի դիմաց, ցուցարարները սնունդ են հավաքում և պահանջում անհապաղ ուղարկել տուժած վայր»,- գրում է «iDNES.cz»-ը՝ փորձելով չեխ ընթերցողին հնարավորինս մանրամասնորեն տեղեկացնել ԼՂ-ի ներկայիս ծանր կացությունը. «Խանութների ցուցափեղկերին մթերք գրեթե չկա։ Երեխաները հացի համար ժամերով հերթեր են կանգնում, իսկ մայրերը ոտքով կիլոմետրեր են անցնում՝ ցանկացած ուտեստի բաղադրիչներ հայթայթելու համար: Վառելիքի սղության պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում տեղաշարժվել։ Ղարաբաղի բնակիչներն ունեն նաև հոսանքի ու գազի զգալի պակաս։ Կլինիկաները վիժումների աճ են գրանցում այն հղիների շրջանում, ովքեր թերսնված են, ունեն սակավարյունություն և ենթարկված են սթրեսի։ Մոտավորապես այսպիսին է տիրող իրավիճակը միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետության տարածքում. մի տարածք Ադրբեջանում, որը 95%-ով հայաբնակ է»,- գրում է հոդվածի հեղինակ Վերոնիկա Պիթարդովան:
«Հայ-ադրբեջանական սահմանին ղարաբաղցիները սովոր են հրազենային հարձակումներին։ Այս պահին խնդիրը Լաչինի միջանցքն է, որը ենթադրաբար պետք է վերահսկվի խաղաղության բանակցություններին միջամտություն ցուցաբերած ռուսական բանակի կողմից։ Լաչինի միջանցքը, ըստ էության, միակ երթուղին է, որը կապում է Արցախի անկլավը Հայաստանի հետ»,- նշում է հեղինակը՝ շեշտելով, որ միջանցքով տեղաշարժը շուրջ ինը ամիս արգելափակված է, իսկ սահմանափակումներն էլ ավելի են ուժեղացել այս ամառ։ Ադրբեջանական շրջափակման պատճառով նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է զգուշացրել, որ չի կարողանում մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան։ Հարյուրավոր տոննաներով պաշարների բեռնափոխադրումները պարբերաբար խցանվում են ճանապարհներին։
«Իրավիճակն այնքան է վատթարացել այս տարվա օգոստոսին, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ (Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս) Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի սկզբին հանդես է եկել հետևյալ զեկույցով. «Ադրբեջանի կողմից տեղի էթնիկ հայությանը սովի հասցնելու փաստը ցեղասպանության ակտ է։ … Եթե կացության անհապաղ դրամատիկ փոփոխություն չլինի՝ հայերի այդ խումբը շաբաթների ընթացքում կկոտորվի»,– ընդգծում է Պիթարդովան՝ օգտվելով X սոցիալական ցանցում տեղ գտած Օկամպոյի նախկին թվիթերյան գրառումներից։
«Սակայն, ինչպես միշտ է պատահում, այս երկարատև հակամարտությունում երկու կողմերն էլ մատնացույց են անում միմյանց։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը շրջափակման ու մարդասիրական ճգնաժամի մասին հնչեցված բոլոր խոսակցություններն անվանել է «անհիմն մեղադրանքներ»՝ միաժամանակ ՀՀ-ի հասցեին արտահայտվելով՝ իբր, Հայաստանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ամիսներ շարունակ նախապատրաստված արշավի մաս է՝ միջազգային հանրությանը շփոթության մեջ դնելու համար, ինչին ենթարկվում է նաև իր կառավարությունը։ Բացի այդ Բաքուն պնդում է, որ ռուսական խաղաղապահ ուժերը պետք է կառավարեն տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- հավելում է կայքէջը։
• Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայում և չի վերահսկում խաղաղությունը Ղարաբաղում։ Խնդրին առճակատվում են հայերը
«Երկու անդրկովկասյան երկրների միջև տարիներ շարունակ վիճահարույց այդ ողջ տարածքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո։ Այնինչ Մոսկվան, որը հետզհետե ավելի է զբաղված Ուկրաինայում իր նվաճողական պատերազմով, Ղարաբաղի նկատմամբ պարտավորությունների կատարման «ավելորդ գլուխկոտրուկի» կարիք չունի»,- գրում է «iDNES.cz»-ը և ավելացնում. «Այդ մասին արդեն բարձրաձայնում են ցուցարարները՝ վերջին օրերին հավաքվելով առանձին երկրներում գործող ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց.
«Ռուսաստա՛ն, կատարի՛ր քո գործը։ Բացի՛ր Լաչինի միջանցքը կամ հեռացի՛ր և թո՛ղ դա ՄԱԿ-ին»,-նմանօրինակ ցուցապաստառներով հորդորելով խաղաղապահի պարտականությունները ստանձնած Ռուսաստանին»։
Կայքէջն աչքաթող չի արել նաև Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի ունեցած անցյալ շաբաթվա ակտիվությունները՝ խնամքով ներկայացնելով հետևյալը. «Ցուցարարները նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ են կուտակել՝ միջազգային կառույցից պահանջելով դրանք անհապաղ հասցնել պաշարված Լեռնային Ղարաբաղ»։
Հոդվածում մեջբերվում է նույնիսկ ցուցարարներից մեկի նկատողությունը. «Կարևոր չեն այս տարածքի շուրջ քաղաքական բանավեճերը։ Եթե մարդիկ կարիքի մեջ են և չունեն տարրական ապրանքներ, ինչպիսիք են՝ շաքարավազը կամ աղը, ապա մի քանի տարի է, ինչ ՄԱԿ-ի պարտականությունն է ստեղծել մատակարարման համակարգ»։
Ըստ «iDNES.cz»-ի՝ իրադրությունն այս պահին անհույս է։ Թեև պետական պաշտոնյաները քննարկել են առաքման այլընտրանքային ուղիների շուրջ, այնուհանդերձ օղակի մեջ սեղմված Լաչինի միջանցքն այս առումով էական նշանակություն ունի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս մայիսին հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Սակայն պայմանը տեղի հայ բնակչության անվտանգությունն ապահովելն էր, ինչն այս պահին չի իրագործվում։
«Որոշ վերլուծաբանների կարծիքով Ադրբեջանը, որը Հայաստանից զգալիորեն ավելի հարուստ է՝ հզորացած թուրքական ու իսրայելական զենքերով, ներկայումս իր առավելությունը հաստատում է իր «անպատժելիությամբ»՝ օգտվելով պատեհ առիթից, որ աշխարհը շեղված է Ուկրաինայի պատերազմի կողմը»,- կարևորում է հեղինակը։
• Ռուսաստանը կորցնում է իշխանությունը Կովկասում։ Ալիևը հետզհետե ավելի է սեղմում Լեռնային Ղարաբաղի շուրջ օղակը։
«Ղարաբաղցիները հավաստում են, որ այժմ լիովին կախված են տեղական արտադրությունից, այն էլ միայն՝ ժամանակ առ ժամանակ դեպի Ստեփանակերտ առաքմամբ, քանի որ ֆերմերները չունեն վառելիք»,- նշում է կայքէջը։
Առցանց վերլուծությունում տեղեկացվում է հետևյալը. «Reuters-ի վերջին հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով մատակարարումներ սկսել դեպի Ղարաբաղ, սակայն Ղարաբաղի հայերից պահանջել է «լուծարել անջատողական կռույցները և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»։ Հայկական կողմն այս քայլն ընկալում է որպես անվերապահ կապիտուլյացիա Բաքվին»։
«Ղարաբաղցիները հրաժարվում են լքել իրենց բնակտարածքը. «Այդ ժամանակ մեզ կղեկավարեն մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ այստեղ մեզ սովի են մատնել։ Ինչպե՞ս ենք նրանց հետ ապրելու»,- հոդվածի վերջնամասում, անդրադառնալով ղարաբաղցիների հառաչանքներին, խոսքը եզրափակում է հեղինակը. «ահա այսպես մտահոգվում են ղարաբաղցիները, իսկ երկար տարիների թշնամանքը կրկին մնում է անլուծում ու տեսադաշտից դուրս»:
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար Պրահա