Արմենուհի Դեմիրճյան. «Մեր բոլոր սրբատեղի-անունները կվերագտնեն իրենց ճշմարիտ անունները»

  • 31.08.2023
  • 0
  • 141 Views

Ներկայումս, երբ կրկին և որերորդ անգամ օրախնդիր է դարձել հայերիս ինքնության, ինքնաճանաչման հարցը, «ծանեա զքեզ»  հորդորը մեզ նորից տանում է հազարամյակների խորքը։ Մեր սեպագիր, նշանագիր արձանագրություններն, ապա նաև գրավոր պատմական աղբյուրները մեջքներս ուղղելու և հաստատակամ գործելու ամուր հիմք են ապահովում, զորեղ կամք ձևավորելու և առաջ մղելու խթան դառնում։

Մեր ազգի ձևավորման, նախահայր Հայկ դյուցազնի, Բելի դեմ նրա ճակատամարտի ու տարած հաղթանակի մասին առաջին և լուրջ գրավոր տեղեկությունները թողել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում, որը նաև համաշխարհային նշանակության առաջին գրավոր արժանահավատ աղբյուրներից մեկն է։  Ինչ վերաբերմունքի ասես չի արժանացել քերթողահայրը՝ խոնարհումից մինչև հալածանք, անվերապահ արժանահավատ աղբյուրից մինչև կեղծ Մովսես կամ pseudo-Moses լինելու քամահրանք, բայց ի վերջո կրկին դարձել է անսակարկ հեղինակություն։

Հայկ Նահապետը Նոյի Հաբեթ զավակի չորրորդ սերունդ է՝ Թորգոմ թոռան որդին։ Ինչպես Խորենացին է նշում, շատ բարդ է եղել կազմել «նախարարական ցեղերի սերումը Նոյի երեք որդիներից», հատկապես որ Սուրբ գիրքը «յուրայիններին զատելով իբրև իր սեփական ազգ՝ մյուսներինը լքեց, իբրև արհամարհելի և իր կողմից նշանակվելու անարժան»։ Խորենացին տարբեր աղբյուրներով վերականգնված ներկայացնում է նաև Քամի ու Հաբեթի 11 սերունդներին։ Ըստ որում, Խորենացին ուշադրություն է հրավիրում այս երեք ցեղերի «շարքերի հավասարությանը» մինչև 11րդ սերունդ՝ Աբրահամ, Նինոս և Արամ։

Մեր այսօրվա զրույցը Հայկ դյուցազունի և Բելի ճակատամարտի մասին պատմող գրքի շուրջ է, որ հրատարակվել է Երևանում Արմենուհի Դեմիրճյանի հեղինակությամբ։ Մեր շատ  հակիրճ գնահատմամբ, գիրքը պարտադիր ընթերցանության նյութ պետք է լինի ամեն հայ դպրոցականի համար, հատկապես որ այն  գրված է շատ մատչելի ու աշխույժ ոճով։ Առաջին հայացքից հեղինակի գիտական հսկայածավալ ուսումնասիրությունն անգամ չի զգացվում, մինչդեռ Հայկի սերունդների մասին Ա. Դեմիրճյանը գրում է բազում աղբյուրների ու աշխատությունների համադրմամբ, որ վերածվում են հայ ազգի կերտման պատմությունը ներկայացնող կենդանի երկխոսությունների։

– Տիկին Դեմիրճյան, Հայկ նահապետի մասին դյուցազներգությունը բացի հայ պատմիչներից ներկայացրել են նաև օտար պատմիչներ՝ առատ նյութ դառնալով շատ հայագետների, գրողների ու բանաստեղծների, նաև գրական հարուստ ժառանգություն թողած Մխիթարյան միաբան հայրեր Ղևոնդ Ալիշանի և Արսեն Բագրատունու համար։ Ըստ որում, Բագրատունին Հոմերոսի «Իլիական» և Տասսոյի «Երուսաղեմի ազատագրումը» էպիկական պոեմների օրինակով «Հայկ Դյուցազն» ծավալուն ասքերգ է գրել։ Հետաքրքրությունը սակայն չի սպառվում Հայկ ու Բելի պատմության նկատմամբ։ Ձեզ համար ի՞նչն է առիթ հանդիսացել անդրադառնալու այս թեմային։

– Չէի ուզենա, որ ընթերցողը վախենար պատմության բավիղներից, բայց հիմա, երբ ամեն ինչ հետևում է, չեմ էլ թաքցնի, թե ինչ է արժենում հեղինակին «սովորական հարցերի» պատասխան գտնելը: Գրելուս պատճառը մեր վերջին պատերազմն էր՝ իր դառը հետևանքներով, իսկ նպատակս՝ լուսավոր օրվա հասնելու ձգտումը, որի համար էլ ընտրեցի մեր հաղթական նախապապ Հայկին: Նրա մասին Խորենացին թողել է կարճ, բայց խիստ պատկերավոր մի տեքստ, որի ամեն դրվագ և՛ տեղեկույթ է, և՛ հարցականների թնջուկ, որ ձգտում ես բացել: Միջնադարյան մեր հեղինակներից շատերը՝ մինչև Վարդան Այգեկցի ու Վարդան Արևելցի, սեղմագրելով արտագրել են Խորենացուն, և միայն Սեբեոսն է 7-րդ դարում որոշ հավելումներ արել: Ըստ նրա՝ Հայկն ու Բելը նախ երկխոսելով մենամարտում են, Բելը Հայկին հորդորում է վերադառնալ և դառնալ իր տան որսկանների ղեկավարը,  Հայկը ստիպված նահանջում է, բայց հասցնում է սպառնալ և շուն անվանել Բելին: Այս դրվագը դասական մեր պատկերացումներից դուրս է, ուստի ինքս էլ չներառեցի իմ շարադրանքում: Ինչ վերաբերում է Արսեն Բագրատունուն, ապա պետք է հիացմունքով ասեմ, որ նա մեր ամենամեծ պոեմի հեղինակն է՝ 28 հազար տող:  Այստեղ էլ ամենաարժեքավորը պատերազմի դրվագն է, որից  որոշակիորեն օգտվել եմ՝ կանգ առնելով մի քանի անունների՝ Հայկակի,  Պարույրի, Բաբի ու Բելոքսի վրա: Դրանց ավելացրել եմ նաև 10-րդ դարի վրաց հեղինակ Լեոնտի Մրովելիի  շքեղ կերպարների՝ Հայկի 7 եղբայրների անունները,  որոնց մասին մեր աղբյուրները լռում են, իսկ Մրովելին պնդում է,  թե հենց նրանցից են առաջացել են վրացիներն ու կովկասյան մյուս ցեղերը: Գրելիքս ավելի լավ պատկերացնելու համար անցյալ ամառ ես զննաբար անցա Քարթլոսի երկրով՝ Վրաստանով, հատեցի Կովկասյան լեռնաշղթան և մտովի պատկերացրի Հայկի այն շքեղ եղբորը՝ հսկա Կովկասին, որի անունով հազարամյակներ շարունակ կոչվում է ամբողջ տարածաշրջանը: Հետաքրքրությունը, այսպիսով, ոչ միայն չի սպառվում, այլև գնալով մեծանում է, քանի որ մենք դեռ պետք է բացահայտենք Թորգոմյան մեծ գերդաստանը, որ տարածվելով ազնվացրել է նաև հյուսիսային ժողովուրդներին: 

– Աստվածաստեղծ Ադամի Սեթ որդու 10-րդ սերունդ են Նոյի  զավակներ Սեմը, Քամը և Հաբեթը։  Քերթողահայր Մովսես Խորենացին հստակ գրում է, որ կարծում է՝ խելացի մարդկանցից որևէ մեկը չի ցանկանա Նոյի երեք սերունդների տարբեր աղբյուրների համադրմամբ իր վերականգնածն առասպել համարել, քանզի իր պատմածները ճշմարիտ պատմություն են։ Բայց Հայկ ու Բելի պատմությունը ժողովրդական բանահյուսության հարուստ նյութ է դարձել, որոշ ասացողներ նաև բերել, պատմությունը հասցրել են քրիստոնեական ժամանակներ՝ չարի ու բարու մշտական բախման և բարու հաղթանակի իմաստությամբ։  Ի՞նչ եզրակացության կարող ենք հանգել, ի վերջո առասպե՞լ է սա, թե՞ պատմություն։

– Կարևորագույն հարցերից մեկը, որին հատուկ հետևել եմ գրքում, հենց սա է: Իմ խորին համոզմամբ առասպելի ոչ մի նշույլ չկա: Ամբողջ պատմությունը՝ այբից մինչև ֆե, ճշմարիտ եղելություն է: Հայկը, որ հսկաներից ամենաուժեղն ու երևելին էր, կարող էր հենց Բաբելոնում լուծել մեծամիտ Բելի հարցերը, բայց ազգային բնավորության գիծը՝ փորձություն չբերել նույնիսկ թշնամու գլխին, երևում է խաղաղ հեռանալու նրա որոշման մեջ: Այդ օտարներն են, որ առ այսօր ջանք են թափում մեր հերոսական նվաճումներն իջեցնել առասպելի աստիճանի: Բայց որտե՞ղ է առասպելականությունը: Արդյոք Հայկը դևերի կամ աստվածների հե՞տ է կռվում, արդյոք մտացածին ինչ-որ կերպարնե՞ր կան, ինչպես, օրինակ, «Գիլգամեշի» կես ցուլ-կես մարդ Էնկիդուն է կամ Խումբաբա հրեշը: Իսկ գուցե անդրշիրիմյան կյանքի ակնա՞րկ կա… Ո՛չ մի նման բան: Ընդհակառակը. ամեն ինչ զարգանում է որոշակի մարդկանց՝ Հայկի ու նրա զավակների անունների շուրջ, որոնցից էլ գոյացել են մեր տեղանունները: Այստեղ նույնիսկ Բաբելոնի աշտարակաշինությունն է կարևոր փաստարկ, որ հղում է անում հայոց շինարար ոգուն: Այդ հսկա աշտարակի կառուցմանը մասնակցել են ոչ միայն Հայկն ու նրա որդի Արամանյակը, այլև, ամենայն հավանականությամբ, հայրը՝ Թորգոմը, և գուցե նույնիսկ պապը՝ Թիրասը: 

Վերջապես շատ բան է պարզում Բելի ծագման հարցը: Պատմության միայն մակերեսը  տեսնողների կարծիքով Բելը պետք է որ Քամի շառավիղներից լիներ, այսինքն, ինչ-որ իմաստով, Հայկին ազգակից հեռավոր եղբայր: Բայց Խորենացին գրում է, որ այդ Մեծրայիմը կամ Մեստրայիմը, որ նույն Նեբրովթն է կամ էլ հենց ինքը՝ Բելը, եկել էր Եթովպիայից, այսինքն՝  խափշիկ էր: Այստեղից բխում է հաջորդ հարցը. ի՞նչ լեզվով պետք է խոսեին այդքան հեռուներից հավաքված մարդիկ…

– Մի շարք հայ հոգևորականներ պնդում են, որ հայերը չեն մասնակցել աշտարակաշինության առնվազն այն փուլին, երբ այն ոչ թե Աստծո իջման վայր, այլ Աստծուն հասնելու ու Բելի տաճարի սկսեց վերածվել։ Ձեր «Հայկ Նահապետ» գրքում էլ Հայկը չորրորդ հարկը կառուցելուց հետո Բելի խնդրանք-հորդորով ուղևորվում է Տիգրիսի մորուտներ՝ որս անելու, որպեսզի որսի միսն այդուհետ ուղարկեր շինարարներին։ Երկու դիրքորոշումների պարագայում էլ, փաստորեն, երբ Աստված բարկացել ու քանդել է շինությունը, միաժամանակ խառնելով բոլորի լեզուները, Հայկն այնտեղ չի եղել, ուստի պահել ու հայերիս է փոխանցել Նոյից ժառանգած լեզուն, որը փաստորեն Աստծո հետ հաղորդակցվելու լեզուն էր։

– Գիտե՞ք, եթե առանց որևէ հավակնության հիմա էլ դիտարկենք հայերենը, ապա կատարելության իմաստով այդ կարծիքի կհանգենք, քանի որ մեզ հայտնի «համաշխարհային» ոչ մի լեզվում (անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, արաբերեն…) ձայնավորների այսպիսի մաքուր հնչում և բաղաձայնների լրիվ կազմով եռաշարքեր ու երկշարքեր չկան: Սակայն մեր լեզվի կամերտոնային մաքրության գովքը թող ուրիշներն անեն, եթե, իհարկե, ի վիճակի են չանտեսելու սեփական լեզվում պակասող բաղաձայնները կամ քմային ու ռնգային անմաքուր հնչյունները:

Աշտարակի կործանման և լեզուների բաժանման հարցը քննելիս ինձ շատ օգնեցին պեղումների արդյունքները. ավերակների մեջ գտել են և՛ քարե որմեր, և՛ հում աղյուսի մնացորդներ: Սա նշանակում է, որ 43 տարի տևած կառուցման ընթացքում շինարարները հոգնել են ձգձգվող վիճակից և քարի փոխարեն նախընտրել հում աղյուսը: Այսինքն՝ քարով սկսել են, ավազով շարունակել, որն էլ, բնականաբար, փլուզման պատճառ է դարձել: Աստծո զայրույթն այստեղ միանգամայն տեղին է. մարդիկ պետք է պատժվեին սխալ մոտեցման համար: Այլ հարց է, որ  Աստվածաշունչը, իբրև  մեղք, մատնացույց է անում ոչ թե 7-հարկանի աշտարակի վերջին հարկերի կառուցման սխալը, այլ մարդկանց մտահղացման հանդգնությունը:

Ինչ վերաբերում է լեզուների առաջացմանը, ապա հնդեվրոպական լեզուների տրոհումը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակի սկիզբ) գիտականորեն առաջ է ընկնում  Բաբելոնի աշտարակից, իսկ մայր ժողովրդի բուն հայրենիքն էլ համարվում է Վանա լճի տարածքը: Շումերներն,  օրինակ (սեմականացած արիներ), դեպի Միջագետք գաղթածներն էին, որ ստեղծեցին  և՛ Շումերի քաղաքները, և՛ մաս կազմեցին Աքքադ-Բաբելոնի ստեղծմանը: Խուռիները՝ մեր լեռնաստանի հիմնական ժողովուրդը, տարածվեցին մինչև Կովկասյան լեռներ, իսկ խեթերը նրանք էին, որ գաղթեցին դեպի Փոքր Ասիա: Բաբելոնի աշտարակի կործանումից հետո Հայկի վերադարձը դեպի հայրենիք ազգային տեսակը և պահպանված լեզուն փրկելու բացառիկ մի օրինակ է և հպարտության դաս 4,5 հազար տարվա մեր պատմության համար:

-Հայկը իր հուժկու նետից տապալված Բելի դիակը զմռսելուց հետո նրան թաղել է բարձրադիր մի վայրում՝ ի տես մերձավորների ու ժառանգների և ի նախազգուշացում թշնամիների։ Տարբեր աղբյուրներ նշում են Նեմրութ սարը,  սակայն Հայկական բարձրավանդակում Նեմրութ անունով երկու գագաթ կա։ Որոշ մանրամասներ կներկայացնե՞ք։

-Ես երկու Նեմրութն էլ տեսել եմ: Մեկը Վանից դեպի արևմուտք է, որ առ այսօր գործող հրաբուխ է և կոչվում է նաև Թոնդրակ, մյուսը Վանից բավական հարավ է՝ Կոմմագենեի հպարտությունը, որտեղ մեր Անտիոքոս Երվանդունու շքեղ քանդակներն են: Սրանցից ոչ մեկն էլ Բելի գերեզմանատեղին չէ: Խորենացին գրում է, որ Հայկը Բելի և նրա զինվորների ընկած տեղը՝ բլուրը, կոչում է Գերեզմանք, իսկ դին տանում է գյուղ՝ Հարք, և թաղել տալիս մի բարձունքի վրա: Բոլորովին վերջերս պարզվել է, որ Վանից շատ մոտ կառուցված Սարդուրիխինիլի ամրոցը (մ.թ.ա. 9-8-րդ դդ.) հենց Հայկաբերդի տեղում է, այսինքն՝ Հարք գյուղի տարածքում: Բելի գերեզմանատեղին, փաստորեն, այստեղ պետք է լինի:  Ամենով հանդերձ, հիշենք, որ ճակատամարտի տեղում Հայկը կառուցում է մի մեծ դաստակերտ և պատերազմի առթիվ անունը դնում Հայք, այսինքն՝ Հայկյաններ, իսկ ամբողջ գավառը կոչում է Հայոց ձոր: Մինչ այժմ Հայոց ձորի  պաղպաջուն աղբյուրներից է սկիզբ առնում Վանին ջուր հասցնող Մենուայի ջրանցքը (մ.թ.ա. 9-րդ դ.), որը, ցավոք, մենք՝ հայերս, կոչում ենք Շամիրամի առու:   Բայց երևի կգա ժամանակը, որ մեր բոլոր սրբատեղի-անունները կվերագտնեն իրենց ճշմարիտ տերերի ճիշտ անունները:

– Ձեր «Հայկ Նահապետ» գիրքն այնքան կենդանի խոսք ու զրույցի միջոցով է ներկայացնում Հայկ նահապետի վերաբերմունքն իր ընտանիքին, հայրերի  երկրին, բռնությանն ու անարդարությանը, ազատությանն ու առաքինությանը, որ թվում է, ոչ թե ընթերցում, այլ տեսաշար ենք դիտում։ Հույս ունենա՞նք, որ կինեմատոգրաֆիստները կամ անիմատորները կհետաքրքրվեն սրանով։

-Սա շատերի կողմից հնչող խրախույս է, սիրելի Աննա, և ինքս, ինչ խոսք,  երջանիկ կլինեմ նման արդյունքի համար, քանի որ նպատակս ազգային մեծ զարթոնքի հասնելն է: Առայժմ առաջարկ ստացել եմ վավերագրող ռեժիսոր Վահե Յանից, որը վերջերս էկրան բարձրացրեց Նարեկացու տաղերի հրաշալի ընթերցումները: 

Կան համարձակ մարդիկ, որ ինձ «հրահրում են» դեպի Հոլիվուդ, բայց դրա համար գիրքը պետք է հրատարակել նաև անգլերեն: Ռուսերենի տպագրությունից հետո անգլերեն թարգմանությունն արդեն պատրաստ է, բայց ֆինանսական հարցերը միշտ էլ բարդ են ու հոգնեցնող:

Լավագույն տարբերակը, թերևս, մնում է մուլտիպլիկացիան, որի ուղղությամբ պետք է աշխատենք, հուսամ, ուժեղ թիմով:

Հաջողություն մաղթենք ի շահ մեծ նպատակների և հավատանք, որ քայլեր կձեռնարկվեն պատկան մարմինների կողմից: Ասենք՝ մինչ նոր հանդիպում՝ նոր արդյունքներով…

– Շնորհակալություն: Գուցե սա այն պահն է, երբ հավատը գործի կեսն է…

Զրույցը վարեց

Աննա Կարապետյանը

Հարցազրույցը լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 9-12/2022 համարում։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում