Ամերիկայի հայկական թանգարանում Մատենադարանի մասնագետները նորոգում են հնագույն հայկական ձեռագրերը

  • 30.08.2023
  • 0
  • 499 Views

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԸ

Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրերի վերականգնողական բաժնի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության մասին լսել էինք դեռեւս Երուսաղեմում, ուր նրանք երկար ամիսներ աշխատել էին եւ վերապատրաստել նաեւ տեղի աշխատակիցներին։ Եվ ահա ուրախալի մի այլ լուր ԱՄՆ-ից.  Մատենադարանի և Ուոթերթաունի Ամերիկայի Հայկական Թանգարանի (ԱՀԹ) միջեւ 2022 թվականից սկսված համագործակցությունը վերածվել է նախագծի։  Համագործակցությունն իրականացվում է շնորհիվ Bank of America-ի տրամադրված 2023 թվականի դրամաշնորհային ծրագրի, որը ապահովելու է ԱՀԹ-ի հավաքածուի 21 ձեռագրերի նորոգման աշխատանքները։ Արդեն իսկ մեկնարկել են ձեռագրերի ախտահանման, ամբողջականության ստուգման և վերականգնման աշխատանքները։  Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, ավագ վերականգնող Սուսաննա Բարսեղյանը և գլխավոր ավանդապահի պարտականությունները կատարող, ավագ գիտաշխատող Դավիթ Ղազարյանը Ուոթերթաունի ԱՀԹ-ում օգոստոսի 12ից սկսել են  ձեռագրերի նորոգման աշխատանքները։

Դավիթ Ղազարյանը 2022-ից իրականացնում է  ԱՀԹ-ի հավաքածուի ձեռագրերի ընդարձակ նկարագրությունները։ Նշենք, որ այս թանգարանը ԱՄՆ-ում հայ արվեստի նմուշներ ունեցող ամենամեծ հաստատությունն է։

Այս առիթով զրուցեցինք  Դավիթ Ղազարյանի եւ Գայանե Էլիազյանի հետ։

Դավիթ Ղազարյան

-Ինչպե՞ս են ընթանում վերականգնողական աշխատանքները, որքա՞ն կտեւեն եւ արդյոք ապահովված եք բոլոր անհրաժեշտ նյութերով։

-Անհրաժեշտ բոլոր նյութերը նախապես ապահովել էին, եւ մեզ առանձին սենյակ են տրամադրել աշխատելու համար։ Ես եւ Գայանե Էլիազյանը կատարում ենք այդ ձեռագրերի մոնիտորինգը։ Ես արդեն վերջացրել եմ ձեռագրերի ամբողջականության ստուգումը, իսկ Գայանե  Էլիազյանը  կատարել է դրանց փոշեհանումը եւ ախտահանումը։ Ավագ վերականգնող Սուսաննա Բերսեղյանը եւս երկու ամիս ԱՀԹ-ում աշխատելու է, շուտով նրան կմիանա նաեւ մեր մյուս աշխատակցուհին՝ Թագուհի Ճենտերեջյանը, եւ նրանք այդ ամիսների ընթացքում կվերականգնեն ձեռագրերը։  Իսկ մենք մեր երկշաբաթյա աշխատանքն ավարտելով, արդեն վերադառնում ենք Հայաստան։

-Իսկ որքանո՞վ են արժեքավոր այդ ձեռագրերը։

-Ձեռագրերը բավական արժեքավոր են. Դրանցից ամենահինը 1207 թվականի Ավետարան է, որը գրվել է Կիլիկիայում։ Պետք է նշեմ, որ բոլոր ձեռագրերն ունեն խնամքի կարիք։  Ես ստուգել եմ ձեռագրերի ամբողջականությունը, որպեսզի թերթերի ճիշտ տեղադրվածությունը պարզեմ։ Այս ձեռագրերի մի մասը ժամանակին (15-19-րդ դարերում) վերանորոգվել է, ինչի արդյունքում որոշ թերթեր սխալ են տեղադրվել։ Ես արդեն ուղղել եմ բոլոր թերթերը։ Արդյունքում ձեռագրերը կստանան նախնական տեսքը։ Ձեռագրերում կան նաեւ կորուստներ՝  պակաս թերթեր։

Իսկ հայտնի՞ է, թե  այդ  ձեռագրերն ինչպե՞ս են հայտնվել այս թանգարանում։

-Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է նվիրատվությունների միջոցով։ Եվ այստեղ առաջին անգամ ենք նման նախագիծ իրականացնում, թեեւ  արդեն 1.5 տարի է ես այս թանգարանի հետ համագործակցում եմ եւ իրենց ձեռագրերի նկարագրություններն եմ անում։ Երբ թանգարանի գործադիր տնօրեն Պերճ Չեքիջյանը այցելեց Հայաստան,  նրան առաջարկեցինք, որ կարելի է ձեռագրերի նորոգման ծրագիր ներկայացնել, որն էլ այժմ իրականացնում ենք Bank of America-ից ստացած դրամաշնորհով։

-Այդ 21ի մեջ կան ձեռագրեր, որոնք կրկնօրինակներ են եւ Հայաստանի Մատենադարանում չկան։

-Ցանկացած ձեռագիր, որպես այդպիսին, եզակի է, կապ չունի Ավետարան է, թե Շարակնոց կամ Ժողովածու։ Իհարկե, ժամանակին արտագրվել են, բայց կրկնօրինակ չեն, ամեն մի ձեռագիր բնօրինակ է, եւ այդ առումով կարեւոր է։ Ժողովածուներն ունեն բավական հետաքրքիր նյութեր, որոնք շատ կարեւոր են ուսումնասիրության համար։

-Այսինքն այդ 21 ձեռագրերը դեռ ոչ ոք չի ուսումնասիրել։

-Ոչ, գիտական ուսումնասիրություն չի եղել, առաջին նկարագրությունները ես եմ կատարում, սակայն ձեռագրերից մի քանիսին անդրադարձել են. մեկը ուսումնասիրել է Սիրարփի Տեր-Ներսիսյանը՝ պարզաբանելով մանրանկարչի հարցը, իսկ 1207 թվականի Ավետարանի մասին տեղեկություններ գտնում ենք «Պատմութիւն Հայոց Տոմարծայի» աշխատությունում:

-Կարո՞ղ եք թվարկել այդ ձեռագրերից մի քանիսը։

-Հավաքածուի մեջ հնագույնը Ավետարանն է, կան Շարակնոցներ, Սաղմոսարան, Խորհրդատետր, Աղոթագիրք, Յոթնագրյանք, Գանձարան, Մանրուսմունք եւ տարբեր բնույթի Ժողովածուներ՝ աստվածաբանական, գրականվ եւ աշխարհիկ նյութերով։ Ունեն նաև պատառիկներ եւ Հմայիլներ։ Այժմ վերանորոգում են ձեռագրերն ու պատառիկները։

Կա՞ն այլ հնատիպ գրքեր, որոնց վերանորոգմամբ նույնպես պետք է զբաղվեք։

-Ճիշտն ասած թանգարանը հարուստ գրադարան ունի՝ ինչպես հնատիպ գրքերի, այնպես էլ ժամանակակից։ Բայց մեր խնդիրը այս նախագծի շրջանակում միայն ձեռագրերի վերանորոգումն է։

-Իսկ ցուցադրություն կլինի՞։

-Թանգարանը հայոց պատմությունը ներկայացնող բավական հարուստ հավաքածու ունի՝ Վաղ բրոնզե դարից մինչև մեր օրեր: Ներկայացված են նաև ձեռագրերի մի մասը։

Գայանե Էլիազյան

-Դուք բազմաթիվ ձեռագրեր եք նորոգել։ Այս թանգարանի ձեռագրերն ինչո՞վ էին հետաքրքիր Ձեզ համար՝ թե նյութի եւ թե վերականգնման առումներով։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու ապագայում։

-Սա մեր հերթական օգնությունն է հայկական ձեռագրերի փրկության առումով, որովհետեւ մինչև այս էլ մեր վերականգնման բաժինը հայկական սփյուռքի բազմաթիվ հաստատություններում կատարել է նմանօրինակ աշխատանքներ։ Հալեպի Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցու հավաքածուն ենք վերանորոգել, որը հետագայում տեղափոխվեց Անթիլիաս, նույնն արել ենք նաեւ Անթիլիասում, Ջուղայում, Զմմառում, Երուսաղեմում եւ այլուր:

Երուսաղեմում է գտնվում հայկական ձեռագրերի թվով երկրորդ ամենախոշոր հավաքածուն: Այնտեղ հիմնել ենք վերականգնման բաժին, որը ներկայումս ընդլայնվում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների այս թանգարանում կատարվող աշխատանքն, իհարկե, մեզ համար շատ կարեւոր եւ պատասխանատու գործ է։ Ի դեպ, մեզ համար անակնկալ էր տեղի թանգարանի հարուստ եւ հետքարքիր ցուցադրությունը։ Ցանկալի կլիներ, որ ավելի մեծ թվով հայեր այցելեին այս թանգարանը։

Ինչ վերաբերում է մեր կատարած աշխատանքին, ապա բոլոր ձեռագրերը մաքրվել ու ախտահանվել են: Որոշ ձեռագրերում թանաքները ակտիվացած էին, կարիք ունեին չեզոքացման, քանի որ դա ձեռագրերի ամենակարեւոր խնդիրն է։ Նման ձեռագրերը պետք է առաջնահերթ կարգով փրկվեն։ Այստեղ երկու ձեռագրում նման խնդիր կար, որն արդեն լուծել ենք։ Որոշ պատառիկներ Սուսաննա Բարսեղյանը վերականգնել է, եւ դրանք արդեն ցուցադրվում են։ Սա շարունակական աշխատանք է։

Հետագան կախված կլինի բանկի հետ համագործակցությունից։ Եթե կրկին ֆինանսավորում լինի, մենք պատրաստ ենք նորոգել նաեւ Հմայլիները. բավական արժեքավոր հավաքածու կա ԱՀԹ-ում։ Դրանք շատ վատ վիճակում են, ուսումնասիրված չեն եւ կարիք ունեն անհապաղ նորոգման։ Այսպիսով, եթե դա հաջողվի, ուրեմն մեզ սպասում է եւս մեկ երկարատեւ եւ կարեւոր աշխատանք՝ փրկելու սփյուռքում գտնվող մեր գանձերը։

Հ.Ա. , ՕՐԵՐ ամսագիր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում