Դեպի հրաշագործ Հաճկատար Սուրբ Աստվածածին հայկական վանք. Ամենամյա ուխտագնացություն

  • 23.08.2023
  • 0
  • 111 Views

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոն և քրիստոնյաներին իրենց ուխտի ճանապարհը կրկին տանում է Սուչավա՝ Հաճկատար վանք։ Սուրբ Պատարագին նախորդող օրը սկսվեցին նախատոնական պատրաստությունները։

            Շաբաթ օրը, օգոստոսի 12-ը, սկսվեց Պռունկուլ հայկական գերեզմատանը։ Գերեզմանատան ներսում է գտնվում  Պռունկուլ (Պռունկուլյան) ազնվական ընտանիքին պատկանող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» մատուռը, կառուցված 1902 թ․, ճարտարապետ Վ․ Կլիկայի կողմից։ Ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանի և մասնակցությամբ թեմի քահանայից և սարկավագաց դասի, վերաօծեցվեց մատուռը, որն այսօր դարձել է աղոթատեղի, ուր կատարվում են հիմնականում հոգեհանգստյան արարողություններ։ Ճանապարհը շարունակվեց Հայկական փողոցով ներքև, դեպի Սուրբ Սիմեոն հայոց եկեղեցի: Այնտեղ կատարվեց երեկոյան ժամերգություն, իսկ եկեղեցու բակում կանգնեցված հայկական խաչքարի առջև կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Ըստ եկեղեցական ժամացույցի, ժամը 18։00-ին, երբ փոխվեց օրը, ուխտավորները հասան Սուրբ Խաչ հայոց եկեղեցի, ուր կատարվեց երեկոյան ժամերգություն և  նախատոնակ։ Նախատոնակից հետո եկեղեցուն կից թանգարանի շենի սրահում տեղի ունեցավ Սուչավայի հայ համայնքին նվիրված ցուցահանդես՝ կազմակերպված Ռումինիայի հայոց միության և Կորինա Դերլայի կողմից։

Սուրբ Խաչ եկեղեցուն կից գտնվող բակում ուխտավորները աղոթքով և հավատքով հունցում էին խմորը, նպատակ պահում՝ պատրաստելով ավանդական ականջապուրի համար անհրաժեշտ պարագաները։ Նախատոնակից հետո Սրբազան Հայրն օրհնեց մատաղի աղը՝ լցնելով այն մեծ կաթսայում եռացող ջրի մեջ։

«Սուրբ Հաճկատար, մայր ողորմած

Զողորմության դուռն մեզ բաց․․․»

            Կիրակի օրը, օգոստոսի 13-ը, ազդարարվեց, երբ թափորը շարժվեց բլրի լանջից դեպի Սուրբ Հաճկատար վանք։ Այս տարի հատկանշական էր, քանի որ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից բերվել էր Սուրբ Գևորգի մասունքը։ Բոլորը ցանկանում էին համբուրել այն և ստանալ Տաթև Սրբազանի օրհնությունը։ Սուրբ Գևորգի մասունքը մինչև օգոստոսի 15-ը դեռ պահվեց Հաճկատարի ներսում։ Մարդկանց մի բազմություն բլուրը բարձրանում էր ծնկաչոք։ Հավատքի այդ ուժը պատել էր ամբողջ բլուրը, անգամ վանքի սահմաններից դուրս։ Մասնակիցների թիվն այնքան մեծ էր, որ տոնական Սուրբ պատարագը Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը մատուցեց Հաճկատարի բակում՝ ամառային բաց խորանի վրա։ Հավարտ պատարագի Սրբազան Հայրն իր պատգամը հղեց ներկա ժողովրդին՝ խոսելով Սուչավայում և ընդհանրապես ողջ Ռումինիայում հայության դարավոր ներկայության, հայ համայնքի շարունակականության, եկեղեցու դերակատարության մասին՝ նշելով, որ Ռումինիան է Եվրոպայում քրիստոնեական հավատքի կենտրոնը։ Պատարագին ներկա էին Սուչավայի փոխմարզպետ Վասիլե Տոֆանը, Սուչավայի և Ռըդըուցի արքեպիսկոպոս Կալինիկի ներկայացուցիչ Դորու Իոնել Բուդեանուն, Ռումինիայ հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, թեմական խորհրդի անդամներ Զարե Նազարյանը, Լիվիու Իոնեսկուն, ծխական խորհուրդների անդամներ, հայ և ռումին ուխտավորներ Բուխարեստից, Կոնստանցայից, Պիտեշտից, Բոտոշանից, Յաշից, Գալացից, Բրըիլայից և այլ քաղաքներից, ինչպես նաև Լոս Անջելեսից և Բուլղարիայից։

Հավարտ Պատարագի կատարվեց խաղողօրհնեք և մատաղի օրհնություն։ Օրհնված խաղողը և մատաղը բաժանվեցին ուխտավոր ժողովրդին, տեղի  ունեցավ սիրո ճաշ։

«Հաճոյից կատարող» կամ Խնդրակատար այս սուրբ վայրում, նպատակի, ցանկության, շնորհակալության ու երախտագիտության համար երեք անգամ պտտվում են վանքի շուրջ։ Աննկարագրելի է, երբ յուրաքանչյուր ուխտավորի աչքերի մեջ նայելիս տեսնում ես այն հույսը, հավատքը և սերը, որն իրենք ունեն առ Աստված։

            Պատարագից հետո անգամ, երեկոյան ուշ ժամի մարդիկ այցելում էին վանք, պտտվում նրա շուրջ, խոնարվում ներսում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի հրաշագործ սրբապատկերի առջև։

            Երկուշաբթի օրը, ոգոստոսի 14-ին, մեռելոց էր։ Սուչավայի երկրորդ՝ Զամկա հայոց վանքում մատուցվեց ննջեցելոց Սուրբ Պատարագ։ Զամկա վանքն իր հնությամբ ու գեղեցկությամբ անտարբեր չի թողնի ոչ ոքի։ Զամկա վանքի մասին դեռ պատմում են հին արձանագրությունները, հենց այնտեղ է եղել հայոց Առաջնորդանիստը, երբ հիմնադրվել է եպիսկոպոսական աթոռը 1401թ-ին, Ալեքսանդր բարեպաշտի օրոք։

            Նշանակալից այս օրերին Ռումինիա էին եկել ուխտավորներ նաև Ամերիկայից, որոնցից երկուսը Սուրբ Խաչ եկեղեցու բակում զրույցի ընթացքում կիսվեցին իրենց տպավորություններով․

Հարրի, Ամերիկա– Երբ ես բարձրացա դեպի առաջին եկեղեցին, քիչ էր մնում լաց լինեի, որովհետև ես շատ հուզված էի։ Ոչ այդքան այստեղ, բայց այնտեղն ինձ իրոք ցնցեց։ Այնպես, որ հույսով եմ վաղը մեկ անգամ ևս զգալ այդ փառավորությունն ավելի ուժեղ Հաճկատարում։ Դա կարտացոլվի իմ աչքերում և իմ արցունքներում։

          Գալուստ Հակոբյան, Լոս Անջելես  – Ես շատ տպավորված եմ, սա այնպիսի մի բան է, որը չէի մտածի թե կարող է  այսչափ ազդել ինձ վրա։ Երբեք չէի եղել Բուկովինայում և այս անգամ ասացի անպայման պետք է տեսնեմ ու իսկապես հիասթափված չեմ։ Ինձ դուր եկան վանքերը, քանի որ բոլորը յուրահատուկ են։ Ռոմանի եկեղեցին և հայկական դպրոցի շենքը։ Իսկ ականջապուրի մասին չգիտեի, բայց հիշեցնում է մեր մանթուն, որը մենք միշտ պատրաստում ենք։ Ավանդույթներ են, և երևի թե այն, ինչն ամենաշատը տպավորություն թողեց, որ այս ավանդույթները մեկ, երկու տարվա չեն, այլ հարյուր։ Ես ուրախ եմ և վստահ, որ այս ամենը կշարունակվի՝ տեսնելով այստեղ այսքան երիտասարդների։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում