Ֆինլանդիայում օծվեց առաջին հայկական խաչքարը

  • 19.08.2023
  • 0
  • 384 Views

Օգոստոսի 19-ը  պատմական օր էր ֆիննահայության համար։ Այսօր Ֆինլանդիայի Էսպո քաղաքի Սուրբ Հերման Ալասկալայնեն ուղղափառ եկեղեցու բակում  օծվեց առաջին հայկական խաչքարը։ Խաչքարի օծումը կատարեց Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ, Գերաշնորհ Տեր  Տիրան եպիսկոպոս  Պետրոսյանը  մասնակցությամբ  Դանիայի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյաանի։ Ինչպես ՕՐԵՐ եվրոպական ամսագրին  հայտնեց  Ֆինլանդիա-Հայաստան միության վարչության անդամ Մարինա Դանոյանը, խաչքարը տեղադրվել է  միության նախաձեռնությամբ։ Խաչքարը, որի հեղինակն է քանդակագործ Հովհաննես Ստեփանյանը, ստեղծվել է Ջուղայի խաչքարի նմանությամբ։

Հանդիսավոր արարողությանը ելույթներ են ունեցել ոչ միայն Տիրան Սրբազանը, այլեւ Հելսինկիի և ամբողջ Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոն, ինչպես նաեւ  ուղղափառ  եկեղեցու  վանահայր Պետրի Կորհոնենը։ Օծման արարողությանը ելույթներով հանդես եկան  նաեւ պաշտոնական հյուրերը՝ Շվեդիայում և Ֆինլադիայում Հայաստանի փոխդեսպան Հայարփի Դրմեյանը, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան  Կիրստի Նարինենը /նստվայրը՝ Հելսինկի/, Ֆինլանդիա-Հայաստան միության նախագահ Դանիել Դավթյանը։  Միջոցառումը վարեց Ֆինլանդիա-Հայաստան միության վարչության անդամ Հրաչ Զաքարյանը։

Բոլոր բանախոսներն անդրադարձան ոչ միայն հայ-ֆիննական կապերի զարգացմանը, այլեւ մշակութային կապերի ամրապնդմանն ու դրանց կարեւորությանը։ Իսկ խաչքարի տեղադրումով նաեւ ֆիննահայ համայնքն է պատմություն կերտում, քանի որ այն առաջին խաչքարն է Ֆինլանդիայի տարածքում։

Արարողությանը հետեւեց «Վալո/Լույս» ֆինն-հայկական պոեզիայի և երաժշտության խմբի անդամների հիասքանչ ելույթը։  Նրանք ներկայացրեցին հակական ժողովրդական երգեր։Վերջում տրվեց հայկական խոհանոցի հյուրասիրություն։

Սեփ. Թղթ.

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում