Ադրբեջանը փորձում է հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք. Փաշինյանի մամուլի ասուլիսը

  • 25.07.2023
  • 0
  • 628 Views

Հուլիսի 25-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Նախքան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Սիրելի ժողովուրդ,

Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն: Աշխարհակարգը, որ համարվում էր, այդ թվում՝ մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Ինչպիսի՞ն կլինի նոր աշխարհակարգը՝ ոչ ոք չգիտի: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական: Իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական:

Ուկրաինայի իրադարձությունների բերումով մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են, և «Արևելեք-Արևմուտք» մեզ համար ավանդական բանաձևերը բավարար չափով չեն գործում:

Ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը և իրագործումը և տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ Հայաստանի Հանրապետության տեղի և դերի հստակեցումը: Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում: Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ:

Այսօրվա ասուլիսը պատեհ համարեցի սկսել հենց այս ուղերձով՝ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել: Ու չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր կառավարության հավատարմությունն այդ օրակարգին:

Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարման ուղիներին գործնականում ամեն շաբաթ անդրադառնում եմ և անդրադարձել եմ կառավարության նիստերում ունեցած ելույթներում: Ուստի, այդ թեմայով այսօր կանդրադառնամ հարցուպատասխանի ընթացքում՝ կռահելով, որ հարցերի մի զգալի հատվածը նվիրված կլինի այդ խնդրին:

Հարգելի ներկաներ,

Վիճակագրության  կոմիտեն այսօր հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը, և ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում:

Շարունակվում է նոր աշխատատեղերի ստեղծումը, և հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719.224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է շուրջ 171.000 նոր աշխատատեղ:

Շարունակում են աճել աշխատավարձերը: Այս տարվա հունիսին, օրինակ, նախորդ տարվա հունիսի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն աճել է 13.7 տոկոսով կամ 34.469 դրամով: Աշխատավարձերի բարձրացման գծով էական դեր ունի մանկավարժների և զինվորականների շրջանում ընթացող կամավոր ատեստավորման գործընթացը: Այսօր Հայաստանում 507.000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա՝ կամավոր ատեստավորման արդյունքում: 22 ուսուցիչներ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստանում են ավելի քան 400.000 դրամ ամսական աշխատավարձ:

Կամավոր ատեստավորման արդյունքում մենք բանակում ունենք շարքային պայմանագրային զինվորականներ, որոնք ստանում են մինչև 599.000 դրամ աշխատավարձ: Վերը հիշատակված աշխատավարձերը ներառում են հարկերը, բայց ուզում եմ ընդգծել, որ դա նախկինի համեմատ աշխատավարձերի առավել քան կրկնապատիկի չափով բարձրացում է:

2023 թվականի առաջին եռամսյակում մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարել մոտ 50 մլրդ դրամով:

2023 թվականի հուլիսի 1-ից բարձրացել են կենսաթոշակները: Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին: Իսկ անկանխիկ առևտրի դեպքում՝ ետվճարի համակարգի հաշվառումով թոշակառուների փաստացի նվազագույն եկամուտը գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղի շեմը: Սա պատմական ցուցանիշ է:

Քաջալերող են զարգացումները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս տարվա առաջին կիսամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 90 տոկոսով, աշխատողների թիվը՝ շուրջ 40 տոկոսով, ընկերությունների թիվը՝ շուրջ 70 տոկոսվ:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Կառավարությունը շարունակելու է տնտեսական զարգացման և մրցունակության նպաստելուն ուղղված բարեփոխումների իրագործումը՝ դա համարելով Հայաստանի Հանրապետության պետական շահի սպասարկման կարևոր ուղղություններից մեկը:

Այժմ պատրաստ եմ պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

Շնորհակալություն»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպման հետ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չպետք է թողնվի երրորդ երկրների հայեցողությանը։

Այս մասին վարչապետն ասաց հուլիսի 25-ի ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ 

«Ես համաձայն եմ այդ ձևակերպման հետ, որ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության ճակատագիրը չպետք է թողնվի երրորդ երկրների հայեցողությանը։ Վերջերս հարցազրույցներից մեկում նույնպես անդրադարձել եմ այդ թեմային։ Իսկապես միշտ չէ, որ դա լավ և ազնիվ ռեժիմ է, երբ ունենք մի իրավիճակ և ասում ենք. «Մոսկվա, Վաշինգտոն կամ Բրյուսել, տեսեք՝ ինչ եք անում»։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Իսկ Ստեփանակերտն ի՞նչ է անում։ Մենք նույնպես պետք է հասկանանք մեր պատասխանատվության դաշտում գտնվող հարցերի հասցեագրումը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ կան շատ ազնիվ շեշտադրումներ, որոնցից շատերը, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա կհնչի այսպես. «Լավ, դուք երեսուն տարի անկախ պետություն եք, դեռ որքա՞ն պետք է պրոբլեմ ունենալու դեպքում զանգեք կամ գրեք Մոսկվա»։ Մենք ունենք ժանր՝ «նամակ ռուսաց թագավորին»։ Մինչև ե՞րբ ենք ապրելու այդ ռեժիմով։ Ի դեպ, այդ ժանրի հիմնադրման գործում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ունեն շատ էական դերակատարում, թեև ոչ միայն նրանք։ Բա Մոսկվայի խնդիրներն ո՞վ պետք է լուծի։ Վաշինգտոնն ու Բրյուսելը նույնպես ունեն իրենց խնդիրները։»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպմանը, որ Արևմուտքի հովանու ներքո անցկացվող բանակցությունների ընթացքում  Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչն էականորեն փոխել է այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի շուրջ։

Խաղաղապահների կարգավիճակի վերաբերյալ վարչապետը վկայակոչեց ՌԴ Դաշնային խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախումբ տեղակայելու մասին, ըստ որի՝ Դաշնային խորհուրդն իր համաձայնությունն է տվել ՌԴ նախագահին, որպեսզի 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝  զինվորական կոնտինգենտ ուղարկվի Լեռնային Ղարաբաղ՝ համապատասխան տեխնիկայով և հանդերձանքով, որի նպատակն է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները կյանքի կոչել և հրադադար հաստատել՝ խուսափելով քաղաքացիական ազգաբնակչության շրջանում զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտների ոչնչացումից։

Փաշինյանի դիտարկմամբ՝ առկա գործոնների առումով այսօր ոչինչ չի փոխվել, և Ալմա-Աթայի հռչակագիրը (խմբ․ Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերին վերահաստատել են, որ Ալմա Աթայի հռչակագրով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը)դեռ 1992 թվականից  ՀՀ օրենսդրության անբաժանելի մասն է դարձել։

ՀՀ վարչապետը նաև վկայակոչեց 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի մամլո ասուլիսում հնչած հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Միջազգային իրավունքի տեսնակյունից բոլոր այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս։ Կրկնում եմ ևս մեկ անգամ, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետևաբար, հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Լեռնային Ղարաբաղը նաև միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ տվյալ հարցը քննարկել են 2020 թվականից առաջ ու նաև վերոհիշյալ հայտարարությունից հետո՝ արձանագրելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս։  Նա մեջբերեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հանդիպումը Ֆրանսիայի սենատի արտաքին գործերի, պաշտպանության և զինված ուժերի հարցերով հանձնաժողովի հետ, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 8-ին։ Ֆրանսիացի համանախագահը մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանում գտնվող լեռնային անկլավ է»։

Վարչապետը ներկայացրեց նաև 2012-16 և 2017-19 թվականների ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից մարդու իրավունքների տարեկան զեկույցում հիշատակված ձևակերպումները։ Դրանցից մեկում մասնավորապես նշված է. «Անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակել են վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և յոթ այլ ադրբեջանական տարածքները»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ վերջերս «Ֆրանսպրես» գործակալությանը հարցազրույց է տվել ու նշել, որ Հայաստանը՝ որպես անկախ պետություն, պետք է կատարի հասունացման հաջորդ քայլը՝ հասկանալով, որ Հայաստանի խնդիրների լուծողն առաջին հերթին ինքն է։

«Դա է պատճառը, որ ես համաձայնվել եմ պայմանավորվածությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29,8 և 86,6 հազար քառակուսի կիլոմետրով։ Մենք չենք կարող առանձին մոլորակի վրա ապրելու տեսիլք ստեղծել, որը, սակայն, իրական չէ, ընդամենը տեսիլք է։ Սխալ տպավորություն է առաջացել, որ միջազգային հանրությունը նախընտրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման այս կամ այն տարբերակը։ Միջազգային հանրությունը նախընտրում է ցանկացած տարբերակ՝ հորդորելով հակամարտող կողմերին նույնպես բավարար ջանքեր գործադրել։ Մեզ թվում է, թե Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը մեզ բերելու են մեր երազած տարբերակը, բայց նման բան չի լինելու, որովհետև Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն առանձին մոլորակում չեն, կան մյուս երկրները, կա Ադրբեջանը, կան գլոբալ շահեր, հետևաբար, մենք, մեր շահերով հանդերձ, պետք է տեղավորվենք այդ շահերի տրամաբանության մեջ, այլ ոչ թե հակադրվենք այդ շահերին»,- ասաց ՀՀ վարչապետը։    

Գերիների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ գերիներին, քանի որ փորձ է անում նրանց օգտագործել որպես քաղաքական սակարկության, Հայաստանի վրա ճնշման գործիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում։

«Ադրբեջանը փորձ է անում գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում՝ ոչ թե կոնկրետության մեջ, այլ Հայաստանի վրա ճնշման գործիք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականապատման քարտեզները տրամադրել ադրբեջանական կողմին։

«Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ: Եվ մենք այդ քայլն արել ենք՝ որպես մարդասիրական քայլ՝ ի ցույց դնելով մեր անկեղծությունը խաղաղության ջանքերում»,-նշեց նա:

Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումների որոշակի ներդաշնակեցում է նկատում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում։

Վարչապետը նախ չհամաձայնեց լրագրողի դիտարկման հետ, թե Հայաստանը բանակցային գործընթացում մերժում է Արևմուտքի մեկնած ձեռքը, միևնույն ժամանակ հիշեցրեց, որ որոշակիորեն նվազել է Ռուսաստանի բանակցային նախաձեռնողականությունը և ակտիվությունը՝ պայմանավորված Ուկրաինայի իրադարձություններով։

«Շատ բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների ջանքերը: Իսկապես շատ լուրջ ջանքեր են գործադրում խաղաղության պայմանագիրը հնարավոր դարձնելու համար: Ռուսաստանի բանակցային ակտիվությունը, այո, որոշակիորեն նվազել է: Սակայն նվազել է ոչ թե կապված նրա հետ, որ իրենք չեն ուզում հարցի կարգավորում, այլ չեն ներդնում ենթադրվող ժամանակն ու էներգիան՝ պայմանավորված Ուկրաինայի իրադարձություններով։ Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում, մեր ընթացիկ իրավիճակի հետ կապված, տենում ենք, որ ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ վերջին տարիներին ավելի շատ հանդիպումներ է ունեցել, բանակցել է արևմտյան հարթակներում: Սակայն դա տեղի է ունեցել ոչ այն պատճառով, թե Հայաստանը ցանկացել է, որ ՌԴ-ն դուրս մղվի, այլ օբյեկտիվ պատճառներով:

Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահ Իգոր Խովաևը Հայաստան վերջին այցի ընթացքում ինչ-որ բան առաջարկե՞լ է, Փաշինյանը բացասական պատասխան տվեց:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում անելիք ունի նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունը, Հայաստանն էլ պատրաստ է աջակցել այդ հարցում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում։

«Մի հարցի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել: Այո, մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը սա պետք է անի, ԱՄՆ-ն պետք է սա անի, ԵՄ-ն՝ սա, Հայաստանը՝ սա, Ադրբեջանը՝ սա: Մենք պետք է ձևակերպենք նաև, թե Լեռնային Ղարաբաղի իշխանությունն ինչ պետք է անի: Աղետի գոտի կարելի է հայտարարել, իսկ այդ ճգնաժամը կառավարելու հարցում արդյոք Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ունե՞ն որևէ անելիք: Կարծում եմ՝ բոլոր դեպքերում հենց իշխանություն լինելու բերումով ունեն անելիք: Կարծում եմ՝ այդ անելիքը պետք է անեն, և մենք պատրաստ ենք աջակցել այդ անելիքն անելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց՝ չի կարելի Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը  դիտարկել ընդհանուր կոնտեքստից դուրս:

Նրա խոսքով՝ մի շարք երկրներ սեփական խնդիրներն ունեն, իսկ հայկական կողմը նրանցից ակնկալում է, որ որևէ խնդիր կլուծեն Լեռնային Ղարաբաղում։   

«Բայց այդ երկրներն իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել, ո՞ւմ մեղադրեն դրա համար»,-նշեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առկա հումանիտար ճգնաժամը մեղմելու համար։  

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանի կառավարությունը մշտական կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ, փորձում են տեսնել՝ ինչ հնարավորություններ կան, ինչ բանաձևեր ու մոտեցումներ կան,  որոնք կարող են օգնել։

«Նաև մեր աշխատանքի շնորհիվ միջազգային տարբեր ատյաններ թեմային առնչվող տարբեր որոշումներ են կայացնում։ Բանակցային գործընթացում փորձ է արվում լուծումներ գտնել։ Գիտեք, որ արդեն երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար իրավիճակի հետ կապված՝ Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն ամենօրյա քննարկումների մեջ է, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որոնք առավել արդյունավետ կլինեն։ Քանի դեռ հումանիտար աղետի վտանգը հաղթահարված չէ, նշանակում է, որ գործողությունները բավարար չափով արդյունավետ չեն, հետևաբար ամեն օրվա հետ մենք պետք է մտածենք, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի ի վերջո կարողանանք որևէ՝ թեկուզ միջանկյալ, բայց արդյունքի հասնենք։ Ամենատարբեր գաղափարներ կան, և կարծում եմ, որ ինչ-որ փուլում այդ գաղափարների իրագործումը կտեսնեք»,- հայտարարեց նա։

Վարչապետն այդ գաղափարների մասին չցանկացավ այլ մանրամասներ հայտնել, միայն հստակեցրեց, որ հնարավոր քայլերը պետք է լինեն հումանիտար բնույթի։ Նրա խոսքով՝ կարևորը ոչ թե քննարկվող գաղափարների մասին բարձրաձայնելն է, այլ դրանք ճիշտ ժամանակին, ճիշտ ձևրով օգտագործելը։

Անկախ տեղից՝ բանակցողները չեն փոխվում, այսինքն՝ հայ-ադրբեջանական բանակցությունները Մոսկվայում են, Վաշինգտոնում, թե Բրյուսելում, միևնույն է, բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս տեսակետը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ասուլիսում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին։ 

«Բանակցություններում հաջողություն ունենալը և բանակցային լուծումների հասնելը նաև այս համատեքստում մեզ է հարկավոր։ Օրակարգը որևէ ձևով չի փոխվում, սկզբունքային հարցերը որևէ ձևով չեն փոխվում, խոսակցության տրամաբանությունը որևէ ձևով չի փոխում։ Դրանք փոխլրացնում են մեկը մյուսին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Բանակցություններում առանձին վերցրած հանդիպումից ես ակնկալիք ունեմ ՀՀ արտգործնախարարից, մեր գործընկերներից նույնպես, որպեսզի նրանք կարողանան հնարավոր խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և կարողանան ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա լարվածությանը, ապա առհասարակ որևէ տեղ, ցանկացած հարաբերության լարվածություն չի կարող դրական ազդեցություն ունենալ, չնայած մյուս կողմից էլ լարվածություն ասվածը չպետք է գերագնահատել, որովհետև մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը և Թուրքիան, չնայած որոշ տարաձայնություններին, շատ ակտիվ համագործակցում են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց նաև այն հանգամանքը, որ բոլոր երկրների հարաբերություններում էլ կան հակասություններ։ Խնդիրն այն է, թե որքանով են այդ հակասությունները վերաճում կոնֆրոնտացիոն տրամաբանության։

«Ընդհանրապես հայեցակարգային և ռազմավարական առումով  մեր մեծագույն խնդիրն այն է, որ մենք մեր պետության գոյության ողջ ընթացքում եղել ենք և գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով՝ և՛ անվտանգային, և՛ զարգացման, և՛ միջազգային ազդեցության առումով։ Այդ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ մենք, ըստ էության, չենք կարողացել և չենք կարողանալու ապահովել մեր երկարատև զարգացումը և մեր անվտանգության ապահովումը»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Բրյուսելում հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հետ եռակողմ հանդիպման ժամանակ ինքը չի մտել քննարկման մեջ՝ կապված Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն հասցնելու Ադրբեջանի առաջարկի հետ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը շեշտեց, որ ինքը նման քննարկման մեջ չի մտել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի տեսել ու նաև դրա մանդատն էլ չունի։

Video Playerhttps://www.youtube.com/embed/EUiA6vDPyDw?controls=1&rel=0&disablekb=1&showinfo=0&modestbranding=0&html5=1&iv_load_policy=3&autoplay=0&end=0&loop=0&playsinline=1&start=0&fs=1&nocookie=false&enablejsapi=1&origin=https%3A%2F%2Farmenpress.am&widgetid=2

«Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետև չեմ կարծում, թե նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ։ Լաչինի միջանցքի հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետև այն ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ։ Այդ հարթակներում մենք քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և միջանցքի բացման հետ կապված հարցերը, այլ հարցեր ես չեմ քննարկել»,- հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի առաջարկի վերաբերյալ քննարկում եղե՞լ է։

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորել էր Աղդամով Լեռնային Ղարաբաղին օգնություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկը։ Միշելի հայտարարությունը Փաշինյանի համար անակնկալ չի եղել, սակայն Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց՝ ինքը նման հարց չի քննարկել։ «Ես ասել եմ, որ նման հարց քննարկելու անհրաժեշտություն և մանդատ չունեմ, ես ունեմ քննարկելու հարց՝ կապված Լաչինի միջանցքի հետ, որովհետև այն ստեղծվել է այդ թվում իմ ստորագրությամբ, և մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում միջանցքով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որով խոստանում էր լիազորություններ ստանալու դեպքում կարճ ժամանակում բեկում մտցնել բանակցային գործընթացում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում՝ անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը:

«Հայաստանի բոլոր նախկին ԱԳ նախարարներն էլ կարող են նման հայտարարություններ անել: Բայց, եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ՝ պարոն Օսկանյանը կարող էր այդ պաշտոնավարման ընթացքում այս բեկումը մտցնել և մեզ բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ բոլոր հայտարարություններին ուշադիր հետևում է, և դրանցում որևէ օգտակար բան չի տեսնում, առնվազն այնպիսին, որ իրագործված չէ:

«Օրինակ՝ Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ պետք է շեշտել, որ ԼՂ-ն Խորհրդային Միության ժամանակ ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ: Մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը, օրինակ՝ նույն ԵՄ խորհրդի նախագահի հայտարարություններում, որոնք հաջորդել են իմ հադիպումներին Ադրբեջանի նախագահի հետ, արձանագրվել է նախկին ԼՂԻՄ եզրույթը: Վերջին հանդիպման ընթացքում էլ է դա արձանագրվել: Այսինքն՝ դա արձանագրվել է հրապարակային՝ մինչև Վարդան Օսկանյանի հայտարարությունը»,-ասաց վարչապետը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում