«Մեր տեսիլքները պետք է գործի վերածենք». Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

  • 22.07.2023
  • 0
  • 273 Views

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ, «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամեանի հետ զրուցել է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի  գլխավոր խմբագիր

-Սրբազան Հայր, դուք ներկայացրեցիք «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի կատարած աշխատանքը։ Նախ ի՞նչ նշանակություն ունի  Ձեզ համար այս նախագիծը։

«Ապագա Հայկականն» ինձ հետաքրքրում է, քանի որ կենտրոնացումը ապագայի վրա է։ Բնականաբար անցյալը շատ կարևոր է, և անցյալի թե՛ դրականը, և թե՛ երբեմն էլ ժխտական փորձառությունը մարդու հավաքականության կամ ազգի միության մասն է։ Բայց կարևոր է նաև ապագայի վրա կենտրոնանալը։ Երբեմն  հոգեբանական իմաստով ավելի անցյալի վրա կենտրոնացած լինելով, մենք կմոռանանք ապագան, ծրագրերը, և կհավատանք, որ Աստված մեզ անսահման շնորհներով օժտած է, և մենք իբրև Աստծո կողմից ստեղծված անհատներ, մեզ տրված շնորհքները պետք է օգտագործենք և լավ տնտեսներ լինենք։ Որպեսզի լավ կարողանանք օգտագործել այդ շնորհքները և Տիրոջ տված կարելիությունները, պետք է երազնեք, և այդ երազը գործնականի վերածենք։ Ընդհանրապես կյանքում հաջողակ մարդիկ, ղեկավարները նրանք են, ովքեր իրենց անցյալի փորձառության վրա տեսիլք են ունեցել, և նաև այն իրագործելու ռազմավարություն են ստեղծել։ Նրանք, որոնք ճշմարիտ ղեկավարներ են, միշտ տեսիլք ունեցող մարդիկ են եղել։ Եղել են նաև անհատներ, որոնք իրենց տեսիլքը անձնականից ընդհանուրի տեսիլքի են վերածել։ Եթե նման քայլի է գնում ղեկավարը, ապա նրա տեսիլքի իրագործման համար ավելի լայն ճանապարհներ են բացվում։ Նաև այլ մարդիկ են մասնակից դառնում դրան։ Այդ առումով «Ապագա Հայկական»ի կազմակերպիչների ընդհանուր մոտեցումը դա է եղել։ Նախքան այս ժողովը, մասնագետները հավաքվել են և իրենց առաջարկներն են տվել։ Այս երեք օրերին սեղանների շուրջ Հայաստանի և սփյուռքի տարբեր տեղերից եկած անհատներ քով քովի եկան և քննարկեցին այդ առաջարկները, խորհրդակցեցին։ Այնպիսի մթնոլորտ էր, որ մարդիկ կարողացան իրենց համաձայնությունը կամ ոչ համամիտ լինելը հայտնել առանց իրար վիրավորելու։ Դա շատ դրական երևույթ է։ Նման երևույթները նաև բուժվելու առիթ են տալիս։ Մենք հոգեբանական բուժման կարիք ունենք։ Հայոց ցեղասպանության  ճնշող հոգեվիճակից զատ, նաև անցյալ տարիներին մեր հողային և քաջարի զինվորների կորուստները հոգեբանորեն ճնշում են։ Հետևաբար կարիքն ունենք ներքնապես, հոգեպես մաքրվելու և սրբվելու։ Այս հոգեվիճակի մեջ լճացած ենք։ Դա հոգեբանորեն հասկանալի է։ Դա նաև առիթ է տալիս, որ երբեմն իրար դեմ պայքարենք, մեր դրացիի, մեր ընկերոջ, մեր հայրենակցին անվանարկենք։ Բնականաբար դա ոչ մի տեղ չի հասցնում։ Դա մեզ վնասում է իբրև հայ ժողովուրդ։ Հետևաբար նման քննարկումներն օգնում են ցավերը բուժել։ Պետք է երազենք և ծրագրենք այդ ապագան կառուցելու համար։

-15 նպատակներից ո՞րն եք համարում ամենակարևորը։

-Ամենակարևորը պետք է ստեղծել մթնոլորտ, որ մենք տեսիլք ունենանք, միայն անցյալի խնդիրների վրա չկենտրոնանանք։ Բնականաբար ես չեմ ասում, որ մոռանանք դրանք, բայց միայն դրանց վրա կենտրոնանալը մեզ որևէ տեղ չի տանում։ Ամենակարևորը անցյալի փորձառության հիման վրա, եթե ես սխալ եմ թույլ տվել, պետք է ընդունեմ դա և փորձեմ փոխել ինքս ինձ և դեպի ապագա նայել։ Հետևաբար ինձ համար այս ամենի մեջ տեսիլքի մթնոլորտը ստեղծելն է։ Որ մեր ժողովուրդը սկսի տեսիլք ունենալ։ Կյանքի մեջ անկարելի բան չկա։Եթե հավատաս, կհասնենս քո տեսիլքին։ Հրեաները դարեր շարունակ ասացին «Գալ տարի Երուսաղեմ» և հասան։

-Այս ամենի մեջ ի՞նչ տեղ եք հատկացնում Հայ Առաքելական եկեղեցուն։ Որքանո՞վ կարող է եկեղեցին նպաստել թե՛ հասարակության առողջացմանը, թե՛ ազգային խնդիրների լուծմանն իբրև ազգային եկեղեցի։

-Այո, եկեղեցին ազգային է, և եկեղեցին մեր ժողովուրդն է։ Ես երբեք չեմ բաժանում հոգևորականին և քաղաքացուն։ Այն, որ մկրտված է հայ եկեղեցու ավազանի մեջ և Սուրբ Մյուռոնով օծված է, բոլորն էլ հայ եկեղեցու մաս են կազմում։ Ինչպես Պողոս Առաքյալն է ասել. «Եկեղեցին մարմինն է, Քրիստոսը գլուխն է, իսկ մենք նրա տարբեր մասերն ենք»։ Մարմնի բոլոր մասերն էլ կարևոր են, և որպեսզի մարմինն առողջ լինի, այդ բոլորը պետք է իրար հետ համագործակցեն։ Այլապես ֆիզիկապես մարմինը խնդիրներ կունենա, եթե չբուժվի։ Հետևաբար եկեղեցին հիվանդ  է, պետք է այն բուժելու ձևեր գտնել։ Եկեղեցին մենք ենք, առանց հավատացյալների եկեղեցու առաքելություն չի լինի։

-Դուք իրբև Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ ի՞նչ խնդիր եք տեսնում եվրոպահայության մեջ։

-Խնդիրն այն է, որ օրինակ այսօր Իսպանիայում 35-40 հազար հայություն կա, կամ Հոլանդիայում և Բելգիայում, նույնպես մեծ թվով հայեր են եկել, և պետք է կազմակերպչական աշխատանք տարվի, որ այդ երկրներում մեր եկեղեցու կարգերին համաձայն ամեն ինչ հաստատվի։ Ամեն մի կազմակերպություն պետք է կազմակերպված աշխատի։ Որտեղ նման աշխատանք չկա, շփոթություն կա։ Արտասահմանում մեր եկեղեցին ամենակազմակերպվածը Ամերիկայում է։ Այնտեղ թե՛ կանոնադրությունն է հստակ, ուր յուրաքանչյուրի տեղն ու դերը նշված է, թե՛ մասնակցությունն ու համագործակցությունը, թափանցիկությունը, վերահսկողությունը և այլն։ Այդ պատճառով Ամերիկայի մեջ այսօր կա ավելի քան 140 եկեղեցի, որոնց շուրջ կան սրահներ՝ մշակութային, դաստիարակչական,  երիտասարդական, գործում են տարբեր ծրագրեր և ժողովուրդը մշակութային, ազգային իմաստով մասնակից է դառնում։ Եվրոպայի մեջ էլ հիմա այդ ջանքը կտարվի, որպեսզի այդ կարգերի համաձայն կազմակերպվեն նաև համայնքները։ Այդ իմաստով Իսպանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Բելգիայում, Պորտուգալիայում արդեն դրական քայլեր կան, բայց այս ամբողջը կատարվում է թե՛ հոգևորականների, և թե՛ մեր ժողովրդի զավակների համագործակցությամբ և մասնակցությամբ։

Հ.Ա.

Հարցազրույցը տպագրվել է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2023 թվականի 1-4\ 95-րդ համարում։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում