Այսօր Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս հունիսի 23-ին ԱՄՆ–ում կյանքից հեռացած ճանաչված պետական– հասարակական գործիչ, հեռուստալրագրող, Հայաստանի կրթության եւ գիտության նախկին նախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Լեզվի տեսչության նախկին պետ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանին։
ՕՐԵՐ–ը բազմաթիվ հիշատակի խոսքերի շարքում ներկայացնում է Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանի հրաժեշտի խոսքը։
«Դժվար է խոսել ու գրել մեզ շատ մտերիմ մարդու, հարազատի մասին, որն իսկապես դարձել էր մեր ընտանիքի անդամը եւ որի կորուստը շատ ծանր է մեզ համար։ Ասել , որ նա եղել է լավ մասնագետ, պրոֆեսոր, հրատարակել է բազմաթիվ գրքեր, եւ նույնիսկ հիվանդության օրերին շարունակել է ստեղծագործել, քիչ կլինի:
Գլխավորը նա եղել է ՄԱՐԴ։ «Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կգա,
Ու մարդ կերթա անարատ»- ասում էր Թումանյանը եւ ընդգծում՝ «Մարդը լինելը շատ դժվար բան է»։ Այդպիսին էր Սերգոն՝ եզակի մարդ։ Շատ կուզեի, որ մարդիկ նրա նման բարի լինեին, մարդկային։
Ամենածանր օրերին նա շատ մարդկանց թեւ ու թիկունք է եղել, ինչպես և մեր ընտանիքի պարագայում։ Մենք՝ ես եւ որդիս՝ Ռուբենը, մշտապես շնորհակալ ենք եղել Երիցյանների ընտանիքին իրենց անսահման սիրո եւ նվիրվածության համար։ Մեր ընտանիքում դժվար պահեր հաճախ են եղել, եւ Սերգոն անմիջապես օգնության է հասել։ Մենք գիտեինք, որ երբ գալիս ենք Երեւան, հենարան ունենք, եւ դա Սերգո Երիցյանի ընտանիքն էր։
Նրա շնորհիվ տասնամյակներ շարունակ հարյուրավոր գրքեր են հրատարակվել , որոնց մի ստվար մասը նվիրված էր Թումանյանին։ Սերգոն կարողանում էր հովանավորներ գտնել և իր լավ բարեկամ Մկրտիչ Կարապետյանը տպագրում էր Թումանյանի ամենաստվարածավալ հատորները։ Այնուհետեւ ամեն գրքի լույս ընծայումից հետո Թեքեյան կենտրոնում կամ Թումանյանի թանգարանում նա կազմակերպում էր դրանց շնորհանդեսները, գրքերի ցուցահանդեսներ եւ այլն։
Միայն գիրք ու Թումանյան սիրող մարդը կարող էր հրատարակել «Թումանյանը քննադատ» գիրքը, որն առաջին անգամ լույս էր տեսել 1939 թվականին Մեսրոպյան ուղղագրությամբ, եւ այլեւս չէր հրատարակվել։ Ոչ ոք այդ համարձակությունը չուներ, այն նորովի տպագրելու՝ փոփոխություններով ու հավելումներով: Միայն Սերգոն հանձն առավ այդ ծանր գործը եւ Թումանյանի 150-ամյակին՝ 2019 թվականին, 80 տարի անց վերահրատարակեց այդ եզակի գիրքը, որտեղ տեղ գտան Թումանյանի արվեստին, գրականությանը, մշակույթին նվիրված հոդվածները։
Իր նախաձեռնությամբ ոչ միայն շուքով նշեցինք Թումանյանի 140 եւ 150- ամյակները, այլեւ կարողացանք Հայաստանում հավաքել Թումանյանի բոլոր ժառանգներին, որոնք ապրում էին աշխարհի տարբեր երկրներում։ Նաեւ կազմակերպեց մեր այցը Թբիլիսի, ուր շրջեցինք եւ եղանք այն բոլոր տասը տներում, ուր ապրել էր Թումանյանը։ Ի դեպ, նա մեծարում էր ոչ միայն Թումանյանին, այլեւ ժամանակի այն բոլոր մեծահարուստ հայերին, որոնք ապրելով Թիֆլիսում, իրենց ներդրումն են ունեցել հայության կյանքում՝ Մանթաշովը, Արամյանցը եւ այլք։
Իզուր չէ, որ մեր երեսուն տարիների բարեկամության ընթացքում, որտեղ էլ հանդիպեինք, մեր զրույցները Հովհաննես Թումանյանի ու նրա ընտանիքի շուրջն էին։ Այդ զրույցներից ոչ միայն երեւում էր, որ նա շատ խելացի ու զարգացած անհատ է, այլ որ իրոք սիրում ու պաշտում է Թումանյանին։ Եվ պատահական չէր, որ ինքն էր «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը։ Ամեն տարի Թումանյանական օրեր էր կազմակերպում, հանդես գալիս ելույթներով։ Սերգոյի երազանքն էր, որ Լոռին դառնա ինքնատիպ Թումանյանական արգելոց, որն իր մեջ կընդգրկեր Թումանյանի տուն-թանգարանը, Դսեղի դպրոցը, եկեղեցիները, կդառնար թումանյանական ժառանգության պահպանման միջավայր։
Նրա միջոցով ծանոթացել ենք Հայաստանի բազմաթիվ ինստիտուտների, դպրոցների, կրթական այլ օջախների։ Նա բոլորին գիտեր եւ բոլորը սիրում էին իրեն։ Նա շատ լավ գիտեր Լոռին եւ շատ հաճախ էր այցելում ոչ միայն իր ծննդավայր Ճոճկան գյուղը, այլեւ՝ տարբեր գյուղեր, ամեն ինչ անում էր, որպեսզի բոլորին օգնի։ Պետք էր տեսնել, թե նույնիսկ ամենահեռավոր փոքրիկ գյուղերում ինչպես էին դիմավորում Սերգոյին։ Հատկապես կրթության նախարար աշխատած տարիներին, նա ձգտում էր այդ գյուղերի դպրոցներն ապահովել համակարգիչներով։ Ժամանակին նա օգնեց ոչ միայն Դսեղի Թումանյանի տուն- թանգարանին, այլեւ Երեւանի Թումանյանի անվան դպրոցին, որտեղ շատ ծանր վիճակ էր, եւ որը տարիներ շարունակ չէր վերանորոգվել։ Նա միշտ հետեւում էր թումանյանական օջախներին, մասնակցում Թումանյանին նվիրված միջոցառումներին, այցելում Թումանյանի գերդաստանի հանգուցյալների շիրիմները։
Ես զարմանում էի, թե ինչպես էր նա հասցնում այդքան նկարահանումներ կատարել, հատկապես երբ վարում էր «Կարծիք» հաղորդաշարը։ Նա անդրադառնում էր ամենատարբեր թեմաների, նրան հետաքրքրում էր ամեն ինչ, ցանկացած խնդիր։ Այդպես բազմիցս անդրադարձել է նաեւ Թումանյանի ժառանգությանը, ընտանիքին։
Սերգոն նաեւ մեծ աշխատանք տարավ նկարիչների շրջանում՝ տարբեր երկրներից հրավիրելով նկարիչներ, որոնք մի քանի շաբաթ մնացին եւ նկարեցին Լոռին։ Կազմակերպեց նրանց ցուցահանդեսները, նրանց գեղանկարները ցուցադրվեցին նաեւ Թբիլիսիում։
Նրա հետաքրքրությունների շրջանակում էր նաեւ սփյուռքը։ Նա եղել էր բազմաթիվ երկրներում, նկարահանել հայկական պատմական վայրերը, ներկայացրել նաեւ սփյուռքի հայկական գաղթօջախները։ Իսկ վերջին շրջանում մեծ աշխատանք էր տանում Չինաստանի հետ, ներկայացնելով նաեւ հայ-չինական կապերը, Չինաստանի մշակույթն ու գրականությունը։ Երիցյանի ջանքերով Թումանյանի գործերը հրատարակվեցին նաեւ չինարեն։
Ինձ միշտ զարմացնում էր, թե որքան մարդ է ճանաչում Սերգոյին, որքան մարդկանց է նա ձեռք մեկնել, ինչպես էր հիշում եւ ամեն մի գյուղով անցնելիս, կանգնում այս կամ այն տան մոտ, որպեսզի հարցնի մարդկանց որպիսությունը, հետաքրքրվի դպրոցների վիճակով։ Նույնը կարելի է ասել նրա բուհական դասախոսական աշխատանքի մասին, թե որքան էին նրան սիրում ուսանողները։ Բացի լավ դասախոս լինելուց, նա իսկապես լավ Մարդ էր։ Եվ այդ մարդկայինը ժառանգել է նրա ընտանիքը, թե կինը՝ Կարինեն, թե նրա երեխաները՝ Սարգիսն ու Սոնան։
Շատ եմ ցավում, որ նման անհատականությունը շատ կարճ կյանք ունեցավ։ Անհավատալի է թվում, որ այլեւս Երեւանում չենք հանդիպելու նրան։ Նրա բացակայությունն անվերջ զգալու ենք։
Իրմա Սաֆրազբեկյան
Գերմանիա
Orer.eu