Արթուր Ալավերդյան. Մենք կարևոր պետք է դառնանք աշխարհի համար և մասնակից լինենք համաշխարհային պրոցեսներին

  • 20.06.2023
  • 0
  • 181 Views

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է «Ապագա Հայկականը» նախաձեռնության համահիմնադիր, Սոլարոն ընկերության հիմնադիր Արթուր Ալավերդյանը

– Պարոն Ալավերդյան« ի՞նչը Ձեզ ներշնչեց, որ միացաք «Ապագա Հայկականը» նախագծի երեք համահիմնադիրներին, հատկապես« ո՞ր խնդիրները Ձեզ հուզեցին, և ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախագծից։

-Ես միշտ քայլեր անելով, փորձում եմ իմ երկարաժամկետ տեսլականը ձևավորել և հասկանալ, թե ո՞ւր եմ գնում, ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս գնալ դեպի այդ տեսլականը, որպեսզի հասկանամ, թե ինչ քայլեր ձեռնարկեմ այդ ուղղությամբ։ Մեր ՙԱպագա Հայկականը՚ նախաձեռնությունը նույն տրամաբանության շուրջ է կառուցված£ Մեր պետությունը դեպի ապագա ի՞նչ ռազմավարություն ունի։ Այդ հարցերի պատասխանը« ցավոք, ոչ մի տեղ չկա։ Ոչ ոք չի ուզում առօրյան թողնի և երկարաժամկետ ծրագրերի մասին մտածի։ Այսինքն այսօր ամենօրյա գոայտևության խնդիրն ենք լուծում։ Նման ենք ծովի մեջ գտնվող նավակի, որի ղեկը կոտրվել է, և քամին որտեղից փչում է, այն կողմն էլ գնում է։ Այնինչ այդպես չպետք է լինի, մենք պետք է հստակ իմանանք, ինչ ճանապարհով ենք գնում և ուր։ Մենք պետք է իմանանք, թե մեզանից հետո ինչ պետք է թողնենք մեր երեխաներին, մենք ինչ ենք ստացել մեր ծնողներից, և մյուս սերունդներին ինչ ենք փոխանցելու։ Կարող ենք այնպիսի միջավայր կառուցել, որ մեր երեխաների սերունդը ցանկանա այստեղ ապրել և զարգանալ, կայուն և անվտանգ միջավայր ունենալ։ Մենք այժմ ունենք այն, ինչ ունենք։ Բայց դա չի նշանակում, որ այդպես էլ պետք է մնա։ Մենք փոխելու խնդիր ունենք։ Ես որպես հայ իմ ինքնությունն ընդունելով, ցանկանում եմ, որ իմ ազգը լինի զարգացման օրնակ, և կարողանա հաջողակ ազգերի նման իր զարգացած ապագան ունենալ, կարողանա իր ազդեցությունը տարածի ամբողջ աշխարհով, չլինի վտանգված։ Այնպես որ, մեր սահմանած 15 նպատակները, դրանք նաև խնդիրներ են։

-Ձեզ համար այդ 15-ից ո՞րն է առաջնահերթը,  որ շտապ լուծում է պահանջում։

-Ինձ թվում է այսօրվա վտանգված պետականությունը, վտանգված Արցախը, բայց ամեն ինչ փոխկապակցված է, քանի որ պետք է հզորանաս, հնարավորություններ ունենաս, որպեսզի մարդկանց միավորես և կարողանաս այդ խնդիրները լուծել։ Պատրանքներից ազատվես և իրականությանը առերեսվես£ Այնպես որ, առաջնային խնդիրները փոխկապակցված են և մեկը մյուսից են բխում։

-Իսկ ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում, որ այս քննարկումների արդյունքում ընդունված առաջարկների փաթեթը ներմուծվի հասարակական կյանք ու կառավարական շրջանակներ, որպեսզի թե՛ կառավարությունը, և թե՛ հասարակ ժողովուրդը, որի ներկայացուցիչները նաև այս համաժողովում էին, այդ առաջարկները կյանքի կոչեն և չմնան որպես քննարկումներ։

-Մենք նախաձեռնությունը սկսվելուց մինչ այսօր լայն քննարկումներ ենք ունեցել տարբեր հարթակներում և  տարբեր գործընկերների ու կազմակերպությունների հետ, որոնք մտահոգված են և շահագրերգռված են, որ դա տեղի ունենա։ Մենք այս ենթակառուցվածքը ստեղծելով, ներառողական և ներկայացուցչական քննարկումներ ենք անցկացրել, փորձագիտական լուծումներ գտել, որը նոր մշակույթ է ձևավորում, և դրա հիմքում դրված է այն խնդիրը,  որ ծրագիրը հավատ առաջացնի դեպի այդ լուծումները։ Մենք մտադիր էինք այդ բոլոր հայկական կառույցների հետ շարունակել աշխատանքը։ Մենք խոսելու ենք, ներկայացնելու ենք, համոզելու ենք բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք կարող են իրականացնել£ Փորձելու ենք հասնել դրանց իրականցմանը։

-Հետևե՞լ եք համաժողովի քննարկումներին, Ձեզ բավարարո՞ւմ է նման ձևաչափը։

-Այո, ես մասնակցել եմ, բայց երեք օրով չի վերջանում։ Մենք դեռ պետք է շարունակենք մնացած հարցերի շուրջ քննարկումները։ Նույն ձևով մյուս հարցերի շուրջ պետք է քննարկումներ լինեն։ Հետագայում կարող է ավելի մեծ թվով մասնակիցներ լինեն։ Մենք տեսնում ենք մարդկանց ոգևորությունը և ցանկությունը, որ դառնան այս ամենի մասը։ Մարդիկ ունեն այդ պահանջը, որ իրենք մասնակից լինեն, լսեն ուրիշների կարծիքները, և առերեսվեն իրականությանը։ Եթե մենք քննարկելով գալիս ենք ինչ-որ փոխզիջումային տարբերակի, հետո իրագործման փուլում ավելի հեշտ կլինի դա իրականացնել՝ իրար հարգելով և իրար վստահելով։ Պրոբելմի դեմ են դուրս գալիս և չեն անձնավորում, հետո իրար հետ գործելու մթնոլորտն է ստեղծվում և վստահություն է ստեղծվում։ Եթե մարդիկ կլոր սեղանի շուրջ ազատ խոսում են և որոշում են ընդունում, հետո նրանք առանց վախենալու իրականացնում են, չմտածելով, որ մյուսն իր դեմ որևէ բան կասի։ Մարդկությունը մարդկություն է դարձել և մյուս մարդատեսակներին ինքը հաղթել է, որովհետև մեծ խմբերը կարողացել են համագործակցել ընդդեմ փոքր խմբերի։ Իսկ դրա գրավականն այն է, որ բոլորս հասկանանք, թե դեպի ուր ենք գնում։

-Ապագա հայկականը ո՞րն է Ձեզ համար։

-Մենք մեր ժառանգությունը կարողանում ենք  պահպանել, զարգացնել, հայկական ազդեցությունը մեծացնել, մեր լեզվի տարածվածությունը մեծացնել, ունենալ ազատ և արգացած ներառական տնտեսություն, կայուն անվտանգային համակարգ և հարգալից վերաբերումնք մեր գործընկեր պետությունների հետ, որոնք ընդունում և ճանաչում են մեր զարգանալու իրավունքը, միգուցե նաև մեզանից սովորելու ինչ-որ բան ունեն։ Ահա այսպիսի կարգավիճակի պետք է հասնենք, այլ ոչ թե խեղճուկրակ լինենք, սպասենք, թե ով մեզ կփրկի կամ չի փրկի։ Մենք կարևոր պետք է դառնանք աշխարհի համար, մենք պետք է լուծումներ առաջարկենք և մասնակից լինենք համաշխարհային պրոցեսների։

– Ո՞րքան գիտեմ նաև Հայաստանի էներգետիկ անկախությամբ եք զբաղվում։

– Այո։ Հայաստանի էներգետիկ համակարգի անկախության գաղափարն է մեզ առաջնորդել և ծրագիր ենք պատրաստել՝ ճանապարհային քարտեզ, թե ինչպես պետք է հասնել դրան։ 2017 թվականից կառուցել ենք Հայաստանում առաջին և միակ գործարանը, որը արևային պանելներ է արտադրում և արևային կայաններ է կառուցում։  Հայաստանի տարածքում արդեն մոտ 1000 փոքր ու մեծ կայան ենք կառուցել։

-Պահանջարկ կա՞ ընկերությունների կողմից։

-Այո, կա, քանի որ տնտեսության տեսակետից շահավետ է, մարդիկ զրոյացնում են իրենց էլեկտրաէներգիայի ծախսը՝ արևային կայան դնելով, և հինգ տարվա ընթացքում վերականգնում են իրենց ծախսը, բայց հետո 25 տարի կարող են կայանը օգտագործել և ձրի էլեկտրաէներգիա ունենալ։

Հիմնականում մեծ ընկերությունները մեծ կայաններ են օգտագործում, իսկ մարդիկ՝ փոքր կայանները։ Այսինքն, ամեն մեկն իր էլեկտրաէներգիայի ծախսին համապատասխան կայան է դնում։ Ընդհանրապես կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի գեներացիան թեքվում է դեպի արևայինը և դրա տոկոսը արագ աճում է շուկայում։

-Հայաստանի քանի՞ տոկոսն է ծածկում նման էներգիան։

-Անցած տարվա տվյալներով զրոյից բարձրացել է մի քանի տոկոսի, հստակ թիվ չեմ կարող ասել։ Բայց գնալով կշատանա։ Մինչեւ 2030 թ. դա կարող է հասնել մոտ 30-40 տոկոսի՝ ընդհանուր էլեկտրաէներգիայի գեներացիայի մեջ։ Մեր քարտեզը ենթադրում է, որ մինչև 2035 թ. պետք է հասնենք Հայաստանի էներգետիկ անկախությանը։ Պետք է աշխատենք էլեկտրաէներգիայի գեներցաման համար ածխաջրային աղբյուրներից չօգտվել, նույնիսկ տաքացման համար։ Այսինքն կմնան ատոմակայանը, հիդրոէլեկտրոկայանները և արևային էներգետիկան։ Մենք ուզում ենք գազի և հնարավորին չափով նաև նավթի կախվածությունից ազատվել։

-Չեխիայում պլանավորում են մինչև 2035թ. ազատվել սովորական վառելանյութով մեքենաներից՝ թողնելով միայն էլեկտրամոբիլները։ Որքանո՞վ է դա հնարավոր։

-Միանգամայն հնարավոր է։ Այսօրվա զարգացման տեմպերին և տեխնոլոգիաներին հետևելով, մարտկոցների էներգիան պահելու հնարավորությունները տեսնելով, լիովին հնարավոր է։ Դա տնտեսապես ավելի շահավետ է դառնում։ Մեզ էլ է դա սպասում, և մենք էլ պետք է անցնենք դրան։ Այդ ամենը կատարվում է աշխարհում տեղի ունեցող էներգետիկ հեղափոխության շրջանակներում։ Մարդիկ այսօր վերականգվող էներգետիկայի կողմնակից են, որպեսզի և գազերի արտանետումները նվազեցվեն, և կլիմայի տաքացումը նվազի, էկոլոգիապես մաքուր էներգիա օգտագործենք, վառելիքի ինդուստրիայից տեղափոխվում են վերականգվող էներգիայի պարադիկմայի։ Քամու էներգիան արդեն իսկ Եվրոպայի հյուսիսային երկրներում օգտագործվում է, իսկ հարավային երկրներում արևային էներգետիկան է շատ լավ զարգանում։

 Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Հարցազրույցը տպագրվել է ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2023 թվականի թիվ 1 համարում, որը նվիրված էր ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում