Նուբար Աֆեյան. «Եթե ներկա կառավարությունն անտեսի մեր աշխատանքը, ապա հաջորդ կառավարությունը կօտագործի»

  • 12.06.2023
  • 0
  • 356 Views

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին պատասխանում է «Ապագա Հայկականը», «Ավրորա»  նախաձեռնությունների, FAST-ի , Moderna-ի համահիմնադիր, ամերիկահայ հայտնի ձեռնարկատեր Նուբար Աֆեյանը

-Պարոն Աֆեյան,  ես հիշում եմ «Հայաստան 2020» ծրագիրը, որն սկսվեց Պրահայում, Աթենքում, ապա շարունակվեց Երեւանում, մշակվեցին Հայաստանի զարգացման չորս սցենարներ։ Նկատի ունենալով այդ ծրագրի փորձը, ի՞նչ նորություն է բերում «Ապագա Հայկականը»՝  ի՞նչ թերություններ կային, որ արձանագրվեցին «Հայաստան 2020»-ից հետո, որ ցանկանում եք վերացնել «Ապագա Հայկականի» միջոցով։

«Հայաստան 2020»  ծրագիրը, որ սկսվեց 2001 թվականին, նպատակ ուներ ծրագրելու,  ուսումնասիրելու, թե որոնք կարող է լինեն Հայաստանի ապագայի ուղղությունները, տեսլականների տարբերակները։ Ոչ թե մի տեսլական, այլ զանազան տեսլականներ։ Այդ մեթոդաբանությունը, որ գոյություն ունի աշխարհի տարբեր կողմերում, սցենարների պլանավորումը, մենք այդ միջոցով ուզեցինք  հասկանալ այստեղի տվյալները, կարելիությունները։ Այդ տեսակետից մենք լիովին հաջողեցինք, հասանք մեր նպատակներին, այն ինչ մեզ ուղեկցեց վերջին 20 տարիներին։ Դրա արդյունքում տասնյակ միլիոնների ներդրումներ բերեցինք Հայաստան զանազան ծրագրերի համար,  շատ-շատերն ավելի մեծ ծավալով ներդրումներ կատարեցին մեր ծրագրերի շուրջ։ Այդ էր նպատակը։ 2020-ի մոտեցումն այն էր, որ փոխարենը հավաքելու ներկայացուցչական խումբ, ընդգրկել էինք կամավորների, ովքեր ուզում էին այս ուղղությամբ աշխատել, հատկապես սփյուռքում։ Հայաստանից ներկայացուցչությունն այդտեղ ավելի ցածր էր, հասնում էր թերեւս 20-25 տոկոսի, մեծամասնությունը տարբեր երկրներից էին, մոտեցումն ավելի ցանցային  էր։

-Հիմնականում կայացած մարդիկ էին։

-Այո, կայացած, եւ իրոք ցանկանում էին աշխատել այս ծրագրի շրջանակներում։  «Հայաստան-2020»-ի նյութերն օգտագործվեցին ոչ միայն մեր կողմից, այլ նաեւ տարբեր դեսպանությունների կողմից։ Օրինակ՝ Ամերիկյան դեսպանությունը , ԱՄՆ Զարգացման գործակալությունը 2005-2015 թթ. Հայաստանում  ծրագրեր իրականացրեց բացահայտորեն մեր ուսումնասիրությունների հիման վրա։ Օրինակ, մենք նախ ուսումնասիրություն էինք կատարել Հայաստանում  IT  ոլորտի հնարավորությունների մասին, որի համար USAID-ն մեծ ծավալով ներդրումներ բերեց մեր միջնորդությամբ։ Մեծ ծրագրեր իրականացվեցին տուրիզմի, առողջապահության, կրթության ոլորտներում։ Դա պետք է ըմբռնել, քանի որ շատերը չէին հասկացել «Հայաստան 2020»-ի նպատակը։ Կարծեցին, ինչ որ ցանկացել էինք, չեղավ։ Հակառակն, այն, ինչ սկսել էինք, հաջողել էր, եւ որքան ավելի հաջողություն ունենար, այնքան ավելի լավ կլիներ։  Այդպես, 2003-04 թթ. մենք մեր նվազագույնին արդեն հասել էինք։ Մեր տեսլականներն արդեն բացահայտել էինք մեզ համար, ինչպես նաեւ մեր ազգային թերությունները՝ մտային, սոցիալական, հարաբերման,  եւ  այլ բարդույթները։ Իհարկե, ծրագրերի մի մասի համար կարեւոր էր, որ մասնավոր-կառավարություն համագործակցություն սկսվի, որը կարող էր մեծ փոփոխություններ բերել, եւ որի ուղղությամբ մենք  «խառը» արդյունք ստացանք։  2005-2007թթ. կառավարությունը պատրաստ չէր մեծ ծրագրեր որդեգրել, ընդհակառակը,  մտահոգված էին, որ դրսից նման ազդեցությունն իրենց շահերի վրա կարող է այդքան էլ լավ չազդել։ Հետո, երբ փոփոխություն եղավ կառավարության մեջ, Սերժ Սարգսյանն եկավ, գոնե ինքը, որ մեզ լավ էր ճանաչում, ավելի բաց մտածողությամբ մոտեցավ մեր հնարավորություններին, եւ ստեղծեցինք Հայաստանի տնտեսական մրցակցության հիմնադրամը, որը հնարավորություն տվեց կառավարության հետ միասնաբար եւս երեք տարի աշխատել։ Վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, եւ  երկու ամիսը մեկ անգամ հանդիպումներ էինք ունենում, ժամեր շարունակ խոսում էինք տարբեր տնտեսական եւ զարգացման ծրագրերի շուրջ, որտեղից էլ սկսվեց Տաթեւի ծրագիրը։ Մարդիկ չեն անդրադառնում, որ «Տաթեւերի»  ծրագիրը կառավարության հետ միասնաբար կյանքի կոչվեց։ Կառավարությունն այդ ժամանակ ճանապարհները վերանորոգեց եւ  մոտ 25 միլիոն դրամ ծախսեց դրանց վրա։  Դա իրենց պարտականությունն էր՝  մեր կողմից «Տաթեւեր»-ում  ներդրման դիմաց։ Այդ գործունեության արդյունքն այն էր, որ այդ շրջանը սկսեց զարգանալ։  Շատ ուրախ եմ, որ այդ տեսակ համագործակցություն եղավ, քանի որ մինչ այդ նման մասնավոր-կառավարություն համագործակցություն չկար։ Դա լավ հաջողություն էր, ինչպես տուրիզմի զարգացման հետ կապված մի շարք այլ ծրագրերը։ Օրինակ, Հայաստանի կառավարությունը փոխեց իր մոտեցումը եւ սկսեց «Բաց երկնքի քաղաքականություն», որպեսզի ավելի էժան ինքնաթիռներ գան այստեղ։  Մինչ այդ փակ էր երկինքը եւ մենաշնորհ կար, միայն մեկ՝ «Հայկական ավիաուղիներ» էին աշխատում, չէին թողնում այլ ինքնաթիռների մուտքը Հայաստան։  Մենք դա փոխեցինք, վճարեցինք, մասնագետներ բերեցինք Եվրոպայից, եւ վերջապես կառավարությունը դա ընդունեց։ Այսպիսի մի շարք փոփոխություններ եղան։ Դրսից նայելիս թվում էր, թե կառավարությունը շատ նորարարական փոփոխություններ է կատարում, բայց իրականում այդպես չէր։

Ինչեւէ,  դառնալով «Ապագա Հայկականին», պետք է նշեմ, որ այս նախագծի նպատակը բոլորովին տարբեր է։ Հակառակ այն հանգամանքին, որ երկուսն էլ ապագային են միտված, տարբեր մոտեցում ունեն։ Մենք ուզում ենք հասկանալ պատերազմից հետո, Արցախի ներկա խնդիրների պայմաններում, ինչպես կարող ենք ապագայի ծրագրեր մշակել, նկատի ունենալով, որ հիմա բոլորովին տարբեր երկիր է, տարբեր հարաբերություններ կան Հայաստանի եւ սփյուռքի հետ, եւ մենք տարբեր մարդիկ ենք դարձել։ Այնպես չէ, որ դրսից նոր ենք եկել։ 20 տարի շարունակ Հայաստանում հարյուրավոր գործընկերների հետ ենք աշխատել, եւ պետք չունենք նոր հասկանալու Հայաստանում առկա իրողությունները։ Երկրորդ, որոշեցինք 15 ուղղություններ զատել, եւ հարյուրավոր գործընկերների հետ վերջին 1.5 տարին ցանցային միջոցներով հավաքվեցինք եւ որոշեցինք, թե որոնք են 15 կարեւոր նպատակները։  Ի դեպ, նման մոդել ունի նաեւ ՄԱԿ-ը։ Այդ 15 նպատակների շուրջ հավաքեցինք 100 հազարից ավելի ստորագրություններ աշխարհի տարբեր կողմերից՝ հայերի եւ ոչ հայերի, որոնք պատրաստ էին մասնակցելու։ Այդ ամենից հետո ձեռնարկեցինք հաջորդ քայլը՝ իրականացնել հանրային քաղաքացիական հավաք, որն, ի տարբերություն 2020ի, ավելի մասնագիտական մոտեցում է, եւ Երոպական տարբեր երկրներում կիրառվում է։

-Դուք ո՞ր երկրի փորձը կիրառեցիք։

Գերմանիայի, Անգլիայի։ Այս ընկերությունը, որ ներկա է մեր համաժողովին, Անգլիայից է եւ առաջնորդում է մեր գործունեությունը։ Նման փորձառություն նրանք ունեն Գերմանիայում, Ֆրանսիայում, ուր համաժողով են իրականացրել այդ երկրների կառավարությունների պատվերով։ Նրանք դա արել են զանազան թեմաների շուրջ՝ կլիմայից սկսած մինչեւ հակամարտություններ։ Մենք դա ցանկացանք օգտագործել, քանի որ ներկայացուցչական հետաքրքիր գաղափար ունի, որին մասնակցեցին թե՛ սփյուռքից, թե՛ Հայաստանից,  եւ  թե՛ Արցախից( դժբախտաբար արցախցիները չկարողացան գալ)։ Որոշեցինք որոշ թվով մարդկանց հրավիրել, իրենք ընտրվեցին հնարավորության սկզբունքով, այսինքն՝ հաշվի առնվեցին տարիքային, ուսման, ապրելու վայրի չափորոշիչները, այդպիսով փորձեցինք ներկայացնել հայ ազգի ընդհանուր պատկերը։ Նաեւ խոսակցությունները, որ ծավալվեցին այստեղ, բոլորովին տարբեր էին 2020-ից։ Մեծ աշխատանք էր տարվել նաեւ փորձագետների կողմից, որ պատրաստվեն նյութեր, որոնք կարող են դառնալ  քննարկման նյութ, դրանց մասին որոշումներ  ընդունվեն կամ անհամաձայնություն հայտնեն։ Այդ ամենը նորություններ են։ Այս մեթոդը երբեք չի օգտագործվել որեւէ սփյուռքի համար, կամ Խորհրդային Միությանը անդամակցած որեւէ երկրի համար, նաեւ պատերազմից դուրս եկած երկրի համար։ Ահա սրանք են նորությունները։

-Այժմ նայելով ներկա մասնակիցներին, Դուք գո՞հ եք մասնակիցների ընտրությամբ, որոնց համակարգչային ծրագիրն է ընտրել,  նրանք բավարարո՞ւմ են ծրագրի պահանջները։

Անշուշտ։ Բացի այդ  ծրագիրը հատուկ պահանջ չունի։ Նրանք ընդամենը պետք է մասնակցեն քննարկումներին եւ խոսեն։ Մեր երկիրը դեռեւս երեխա է իր քաղաքական փորձառությամբ։ Դեռ նոր ենք սկսել  հասկանալ, թե ինչ է իրավունքների պահպանումը, ինչ ասել է՝ քվե տալ։ Օրինակի համար ասեմ, որ նման երիտասարդ երկրներում կարծում են, որ քվե են տալիս անհատներին, ոչ թե կուսակցություններին։ Ի դեպ, նույնը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում Թրամփի ընտրության ժամանակ, որի դեպքում էլ անձը շահեց եւ ոչ թե կուսակցությունը։ Բայց այստեղ միայն ու միայն անձերով է պայմանավորված, լինի Քոչարյանի ժամանակ, Սարգսյանի ժամանակ կամ թե հիմա։ Շատ ավելի հեշտ կլինի, երբ ժողովուրդն ինքը սկսի մտածել, թե որքան դրամ է ուզում տրամադրել ուսմանը՝ բանակին, առողջապահությանը, տեխնոլոգիաներին կամ ենթակառուցվածքներին։ Այս իրավիճակը ես չեմ ընդունում, եւ ժողովրդավար աշխարհում մենք սա չենք հասկանում, որ մեկին ընտրեն, եւ ինքն ամեն ինչ որոշի։ Ընտրված մարդիկ այստեղ նման երկիր ղեկավարելու ոչ մի պատրաստվածություն չունեն։ Իրենք էլ աշխատանքի մեջ սովորում են՝ Թրամփի նման։ Մենք այս առաջին քայլը արեցինք, որ քաղաքացիական խոսակցությունն այս մարդկանց մտքերի մեջ զարգացնի այն գաղափարը, որ իրենք կարող են Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին գաղափարներ ունենալ, ժողովրդի աճի մասին, պատմական հարցերի շուրջ եւ այլն։ Հետեւաբար ինձ համար այնքան էլ կարեւոր չէ, թե ով է ներկայացված այստեղ, այդ իմաստով «շանսն» ավելի արդար ձեւով է ու ընդունելի, քան եթե մենք որոշենք, թե ինչ կարգի մարդիկ պետք է մասնակցեն՝ գեղեցիկ, սիրված կամ հայտնի։ Եթե կարողանայինք ցանցային ձեւով 10 հազար մարդ հավաքել, միգուցե դա էլ անեինք։ 

– Հաշվի առնելով փաստը, որ  կառավարությունը ոչ մի մասնակցություն չունի այս ծրագրի մեջ, ինչպե՞ս եք պատկերացնում  «Ապագա Հայկականի» ընդունած որոշումների տրամադրումը կառավարությանը, այդ կապն ինչպե՞ս է լինելու։ Ինչքանո՞վ նրանք կընդունեն Ձեր առաջարկները, եթե իրենք չեն մասնակցում այդ ծրագրին։

– Կառավարությունը շատ լավ տեղյակ է ծրագրին։ Ես անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ տարբեր ղեկավարների, այդ թվում վարչապետի հետ, մանրամասն ներկայացրել եմ ծրագիրը, տարբեր նախարարների հետ եմ հանդիպել՝ արտաքին գործերի, տնտեսական եւ այլն։ Բոլորը շատ լավ տեղյակ են, եւ ես չեմ լսել իրենց կողմից որեւէ դեմ կարծիք կամ մոտեցում։

Երկրորդ, քաղաքացիական խոսակցության մեջ կառավարությունն այնքան էլ դեր չպետք է ունենա։ Որովհետ, ընտրված կառավարությունը ներկայացնում է ներկան։ Ապագայի համար չի ընտրված այս կառավարությունը։ Ապագան՝ այս երկրում իրենց ունեցած հաջողությունների եւ հատկապես իրենց ձախողումների հետեւանքն է։ Հետեւաբար ապագան իրենց դատելու է եւ ոչ թե հպատակվելու է։ Ուրեմն, ես կարծում եմ, որ իրենց պարտականությունը տեղյակ լինելն է, եւ եթե գաղափարներ ունեն, կներկայացնեն։ Մանավանդ, որ իրենք իրենց ցանցային միջոցներով արդեն ազդել են քաղաքացիների մտածելակերպի վրա։  Մենք հատուկ չենք գնացել հակառակորդներ ընտրել։ Համոզված եմ, որ Հայաստանից ընտրվածների մեծամասնությունը նաեւ կառավարության տեսակետներն է կրում։

-Հայաստանից մասնակիցները նույն սկզբունքո՞վ են ընտրվել։

– Այո, միանշնակ։ 100 հազար նախաձեռնողներից  6000-ը դիմել էր, եւ դրանցից 100-ը ընտրվել են Հայաստանից։ Այդ մարդիկ ներկայացնում են եւ՛ կառավարության, եւ՛ այլ մարդկանց կարծիքը։  Այս ժողովն առաջին քայլն է միայն։ Հուսով եմ, որ կառավարությունը տեսնելով այս աշխատանքը, կքաջալերվի,  ընդունակ կլինի ընդունել այս տեսակ ծրագիր, որովհետեւ իրենց քաղաքական պլատֆորմը եղել է բաց, թափանցիկ, արդար մոդելի կառավարությունը։ Եթե այդ կառավարության հիմքը չլինի քաղաքացիական համախոսակցությունը, ապա ապագայում տարբեր ուղղություններով կգնան։ Ես հուսով եւ հավատքով եմ, դա լինելու է։ Եթե վերջիվերջո ներկա կառավարությունն անտեսի մեր աշխատանքը, ապա հաջորդ կառավարությունը կօգտագործի։

– Առաջիկա մեկ երկու տարիներին ի՞նչ փուլեր են սպասվում «Ապագա Հայկականին»։ Ի՞նչ ժամանակաշրջան եք տրամադրում ծրագրի ավարտի համար։

–  Սա անվերջանալի գործ է։ Ես 23 տարի է ապագայի հարցերով զբաղվել եմ, կզբաղվեմ մինչեւ մահս։ Տղաներս կշարունակեն, եթե քաջալերվեն, տեսնելով, որ այս երկրում ապագա կա եւ որը՝ կա՛։ Հայության մեջ էլ ավելի ապագա կա, քանի որ 100 տարի պետք է անցներ ջարդերից հետո, որ տրամադրվենք հաջորդ 100-ամյակում զարգանալուն։ Պետք է զարգացնենք մեր միտքը, մեր մոտեցումներն իրար հետ։ Մենք բոլորովին այլ բնավորության գծեր ունենք իբրեւ ազգ։ Մենք վստահության խնդիր ունենք մեր մեջ։ Անընդհատ մարդիկ կասկածում են։ Իսկ «Ապագա Հայկականի» պահով ասում են՝ ինչո՞ւ եք անում, ի՞նչ շահ ունեք։ Մարդկանց համար անհասկանալի է, որ մարդասիրական մղումներով կարող ենք ոչ միայն դրամ տրամադրել, այլեւ  մեր ժամանակն ու փորձառությունը։

-Կարծիքներ կան նաեւ, որ այս ամենն արվում է Ռուբեն Վարդանյանի քաղաքական կարիերայի համար։

– Բոլորովին սխալ է։ Դա անձնապես ինձ համար մեծ վիրավորանք է։ Եվ եթե մարդիկ կան, որ ասում են, թե ես կամ իմ  նման այլ մարդիկ կարող են այս ամենն անել այդ նպատակով, ինչ կարող եմ ասել։ Դա խղճի ու մտքի կարիք ունի։ Գիտեք, այդ զգացումները մարդկանց մեջ կասկած չեն, այլ  լավ զգալու միջոց են։ Իրենց գոհունակություն է տալիս գաղափարը, թե ահա գտել եմ,  թե ինչու են այս մարդիկ նման ծրագիր իրականացնում։ Իրապես բարի սրտով չեն կարող ընդունել։ Ես այստեղ եմ եկել իմ կնոջ, դստեր, եղբոր, ընկերներիս հետ, որ լսենք խոսակցությունները, ոչ իբրեւ մասնակից, այլ իբրեւ դիտորդ։  Ինչ վերաբերում է Ռուբենի կարիերային, դա աբսուրդ մոտեցում է։ Ռուբենը ներկա պահին բոլորովին կամավոր ձեւով տանջվում է Արցախում, եւ մեր կոլեկտիվ բնավորությունը դա չի ընդունում։

-Գուցե՞ դա էլ հայկական մտածելակերպի արդյունք է։

– Մտածելակերպը գոնե ջանք է ուզում, բնավորությունը ջանք էլ չի ուզում։ Մենք կոլեկտիվ կերպով միմյանց նկատմամբ դարձել ենք նախանձ, կասկածամիտ։ Ուրեմն դեռ աշխատելու կարիք ունենք։

Այս նույն անվստահությունը,  զգուշությունը կա նաեւ սփյուռքի մամուլում, քանի որ նրանց վերաբերմունքը արդարացիորեն փոխվել է նաեւ Հայաստանի նկատմամբ։ Այնպես որ,  համատեղ աշխատանք պետք է տանենք եւ հնարավորինս շատ տարածենք մեր իրական գաղափարները։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Հարցազրույցը լույս է տեսել 2023 թվականի ապրիլին, ՕՐԵՐ եվրոպական ամսագրի թիվ 95 հատուկ  համարում՝ նվիրված «Ապագա Հայկականը» առաջին համաժողովին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում