Միշելը խոսել է «Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի հայերի իրավունքների» մասին. Ալիեւի եւ Փաշինյանի հետ կրկին կհանդիպեն հունիսի 1-ին Քիշինեւում

  • 14.05.2023
  • 0
  • 55 Views

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բրյուսելում տեղի  ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից հետո։

Շառլ Միշելն ընդգծել է, որ ունեցել են բաց, անկեղծ ու արդյունքին միտված քննարկում։ «Նրանք կենտրոնացել են առաջընթացի վրա՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Ղեկավարները կիսում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Ես բարձր եմ գնահատում նրանց համատասխան ջանքերը։ Միասին մենք վերանայել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը»,- հայտարարել է Միշելը։

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս կայացած դրական բանակցություններից հետո պետք է պահպանվի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու թափը։

«Սահմանային հարցերում մենք վերանայել ենք առաջընթացը և սահմանի սահմանազատման հետ կապված հաջորդ քայլերը։ Այս համատեքստում ղեկավարները պայմանավորվել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման շուրջ։ Ղեկավարները վերահատատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Նա նաև նշել է, որ կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ «Այս թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումներն արդեն միմյանց մոտ են, մասնավորապես Նախիջևանի հետ և այդ հատվածով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ «Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է վերջնական տեսքի բերել համաձայնագիր երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների և համատեղ շինարարական աշխատանքների մասին՝ կոնկրետ գրաֆիկով։ Նրանք նաև պայմանավորվել  են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից այս աշխատանքի համար»,- ասել է Շառլ Միշելը:

Անդրադառնալով հումանիտար հարցերին՝ Միշելն ընդգծել է, որ եղել է հասկացվածություն, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն մնացած պահվող անձինք։ «Ես նաև ընդգծել եմ փոխհասկացվածության պահպանման անհրաժեշտությունն առ այն, որ զինծառայողները, որոնք պարզապես մոլորվել և հակառակ կողմ են անցել, արագացված կարգով կշարունակեն ազատ արձակվել։ Մենք նաև քննարկել ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու և ականազերծման աշխատանքներն ակտիվացնելու կարևորությունը»,- ասել է Միշելը։

Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի վերաբերյալ։ «Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել պոզիտիվ օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է ԵԽ նախագահը։

Շառլ Միշելը հավելել է, որ կարևոր է թշնամական հռետորաբանությունից զերծ մնալը, բարեխիղճ գործելը, ինչպես նաև առաջնորդություն դրսևորելը փոխընդունելի լուծումների հասնելու համար։ «Մենք թաքնված պլաններ չունենք։ Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ նրանց համատեղ ջանքերում։ Մենք պայմանավորվել ենք Բրյուսելում հանդիպումներ անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Ղեկավարները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին։ Եվ, ինչպես արդեն հրապարակային հայտարարվել է, ամենամոտ ժամկետներում մենք կրկին կհանդիպենք նախագահ Էմանուել Մակրոնի և կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական հանրության երկրորդ գագաթնաժողովի հարթակում։ Ես մտադիր եմ նաև ղեկավարներին հրավիրել մասնակցել նմանատիպ ևս մեկ հանդիպման Եվրոպական քաղաքական հանրության երրորդ գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին Գրանադայում»,- եզրափակել է Միշելը։

Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահստատել են իրենց աներկա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և դրան համապատասխան՝ միմյանց տարածքային ամբողջականությանը։ Հայտարարության նախնական տարբերակում, որը հրապարակվել էր Եվրոպական խորհրդի կայքում, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության թիվ է նշվել 89․600 քառակուսի կիլոմետր, որը հետո խմբագրվել և դարձել է 86․600 քառակուսի կիլոմետր։

«Նախագահ Միշելի՝ մամուլի համար հայտարարությունում սխալ է թույլ տրվել։ Նախագահին  ակամայից սխալ թիվ է տրամադրվել։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար ճիշտ թիվը 86 հազար 600 քառակուսի կիլոմետրն է։ Սխալն անմիջապես ուղղվել է հայտարարության տպագիր տարբերակում»,- գրել է Լեյթսը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում